Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐՆ Է ԾԵԾՈՒՄ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼ»

«ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐՆ Է ԾԵԾՈՒՄ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼ»
07.02.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ

«ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ԻՆՏՐԻԳԱՅԻՆ, ՈՐ ԲՆՈՐՈՇ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
-Քաղաքական դաշտն ընտրություններից երեք ամիս առաջ ինչպե՞ս եք գնահատում:
-Հետաքրքիր, ինտրիգային, նախընտրական սրվող պայքարի վիճակում, գործողություններն արագանում են ժամանակի հետ ուղիղ համեմատական, օրվա մեջ այնքան տեղեկություն է կուտակվում, որ նույնիսկ ուզում ես ընտրությունների օրը շուտ գա ու անցնի:
-Ինտրիգներն ընդդիմություն-իշխանություն դաշտո՞ւմ են, թե՞ իշխանության ու ընդդիմության ներսում:
-Մթնոլորտն է ինտրիգային, որ բնորոշ է բոլոր նախընտրական ժամանակահատվածներին, բոլոր երկրներում: Բնականաբար, քաղաքական ուժերը` իշխանական և ընդդիմադիր, իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն են հստակեցնում, ճշտում են համամասնական ընտրակարգի ցուցակները, մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: Այս գործընթացները չեն կարող ինտրիգներ չպարունակել: Նախընտրական փուլում արդեն քաղաքական ուժերը պարտադրված են վերջնական որոշումներ ընդունելու:
-Ձեր կարծիքով` ներկոալիցիոն հակասություններն իրակա՞ն են, թե՞ հարաբերությունները մնում են նախընտրական տրամաբանության մեջ:
-Գերազանցապես` նախընտրական: Կոալիցիան աշխատանքի մի ձևաչափ է, որ կազմավորվում է սովորաբար ընտրություններից հետո: Քաղաքական ուժերի գերխնդիրը ԱԺ-ում առավելագույն ներկայացվածություն ունենալն է: Եթե մրցակցությունն առողջ է, և քո ճանապարհն ուրիշի հաշվին չես հարթում, արմունկներդ չես գործի դնում, այլ աշխատում ես հասարակության հետ, ներկայացնում քո կատարած աշխատանքն ու քո ծրագրերը` փոխըմբռնում ակնկալելով, անակնկալներ չպիտի լինեն: Ես լիահույս և լավատես եմ, որ ընտրությունները նորմալ պայմաններում են անցնելու: Մենք անվերջ խոսում ենք ընտրապայքարի ու ընտրությունների նոր մշակույթի մասին, բայց դա ամբողջ հասարակության խնդիրն է, որևէ քաղաքական ուժ` թե իշխանական, թե ընդդիմադիր, մենակ չի կարող այդ խնդիրը լուծել: Եթե այդ կամքն ու գիտակցությունը բոլորինս լինեն, և՛ ընտրություններին մասնակցությունը, և՛ ընտրակեղծիքները կանխելը կդառնան օրինաչափ:
-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական շարժում սկսելու կոչ է արել քաղաքական ուժերին հանուն 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Դա քաղաքական դաշտում անհետևանք հնչած բազում կոչերից մե՞կն էր, թե՞ ռեալ զարգացումներ կարող են հաջորդել:
-Մենք ուղղակի ժամանակ չունենք որևէ մեխանիզմ փոխելու: Ես լավ հիշում եմ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները խորհրդարանում. ընդդիմությունն արել էր առաջարկներ, բայց նրանց այն ժամանակվա և ներկա ակտիվությունն անհամեմատելի է, ուստի ինձ իրավունք եմ վերապահում մտածելու, որ այս առաջարկները ավելի շատ նախընտրական ու պոպուլիստական ենթատեքստ ունեն: Եթե այն ժամանակ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեին, հնարավոր է` փոփոխություն լիներ, բայց հիմա արդեն ժամանակ չկա: ՀՀԿ-ն կողմ է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց ժամանակի ընթացքում: Ես համոզված եմ, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովը նորից է անդրադառնալու այս խնդրին, փոփոխությունները կարող են վերաբերել և մեծամասնական ընտրակարգին: Այնուամենայնիվ, հազիվ թե փոփոխությունները հեղափոխական լինեն: Մենք կողմ ենք աստիճանաբար մեծամասնական տեղերը նվազեցնելուն, հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է այդ փոփոխությանը պատրաստ լինեն, չի կարելի մի ամսում իրավիճակ փոխել:
-Ստացվում է, որ այդօրինակ կոչերի նպատակը ոչ այնքան բուն խնդրի լուծումն է, որքան նախընտրական շահեկան վիճակ ձևավորե՞լը:
-Ես կարծում եմ, որ նման կոչերի նպատակն ընտրություններում ավելի շատ կողմնակիցներ ունենալն է, ինքնահաստատման յուրօրինակ ձև, իրականում հարցը հեռանկարային լուծում կարող է ունենալ, որ բոլորն էլ լավ հասկանում են:
-Ձեր կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի անձի հետ տարբեր քաղաքական ուժերին ու իրադարձությունները կապելը, նրան անընդհատ մեջբերելն արդարացվա՞ծ են, թե՞ ինքներս ենք նրան միֆականացնում, որ ոմանց զգուշացնենք, ոմանց վախեցնենք, ոմանց հրճվանք պատճառենք:
-Մեր քաղաքական դաշտում տարբեր անձանց միֆականացումն ավանդույթ է, որը գուցե հասկանալի է դարձնում քաղաքական կյանքը, հետաքրքիր: Իհարկե, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները մեր քաղաքական կյանքի անբաժանելի մասն են, տարբեր հարցերի շուրջ նրանք իրենց տեսակետներն ունեն, քաղաքական գնահատականները, ինչը բնական է: Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն անձամբ հայտարարություն չի արել իր քաղաքական նպատակների ու հավակնությունների մասին, ապրիորի եզրահանգումները հիմնազուրկ են:
-Իսկ այն, որ երկրորդ նախագահը ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ տեղում կարող է հայտնվել, մի՞ֆ է, թե՞ ռեալ հեռանկար:
-ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի ու մեծամասնական ընտրակարգով թեկնածությունների առաջադրման մասին հայտնի կդառնա համագումարից առաջ:
-Հավանակա՞ն եք համարում ընդդիմադիր դաշտի համախմբումը:
-Ընդդիմադիր դաշտում որոշակի համաձայնություններ կայացվում են, հնարավոր են տարբեր ալյանսներ, ժամանակը ցույց կտա` ով ում հետ, որքան ժամանակով կհամախմբվեն, բոլոր պարագաներում համախմբումը մեծացնում է քաղաքական ուժերի հաղթանակի հավանականությունը:
-2012-ի խորհրդարանական ընտրությունների ինտրիգը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների՞ մեջ է, թե՞ իր վճռական խոսքն ասելու է ՀԱԿ-ը:
-Այն մարդիկ, ովքեր թեժացնում են ՀՀԿ-ԲՀԿ ինտրիգը, որ ավելի շատ լրատվամիջոցներում է երևում, քան իրականության մեջ կա, մոռանում են փաստաթղթերը, կոալիցիոն համաձայնագրերը, կոալիցիոն ձևաչափով հանդիպումները, որոնց ժամանակ որևէ որոշում չի կայացվել, որ պատճառ դառնա միմյանց դեմ պայքարելու: Գուցե ընտրապայքարը շուտ մեկնարկեց, այդ պատճառով մամուլը ստիպված եղավ նախընտրական տարատեսակ մեկնաբանություններ, վերլուծություններ, կանխատեսումներ անել, որ որքան իրական, նույնքան անիրական կարող են լինել: Ես կարծում եմ, որ ընտրողն է որոշելու` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը կասեն իրենց վճռական խոսքը:
-Գուցե այս ընտրությունների ամենամեծ ինտրիգը 2013-ի նախագահական ընտրություններին նախորդելո՞ւ փաստի մեջ է:
-Իհարկե, ամենամեծ ինտրիգը հենց 2013-ի նախագահական ընտրություններն են, որ ավելի կարևոր նշանակություն ունեն և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի համար: Այնուամենայնիվ, այն ուժը, որ փաստաթուղթ է ստորագրում, պարտադրված է հանուն իր վարկանիշի պահպանել իր ստորագրությամբ վավերացված պայմանավորվածությունները: Կյանքն այսօր չի սկսվել և վաղը չի վերջանում: Ընտրողների հիշողությունն էլ միայն ընտրությունների ժամանակ չի արթնանում, ոչ միայն անցնելիք, այլև անցած ճանապարհի խնդիր կա: ՀՀԿ-ն ռեսուրսներ ու ներուժ ունի և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում հաղթելու: Ես չեմ կարծում, որ մենք 2013-ին խնդիր կունենանք, մենք հստակ գիտենք մեր ճանապարհը, վաղուց ասել ենք, որ Սերժ Սարգսյանն է մեր թեկնածուն, և պաշտպանելու ենք նրա թեկնածությունը ցանկացած վերադասավորման դեպքում, համոզված եմ, որ նա էլ հաղթելու է նախագահական ընտրություններում:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ Է ԻՐ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ, Ի ՎԵՐՋՈ, ՀԱՇՏՎԵԼՈՒ Է ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
-Եթե Ֆրանսիայում ընդունվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով հնարավո՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն:
-Որևէ դեպքում ձևաչափի փոփոխությունը հավանական չէ, Մինսկի խումբը երկար ժամանակ է աշխատում, բոլորն էլ համաձայն են, որ միակ ու լավագույն ձևաչափն է հակամարտության հաղթահարման լուծումները գտնելու համար: Սոչիում վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն էլ դա ընդունեց: Բոլորն էլ գիտեն, որ շատ հաճախ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարների խոսքը հնչում է ներքին լսարանի համար: Նրանք քարոզչական նպատակներով կարող են տարբեր հայտարարություններ անել, բայց հազիվ թե պահանջեն բանակցությունների ձևաչափի փոփոխություն: Մեզնից անկախ վերջին շրջանում մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ Ղարաբաղի հարցի և ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումները խաչաձևվում են, թեպետ մենք միշտ տարբեր հարթություններում ենք դիտարկել ու քննարկել: Ցեղասպանության ճանաչման մեր պայքարի մեջ մենք երբեք նման դինամիկ ժամանակ չենք ունեցել` և՛ քննարկումների, և՛ ճանաչման առումով: Մի քանի տարի առաջ շատ երկրներում Հայաստանի տեղն էլ չգիտեին, այսօր եվրոպական երկրներում պարբերաբար մեր խնդիրների լուծմանը սատարելու կոչեր են հնչում: Թուրքիան ամենից շատ զգուշանում է, որ Ֆրանսիայում օրենքի ընդունումը շղթայական ռեակցիայով կարող է տարածվել: Բացի այդ, աշխարհը փոխվել է, փոխվել է և Թուրքիան: Ես համոզված եմ, որ թուրքական հասարակության տարբեր շերտերում խորանում է ընկալումը, որ ցեղասպանություն եղել է, և այդ փաստը պետք է ճանաչվի: Մենք գերազանցապես խոսում ենք Թուրքիայի քաղաքական էլիտայի գնահատականների մասին, բայց Թուրքիայում տարբեր մակարդակներում շատերն են խոսում հայերի ցեղասպանության մասին ու արդեն չեն վախենում իրենց պատմությունից: Դա և՛ Հրանտ Դինքի սպանության դատաքննությունը ցույց տվեց, և՛ նրա սպանությունից հետո սկսված շարժումները: Մի երկիր, որ Եվրամիության դռներն է ծեծում, չի կարող համառորեն իր պատմությունը չընդունել: Համենայն դեպս, Եվրոպան շատ լավ հասկանում է, որ խնդիրը քաղաքական է և պատմաբանների հետ առնչություն չունի: Նիկոլա Սարկոզին էլ այն երկրի այն նախագահը չէ, որ ժողովրդի կարծիքը չիմանալով` իր հեղինակությունը նժարին դնի, իմանալով, որ հարցը չի կարողանալու լուծել:
-Բայց 76 պատգամավոր և սենատոր կարծում են, որ օրենքը հակասահմանադրական է: Դուք նրանց դիմումը համարում եք ներֆրանսիակա՞ն հարց, միջկուսակցակա՞ն, թե՞ թուրքական դիվանագիտության միջամտություն:
-Երեք գործոններն էլ իրենց դերն ունեցան: Եթե նկատել եք, որևէ պատգամավոր, խոսելով օրինագծի դեմ, չի ժխտել ցեղասպանության փաստը: Նրանց մի մասը զգուշանում է Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց, ինչը բնական է. եթե Հայաստանը որևէ երկրի հետ երրորդ երկրի պատճառով հարաբերությունները հարվածի տակ դներ, ի՞նչ վերաբերմունք կունենար մեր հասարակությունը: Իհարկե, Թուրքիան համակարգային աշխատանք է տանում ընդդեմ ոչ միայն այս կոնկրետ օրինագծի, այլև ցեղասպանության ճանաչման: Ֆրանսիացիների բոլոր հիմնավորումները մնում են հայ-թուրքական, ֆրանս-թուրքական հարաբերությունները չվնասելու շրջանակում, նաև նախընտրական պոպուլիստական քայլ են համարում: Եթե որևէ երկրի նախագահ իր ընտրությունից առաջ այսպիսի պոպուլիստական քայլեր անելու համարձակություն ունենա, կշահենք ոչ միայն մենք, այլև ժողովրդավարությունն ու ճշմարտությունը:
-2015 թ. հնարավո՞ր է, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը:
-Եթե երեք տարում իրադարձությունները մեր ցանկացած ուղղությամբ և ֆանտաստիկ արագությամբ զարգանան, այո, բայց դա ռեալ չէ: Ես համոզված եմ, որ ոչ երեք տարի հետո, բայց ժամանակի մեջ Թուրքիան հաղթահարելու է իր բարդույթներն ու, ի վերջո, թե՛ ներքին պարտադրանքով, թե՛ միջազգային հանրության, հաշտվելու է իր պատմության հետ:

«ԲՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ»
-Ինչպե՞ս սկսեցիք այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանը:
-Նախորդների նման: Գալուստ Սահակյանը և ես օրինագիծ ենք ներկայացրել ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկի կարգը փոխելու առաջարկով: 1997 թ. դեկտեմբերին ընդունված օրենքով ամեն տարի մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ էր տարվում: Այն ժամանակ մեկ ժամի բնական լույսը իսկապես կարևոր էր, բայց հետո պարզվեց, որ դա և՛ առողջությանն է վնաս, և՛ տնտեսական օգուտ էլ չի տալիս: Ի վերջո, բնության գործերին արհեստական միջամտություններ պետք չեն: Հարցը 24-ժամյա ընթացակարգով է քննարկվելու և եթե այս քառօրյայում ընդունվի, մենք կմնանք բնական ժամային գոտում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ