«Կրկնազարթոնք լինելու է Հայաստանում, մենք ոտքի ենք կանգնելու։ Եվ Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ։ 1988-ին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, առաջընթացն այսօրվա ապիկար ու ապազգային իշխանությունները տարան դեպի անկում»՝ Ազատության հրապարակում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա հավելեց՝ «Այն արժեքները, որոնք ձեռք էինք բերել այս 30 տարում, բավարար էին, որ մենք այս 30 տարվա պատմությունը կերտենք և գնանք դեպի առաջ, ստեղծենք մեր պետությունը և նրա համար անչափ կարևոր հայկական բանակը։ Ըստ էության, այս 30 տարիներին մենք մեր գործունեությունը կառուցել ենք մեր անկախության, ինքնիշխանության, Արցախի ու հզոր բանակի շուրջ։ Եվ այդ բանակն օրըստօրե կատարելագործվել է։ Այս պարտությունը գցել բանակի վրա, ճիշտ չէ, և ամենակարևորը՝ բարոյական չէ։ Այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց։ Բանակը մնաց առանց թիկունքի»։
Ըստ Օհանյանի՝ բանակի թիկունքը շատ փխրուն է եղել նախքան պատերազմն ու ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մարտավարական ամենացածր մակարդակի։ Բանակն էլ են բաժանել հնի ու նորի, ինչպես հասարակությունը։
«Այսօր հայոց բանակը մնում է և պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Այս ամենը տեսնելով՝ հայոց բանակն ինքը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են։ Հայոց բանակն ինքը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չեն կանգնել։ Հայոց բանակը պետք է մերժի այն իշխանություններին, ովքեր զորահավաք չեն անցկացրել՝ մինչև վերջ մարտնչելու համար, ապրիլյան պատերազմից հետո չեն գնել ավիացիոն ու թռչող սարքերի այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայ զինվորին։ Եվ այս ամենի արդյունքում հայկական բանակը ժողովրդի հետ միասին համապատասխան քայլեր պետք է կատարի՝ այս հոգեկան արգելակված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ բանակը երեք քայլ պետք է կատարի՝ առաջինը, ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից երկիրը դուրս հանելու համար։ Հայոց բանակն այսօր սահմանին պետք է կանգնած լինի, որպեսզի շատ կարևոր կետեր ու ճանապարհներ կարողանա պահպանել։ Եվ հայոց բանակը պետք է բացատրի, թե ինչպիսի ռազմավարություն է ինքը իրականացնում՝ մեր անվտանգությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար։