«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՒՅԳ ԱՍԵԼ` Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՆ Է ԿԱՍԿԱԾՈՒՄ. ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՕԵԿ-Ը ՍԹԱՓ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

«ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՒՅԳ ԱՍԵԼ` Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՆ Է ԿԱՍԿԱԾՈՒՄ. ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՕԵԿ-Ը ՍԹԱՓ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
15.02.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-ԲՀԿ 5-րդ համագումարում սենսացիաներ և՛ եղան, և՛ չեղան. կուսակցությունը կոալիցիայից դուրս չեկավ, բայց Գագիկ Ծառուկյանը չասաց` ո՞ւմ է ԲՀԿ-ն առաջադրելու նախագահի թեկնածու: Ձեր կարծիքով` ի՞նչ է դա նշանակում:
-ԲՀԿ համագումարում, ինչպես և հայտարարվել էր նախապես, անակնկալներ չեղան: Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական ուղեգիծը, մարտավարությունն ու ռազմավարությունը:
-Չե՞ք կարծում, որ հերթական անգամ կանխվեց երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, բայց ոչինչ դեռ ավարտված չէ` երկրի ամենաերիտասարդ թոշակառուն աշխատանք է ուզում:
-Առանց մեկնաբանության:
-2011-ը նախընտրական է, և քաղաքական դաշտի վերադասավորումները բնական են, բայց բնակա՞ն է, որ վերադասավորումները կոալիցիայի ներսում պիտի լինեին, ինչի հավանականությունը կար և գուցե դեռ կա:
-Կոալիցիա կազմող քաղաքական ուժերը պետք է հստակ պատասխաններ տան առկա հարցերին, որոնք հետաքրքրում են թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական ուժերին: Ինչ խոսք` կոալիցիայի ներսում կան թե՛ համանման, թե՛ տարբեր մոտեցումներ ու տեսակետներ, ինչը բացատրվում է կոալիցիոն կուսակցությունների որդեգրած քաղաքական մարտավարությամբ ու ռազմավարությամբ: Բնականաբար, նախընտրական շրջանում լինում են սրացումներ, որոնք հատուկ են նախընտրական պայքարի տրամաբանությանը: Թե ինչպես կզարգանան հարաբերությունները, ցույց կտա ժամանակը:
-Կոալիցիայի նիստում ՀՀ նախագահն առաջարկել է հետընտրական կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հուշագրի ստորագրում, եթե նման հարց քննարկվել է, քաղաքական իրողություններին համարժե՞ք առաջարկ եք համարում:
-Հանրապետության նախագահը չի առաջարկել հետընտրական կոալիցիայի վերաբերյալ հուշագիր, քննարկվել են կոալիցիայի գործունեության խնդիրները, միասնական լինելու, առաջիկա ընտրական գործընթացներում միմյանց դեմ հանդես չգալու և նախագահական ընտրություններին, ի դեմս Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով մասնակցելու խնդիրները, որը ես համարում եմ ճիշտ ու անհրաժեշտ, դրան սպասում է նաև մեր հասարակությունը: Մեկ տարի առաջ նման հուշագիրը տրամաբանությունից դուրս կլիներ, բայց այսօր շատ տրամաբանական է: Հասարակությունն ուզում է հասկանալ, թե կոալիցիան չորս տարվա համատեղ աշխատանքից հետո ինչպես է տեսնում ապագան: Քննարկումն այդ ոգով է եղել:
-Հանրապետության երկրորդ նախագահի մեկհարցանի հարցազրույցում քաղաքական դաշտին ներկայացված մեղադրանք կա` կարճ հիշողության: Փակագծերը բացված չեն, բայց ովքե՞ր են այդ մոռացկոտները` Ձեր կարծիքով, ՕԵ՞Կ-ը, ՀՀԿ՞-ն, թե՞ այլք:
-Դժվարանում եմ ասել, երկրորդ նախագահն ինքը միայն կարող է ստույգ ասել` ո՞ւմ հիշողությանն է կասկածում: Ես կարող եմ ասել, որ «Օրինաց երկիրը» սթափ հիշողություն ունի, իսկ այն, որ սթափ է նաև մեր ՀՀԿ-ական գործընկերների քաղաքական հիշողությունը, այդ մասին ասացին հենց իրենք` իրենց արձագանքներով: Հանրապետության երկրորդ նախագահն ունի իր տեսակետները բարձրաձայնելու իրավունք և հնարավորություն այն պահին, երբ ինքը հարմար է համարում: Բնական է, որ նրա խոսքը քաղաքական դաշտում կարող է հետաքրքրություն առաջացնել:
-Իրո՞ք ջերմ են Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Մամուլում ՕԵԿ-ը նույնիսկ նույնացնում են ՀՀԿ-ի հետ:
-Չնայած տարատեսակ ասեկոսեներին` մեր միջև առողջ գործընկերային համագործակցություն կա, 14 տարվա ճանապարհ ենք անցել, իսկ վերջին տարիներին սերտ դաշնակցային հարաբերություններ ունենք: ՕԵԿ-ը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող նախագահի թեկնածությունը, այդ հայտարարությունը քննարկումների արդյունքում ընդունված լուրջ քաղաքական որոշում է եղել, և մենք այդ ճանապարհով գնալու ենք առաջ: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչպիսին են մեր հարաբերությունները: Իսկ մեզ նույնացնել հնարավոր չէ: Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, բայց հռչակել և հետամուտ ենք ընդհանուր նպատակների ու ծրագրերի: Սա քաղաքական դաշտում կայացած ու հետք ունեցող քաղաքական ուժերի համագործակցության լավ օրինակ է, որը միտված է մեր երկրի հզորացմանը և մեր ծրագրերի իրականացմանը:
-Քոչարյանի խոսքում նաև հակասություն կա` հարցազրույցի սկզբում ասում է, որ որևէ քաղաքական ուժի ստեղծմանը չի մասնակցել, հետո հիմնավորում է, թե ինչպես ու ինչու է ղեկավարել ամբողջ քաղաքական դաշտը։
-Դա իր խնդիրն է: ՕԵԿ-ի մասով կարող եմ ասել, որ մենք թե՛ անկախ ենք, թե՛ կայացած, ՀՀԿ-ի մասով պատասխանել են ՀՀԿ պատգամավորները: Մանրամասների մեջ մտնելը տեղին չէ, ամենաճիշտ մեկնաբանությունը հեղինակինն է սովորաբար:
-Ի՞նչ է նշանակում նախընտրական տարին ՕԵԿ-ի համար:
-Կուսակցությունն ակտիվ քաղաքական և կազմակերպական աշխատանքի փուլում է, բնականաբար, մասնակցելու ենք ընտրություններին, և ես համոզված եմ, որ ունենալու ենք մեր ծանրակշիռ դերը խորհրդարանում: ՕԵԿ-ը եղել և լինելու է Հայաստանի առաջատար քաղաքական կառույցներից մեկը: Դրանում ես համոզված եմ:
-ԲՀԿ-ն հավակնում էր 50+1 տոկոսի, իսկ դո՞ւք:
-Մենք չենք կարող հավաքել 50+1 տոկոս, և այդ մասին ասում ենք ազնիվ ու հստակ, 50+1 տոկոս հավաքելն այսօր բավականին բարդ է, մենք կբավարարվենք ավելի համեստ տոկոսներով, թվեր չեմ ուզում ասել, բայց, կրկնում եմ` այդ թվերը կապահովեն մեր ծանրակշիռ ներկայությունը ապագա խորհրդարանում, կունենանք ռեալ ազդեցություն որոշումների կայացման վրա և կկարողանանք մեր նախընտրական ծրագրերն իրականացնել: Մենք բազմիցս ապացուցել ենք դա, ամեն ընտրությունից առաջ ասել են, որ ՕԵԿ-ը շատ քիչ տոկոսներ է ունենալու, հարց է` կհայտնվի՞, թե՞ չի հայտնվի խորհրդարանում, բայց կյանքը ցույց է տվել բոլորովին այլ իրողություն: Այսօր էլ ՕԵԿ-ը մարդկանց շատ լուրջ համալրում ունի, մամուլում քիչ չեն հրապարակումներն այս մասին:
-Քաղաքական դաշտի, բազմակուսակցական համակարգի կայացման համար նպատակահարմար համարո՞ւմ եք որևէ կուսակցության 50+1 տոկոս հավաքելը:
-Ես ահավոր ոչինչ չեմ տեսնում, Եվրոպայի զարգացած երկրներում էլ կան կուսակցություններ, որ 50+1 տոկոս ձայներ են հավաքում ընտրություններում, բայց հասկանալով, որ պետք է հանրային աջակցություն վայելեն իրենց ծրագրերի իրականացման համար, ստեղծում են քաղաքական կոալիցիաներ: Կան, որ պակաս ձայներով են կոալիցիաներ ստեղծում:
-Ձեր կարծիքով` 2012-ին ի՞նչ խորհրդարան կունենանք:
-Դժվար է ասել, համենայն դեպս` շատ ավելի լավը չենք ունենա, քան այսօր, բայց և շատ ավելի վատը չենք ունենա:
-Ձեր` այլ պաշտոնի անցնելու լուրերը չեն դադարում շրջանառվելուց: Դեռ հերքո՞ւմ եք:
-Ես բազմիցս հերքել եմ այդ լուրերը: Դրանք պատվերով տարածվող լուրեր են, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ես հասցրել եմ շուրջ երեք տարվա ընթացքում բավական աշխատանք կատարել ԱԱԽ քարտուղարի պաշտոնում` նպաստելով Ազգային անվտանգության խորհրդի կայացմանը, նրա դերի բարձրացմանը մեր երկրում: Այդ մասին ես չէ, որ ասում եմ, դա վկայում են փաստերը. այսօր Հայաստանի անվտանգության խորհուրդն աշխարհի բազմաթիվ երկրների հետ սերտ համագործակցում է, ինչի արդյունքում տարբեր ոլորտներում լուրջ ծրագրեր են իրականացվում Հայաստանում: Այսօր մեր երկրի անվտանգությանն առնչվող կարևորագույն որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդում քննարկումների արդյունքում: Դա, իհարկե, հնարավոր դարձավ հանրապետության նախագահի քաղաքական կամքի շնորհիվ: Անվտանգության խորհրդի նիստերում ընդունվում են տարբեր ոլորտներում առաջընթացի հիմքեր ստեղծող փաստաթղթեր, որոնց հիման վրա անհրաժեշտ ծրագրերի իրականացման արդյունքներն աստիճանաբար նկատելի կլինեն հանրության համար: Ես մտադիր եմ առաջիկայում ևս շարունակել այդ ինստիտուտի լիարժեք կայացմանը միտված իմ գործունեությունը:
-Օրերս Հայաստան է այցելելու Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ի՞նչ հարցեր եք քննարկելու:
-ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունն արդյունավետ զարգանում է: ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով Հայաստանում իրականացվում են խորքային բարեփոխումներ բազմաթիվ ուղղություններով: Ակնկալում ենք, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակն ավելի կբարձրանա, քաղաքական երկխոսության ակտիվացմամբ շահագրգիռ են և՛ Հայաստանը, և՛ Եվրամիությունը: Դուք գիտեք, որ մեկնարկել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման բանակցությունները, Ազատ առևտրի, խորացված և համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացները: Այս ամենը կամրապնդի ՀՀ-ԵՄ հարաբերությունները և բազմակողմ համագործակցության խորացման խթան կհանդիսանա:
-ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ռուս գործընկերների խանդը չի՞ առաջացնում:
-Իհարկե` ոչ, գործակցության տարբեր ձևաչափեր են. Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթությունում են, Ռուսաստանը մեր թիվ 1 ռազմաքաղաքական դաշնակիցն է, և ես կարծում եմ, որ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունները պետք է ավելի ու ավելի զարգացնել ու խորացնել: Մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք կատարում ՌԴ անվտանգության խորհրդի հետ, ունենք ոչ միայն համագործակցության հուշագիր, այլև ստորագրված և համատեղ հաստատված տարեկան պլան` իր միջոցառումների փաթեթով, որը հստակ իրականացվում է: Որպես անվտանգության խորհրդի քարտուղար և քաղաքական գործիչ համոզված եմ, որ բազմակողմ գործակցությանը զուգընթաց Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է ըստ ամենայնի զարգացնել:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ