«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Ստի հետևանքով են պատժվում հասարակություններ, ժողովուրդներ, կործանման եզրին հասնում և մասամբ կործանվում երկրներ»

«Ստի հետևանքով են պատժվում հասարակություններ, ժողովուրդներ, կործանման եզրին հասնում և մասամբ կործանվում երկրներ»
26.12.2020 | 19:24

Ըստ «Ալյանս» կուսակցության, Հայաստանը պետք է լինի միութենական պետություն։ Այսօր այս գաղափարը հանգամանորեն ներկայացվեց կուսակցության արտահերթ համագումարում։ Քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու եղանակները, կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր ձայնը բարձրացնի, նաեւ հանդես գա արտահերթ գործողություններով: Այսօր այս վիճակին ենք, որովհետեւ տարիներով ունեցել ենք անարդյունավետ կառավարում: Ստի հետեւանքով են պատժվում մարդիկ, ստի հետևանքով են պատժվում հասարակություններ, ժողովուրդներ, կործանման եզրին հասնում և մասամբ կործանվում երկրներ: Երբ սուտ է մատուցվում տնտեսության վերաբերյալ, մենք դանդաղ գործողության ռումբ ենք դնում ժողովրդի, պետության տակ: Երբ սուտ է հրամցվում համաճարակի պայմաններում, դա հանգեցնում է մարդկանց մահերի»: Չնայած 17 կուսակցությունների հետ չէ «Ալյանսը», բայց այս քաղաքական ուժն էլ է պահանջում Փաշինյանի հրաժարականը։

«Չենք հասկանում, թե ինչպես կարելի է պատասխանատվություն կրել՝ չենթարկվելով դրանից բխող տրամաբանությանը, նախևառաջ հրաժարականի տեսքով: Քաղաքական օրակարգում շատ է քննարկվում, թե ինչ է լինելու դրանից հետո: Կա հայտնի պատասխան՝ թող ժողովուրդը որոշի: Այո, թող որոշի, ինչպես օրինակ որոշեց 2018-ին, երբ տեղի չունեցան ընտրություններ, բայց փոխվեց իշխանությունը: Նոր իշխանությունը խոստացավ կազմակերպել լավ ընտրություններ, որը չիրականացվեց: Խոստացավ երկիրը վերածել դրախտի, հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, սահմանադրությամբ կեղծ օրակարգով կարված սուպերվարչապետությունից, կայուն մեծամասնությունից, իրականացնել տնտեսական հեղափոխություն, բերել որակյալ կադրեր, բայց թե ինչ եղավ, բոլորիս աչքի առջեւ է: Մենք առաջնային ենք համարում կադրային քաղաքականությունը, որովհետեւ չի կարող լինել որեւէ բան, երբ մարդու արժանիքները գնահատվում են քայլելու, հայհոյելու մեջ, սա է լինում հետևանքը»,- վստահեցրեց քաղաքական գործիչը՝ հընթացս կարևորելով ապագա կառավարության կազմում պրոֆեսիոնալ, փորձառու, հմուտ, «սիրտ ու հոգի» ունեցող մարդկանց առկայությունը։


Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, կուսակցության առաջնորդը, թվարկելով խնդիրները, առաջնային համարեց «ասեղի ծայրի ճշգտությամբ իրականացվող քայլերը»։ Առանձնակի անդրադարձ կատարեց Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի դերակատարությանը։ Ըստ այդմ, կուսակցությունն առաջարկել է անմիջապես ձեւավորել նոր քաղաքական պլատֆորմ, այն է՝ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ երկրների հիմքի վրա նոր ձեւաչափի միութենական, պետական միավորում ստեղծել։

«Մեր երկրի այս վիճակում պետք է խիստ ու կոնկրետ դրսևորվող աջակցություն, ամբողջական փոխինտեգրման ձևով, անսասան համակարգով, էներգակիրների, կոմունիկացիաների, դրամական տիրույթի և դրանից բխող հարաբերությունների փոխգործակցության ու միասնական տնտեսական ու սոցիալական քաղաքականության իրականացմամբ: Մենք ունենք աջակցության անհրաժեշտություն: Մեզ պետք է ոտքի կանգնել»,-ընդգծեց Ուրիխանյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժեր, ռազմաբազաներ լինեն, որը հետագայում կվերածվի նաև միասնական զորամիավորմանը՝ սահմանապահ ուժերի տեսքով։


Չշրջանցվեց նաև այսօր քաղաքական դաշտում հաճախ շահարկվող թեման, թե այս իշխանության հեռացմամբ գալու են հները։ Տիգրան Ուրիխանյանը վստահեցրեց, որ դա մեծագույն կեղծիքն է, քանի որ կան հայրենասեր, գիտակից, հմուտ ուժեր, որոնք ոչ հների, ոչ էլ նորերի հետ կապ չունեն։


Հավելենք, որ կուսակցության արտահերթ համագումարում ընտրվեց 21 անձից բաղկացած նոր վարչության կազմ, իսկ կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Տիգրան Ուրիխանյանը, որը տեղեկացրեց՝ տոներից հետո անցնելու են բուռն կազմակերպչական գործողությունների, հանրահավաք ևս նախատեսում է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 15611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ