ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ընդդիմության նպատակը ոչ թե հեղափոխական պայքարն է, այլ իրենց խաղի կանոններով ընտրություններին նախապատրաստվելը»

«Ընդդիմության նպատակը ոչ թե հեղափոխական պայքարն է, այլ իրենց խաղի կանոններով ընտրություններին նախապատրաստվելը»
04.08.2009 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԵՆ»
Հանրային խորհրդի ստեղծումն ի սկզբանե միանշանակ չընդունվեց քաղաքական ուժերի կողմից, հատկապես ընդդիմադիրների։ Խորհրդի կազմում ժամանակին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչների ներկայությունն առավել խորացրեց այդ քննադատությունը։ Հանրային խորհրդում է նաև ԱԺԴ-ի ղեկավար, 4-րդ խոսափողը «ժառանգություն» ստացած ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ։ Երկարատև քաղաքական գործունեությունից հետո Սադոյանն իրեն լա՞վ է զգում Հանրային խորհրդում, և սա՞ է այն տեղը, որտեղ նա կցանկանար շարունակել իր քաղաքական կենսագրությունը, հարցրինք նրան։
-Հանրային խորհուրդը մտահոգ ավագներից կազմված մարմին է,- ասաց Սադոյանը։- Դեռ նախորդ տարի, երբ աշխատանքային խումբ էր ձևավորվել, ես այնտեղ ընդգրկված էի։ Խորհրդի հանձնաժողովներից մեկը ձեռնարկատիրական և սպառողների հարցերի հանձնաժողով է կոչվում, որի նախագահն էլ ընտրվել եմ։ Այսօր լիովին ձևավորված այս կառույցի աշխատանքները բավականին հստակ են ընթանում։ Ավելին, այն սպասումները, որոնք ծրագրել էինք կանոնադրության ձևավորման ժամանակ, արդարացան։ Առաջին քայլն արդեն արվեց. դիմեցինք ՀՀ նախագահին` համաներում հայտարարելու առաջարկով, ինչին նա ընդառաջեց։
-Երբ հայտնի դարձավ, թե քաղաքական որ գործիչներն են ընդգրկվել Հանրային խորհրդում, նրանց հասցեին քննադատություններ տեղացին, ընդհուպ` նրանք «ծախվել են» իշխանություններին։ Ձեր գնահատականը։
-Եթե շատ երկար ժամանակ արդարության համար պայքարում ընդդիմությունը ժողովրդի խոսափողն էր, վերջին մեկ-երկու տարում ընդդիմադիր են համարվում նրանք, ովքեր պայքարում են իշխանություն ունենալու համար։ Այսօր ընդդիմադիր ճամբարից ավելի հաճախ են անարդար բաներ հնչում, քան իշխանության ներկայացուցիչների կողմից։ Բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու, հասարակության մեջ լարումը նվազեցնելու համար մենք առաջարկեցինք համաներում հայտարարել, ու առաջին հերթին մարտի 1-ի իրադարձությունների պատճառով ձերբակալված անձանց նկատմամբ։ Այս ամենը ողջունելու փոխարեն ընդդիմադիր ճամբարը հայտարարեց, թե ծախվել են իշխանություններին։ Երկրորդեմ. ակնհայտ է, որ իրենց ընդդիմություն համարող որոշ ուժեր ավելի անարդար մոտեցումներ են ցուցաբերում։ Սրա պատճառով է, որ հասարակության մեջ առկա հստակ, զուլալ զգացողությունը, թե ընդդիմությունն առաջին հերթին արդարության համար պայքարողն է, գնալով կոտրվում է` հիմք դառնալով այն մտածողության, թե իշխանությունը և ընդդիմությունը նույն բանն են։
-Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ ներկայիս ընդդիմության միակ ցանկությունն իշխանության հասնելն է։
-Համենայն դեպս, վերջին շրջանում դա առավել քան ակնառու է` հաշվի առնելով նաև համաներման շուրջ ձևավորված նրանց դիրքորոշումը։
-Բայց այդ քննադատության մեջ արդյոք օբյեկտիվություն չկա՞։ Ժամանակին Դուք և մյուսները բավականին խիստ ընդդիմադիր տեսակետներ էիք արտահայտում, մինչդեռ այսօր Հանրային խորհրդում եք և ավելի իշխանահաճո կարծիքներ եք հայտնում։
-Երբ ես հայտարարում եմ, թե լավ կլիներ, որ համաներում հայտարարվի, իմ մասին ասում են` Սադոյանը ծախվեց իշխանություններին, դարձավ իշխանահաճո։ Ի դեպ, խորհրդի անդամների գերակշիռ մասն այդքան էլ չի առնչվում քաղաքականության հետ։ Էդ դեպքում ո՞ւմ մասին է խոսքը` ի՞մ, թե՞ Վազգեն Մանուկյանի։
-ՈՒրեմն` ինչո՞վ եք բացատրում, որ Ձեզ համարում են իշխանահաճո քաղաքական գործիչներ։
-Դեռ 2007-ի հոկտեմբերից բաց տեքստով հայտարարել եմ, որ մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններում փորձում են խնդիր դնել, թե հիմա կգան ու ամեն գնով կվերցնեն իշխանությունը, իրականում նրանց բուն նպատակն այլ է։ Այսինքն, ոչ թե ընտրություններում հաղթել, այլ նրանց մի խումբ ցանկանում է մաքրվել անցյալի կեղտերից, տասը տարվա բացակայությունից հետո քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել` նախապատրաստվելով 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ ուժերն աշխատում են անցյալի կեղտերի մասին հիշատակողներին դիտմամբ սևացնել, ներկայանալ այնպես, թե անցյալում որևէ լուրջ սխալներ թույլ չեն տվել։
-Կարծում եք` շուրջ երկու տարվա շարժման նպատակը միմիայն անցյալի «կեղտը» մաքրե՞լն է։
-Նույնիսկ կես տարում դա արեցին, որի համար լուրջ տաղանդ էր պետք։ Այս առումով շատ եմ գնահատում Տեր-Պետրոսյանի կարողությունը, զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց վրա ազդելու ունակությունը։ Ցավում եմ, որ մեր ժողովուրդը բավականին միամիտ է ու չի կարող վերլուծել, համադրել իրադրությունները։ Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար նույնիսկ հունվար-փետրվարին էր ակնհայտ, որ ոչ մեկը չի զիջելու, ու նա հնարավորություն չունի նախագահ դառնալու։ Այսուհանդերձ, «հիմա, հիմա» գոռալով, մարդիկ հավատացին դրան ու գնացին-ընկան բերդերը։ Հետագայում, երբ շարժումը վերածվեց կոնգրեսի, դա ևս իր նպատակն ուներ` Րաֆֆի Հովհաննիսյանին քիչ-քիչ դուրս մղել գործընթացներից, որպեսզի երևա, թե այդ շարժման հիմքում միմիայն ՀՀՇ-ն է։ Հիմա նրանք պատրաստվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
-Մինչ այդ ընդդիմությունն իշխանափոխության հարցում լուրջ հաջողություններ չի՞ արձանագրելու։
-Կուզենան, բայց հնարավորություն չունեն։ Կրկնում եմ` մազաչափ չեմ կասկածում, որ հիմնական նպատակն անցյալի կեղտերից մաքրվելն էր։ Ավելին, երբ քաղաքական պայքարը վերածվում է կենաց-մահու կռվի, բնական է, հաղթելու հավանականությունը նվազագույնի է հասնում։
-Ձեր կանխատեսմամբ` ընդդիմադիր այս շարժմանն ի՞նչ հեռանկար է սպասում։
-Ներկայումս փորձում եմ երիտասարդ քաղաքական գործիչներին առավել ներգրավել քաղաքականության մեջ` ստեղծելով կարող երիտասարդների խումբ, ովքեր «թևերը քշտած» կմտնեն քաղաքական պայքարի մեջ։ Չեմ կարծում, որ մենք ճակատագրով դատապարտված, ողբալի ժողովուրդ ենք, որ պետք է անընդհատ ընտրություն կատարենք վատի ու վատթարագույնի միջև։ Ինչ վերաբերում է կոնգրեսին, ապա այն վաղուց նպատակ է դրել, որ մասնակցի առաջիկա ընտրություններին։ Կարծում եմ` դա իշխանություններին էլ է ձեռնտու։ Շատ անգամ իրար աչքերի նայում են ու շատ բան են հասկանում։ Այս իշխանավորներն էլ հասկանում են, որ էս ընդդիմության նպատակը ոչ թե հեղափոխական պայքարն է, այլ իրենց խաղի կանոններով ընտրություններին նախապատրաստվելը։
-Անդրադառնանք նաև Հանրային խորհրդի արցախյան այցին։ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով Ձեզ համար ի՞նչ բացահայտվեց այդ այցի ընթացքում։
-Անձամբ Ղարաբաղ չեմ գնացել։ Խորհուրդը փոքր կազմով է այնտեղ եղել։ Հաճախ երկու կողմից էլ դիտմամբ աղավաղվում են մադրիդյան սկզբունքները։ Կարգավորման հարցում լուրջ դերակատարում ունի հենց ԼՂՀ-ն։ Գործընթացները նորմալ ընթացքով են գնում։ Չնայած առերևույթ լարվածությանը` ամեն ինչ ընթանում է ինչպես միշտ։ Կասկածում եմ, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակահատվածում։ Հանրային խորհրդի վերջին նիստում Ղարաբաղ այցելածները պատմեցին իրենց տպավորությունները, որոշվեց մշակել Հայաստան-Արցախ համագործակցության հայեցակարգը, որը կներկայացվի հանրությանը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ