Երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որ 6,5 տարի Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավոր է եղել, անկեղծանում է՝ երբեք չէր մտածի, որ Փաշինյանն ընդունակ է հողեր հանձնելու քայլի գնալու: «Իրատեսի» հետ զրույցում նշում է՝ սրտացավ թվացող երիտասարդի՝ բանակի մասին բարձրաձայնումները, պարզվեց, հորինված էին կամ մանիպուլյատիվ բնույթի. «Փաստորեն, մտահոգված երիտասարդի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում, ես դա չէի կարող պատկերացնել, քանի որ, իմ չափանիշներով, ԱԺ-ում հայտնվում են երկիրը սիրող, ոչ թե այն քանդելու, մասնատելու, ատելություն սերմանելու պատրաստ մարդիկ»:
Շուշան Պետրոսյանը համոզված է, որ Փաշինյանի հրաժարականին «քաղաքակիրթ պայքարով» հասնելու ժամանակը չէ, քանի որ երբ երկրիցդ մաս-մաս տանում են, ու երբ, օրինակ, լսում ես Հաթերքի շրջանի երկու գյուղի հանձնման մասին, հավասարակշռությունից դուրս ես գալիս, չես մտածում ոչնչի մասին: Անօգնականի ես նմանվում, չգիտես՝ ինչ անել, բողոքն ում հայտնել, ու այդ ամլությունն ուղղակի սպանում է: Իմաստնություն ու փորձառություն ունեցող մարդիկ կան, որ գիտեն՝ ինչ է հնարավոր անել: Ինքը, օրինակ, չգիտի՝ ինչ պետք է անի այս իրավիճակում, բայց գիտի, թե ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը. պետք է պատասխան տա արհավիրքի, զոհված երեխաների, հանձնած հողերի ու դավաճանության համար:
Պատահական չհամարելով բանակին ուղղված անհիմն մեղադրանքները, զինվորականներին պիտակավորելն ու արժեզրկելը, անվանի երգչուհին եզրահանգում է. «ՈՒնե՞նք այսօր բանակ, բանակ կա՞ այժմ: Թշնամի՞ն է որոշելու, թե որ տարածքն է մերը, որը՝ ոչ: Բարձրախոսները ձեռքներին՝ թուրքերը մեր գյուղացիներին ժամանակ են տալիս, ու սրան մեր տղաները չպե՞տք է պատասխանեն, բա մենք է՞դ տղերքն ենք ունեցել, մենք է՞դ բանակն ենք ունեցել: Ասես թլպատած լինի բոլորին, ատելություն է տածում արի տղամարդկանց նկատմամբ»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ