(Նախորդ մասը)
Փորձեմ տրամաբանական կապ ստեղծել վարչապետի դիտարկման և հոդվածիս վերնագրի միջև վիճակագրական միջին հայի դիրքերից: Վերջինս հանրապետության բնակչության մեծ մասն է կենսամակարդակի միջին ցուցանիշով, իր մտավոր միջին ունակություններով, արհեստական ինտելեկտ ստեղծելու հավակնություններից էապես հեռու, իր միջին չափի հողատարածքում, ֆերմայում կամ արտադրամասում շահույթն ավելացնելու համար «նոր բան» ստեղծելու մտորումներով, իր տնօրինության տակ գտնվող շրջակա միջավայրը անաղարտ պահելու և այն ընտանեկան դրախտի վերածելով ու պարծենալու իմիջ դարձնելով, երեկոյան, աշխատանքից հետո, օջախ մտնելիս ընտանիքի, թոռների ջերմությունը զգալով ու նաև ազատ ժամերին հարևանների հետ շփվելով, նարդի կամ շախմատ խաղալով, երբեմն էլ միասին մի երկու գավաթ գարեջուր ըմպելով, աշխարհի անցուդարձերը քննարկելով: ՈՒ քանի որ նրանք, ինչպես արդեն ասացի, մեծամասնություն են, իրավունք ունեմ Հայաստանի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծումները դիտարկելու հենց իրենց, նաև իմ (ես նրանց շարքում եմ) տեսանկյունից:
Ի՞նչ եմ ուզում ես, վիճակագրական միջին հայս.
1. ապրել ներքին և արտաքին լարվածությունից զերծ, անցնցում, խաղաղ ու հանգիստ երկրում,
2. ստեղծել, ունենալ այնպիսի աշխատանք, որ ապահովեմ ընտանիքիս բարեկեցությունը՝ տվյալ ժամանակահատվածի համար ընդունելի շահույթի չափաբաժնով:
Ես հասկանում եմ, որ իմ այս ցանկություններում առաջնայինը երկրի ներքին կայունության և արտաքին սահմանների պաշտպանության խնդիրների լուծումներն են, ու պատրաստ եմ իմ և ընտանիքիս անդամների գոտիները էլ ավելի ձգելու, որպեսզի ունենանք հզոր բանակ, ներքին անվտանգության պահպանման կայացած համակարգ։ Ես շնորհակալ եմ իմ մտերիմներին, որ ինձ հետ ակտիվորեն մասնակցեցին կառավարման համակարգի թալանչիների դեմ հասարակական ընդվզումներին ու ինձ համար` միջին վիճակագրական հայիս համար աշխատելու, արարելու, ստեղծածը ինքնուրույն տնօրինելու հույսեր արթնացրին: Ինձ ուրախացնում է, որ թալանչիներից հետ բերված փողերը արդեն աշխատում են հանրապետությունում իրացվող համայնքների զարգացման համաֆինանսավորված ծրագրերում. նորոգվում են մանկապարտեզները, դպրոցները, բարեկարգվում են ճանապարհները, լուսավորվում են փողոցները և այլն: Բայց և հասկանում եմ, որ նշված ծրագրերի իրացումով հիմնականում լուծվում է երկրի արտաքին տեսքի, նրա գրավչության խնդիրը, ինչը նույնպես կարևոր է: Մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք, որ առավել կարևորը, արմատականը, մնայունը առկա գումարներով տնտեսությունը զարգացնելն ու ստացված շահույթով երկիրն ավելի հրապուրիչ դարձնելն է: Այս մոտեցումով նույնպես կառավարությունը բյուջեից ֆինանսական ներդրումներ է կատարում. ապրիլի 4-ի որոշմամբ տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի` կաթի ու մսի, կաթնամսամթերքի արտադրության (տավարաբուծության զարգացմամբ) ծրագրին հատկացվել է 3,2 մլրդ դրամ: Այս ամենը հուսադրող է, բայց անհանգստացնող է երկրի ներքին կայունության վիճակը, և այն լիցքաթափելու, սևերի ու սպիտակների սինդրոմը չեզոքացնելու, միակուռ հանրության ջանքերով, վարչապետի հռչակած «հզոր ու ժամանակակից տնտեսություն» ունենալու ակնկալիքով, միջին վիճակագրական հայը համոզված է որ Ազգային ժողովը, կառավարության հետ, պետք է առկա իրավիճակի լիցքաթափման մանիֆեստ հռչակի` ինքնակամ հայտարարագրված թալանված գումարի ուղիղ կեսը վերադարձնել բյուջե և մյուս կեսով նույն անձին հնարավորություն տալ սեփականության իրավունքով երկրում ձեռնարկչատիրական գործունեությամբ զբաղվելու, աշխատատեղեր ստեղծելու, գուցե և այդ ձևով մեղանչել նախկին ապրելակերպի դեմ, երկրում ստեղծելու համակեցության նոր մթնոլորտ:
Խաղաղված այս իրավիճակում, երբ բյուջեն ավելին կլինի, երկրի տնտեսության զարգացումը կլուծվի առավել արդյունավետությամբ: Առայժմ նշենք, որ այս ոլորտում ունենք բազում խնդիրներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «ՀՀ զարգացման օրակարգը» քննարկումներում մեր տնտեսության վիճակը բնորոշում է այսպես. «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր։ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»: ՈՒ այն շտկելու համար նախարարը կարևորում է տեխնոլոգիական առաջընթացի միջոցով տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելը: Նա կարծում է նաև, որ այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ կանեն արտերկրի միլիոնատերերը, եթե մենք նրանց ցույց տանք շահութաբեր բնագավառները: Պարզ ու հասարակ: Հասկանալի է նաև, որ եթե հանկարծ արտերկրի բիզնեսը Հայաստան չգա (ինչն այնքան էլ անհավանական չէ), խնդիրը կլուծվի նաև բյուջեի ներդրումներով, բանկերում մեր քաղաքացիների կուտակած ֆինանսական ահռելի միջոցները բաժնետիրական ընկերությունների միջոցով գործարկելով, վատագույն դեպքում` վարկ վերցնելով: Իր վերջին ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ տնտեսությունը զարգացնելու համար կառավարությունը ֆինանսական խնդիրներ չունի` փող կա: Ստացվում է, որ այսօրվա գերխնդիրը այդ փողը ճիշտ օգտագործելն է: Եվ դա իրոք գերխնդիր է. հանրապետությունում միշտ էլ փող եղել է, այդ թվում` անցած 30 տարիների ընթացքում, այլ հարց է, որ այդ փողը երկրում չի աշխատել, հասարակ քաղաքացուն, միջին վիճակագրական հային օգուտ չի տվել, հայտնվել է կառավարող համակարգի թալանչիների գրպաններում (հիշենք, որ հանրապետությունից արտերկիր է «արտահանվել» ավելի քան 9 մլրդ դոլար գողացված փող, թարմացնենք մեր հիշողությունը արդեն մեր այս օրերում թալանչիներից մի կերպ հետ բերվող միլիոնավոր դոլարների փաստով)։ ՈՒ հիմա ես` միջին վիճակագրական հայս, ուրախանալով որ գողոնը հետ է բերվում, որ բյուջեն լցվում է` թույլատրելի բոլոր միջոցներով, որ փողի խնդիր չկա, փորձում եմ նաև հասկանալ` կկարողանա՞նք ճիշտ ձևակերպել «Հայաստանի առջև ծառացած խնդիրները», ու, վարչապետի ձևակերպմամբ, «հզոր, ժամանակակից տնտեսություն ստեղծելով...» լուծել այդ խնդիրները: Դրա գրավականը, իմ կարծիքով, փորձառու, անկաշառ մասնագետների կողմից տնտեսության փաստացի վիճակի վերլուծությունն է, լուծման ենթակա խնդիրների ձևակերպումն է` առավելապես մեր իրողություններից, հնարավորություններից բխող, հասարակական լայն քննարկումներն են ու այդ հասարակության կողմից ընդունված տնտեսության զարգացման տեսլականն է, այդ տեսլականի իրացման հասարակության վերահսկողության առկայությունը: Փորձեմ տալ նշված հարցադրումների իմ մեկնաբանությունը երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի` տավարաբուծության օրինակով, որի զարգացման համար կառավարությունը հատկացրել է, ինչպես արդեն ասվեց, 3,2 մլրդ դրամ, և մոտավորապես 15 մլրդ դրամ էլ պետք է հատկացնեն մեր գյուղացիները։
Ոլորտի փաստացի վիճակն այսպիսին է. կաթի ու մսի արտադրությամբ (տավարաբուծությամբ) երկրում զբաղվում է մոտավորապես 800000 մարդ` բնակչության մեկ քառորդից մի փոքր ավելին: Նրանք ընդգրկված են 200000 գյուղացիական տնտեսություններում, որոնցից 170000-ը, կամ ամբողջի 85 տոկոսը ունեն միջին հաշվով 3 գլուխ տավար, 1 հա-ի չափ` մինչև 6 մասի բաժանված հողակտորներ: Այս տնտեսություններն իրենց գործունեությունից շահույթ չեն ստանում, մի կերպ իրենց գլուխն են պահում և հակված են արտագաղթի: ԱՎԾ-2018-ի վիճակագրական տեղեկագրի համաձայն` ոլորտը անկում է ապրում. վերջին 5 տարում տավարաբուծությամբ զբաղվողները պակասել են 5, տավարի գլխաքանակը 12,8 տոկոսով։ Համայնավարական տարիների (1981 թ.) համեմատ` 2018-ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 23 տոկոսով: Էական անկում ունենք անասնակերի արտադրության բնագավառում. նույն տեղեկագրի համաձայն 2013-ի համեմատ այն նվազել է կիսով չափ: Անկում ունենք նաև անասնակերի բերքատվության առումով` միջին հաշվով 30 տոկոս: Եվ ամենավտանգավորը՝ մեր արոտներն ու խոտհարքերը, որոնք անցյալում ապահովում էին էժան և որակյալ կաթի ու մսի 70 տոկոսից ավելին, համայնավարական տարիների համեմատ կրճատվել են գրեթե 30 տոկոսով, նրանց առկա բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ:
Հասկանալի է, որ ոլորտի հիմնական խնդիրը տավարաբուծության շահութաբերության մակարդակի (որը ներկայումս գրեթե զրոյական է) բարձրացումն է: Ինչպե՞ս։ Ենթադրվում է կառավարության հաստատած ծրագրով, որն արդեն գործում է: Հասկանալի է, որ եթե կարողանանք երկրում այսպիսի մի 5 ծրագիր իրագործել, ապա բոլոր քաղաքացիները կունենան շահութաբեր աշխատանք, կապրեն բարեկեցիկ, չեն մտածի երկիրը լքելու մասին։ Այս առումով ծրագրի հաջող ավարտը ոչ միայն տնտեսական, այլև բարոյահոգեբանական մեծ նշանակություն է ստանում, կառավարությունն էլ հաջող ծրագրեր մշակելու և իրագործելու հնարավորություն է ձեռք բերում։ Ցավոք, ծրագրի վերլուծությունը այլ բան է հուշում։ Տավարաբուծության զարգացման ծրագիր կազմողները ապահովում են, որ գյուղացու շահույթը կավելանա, եթե նա իր կովերի (երինջների) գլխաքանակը հասցնի 10-40-ի և դրանք պահի իրենց առաջարկած գոմերում։ Կառավարությունը փոխհատուցում է գոմերի կառուցման արժեքի մոտավորապես կեսը՝ միջին հաշվով 3,2 մլրդ դրամ։ Երինջները պետք է գնեն գյուղացիները՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամ արժեքով: Վաճառքի կհանվի 10000 գլուխ երինջ։ Յուրաքանչյուր գյուղացու ծախսը գոմը կառուցելու և 10-40 երինջ գնելու համար, կկազմի 18-65 մլն դրամ: Այս իրողության առաջին արձագանքը ծրագրի իրացման անհնարինությունն է, որովհետև ծրագիրը փող է ուզում (նվազագույնը 18 մլն դրամ) այն գյուղացուց, որը մի կերպ իր և ընտանիքի օրվա սնունդն է հայթայթում: Իրավիճակը չեն կարող փրկել նաև բանկերը իրենց վարկային ռեսուրսներով. ոչ մի բանկ, առանց լուրջ գրավի փող չի տա գյուղացուն, իսկ քանի՞ գյուղացի ունի այդ լուրջ գրավը...
Ընդունենք, որ մի քանի գյուղացի, բարերարների, բանկերի թե ում ջանքերով, կարողացան հավաքել այդ գումարը, կառուցեցին գոմերը, գնեցին երինջները: Ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք այդ ծրագրից. որքա՞ն և ե՞րբ կլինի շահույթը, կկարողանա՞ն ժամանակին փակել վարկը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ծրագիրն այս հարցերի պատասխանները նույնպես չի տալիս, դրանում տառ անգամ չկա սպասվելիք շահույթի մասին։
Գուցե գաղտնիքը գոմերի «խելացի» լինելն ու շրջակա միջավայրի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքն է, և այստեղի՞ց պետք է ակնկալել շահույթը: Ցավոք, դա էլ չկա. ծրագիր կազմողների հաղթաթուղթը գոմերի պոլիէթիլենային տանիքներն են, որոնց արդյունավետությունն այդպես էլ չստուգեցին հանրապետության խիստ բազմազան, արագ փոփոխվող բնակլիմայական պայմաններում, տավարի պահվածքի փոփոխությունն է` կապովիից անցնում ենք բոքսայինի, որի արդյունավետությունը գնահատելու համար բավական է նայել Բելառուսի նախագահի` նմանատիպ կովանոցներից մեկի այցելության տեսաժապավենը. թրիքամեզով լղոզված կովեր (պահվածքն անկապ է, տավարը թրիքամեզի մեջ էլ կպառկի), խաթարված միկրոկլիմա՝ ազոտի մեծ պարունակությամբ, որովհետև գոմաղբախառն մեզն առաջարկվող նախագծում արագ տարածվելու հնարավորություն է ստացել։
«Իրատեսում» բազմիցս կրկնել ենք այն հայտնի ճշմարտությունը, որ տավարաբուծության արդյունավետության, շահութաբերության բարձրացման խթանը անասնակերի կայուն բազան է, որը մեզ մոտ ոչ թե կայունանում է, այլ, ԱՎԾ-2018-ի վիճակագրական տեղեկագրի համաձայն, անկում է ապրում: Ցավոք, ծրագրում այս հարցը լրիվ անտեսված է: Անտեսված են նաև ռիսկային իրավիճակներում, ինչպիսին երաշտն է, նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։
Ծրագիրը լավ բան չի խոստանում նաև շրջակա միջավայրին. գոմաղբը, առավել ևս գոմաղբահեղուկը, անձրևաջրերի ու ձնհալի հետ խառնվելով, տեղանքի թեքության պատճառով աղտոտում են շրջակա միջավայրը, հատկապես ջրային ավազանները, մասնավորապես Սևանը՝ ազոտով, ֆոսֆորով, ինչի մասին մենք գրեթե ամեն տարի խոսում ու խոսում ենք, բայց պարզվում է, որ համապատասխան նախարարությունը իրավասու չէ նույնիսկ փորձաքննության ենթարկելու գոմերի նախագծերը: Դրությունը չեն փրկում նաև առաջարկվող գոմաղբահորերը. պարզ չէ, թե ինչպես պետք է հում գոմաղբից ստանալ մոլախոտերից և ախտածին միկրոբներից վարակազերծված օրգանական պարարտանյութ, ինչպես ձմեռվա և ձնահալոցքի պայմաններում, երբ դաշտամիջյան ճանապարհներն անանցանելի են, գոմաղբը դաշտ տեղափոխել, երբ հորի տարողունակությունը սահմանափակ է:
Չխորանալով այլ «մանրուքների», մեջ` կարող եմ փաստել. «խելացի» համարվող այս գոմերի նախագծում էկոնոմիկայի նախարարի (ծրագրի իրացման պատասխանատու) հիշատակած տեխնոլոգիական առաջընթացը, որը պետք է ապահովի ոլորտում կաթի ու մսի արտադրողականության և մրցունակության առաջընթաց, գյուղացու շահույթի ավելացում, տեսանելի չէ։ Ավելին, այն համոզումն ես ունենում, որ ծրագիրն այս վիճակով կարող է միայն վնաս հասցնել ոլորտին: Եվ քանի դեռ ուշ չէ, այն պետք է կասեցնել, էականորեն լրամշակել։ Իսկ թե ինչպե՞ս են պրակտիկորեն հում ծրագրերը հայտնվում վարչապետի սեղանին, հաստատվում, և ինչպե՞ս կարելի է ոլորտն ապահովել քիչ ծախսատար, հայրենական նորարարական տեխնոլոգիաներով, այդ մասին հաջորդիվ:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ. Գ.1. Մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելը 2 նամակ եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարին «Տավարաբուծության զարգացման մեր այլընտրանքային հայեցակարգ-ծրագիրը քննարկելու և պիլոտային որևէ ծրագրով այն ներդնելու մասին»` հավաստելով հանդիպման ժամանակ ներկայացնել մանրամասները, այդ թվում` ներդրման պիլոտային ծրագրերի նախագծերը: Պատասխանները անեկդոտային են. չգիտեն խոսքն ինչի մասին է (չցանկացան հանդիպել, լսել) բայց գրում են. «Նախարարությունը ֆինանսավորում է միայն նպատակային ծրագրերը»։ Ահա թե ուր հասանք. անտեղյակությունը և դիլետանտությունը կառավարության ծրագրերում են, և դրա գինն էլ բյուջեի 3,2 մլրդ դրամն է:
2. Մեկ այլ կարևոր հարցի առնչությամբ նախարարությանն ուղղված նամակից հետո ստանում եմ նույն պատասխանը. «Ֆինանսավորում ենք միայն նպատակային ծրագրերը»։ Իսկ նամակում առաջարկում էի մեր կողմից մշակված, փորձարկված, ՀՀ հեղինակային իրավունքով Հայաստանին ամրագրված տեխնոլոգիան և մեքենան հանրայնացնել, այսինքն, նրա պոտենցիալը վերածել կոնկրետ շահույթի, որը միայն խոտի բերքի աճից, ներկայացված հաշվարկի համաձայն, մեկ տարվա հաշվով կազմում է 100 մլն դոլար: Բացի այդ, մեքենան և տեխնոլոգիան կասեցնում են ջրհեղեղները, տարածքային հրդեհները, հողատարման երևույթները, սողանքները, վերաբացում խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները, որոնց գրեթե կեսը, ջրպետկոմի պաշտոնական հավաստմամբ, փակվել է։ Էական է նաև այն, որ մեզանում արտադրված 8 մլրդ խմ մակերևութային ջուրը, ոռոգման ջրի մեր պահանջարկի քառապատիկը, անարգել փախչում է մեր երկրից Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, ու ամեն տարի մենք կանգնում ենք գրեթե 50 տոկոսի հասնող ոռոգման ջրի դեֆիցիտի առջև, Սևանը կորցնելու խնդրի առջև, մինչդեռ մեր մեքենան այդ ամբողջ ջրաքանակն ի վիճակի է ծառայեցնելու երկրի շահերին, ունի այդ ամենը պաշտոնապես հավաստող փասթաթղթեր։ Խնդիրը, սակայն, չի լուծվում, որովհետև, ըստ երկրի գլխավոր տնտեսագետի` էկոնոմիկայի նախարարի, այդ ամենը նպատակային չէ՞... Հարգարժան պարոն նախարար, որպեսզի Ձեր թանկարժեք ժամանակը նորից չվատնեք իմ նոր հարցադրումներին պատասխաններ հորինելով, խնդրում եմ «Իրատեսի» կամ այլ թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել Ձեր այդ նպատակային ծրագրերի ցանկի մասին: