ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Փաշինյանի հակաարցախյան ավանտյուրան

Փաշինյանի հակաարցախյան ավանտյուրան
20.05.2023 | 07:33

Այն սերունդը, որի ջանքերով 90-ականներին ազատագրվեց Արցախը, այսօր ականատես է աղետալի իրողության. մեր աչքի առաջ փոշիացնում են 30 տարիների ազգային ազատագրական պայքարի հաղթական արդյունքները, ոչնչացնում են հայկական երկրորդ Հանրապետությունը:

Հայաստանի գործող վարչախումբը հրաժարվեց պաշտպանել մեր հայրենակիցների` արցախահայության ինքնորոշման իրավունքը, հրաժարվեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանի ռեժիմի հակաարցախյան քաղաքականության հետևանք են պրահաներում, բրյուսելներում ծավալված ադրբեջանանպաստ գործընթացները, քանզի «Արցախը տանք` պրծնենք» հակաթեզի կրողներն են այսօր Հայաստանի իշխանության ղեկին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարությունը ևս այս հակաթեզի ծնունդ է: Փաստորեն, Միշելը թվերով` Հայաստանի` 29,800 քառ.կմ-ի, Ադրբեջանի՝ 86,600-ի մասին արձանագրեց, պարզ ասելով՝ Եվրապան կողմ է Արցախի հանձնմանը Ադրբեջանին:

Բրյուսելից հնչած այս խայտառակ հայտարարությունից առաջ, հիշենք, որ վերջին ամիսներին վարչապետի պաշտոնը զբաղեցնողն անընդհատ խոսում էր Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետրի մասին, ու դրանով պատրաստում ժողովրդին, իր իսկ խոսքերով ասած` ցավալի զիջումների: Ինչպես նկատել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը․ «Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ երբևէ չեն հնչեցրել այն կարևոր փաստարկը, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չեն ասել, որ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է տվյալ պահին գործող օրենսդրական բոլոր ընթացակարգերին համապատասխան: Լռում ու ոչինչ չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղը:

ՈՒ մինչ հայաստանյան քաղաքական դաշտից պահանջ հնչեց, որ Փաշինյանը հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը կամ տա հրաժարական, նա գնաց հակառակ քայլի. Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում արտահայտեց իր գոհունակությունը Միշելի հայտարարության առնչությամբ. «Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք»:

Փաստորեն, Արցախի հանձնումը Ադրբեջանին Փաշինյանն առաջընթաց է համարում, և այլևս չի թաքցնում իր դիրքորոշումը, խաղում է բաց խաղաքարտերով` աշխարհին ու հայությանն ասելով` Արցախը Ադրբեջան է ու վերջ…

30 տարի առաջ Արցախը կայացրեց ինքնորոշման իր որոշումը, 30 տարի արցախցին անդադրում գնաց իր երազանքի` անկախության հաստատման ճանապարհով` կայացնելով իր պետական ինստիտուտները: Եվ հասավ նրան, որ աշխարհն ընդունեց, որ չճանաչված Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության փոքրիկ օազիս է տարածաշրջանում, և որ երբեք չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում:

1992-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը կայացրեց պատմական որոշում, որում ամրագրեց Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, ու անընդունելի համարեց ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն կարող է ճանաչվել Ադրբեջանի մաս: Դրանում ամրագրվեց կարևորը` որևէ մեկն իրավունք չունի արցախահայության փոխարեն որոշել Արցախի ճակատագիրը:

Հատված Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդի կայացրած որոշումից.

1․«Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Գերագույն Խորհրդի հիշյալ որոշումը օրենքի ուժ ունի, հետևաբար, Փաշինյանը իրականացնում է ապօրինություն և արկածախնդրություն՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: Դրանով նա կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքները` Գերագույն Խորհուրդի որոշումը, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Անկախության Հռչակագիրը: Փաշինյանն իրականացնում է հակապետական ավանտյուրա` ինքն իրեն կանգնեցնելով քրեական պատասխանատվության առաջ:

ԵՄ-ի դիրքորոշմանն Արցախի հարցում վկայում է այն մասին, որ Եվրոպան հրաժարվել է իր իսկ հռչակած արժեքներից, սկզբունքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունք:

Շարլ Միշելն ասում է՝ ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի, իրենց նպատակներն ազնիվ են, ուզում են օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ «հասնելու համապարփակ ու արդար ազատության»: Կեղծավոր խոսքեր: Իրականում Եվրամիության ղեկավարությունն անտեսել է Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը, առաջնորդվում է միայն սեփական աշխարհաքաղաքական հաշվարկներով: Եվ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ` Բրյուսել-Ադրբեջան նավթահոտ գործարք է, ինչին զոհ է դառնում արցախահայությունը:

Արևմուտքի կամակատար տեղական մանկլավիկներն էլ ցինիկաբար քարոզում են Արցախի հայաթափումը: Հայտնի սորոսական Բորիս Նավասարդյանը հեռուստաեթերից` դեմքի լուրջ արտահայտությամբ ասում էր` Արևմուտքի համար ընդունելի կլինի 120 000 արցախցիների դուրս բերումը, քանի որ Արևմուտքը կարող է չգտնի նրանց պաշտպանության լծակներ…

Այս մարիոնետը` արևմտյան տերերի հայտնի խոսափողը, պարզ փոխանցում է այն, ինչ դեռ չեն բարձրաձայնում բրյուսելներում: Իսկ դա այն է, որ Արևմուտքը ամենևին չի երաշխավորում Արցախի անվտանգությունը, և դրանով արցախահայությանը տանում է բնաջնջման:
Բայց ո՛չ միշելները, ո՛չ նրանց կամակատար փաշինյաններն իրավունք չունեն, անկարող են կասեցնել արցախահայության անկախության ձգտումը:

Միայն հայկական եռամիասնությամբ` Հայաստան-Արցախ-Սփյուռք, հնարավոր է կանխել արևմտյան կեղտոտ գործարքը` Արցախի հանձնումը Ադրբեջանին:

Պիտի տեր կանգնենք Արցախին:

Արցախը միայն արցախահայության հարցը չէ, Արցախը համայն հայության հարցն է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/227756/18/15/59/?fbclid=IwAR22ollAGZalhY-j6rnh6j_u_u10nzeyMN_A6yZzuXhN_Wc14-o0RS8yGLI

Դիտվել է՝ 6357

Մեկնաբանություններ