Երեկ «Դիմադրության շարժումը» հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու է և փողոցային քաղաքական պայքարի նոր ֆորմատների ու մարտավարության է անցնում:
Այս թեմայի վերաբերյալ կփորձեմ քաղաքագիտական ու տեխնոլոգիական մի քանի դիտարկում անել:
Նախ՝ վրանային ճամբարը քաղտեխնոլոգիական մեթոդ էր, որ նպատակ ուներ փողոցային քաղաքական պայքարի հարթակ ստեղծել, որը, կարծում եմ, անցած 44 օրվա ընթացքում մի զգալի մասով կայացավ: Դրա ցուցիչ էին հրապարակում օր-օրի ավելացող վրանների քանակը, քննարկումների նորանոր հարթակներն ու թեմաները, նոր մարդիկ և տարաբնույթ միջոցառումները: Այսինքն, տեխնոլոգիական առումով Ֆրանսիայի հրապարակի վրաններն իրենց առջև դրած խնդիրը լուծեցին՝ կարողացան իրենց շուրջ կենտրոնացնել ընդդիմադիր շերտեր ու նաև պասիվ որոշակի թվով շրջանակներ, որոնք դարձան «Դիմադրության շարժման» ակտիվը:
44 օր ձգված «Դիմադրության շարժման» ֆորմատը, որ նպատակ էր հռչակել ներկա վարչախմբից ազատվելը, իր հիմնական նպատակին այս փուլում չհասավ: Սակայն նշեմ, որ առաջադրված խնդիրների մասով կարողացավ որոշակի լուծումներ տալ, մասնավորապես, անտարբեր, իներտ, աբսենտեիստ մարդկանց մոտ պայքարի ու քայլ անելու մոտիվացիա առաջ բերեց պետականակործան ներկա գործընթացներում հնարավոր մասնակցության մասով: Դրան նրանք հասան հանրահավաքների, քայլերթերի, ճանապարհների պարալիզացման, ակտիվ մեդիա քաղաքականության և այլ ակցիաների, գործիքների միջոցով: Ավելին՝ կարողացան իրենց շուրջը ակտիվ ընդդիմադիր շրջանակ ձևավորել, որը պարբերաբար բարձր մոտիվացիայով մասնակցում էր ակցիաներին՝ ցույց տալով քաղաքական պայքարի ակտիվ որակներ: Դրա թվային ցուցիչներից էր այն, որ փողոցային ակցիաների ողջ ընթացքում «Դիմադրության շարժումը» ունեցավ մոտ 2600 բերման ենթարկված ՀՀ քաղաքացի:
Պայքարի քաղաքական ու բովանդակային կոմպոնենտն իր մեջ փաստացիորեն ամփոփում էր երեք հիմնական ուժերի՝ «Հայաստան» դաշինք-ՀՅԴ, ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության քաղաքական ու գաղափարական պլատֆորմները. հրապարակում առկա էին նաև մի շարք նոր կուսակցություններ, թիմեր, խմբեր, հայրենակցական միություններ, ՀԿ, հիմանդրամներ, որոնց գաղափարական մոտեցումները տեղավորվում էին պետություն պահելու ու Արցախը չհանձնելու միջակայքում: Սա արձանագրում է մեկ կարևոր իրողություն, որ պետականակործան ներկա իրողությունների ներքո երբեմն նաև իրար նկատմամբ քաղաքական սիմպատիա չունեցող քաղաքական շրջանակները պատրաստ են միացյալ պայքարի: Սա շատ կարևոր արձանագրում է հատկապես գալիք քաղաքական գործընթացներում պլանավորում անելու մասով:
Ակնհայտ էր, որ «Դիմադրության շարժումը» ուներ կազմակերպչական, տեխնիական, արարողակարգային, օպերատիվ կառավարման ու փողոցային պայքարի տարբեր կոմպոնենտներ իրական ժամանակի մեջ անհրաժեշտ չափով արդյունավետ մեկտեղելու հետ կապված մի շարք խնդիրներ: Մի պահ մենք հայտնվել էինք մի իրավիճակում, երբ մարդկանց հետ զրույցներում գրեթե բոլորը ասում էին, թե հրապարակի բեմից ով ինչ պետք է ասի ու ինչպես, ինչ շեշտադրումներով. ստացվել էր «ազգ-քաղտեխնոլոգ» իրավիճակը, որը, սակայն, լավ է, քանի որ մարդկանց մոտ սրտացավության մղումներից էր դա արվում:
Գաղափարական առումով արձանագրենք նաև, որ որքան էլ «Դիմադրության շարժումը» փորձեց փողոցային պայքարի լեգիտիմությունն ուղղակիորեն կապել երկիրն ու Արցախը փրկելու նպատակադրման հետ, դա անհրաժեշտ չափով չստացվեց, որի մասին իր խոսքում նշեց նաև շարժման լիդերը. «հրեշավոր նախկինների վերադարձի ստվերը» և «Դիմադրության շարժման» հանրահավաքներին նախկինների հետ ասոցացվող օդիոզ կերպարները, մի շարք հանրային նեգատիվ ընկալում ունեցող չինովնիկների առկայությունը ամեն կերպ պայմաններ ստեղծեցին, որ «երկիրը փրկելու» օրակարգը տորպեդահարվի «նախկինների իշխանության վերադառնալու» կենցաղային ընկալմամբ, որը և բավական արդյունավետ օգտագործեցին իշխանական մեդիա ու քարոզչական շրջանակները:
Բավական գնահատելի էր նաև այն, որ շարժման քաղաքական որոշում ընդունող ակտիվը, միգուցե ոչ միշտ ու միգուցե ոչ անհրաժետ չափով, բայց սեփական քաղաքական մենեջմենտի ու օպերատիվ կառավարման մեջ հաշվի էր առնում շարժման սկզբնական փուլում թույլ տրված բացթողումները և փորձում շտկումներ անել: Փաստացիորեն կարելի է արձանագրել, որ վրանային պայքարի ավարտը և «Դիմադրության շարժման» վերաֆորմատավորումը, տրանսֆորմացումը կարելի է դիտարկել նաև այդ պրիզմայով:
Իհարկե, կարելի է առավել դետալիզացնել ու անդրադառնալ ելույթներին ու մեսիջներին, հարթակներից կոչեր անող մարդկանց ու շրջանակների, քաղական ակցիաների արդյունավետության ամենատարբեր կետերին, սակայն դա շատ երկար ու հոգնեցուցիչ կլինի:
Կարելի է ընդհանրացնել և մեկ հիմնական արձանագրում անել, որ մենք այսօր ունենք պասիվից ակտիվ ընդդիմադիր կեցվածքի վերափոխվող հանրային (հիմնականում՝ քաղաքաբնակ) շրջանակ, որը, անհրաժեշտ քաղաքական առաջարկի պայմաններում, լայն քաղաքական մասնակցություն կցուցաբերի երկրի քաղաքական կյանքում:
Այսօր ՀՀ-ում հասարակության մի ստվար շերտ է առկա, որ քաղաքական ուժերից ակնկալում է ճիշտ, սպասված, հիմնավոր, ոչ պոպուլիստական քաղաքական առաջարկ, որը կհամապատասխանի իր քաղաքական քիմքին, որի համաձայն էլ նա քաղաքական վարք կցուցաբերի:
Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերն ու դրանք ներկայացնողները համապատասխանեն հանրային պահանջարկին ու գեպոլիտիկ իրողություններին: