«Պատերազմի ելքը, ձախողումներն ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք և առօրյան, և հետագա մեր պետության զարգացումն ապահովենք»,- այսօրվա հանրահավաքում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա հավելեց․ «Միայն մեկ բան կարող եմ ասել՝ այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, զինվորներն ու հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել։ Պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպած գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատած ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, ուժերը և միջոցներիը ճիշտ չդասավորելով։ Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումներ։ Եվ միայն երկու վայրում՝ մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից։ Մենք պարտավոր էինք, ես համոզված եմ՝ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնանտառային պայմաններում։ Անգրագետ ղեկավարումն է, որ բերել է այս պարտության»։
Սեյրան Օհանյւանը նշեց, որ կողմ է փոփոխություններին, քանի որ փոփոխություններն են զարգացման հիմք հանդիսանում։ Ըստ նրա՝ պարտությունների ու ձախողումների շարունակականություն կա այսօր։ Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ նույն պարտադրումը լինելու է մյուս մարզերում։ Չկա որևէ մեկը, ով կհուշի այսօրվա ղեկավարությանը, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում։ «Հակառակորդը որտեղ ուզում գալիս կանգնում է և ասում է՝ սա մեր տարածքն է։ Մենք պարտավոր ենք այն դիրքերը, բարձունքները, սահմանային շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են ապահովում, կարող ենք հետաձգել, բանակցել, ինչո՞ւ ենք մենք արագ ու հապճեպ գնում դրան, ի՞նչ, մենք հակառակորդի առաջ ամբողջությա՞մբ ենք ծնկի եկել։ Այդպես չէ։ Տարիներ առաջ այդպիսի զորահանդեսներ մենք Ստեփանակերտում ենք անցկացրել։ Եվ ես համոզված եմ, որ և Երևանում, և Ստեփանակերտում այդ ամենը լինելու է»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ այս կառավարման անգրագիտությունը բացառելու համար այսօրվա իշխանությունները պետք է փոխվեն։