Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից:
«Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել», - լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել իրենց պայքարը: Նա նշեց, որ ավելի վճռականորեն են շարունակելու, որովհետև դրված է հայրենիքի փրկության հարցը: Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու տարբերակ չունի. «Տեսեք, Արթուր Վանեցյանին են հրավիրել ինչ-որ գործով, ինձ, ուրիշներին: Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: Փորձում են մարդկանց նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Չեն կարողանալու: Մեր շարքերն ավելի են ընդլայնվելու: Հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին հանուն մեր երկրի»: