Ստացվում է՝ բանակն էլ ենք մենք զրոյական կետից սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունն ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան փորձը ցույց տվեց», - հայտարարեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Արցախը ռազմական պարտության հետևանքով որոշ մասը կորցրեց:
Դիտարկմանը, թե եթե վատ բանակ էր այս իշխանությունը ժառանգել, ինչո՞ւ էր այս իշխանության ՊՆ նախարարը հայտարարում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», Բեղլոյանը նախ հետաքրքրվեց՝ ո՞ր նախարարն է ասել, տեղեկանալուց հետո ասաց. «Արդյո՞ք այդ նախարարն այլևս նախարար է»: Իսկ թե ինչո՞ւ նախարար չէ, պատասխանեց՝ «կառավարության որոշման ձևակերպմամբ»:
Նորից անդրադառնալով բանակի թեմային՝ Բեղլոյանն ասաց. «Ես չեմ ասում, որ բանակը մարտունակ չէ, ես ասել եմ, որ մենք բանակ ենք ժառանգել, որը մրցունակ չէր Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակակից սպառազինության դեպքում»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ներկա վիճակը բնորոշեց որպես զինադադար, որը կարող է լինել երկարատև խաղաղ ապրելու սկիզբ, որի ընթացքում, նրա խոսքով, մենք պետք է ուժեղանանք և կառուցենք հզոր երկիր»: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում հետ բերել հայ ռազմագերիներին, իշխանական պատգամավորը հարցին հարցով պատասխանեց. «Ես կարող եմ հարցնել, թե Հայաստանի ղեկավարությունը 30 տարվա ընթացքում ինչո՞ւ չի կարողացել արագ լուծել Ղարաբաղի հարցն ի նպաստ Հայաստանի»: Լրագրողներից մեկի դիտարկումից հետո, որ հիմա իրենք են իշխանություն, պատերազմը հիմա է եղել և հետևանքներն էլ հիմա են, այդ իսկ պատճառով իրեն են հարցնում, Բեղլոյանը շարունակեց. «Երկարատև գործընթաց է, աշխատանքը տարվում է»: Նա ընդգծեց, որ գերիների վերադարձի հարցում միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա բավական ուժեղ է, նույնիսկ օրինակներ չունի պատմության մեջ: