«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ԳՐԱՄՈԼԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԽՍԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԵԿՏՈՐ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑԱԾ ԿԼԻՆԵՐ»

«ԵԹԵ ԳՐԱՄՈԼԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԽՍԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԵԿՏՈՐ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑԱԾ ԿԼԻՆԵՐ»
12.11.2010 | 00:00

Բուխարեստում նոյեմբերի 14-ին նշվելու է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «Բանկ Օտոման» վեպի շնորհանդեսը: Վեպը ռումիներեն է թարգմանել Մադլեն Կարակաշյանը: Սակայն, ըստ արձակագրի, Հայաստանում չեն խրախուսվում ոչ գրողները, ոչ թարգմանչական արվեստը: Պահանջարկ են վայելում արվեստի այն ժանրերը, որոնք մտավոր լարում չեն պահանջում: ՈՒնենք նաև այլ խնդիրներ. «Ամերիկերենի» մետաստազները հասել են ամենուր, և Հայաստանում, որտեղ պետական լեզուն իբրև թե հայերենն է, այլևս անկարելի է ապրել առանց անգլերենի իմացության»,- ասում է Ալեքսանդր Թոփչյանը` անդրադառնալով մշակութային քաղաքականության մերօրյա խնդիրներին:
-Գրողի համար հայրենիքը հոգևոր տարածք է: Ինչպիսի՞ն է Հայաստանն այդ տեսանկյունից:
-Հայաստանը վտանգված, ես կասեի՝ բազմավտանգված երկիր է, ուստի հայ գրողի համար, անկախ այն բանից, թե որտեղ է ապրում, հայրենիքը նախ և առաջ պետք է նյութական, առարկայական հասկացություն լինի: Անբարոյություն կլինի սավառնել «հոգևորի» ոլորտներում, երբ Հայաստանում դեռևս տոհմատիրական-ստրկատիրական-ֆեոդալական բարքեր կան՝ սկսած մարդու առևտրից, վերջացրած քյոխվայական-քեդխուդայական-աղալարական անսասան գործող սկզբունքներով: Երևույթներ, որոնք մեզ ծանոթ են դեռևս Աբովյանի և Պռոշյանի վեպերից: Եվ այս արխայիկ այլանդակություններին այսօր ավելացել են բանդիտիզմն ու կոռուպցիան, չասած ուրիշ բաների մասին: Կարծես հայերը երդում են տվել հնարավորինս կարճ ժամանակում իրենց երկիրը վերածել գեհենի, և հաջողությամբ դա իրականացնում են, խոստացված ժամանակից էլ շուտ: Մենք առնվազն երկու բացահայտ թշնամական երկիր ունենք մեր աջ և ահյակ կողմերում, մեկը` փոքր-ինչ քաղաքակրթված գազան, մյուսը` քարանձավային գազան, որ գիշեր ու զօր երազում է մեր արյունը խմել: Բայց, թող արտառոց չհնչի, մեր ամենամեծ և ամենավտանգավոր թշնամին այսօր մենք ենք՝ ինքներս: Եվ մեր ապագան կախված է այն բանից, թե որքանով կկարողանանք հաղթահարել մեր մեջ արմատավորված արատները, ատելությունն ու թշնամությունը միմյանց հանդեպ, որքանով կկարողանանք փոխարինել դրանք գոնե հանդուրժողականությամբ:
-Հավանաբար, հետևում եք գրական անցուդարձին (Հայաստանի)։ Ձեր տպավորությունները, մտահոգությունը…
-Ոչ միայն հետևում եմ, այլև մասնակցում: Գրական կյանքն աշխույժ է, բազմաթիվ գրքեր են լույս տեսնում, երեկոներ, քննարկումներ կազմակերպվում, կան լավ, նույնիսկ տաղանդավոր գրքեր: Բայց այս ամենը թաղված է գրամոլական հզոր ինդուստրիայի աղբաշերտի տակ, որը գնալով աճում է, իր տակ ծածկելով ամեն ինչ։ Եթե գրամոլական արտադրանքի ծախսերն ուղարկվեին սոցիալական սեկտոր, աղքատությունը Հայաստանում իսպառ վերացած կլիներ։ Սակայն սեփական անձը դափնիներով զարդարելու մոլուցքը զորավոր է ամեն ինչից:
-Գուցե Հայաստանի սահմաններից հաճախակի դուրս գա՞լ է պետք հայ գրողին, որ ապրի ոչ միայն մեր սահմանած չափանիշներով, այլև տեսնի և անի ավելին: Գուցե լավ գրականություն ստեղծելու համար մեզ պակասում է հենց ապրե՞լը:
-Ճամփորդելը, նոր աշխարհներ տեսնելը, անշուշտ, օգտակար պիտի լինեն գրողի համար, վերն արդեն ասացինք, որ XX դարի մեր գրականությունը, ըստ երևույթին, աղքատ կլիներ, եթե մեր մեծերը դարասկզբին «չնվաճեին» Եվրոպան՝ բոլոր առումներով: Բայց հիշում ես նաև հակառակը. Պռոշյանը գնաց հասավ Փարիզ, բայց մնաց նույնը: Րաֆֆին ու Թումանյանն ընդհանրապես չեղան Եվրոպայում… Իսկ Երվանդ Քոչարը եթե մնար Փարիզում, մենք այսօր կհպարտանայինք համաշխարհային մի մեծությամբ: Սակայն, ցավոք, չենք կարող, չնայած նա մնում է համաշխարհային մեծություն: Կարծում եմ, որ գրողի համար օտար լեզուների և մշակույթների հետ տեղում շփվելն անչափ օգտակար է, բայց պիտի կարողանաս վերցնել և յուրացնել, չդառնալ պարզ աշակերտը: Քոչարի մեծությունը հենց դա էր. երկու-երեք տարում նա ոչ միայն կարողացավ հիմնավորապես յուրացնել փարիզյան արվեստից աշխարհի նորությունները, այլև սեփականն ավելացնել:
-Այսօր կա՞ն անուններ, որոնք կարող են թափանցել համաշխարհային գրականություն. ի՞նչ է պետք հայ գրողին դրա համար:
-Անուններ կան, բայց մեզնով զբաղվող և հետաքրքրվող չկա: Եվ մասնագետ թարգմանիչներ չկան: Վերջին տարիներին մի քանի գիրք լույս տեսավ օտար լեզուներով: Սիրողական թարգմանություններ: Ֆրանսիայում, օրինակ, երկու որակյալ թարգանիչ կա: Մեկի տարիքն արդեն մոտենում է իննսունին, և այլևս չի թարգմանում, երկրորդն էլ լրիվ հիասթափված է: Վերջերս մի երրորդը հայտնվեց, որը Րաֆֆու «Խենթն» էր թարգմանել: Բայց նա մտադրություն չունի XXI դար գալ, նա ոտով-գլխով խրվել է XIX դարում և, հավանաբար, կյանքն այդտեղ էլ անցկացնի: ՈՒրախ լինենք, որ գոնե Րաֆֆին է թարգմանվում: Արդի հայ գրականությունն այստեղ անտերուորբ վիճակում է, մեզնով զբաղվող չկա, ով էլ զբաղվում է, որևէ խրախույս չի ստանում, ոչ մի տեղից: Մնում է ավելացնել, որ եվրոպական գրահրատարակչական շուկան գերհագեցած է և քաղաքականացված: Տաղանդը շատ քիչ է այդ պատնեշը ճեղքելու համար, լրացուցիչ լծակներ են պետք:
-Մեր իրականության մեջ գրողն ինքը գրում, ինքը կարդում է իր գործերը, նրա հայտնի լինելը սահմանափակվում է գրական նեղ շրջանակում: Դուք գրական այն անուններից եք, որի հայտնիությունը ենթադրում է առավել լայն շրջանակ: Հրաշալի վեպեր ունեք` «Բանկ Օտոման», «Եվ անգամ մահից հետո» և այլն, բայց որքանո՞վ են դրանք հասնում ընթերցողին:
-Գրականությունն այսօր Հայաստանում կորցրել է իր նախկին հասարակական կամ քաղաքական կարևորությունը: Գրողն այլևս ազգային լիդեր չէ, նա դարձել է երկրորդական մի դեմք: Գրական կուռքերն այլևս պահանջարկված չեն: Եվ դա լավ է: Գրականությունն սպանելու լավագույն ձևը կռապաշտությունն է: Գրականության առողջ ընկալումը ենթադրում է ազատ երկխոսություն գրողի, հասարակության և ընթերցողի միջև: Կռապաշտությունը կտրականապես բացառում է երկխոսությունը, առավել ևս՝ քննական հայացքը: Այսօր պահանջարկ ունեն արվեստի այն ժանրերը, որոնք մտավոր լարում չեն պահանջում: Արվեստը դարձրել են ամբոխի բերանը գցած ծամոն: Մշակութային մեծագույն իրադարձությունն է «Եվրատեսիլին» մասնակցելը: Գնալով նվազում է երկրում արտադրվող արվեստը՝ քանակական, մանավանդ որակական առումով, բայց փոխարենն ավելանում է ամպագոռգոռ միջոցառումների քանակը: Թոզ փչելու «արվեստը» հասել է կատարելության: Այս պայմաններում, բնական է, գիրքը տեղ չունի, համենայն դեպս, ոչ նախկին կարևորությամբ: Տպաքանակները 80-ականների հետ համեմատած նվազել են ավելի քան հարյուր անգամ: Այնուհանդերձ, ես, հավանաբար, պետք է գոհ լինեմ: Իմ «Բանկ Օտոման»-ը լավ ընդունվեց, Երևանում լույս տեսնելուց հետո հազար օրինակով վերահրատարակվեց Բեյրութում, իսկ այս տարվա սկզբին, երկու հրատարակություններից հետո, ամբողջությամբ, թերթոնով տպագրվեց «Երկիր» թերթում: Հիմա էլ թարգմանվել է եվրոպական երկու լեզվով: Եվ դեռ ուրիշ հեռանկարներ կան:
-Ժամանակակիցներից ո՞ւմ եք կարդում:
-Աշխատում եմ լավերին կարդալ, նրանց, ովքեր գոնե հետաքրքիր են թվում: Իսկ երբեմն նաև գրախոսում եմ, եթե տեսնում եմ, որ հեղինակին անպայման պետք է խրախուսել:
-Սփյուռքի մեր հայրենակիցների հետ համախմբվածությո՞ւնն է ավելի շատ, թե՞ հակառակությունն ու տարանջատումը: Սահմանի բացման, դասական ուղղագրության անցնելու և այլ խնդիրների շուրջ նկատվում է ընդգծված անհանդուրժողականություն մեկը մյուսի հանդեպ:
-Անշուշտ, համախմբվածությունը: Նկատի առեք, սփյուռքն առողջ քաղաքականություն է որդեգրել. նա հայրենիքի հետ է, իսկ այս հարցում ոչ մի տարաձայնություն չի կարող լինել, անկախ այն բանից, թե ինչ վարչակարգ է Հայաստանում: Հայրենակիցների հետ, այո, կարող են լինել, մարդն ինքն իր հետ տարաձայնություններ ունի, ուր մնաց՝ տարբեր մայրցամաքներում, բնական և քաղաքական տարբեր կլիմաներում ապրող հայրենակիցների հետ չունենա: Սահմանների հարցի շուրջ առաջացած լարվածությունն արդեն թուլանում է, ինչ վերաբերում է ուղղագրությանը, ապա դա առնչվեց գերազանցապես գրական-գիտական շրջանակներին և զանգվածային բնույթ չընդունեց: Սակայն ուրիշ խնդիր կա, որի մասին գրեթե չի խոսվում. բավական է սփյուռքին նայել ուզվորի հոգեբանությամբ՝ լոկ որպես փողով լեցուն քսակի: Առանց այն էլ սփյուռքահայերը միջոց չեն խնայում և անկախության առաջին օրերից լիաբուռն օգնել են ու շարունակում են օգնել Հայաստանին: Սփյուռքը տասնամյակներ շարունակ մեզ համար եղել է հոգևոր-մշակութային ոգեշնչման աղբյուր, իսկ դա կանաչ թղթադրամից ավելի զորավոր կմիացնի երկու հատվածները:
-Ի՞նչ կասեք օտարալեզու դպրոցներ ունենալու մասին։
-Ավելի անհեթեթ բան դժվար էր պատկերացնել: Մենք արդեն ունեինք նախորդ տասնամյակների հաջողված փորձը՝ օտար լեզուների թեքումով դպրոցներ, պետք էր շարունակել և խորացնել դա, ոչ թե դանդաղ գործողության ռումբեր դնել կրթական համակարգում: Առանց այն էլ հայերենը քայքայվում է մեր աչքի առաջ: «Ամերիկերենի» մետաստազները հասել են ամենուր, և Հայաստանում, որտեղ պետական լեզուն իբրև թե հայերենն է, այլևս անկարելի է ապրել առանց անգլերենի իմացության: Լեզվամշակութային ինքնակամ ստրկացման այսպիսի օրինակ ես դժվարանում եմ հիշել պատմությունից: Եվ այսօր ինչո՞ւ են բողոքում օտարալեզու դպրոցների դեմ, հանուն հայերենի փրկությա՞ն, այդ դեպքում ինչպե՞ս են հանդուրժում մեր լեզվի արագացված ոչնչացումը անգլերենի նպատակամղված գործունեությամբ: Գոնե մեկ անգամ տագնապ հնչեցրի՞ն: Անգլերենի իմպերիալիզմն արդեն լրջորեն մտահոգում է նույնիսկ մշակութային հզոր ավանդներ և ուժեղ պետականություն ունեցող ազգերին: Մասնավորապես Ֆրանսիային: Բոլորովին վերջերս անգլիական մի նախկին նախարար (Chris Bryant) Ալբիոնին բնորոշ ամբարտավանությամբ հայտարարեց, որ ֆրանսերենը երկրորդական լեզու է: Բայց նա ասում էր դա Լոնդոնում: Մինչդեռ հայերենը Հայաստանում է դառնում երկրորդական լեզու: Իսկ մենք, կներեք, էշի ականջում քնած ենք: Եվ քանի որ հայտնվել ենք երկու չարիքից փոքրագույնն ընտրելու անհրաժեշտության առջև, ապա ես նախապատվությունը կտայի ռուսական դպրոցների ծրագրին (որքան էլ դա անհեթեթ է), քանի որ ռուսերենի և ռուսական մշակույթի հետ շփման մոտ երկուդարյա փորձն ունենք, և հենց այդ ընթացքում էր, որ հղկվեց ու կատարելագործվեց արևելահայերենը, ի դեպ, ռուսական գիմնազիաներ ավարտած Տերյանի և Չարենցի գրչով: Ռուսերենն իմպերիալիզմի լեզու չէ, մինչդեռ ամերիկյան համալսարաններում մշակված ծրագրեր կան մշակույթի, այդ թվում` լեզվի միջոցով «ամերիկանացնելու» աշխարհը: Այս երևույթը դեռևս Ժյուլ Վեռնն է նկատել մոտ 150 տարի առաջ: Նրա նշանավոր հերոսը՝ Ժակ Պագանելը, Ավստրալիայի հեռավոր տափաստաններում հանդիպում է մի տղայի, որը զարմանում է՝ իմանալով, որ աշխարհում, անգլերենից զատ, ուրիշ լեզուներ կան: Այսօր Հայաստանում գնալով ավելանում է թիվը նրանց, ովքեր այդ տղայի պես են մտածում…
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ