ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` վերջերս մեծ աղմուկ բարձրացրած որոշումը, ըստ որի` UNDP-ի կողմից տրամադրված 700000 ԱՄՆ դոլարը պետք է օգտագործվի նախարարներին էլեկտրամոբիլներ գնելու համար, հերթական բուռն քննարկումների և զայրույթի պատճառ դարձավ հասարակության լայն շրջանում: Դարձյալ խոսվեց միջազգային բնապահպանական ֆինանսավորման «կոռուպցիոն» լինելու մասին:
Ոմանք այդ որոշումը գնահատեցին որպես յուրայիններին թաքնված կաշառք տալու դրսևորում, որպեսզի նրանք նպաստեն խնդրահարույց «կլիմայական ծրագրերի» իրականացմանը Հայաստանում, ոմանք էլ համարեցին էլեկտրամոբիլների լոբբինգ, որի իրավունքը նախարարությունը չունի:
«Կլիմայական ծրագրեր» արտահայտությունը չակերտների մեջ եմ վերցրել, քանի որ, մասնագետների գնահատմամբ, հենց այդ ծրագրերի իրականացումն է Հայաստանում առաջացրել բացասական կլիմայական փոփոխություններ:
Այս ծրագրերի շարքում են փոքր հէկերը, որոնք, բնապահպանության նախարարության մի խումբ պաշտոնյաների կողմից ներկայացվելով որպես ջերմոցային գազերի նվազեցմանն ուղղված նախագծեր, բերել են միջազգային կլիմայական ֆինանսավորում, սակայն իրականացվել են առանց պատշաճ բնապահպանական փորձաքննության:
Ավելին` փոքր հէկերի բիզնեսը հրապուրիչ դարձնելու համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, մասնավորապես` Հայաստանը միակ երկիրն է, որտեղ`
ա) փոքր հէկերն օրենքով չպետք է վճարեն օգտագործված ջրի համար, ջրաչափ էլ չի պահանջվում,
բ) փոքր հէկերի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել են մինչև 28 կՎտժ, (մեծ հէկերի 2 կՎտժ-ի դիմաց)` բարձրացնելով սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի պատճառով թանկացել են հացը և այլ ապրանքներ, դրսի շուկայում նվազել է հայրենական արտադրանքի մրցունակությունը, էլ չեմ խոսում գետային էկոհամակարգերին և համայնքներին հասցված վնասների մասին:
Ի լրումն` միջազգային բանկերն այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով, տեղական բանկերի և հիմնադրամների միջոցով, վարկային գիծ են բացել և փոքր հէկերը ֆինանսավորելու գրավիչ առաջարկ ներկայացրել: Ոմանք վերցրել են և ընկել մեծ պարտքերի տակ, ոմանք էլ` հիմնականում օլիգարխներ, սեփական գումարներով են մտել դաշտ` էլ ավելի հարստանալով համատարած աղքատացման ֆոնին: Իսկ արդյունքում` փոքր հէկերի համար վարկեր վերցնելով` Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է ավելի քան 60 մլն եվրոյով:
Ես արդեն անդրադարձել եմ այս կոմբինացիաների հեղինակներին` բնապահպանության նախարարության (ներկայումս` ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն) ղեկավարի նախկին առաջին տեղակալ Սիմոն Պապյանին և նույն նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին պետ Արամ Գաբրիելյանին: «Պապյան-Գաբրիելյան» ալյանսն անխափան գործել է մոտ 25 տարի և ստեղծել միջազգային դրամաշնորհների իրացման ուրույն համակարգ, որը գործում է նաև այսօր:
Իսկ ի՞նչ էր տեղի ունենում տարիներ շարունակ բնապահպանության նախարարությունում…
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 1995 թ. համաձայնագիր էր կնքել ՄԱԿ-ի հետ, համաձայն որի` Հայաստանում ստեղծվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Նպատակը` աջակցել կառավարության ծրագրերի իրականացմանը` տրամադրելով համաֆինանսավորում համաձայնեցված ծրագրերի լիարժեք իրագործման համար:
Բնապահպանական ծրագրերը համակարգելու համար կառավարությունը նշանակում է ազգային համակարգող` առաջին փոխնախարար Սիմոն Պապյանին: Իր հերթին, յուրաքանչյուր ծրագիր աշխատանքային, ամենօրյա մակարդակով պետք է կառավարվեր նախարարության ներկայացուցչի` ծրագրի տնօրենի կողմից` առանց հավելյալ վճարի:
ՄԱԿ-ի գրասենյակը մշակել էր 2005-2009 թթ., 2010-2015 թթ. և 2016-2020 թթ. գործողությունների ծրագրեր և գումարներ տրամադրել, իսկ նախարարության տարեկան ծրագրերը կրում էին ընդհանուր բնույթ, և դա պատահական չէր. «Պապյան-Գաբրիելյան» ալյանսն այդ գումարների հետ կապված իր պլաններն ուներ:
Ծրագրերն «իրականացվել են» ՀՀ ԲՆ` գոյություն չունեցող «Կլիմայի փոփոխության կենտրոնի» կողմից, որի «համակարգող» է դառնում վերոնշյալ ալյանսի հետ փոխկապակցված Դիանա Հարությունյանը, և որի անունով բացվում է կայք, ուր տեղադրվում է ծրագրերի մասին տեղեկատվություն` դոնորների համար պատկեր ստեղծելով, թե ծրագրերի իրականացումն օրինական է:
Սիմոն Պապյանը «կենտրոնում» սահուն դառնում է ծրագրերի տնօրեն` անկասկած վճարովի հիմունքներով, իսկ Արամ Գաբրիելյանը ներգրավվում է տարբեր կարգավիճակներով` դարձյալ վճարովի հիմունքներով: Վերոնշյալ անձինք ՄԱԿ-ի գրասենյակի հետ կնքում են ուղիղ պայմանագրեր, պետական ֆինանսական և հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալով, համոզված եմ` առանց այդ եկամուտը հայտարարագրելու և հարկեր վճարելու: Սակայն հիշեցնեմ, որ նույն անձինք չէին կարող երկու աղբյուրից նույն աշխատանքի համար վճարվել, հատկապես, որ եղել են քաղծառայողներ: Որպեսզի այդ սխեման գործի անվտանգ, «ալյանսը» ստեղծում է ներքին և արտաքին «անվտանգության գոտիներ»: Այսպես` ներքին «անվտանգության գոտու» մեջ մտնում են նախարարության հանգուցային աշխատակիցները, որոնք ներգրավվում են ծրագրերում և հավելյալ վճարի դիմաց կատարում խմբի պատվերները, մասնավորապես` փոքր հէկերին դրական եզրակացություններ տրամադրելու գործընթացն են դյուրացնում, վերադասի բարյացակամ վերաբերմունքն ունենալու համար, ըստ մամուլի տեղեկությունների, ամենայն հավանականությամբ, իրականացվում են «ատկատներ»:
Արտաքին «անվտանգության գոտին» գործում է հետևյալ կերպ. Արամ Գաբրիելյանը իր կնոջ` Ամալյա Համբարձումյանի անունով ստեղծում է «Խազեր» ՀԿ-ն, որը Կլիմայի կոնվենցիայից ստանում է հավատարմագիր` վերահսկելու նախարարության կլիմայական ծրագրերը և, որպես Հայաստանի քաղհասարակություն, հանդես գալու միջազգային կլիմայական հանդիպումներում: «Խազեր» ՀԿ-ն եղել է «կլիմայական ծրագրերի» հիմնական իրականացնողը` փաստացի զբաղեցնելով գերիշխող դիրք հայրենական ՀԿ դաշտում: Իր հերթին, ԳԷՀ փոքր դրամաշնորհները, որոնք նախատեսված էին համայնքային կլիմայական ծրագրերի համար, դարձյալ` համայնքի հետ համաֆինանսավորմամբ, իրենց բուն նպատակին չեն ծառայում և ուղղվում են կասկածելի մասնագիտական որակավորմամբ ՀԿ-ներին` ոլորտում էլ ավելի խառնելով թացն ու չորը:
ՈՒսումնասիրությունները փաստում են, որ շղթան ամբողջովին փակելու նպատակով Դիանա Հարությունյանը, իբր որպես նախարարության ներկայացուցիչ, թեև երբևէ նախարարության աշխատակից չի եղել, ներկայացվում է որպես Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմների գործադիր խորհրդի անդամ:
Հենց Պապյան-Գաբրիելյան-Հարությունյան- «Խազեր» շղթայի գոյության պարագայում է հնարավոր դառնում ապահովել «Ջրաձոր» փոքր ՀԷԿ-ի ֆինանսավորումը` որպես մաքուր զարգացման մեխանիզմ (ՄԶՄ), որի նկատմամբ, մեր հավաստի տեղեկատվության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ, քանի որ ի սկզբանե նախագիծը օրենսդրության խախտումներ է ունեցել: Նույն կայքից տեղեկանում ենք, որ Արամ Գաբրիելյան-Դիանա Հարությունյան զույգը ՄԶՄ «քարտուղարությունն» է և «փորձաքննության» է ենթարկել փոքր հէկերի նախագծերը, դրական եզրակացություններն էլ տրվել են Սիմոն Պապյանի կամ նախարարի կողմից ստորագրված համաձայնության նամակում:
Ստորև մեջբերում` Գաբրիելյան-Պապյան զեկույցից, որում հպարտությամբ ներկայացնում են, թե ստեղծված մեխանիզմների շնորհիվ է, որ կառուցվել է 115 հէկ, և 88-ը ստացել է թույլտվություն….
Որպես ստեղծված մեխանիզմների արդյունք՝ փոքր հէկերն ունեցան ակտիվ զարգացում: Ընթերցողի ուշադրությունը կրկին ուզում եմ հրավիրել այն հանգամանքին, որ թե՛ ընդերքշահագործումը, թե՛ փոքր հէկը ինքնին բացասական երևույթ չեն, սակայն բնապահպանական սահմանափակումների բացակայության պայմաններում դրանք դառնում են չարիք պետության և մարդկանց համար, խորացնում անհավասարությունը և կոռուպցիան, նպաստում լայն զանգվածների աղքատությանը և արտագաղթին:
Մեր օրերում, երբ ամբողջ աշխարհը խոսում է կլիմայի փոփոխությունից, բնապահպանության նախարարությունը վերոնշյալ ալյանսի գործելաոճի պատճառով չունի հզորություններ կլիմայի փոփոխությունը դիտարկելու և գնահատելու համար, գործողություններ մշակելու` ուղղված պետության անվտանգ զարգացմանը և մարդու` առողջ միջավայրում ապրելու իրավունքի ապահովմանը:
2007-2011 թթ. համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է 405 հազար դոլար ֆինանսավորում «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ-ի երկրորդ ազգային զեկույցի (ԵԱԶ) պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծելու» համար, որը ֆինանսավորվել է ՄԱԶԾ/ԳԷՖ/ 00035196 կողմից, համակարգողը եղել է Արամ Գաբրիելյանը: Ծրագրի նպատակը եղել է կլիմայի փոփոխության մեղմման մեխանիզմներ մշակելը և կլիմայի փոփոխության հիմնախնդիրները ազգային զարգացման պլաններում ու երկրի քաղաքականության մեջ ներառելուն աջակցելը:
Հիշեցնենք, որ ազգային ռազմավարությունը հանդես պետք էր գար որպես չափորոշիչ, որը ցույց պետք է տար Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այդ ծրագրի հաշվետվության 3-րդ գլխում ներկայացված է, թե ինչ լավ են ներառված կլիմայական խնդիրները ոլորտային քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարությանը հակասում են 2017 թ. ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո ՀՀ-ի չորրորդ ազգային զեկույցը և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը, որի բյուջեն 1 մլն 432 հազար դոլար է, և դրանում տարբեր ոլորտների զարգացման պլանները և ծրագրերը չեն գնահատված կլիմայի փոփոխության մեղմման կամ հարմարվողականությանը նպաստող ազդեցության տեսանկյունից, թեև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստացված լայնածավալ ֆինանսական աջակցությունն այդ աշխատանքները իրականացնելու համար էին: Իսկ ֆինանսական աջակցության ահռելի ծավալը ներկայացված է նույն հաշվետվության 4-րդ գլխում:
Հաշվետվություններն ուսումնասիրելիս կարող ենք հստակ ասել, որ գործ ունենք համակարգված կոռուպցիայի հետ, և այս իրավիճակը համապատասխանում է «կոռուպցիա» հասկացությանը. «Կոռուպցիան հասարակական իշխանության չարաշահումն է անձնական օգուտի ստացման նպատակով, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերը»:
Այս պայմաններում, երբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը չունի կլիմայի փոփոխությանը դիմակայելու քաղաքականություն, բնապահպանական չափորոշիչներ և վերապատրաստված կադրեր, իսկ տեխնիկան ու սարքավորումները հնամաշ են, նախարարության կողմից ներկայացված «կլիմայական» տեղեկատվությունը հերքվում է անկախ մասնագիտական կառույցների կողմից, 700000 դոլարի միջազգային աջակցությունը ուղղվում է էլեկտրամոբիլներ գնելուն... Որ ի՞նչ լինի, վերոնշյալ ո՞ր խնդիրը լուծվի….
Կառավարության ղեկավարը «հեղափոխությունից» հետո բազմիցս է խոսել ներդրումների մասին, սակայն չգիտի, որ այդ գումարները 1995-ից պայմանագրի հիման վրա հոսում են դեպի Հայաստան, բայց տեղ չեն հասնում, ֆինանսների նախարարությունում չեն գրանցվում, և Հայաստանը միակ երկիրն է, որ կլիմայական ֆինանսավորման վիճակագրություն չունի, քանի որ գումարները չեն հասել պետական հաշիվներին: Այդ գումարները նստել են մի խումբ ֆիզիկական անձանց հաշիվներին, որոնց մասին նրանք հայտարարագրերում չեն նշել և հարկեր չեն վճարել` թաքցնելով պետությունից ապօրինի եկամուտները:
Հուսանք արձագանք կլինի, սակայն դրա հետ մեկտեղ, բնական ռեսուրսների օգտագործումը պետք է ամբողջովին մտնի օրինական դաշտ, իսկ ընդերքշահագործման օրենսդրությունը, հարկերը վերանայվեն և ուղղվեն Հայաստանի զարգացմանը: Բայց, ցավոք, ո՛չ աշխատանքային խումբ կա` ձևավորված հայրենասեր մասնագետներից, ո՛չ էլ նախարարության մակարդակով նման խնդիր է դրվում:
(շարունակելի)
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Բոստոն
Հ.Գ. Վերջերս ՀՀ ՇՄ նախարարը հայտարարեց, որ նախորդ տարիներին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել կլիմայական փոփոխությունները գնահատելու և ՀՀ-ում հզորություներ ստեղծելու կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար, սակայն պարզվում է, որ ծախսված գումարները նպատակային չեն եղել… Ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների: