2017 թվականի օգոստոսից Հայաստանում քննարկման լուրջ թեմա դարձավ Սպիտակի վերելակների գործարանի արտադրական մասնաշենքերի քանդման իրողությունը: Այն առավել ակտիվացավ, երբ Մոսկվայում հրատարակվող «Ноев Ковчег» թերթն իր «NovostiNK.ru» կայքում 2017 թվականի հոկտեմբերի 3-ին տեղադրեց Նորայր Մուրադյանի հարցազրույցը՝ հետևյալ վերտառությամբ. «Спитак снова посылает сигнал SOS»: Հարցազրույցն ամբողջությամբ տպագրվեց նաև «Голос Армении» թերթի ս.թ. հոկտեմբերի 5-ի համարում: Հիշեցման կարգով նշենք, որ Նորայր Մուրադյանը հայտնի դեմք է Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, եղել է Սպիտակի «Սպիտակ» կարի արտադրական միավորման հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի պահին ՀԿԿ կենտկոմի նիստում հաստատվել է Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, մի քանի օր անց նշանակվել է Սպիտակի շրջանի աղետի հետևանքների վերացման շտաբի պետ, հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին նա նաև ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ էր և իր պատգամավորական լիազորություններն ամբողջովին օգտագործել է աղետի հետևանքների վերացման, արդյունաբերական հյուսիսի գործարանների ու ֆաբրիկաների վերականգնման կարևոր գործը առավել նպատակասլաց կազմակերպելու համար և, խնդրեմ, երկրաշարժից 29 տարի անց Սպիտակում քանդում են Նորայր Մուրադյանի նախաձեռնությամբ կառուցված վերջին` 13-րդ, գործարանը, նախկին 12-ը արդեն հասցրել են քանդել, վերացրել են, իզութոզն անգամ չի մնացել: Հարցազրույցում նշվում է, որ գործարանը քանդում են, իսկ մետաղական կոնստրուկցիաներն ու սարքավորումները տեղափոխում Կապան, դա գործարանի ներկայիս սեփականատիրոջ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության որոշումն է: Այլ հարց է, թե ինչու է այս մի գործարանի քանդելն այսօրինակ ուշադրության արժանացել, այդքան ցավոտ են ընդունում սպիտակցիները, երբ երկրաշարժից հետո կառուցված մնացած 12 ձեռնարկությունները քանդվել են առանց էական պրոբլեմների ու ընդվզումների: Այս վերջին գործարանի քանդելն այնքան է ազդել նախկին ու ներկայիս սպիտակցիների վրա, որ արդեն տագնապի SOS ազդանշան են հնչեցնում, աշխարհից շտապօգնություն են խնդրում:
Գործարանը չքանդելու խնդրանքով սպիտակցիները դիմել են երկրի նախագահին, վարչապետին, Լոռու մարզից ընտրված չորս պատգամավորներին, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանը, համայն հայությանը. օգնեք մեզ, փրկեք երկրաշարժից տուժած ժողովրդին, «SOS»: Այս հարցով պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻՆ: Ինչու՞ հատկապես նրան: Հիշեցնենք, որ Վահան Համազասպյանը Սպիտակի կադրերից է, ոսկե մեդալով ավարտել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը, երկրաշարժի ժամանակ կորցրել է հարազատ ընկերներից շատերին, որոնց ընտանիքներն այսօր հայտնվել են սոցիալական ծայրահեղ ծանր դրության մեջ, օգնության կարիք ունեն: Սպիտակցիների համար աշխատատեղեր ստեղծելը նա համարում է այսօրվա իր ամենակարևոր գործը: Սպիտակի վերելակների գործարանի մասնաշենքերում ծրագրել էր կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի խոշոր գործարան՝ 5 հազար աշխատատեղով, որտեղ, սպիտակցիներից բացի, աշխատելու հնարավորություն կստանային նաև գյումրեցիները, վանաձորցիները և մոտակա այլ բնակավայրերի մասնագետները, բա՞յց...
-Ի՞նչ է կատարվում այսօր Սպիտակում, ո՞րն է մարդկանց անհանգստության բուն պատճառը, ինչի՞ դեմ են բողոքում, ինչու՞ են դեմ, որ Սպիտակի վերելակների գործարանի ներկայիս սեփականատերը ապամոնտաժի իրեն պատկանող գործարանի մասնաշենքերն ու այն տեղափոխի Կապան՝ ելնելով իր բիզնեսի շահերից կամ արտադրական գործունեությունը զարգացնելու իր ռազմավարությունից, եթե նա դիմում է այդ քայլին, ապա, հավանաբար, ունի համապատասխան իրավական հիմքերն ու համապատասխան տնտեսագիտական հաշվարկները:
-Հնարավոր է, ֆորմալ առումով Դուք ճիշտ եք, անկախացումից հետո գործարանների ու ֆաբրիկաների քանդելու գործը Հայաստանում դրված է կայուն հիմքերի վրա, Հայաստանում կարելի է գործարաններ ու ֆաբրիկաներ քանդել, դրանց փոխարեն նորերը չկառուցել ու, ոչինչ, մի օր էլ կարելի է սկսել քանդել մի այնպիսի կարևոր գործարան, ինչպիսին Սպիտակի վերելակների գործարանն է: Առաջին անգամ չէ... Այդպես մեկը մյուսի հետևից քանդվեցին ու լուծարվեցին մեր հազարավոր գործարաններն ու ֆաբրիկաները՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ, նրանց դրդելով զանգվածային արտագաղթի: Այս գործարանի առկայությունը երկրաշարժից տուժած սպիտակցիներին ինչ-որ տեղ հույս էր ներշնչել, որ մի օր կսկսի աշխատել, սպիտակցիների համար աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ գործ կունենան ու կլուծեն իրենց սոցիալական խնդիրները: Բայց արի ու տես, որ գործարանը բարբարոսաբար քանդում են, ծանր կոնստրուկցիաները բարձում են մեքենաներն ու գիշերվա կեսին կամաց-կամաց, գաղտնի դուրս հանում Սպիտակից՝ ոստիկանական հատուկ գումարտակի ուղեկցությամբ: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն ու ընդհանրապես Հայաստանի իշխանությունները գիտակցում են իրենց կատարած գործողությունների հանցավոր բնույթը: Սա նաև նշանակում է, որ իշխանությունները այլ ձևով են մտածում, աղետի գոտում հակաժողովրդական ծրագրեր են իրականացնում, կարող են իրենց թույլ տալ հիմնահատակ քանդել երկրաշարժից տուժած մարդկանց համար կառուցված լավորակ գործարանը, որը կարող էր դարեր շարունակ ծառայել աղետի գոտու մարդկանց ու Հայաստանի տնտեսությանը:
Չի լինի գործարան, չեն լինի աշխատատեղեր ու աշխատանք, չի լինի ապրուստի միջոց հայթայթելու հնարավորություն, ու մարդիկ կարող են զանգվածաբար արտագաղթել: Սա էլ է աղետի գոտու խնդիրների լուծման տարբերակ. չկան մարդիկ, չկա նաև աղետի գոտու վերականգնման խնդիրը: Այստեղ ընթերցողը կարող է զուգահեռներ տանել ու համեմատել Էնվեր փաշայի խոսքերի հետ՝ չկա հայ, չկա Հայկական հարց: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդկանց վերջին հույսի խախտում, մարդկանց կամքի կոտրում: Վերջին հույսի խախտման համար ֆուտբոլիստներին կարմիր քարտ են ցույց տալիս, դաշտից հեռացնում են, մեր դեպքում Հայաստանի ոչ մի պաշտոնյա նման պատվի դեռևս չի արժանացել, շարունակում են մնալ իրենց պաշտոններում՝ հետևողականորեն քանդելով ու ոչնչացնելով այն ամենը, ինչը Հայաստանում ստեղծվել էր խորհրդային 70 տարում: Հիմա բնակչության պակասը Սպիտակում առավել քան նկատելի է, որոշ փողոցներում նույնիսկ մարդկանց շարժն է դադարել, ապրողները չկան. կամ հասցրել են մեռնել, կամ կարողացել են արտագաղթել, քաղաքում սոցիալական լարվածությունը հասել է իր գագաթնակետին ու, խնդրեմ, բոլորի աչքի առաջ քանդում են վերջին գործարանը, մարդկանց վերջին հույսը... Ոչ ոք չի հասկանում, թե Հայաստանում ու, մասնավորապես, Սպիտակում ինչ է կատարվում, ինչ գլոբալ ծրագրեր են մեր երկրում իրականացվում, այդ ո՞ր մեղքի համար են սպիտակցիների ձեռքից խլում վերջին գործարանը, մարդկանց վերջին հույսը, մեր անկախ երկրում այս ի՞նչ թվաբանություն է գործում, այդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկների հիման վրա են քանդում 9-բալանոց սեյսմակայունությամբ ու 14 հազար քմ ընդհանուր արտադրական մակերեսով Հայաստանի լավագույն մեքենաշինական գործարանը, որտե՞ղ են մեր տեղական ու կենտրոնական իշխանությունները, ի՞նչ են մտածում մեր 14-րդ վարչապետն ու 3-րդ նախագահը:
Հետաքրքիր է, որ Սպիտակի վերելակաշինական գործարանի ապամոնտաժման աշխատանքները առավել ակտիվացել էին այն օրերին, երբ Երևանում ընթանում էր Հայրենիք-Սփյուռք համաժողովը, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը երկրի տնտեսությունը փրկելու և արտագաղթը կասեցնելու իրենց «SOS»-երն էին հնչեցնում՝ կոչ անելով սփյուռքի մեր հայրենակիցներին, թե՝ շտապե՛ք, եկե՛ք, օգնե՛ք, ներդրումներ կատարե՛ք, մենք խոստանում ենք ավելի լավացնել մեր բիզնես միջավայրը և այլն, և այլն:
Իմ դիտարկմամբ՝ համաժողովի մասնակիցները Հայաստանի առաջին դեմքերի ելույթներն ընկալեցին որպես ձայն բարբառո հանապատի, որովհետև տնտեսական բնույթի հարցերը լուծվում են ոչ թե բարձր մակարդակի համաժողովներում կամ իշխանական առանձնասենյակներում, այլ, տվյալ դեպքում, Սպիտակի վերելակների գործարանի տարածքում տեղի ունեցող ապամոնտաժման պրոցեսներում. քանդե՞լ, թե՞ չքանդել, այս է խնդիրը: Կարծում եմ, որ Սպիտակի վերելակների գործարանի վերացման գործընթացը դուրս է մնում Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի արտադրական գործառույթների դաշտից, դարձել է քաղաքական խնդիր ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի համար, այստեղից է գալիս այն անհանգստությունը, որն առաջացել է սպիտակցիների ու Հայաստանի տեխնիկական մտավորականության շրջանում: Ամերիկայում ու Ռուսաստանում բնակվող հայ գործարարներից շատերը խնդրում են համապատասխան հաշվարկներ ներկայացնել ու գործարանը չքանդելու համար կոնկրետ փրկագին նշանակել, նրանք պատրաստ են Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին պահանջվող գումարները վճարելու, միայն թե այդ գործարանը չքանդվի ու աղետից տուժած ժողովրդի վերջին հույսը, լույսն ու տան ծուխը չմարեն: Բոլորս ենք հիշում, թե 1988-ին ու դրանից հետո համաշխարհային հանրությունն ինչ հսկայածավալ մարդասիրական օգնություն հասցրեց Սպիտակ՝ աղետի գոտու բնակչությանը օգնելու համար: Համաշխարհային հանրության առաջ մեծ ամոթ կլինի, եթե հայտնի դառնա, որ Հայաստանում նման գործեր են անում: Այդ մասին սպիտակցիները արդեն նամակ են գրել Շվեյցարիա՝ Միջազգային Կարմիր խաչին: Ամո՛թ մեզ, հազա՜ր ամոթ:
-Հայաստանի ինչի՞ն է պետք այդ գործարանը, վերելակնե՞ր ենք արտադրելու. ես գիտեմ, որ Երևանի ու մեր մյուս քաղաքների համար այսօր կա 5 հազար վերելակի պահանջարկ, ու արդյոք մենք ի վիճակի՞ ենք ժամանակակից վերելակներ արտադրելու, երբ հաստոցային պարկը ամբողջովին թալանված է ու, ինչպես հայտնի է, միայն գործարանի պատերն են մնացել, Ձեր կարծիքով՝ վերելակների գործարանում հնարավոր կլինի՞ այլ արտադրություններ կազմակերպել:
-Չզարմանաք, բայց այդ գործարանը պատեր չի ունեցել, այն ամբողջովին կազմված է հատուկ մետաղական կոնստրուկցիաներից, որոնք երեսպատված են ջերմամեկուսիչ սենդվիչներով, դա սեյսմակայուն արտադրական շինությունների առանձնահատկություններից է: Իհարկե, այլ արտադրություններ կարելի է կազմակերպել: Եթե մեր իշխանական բլոկում լինեին ինժեներական մտածողության տեր մարդիկ, ապա նրանք կարող էին գնահատել Սպիտակի մեքենաշինական գործարանի լայն հնարավորությունները, վերելակներից բացի, այնտեղ կարող են շատ ու շատ այլ բաներ արտադրվել: Վերելակներ արտադրելու համար մենք, կարող եմ ասել, արդեն ուշացել ենք, կորցրել ենք մեր ավանդական շուկաները, շան մսի գնով վաճառվել են վերելակների արտադրության համար անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումներն ու տեխնոլոգիաները: Կա նաև մասնագետների խնդիր. նրանց մի մասը զոհվեց՝ մնալով գործող գործարանի փլատակների տակ, մի մասն էլ հեռացել է Սպիտակից: Այստեղ գործարանն օգտագործելու այլ տարբերակ է պետք մտածել: Կարելի է արտադրել հաստոցներ, տրակտորներ և նույնիսկ հրթիռներ: Մեքենաշինական բոլոր գործարաններին հատուկ են ունիվերսալ կոմունիկացիաների առկայությունը, որոնք թույլ են տալիս տարաբնույթ արտադրություններ կազմակերպել: Գործարանները նախագծելիս, ընդհանրապես, հաշվի են առնվում ոլորտների տեխնոլոգիական առանձնահատկությունները, այս գործում ամեն ինչ ենթարկվում է որոշակի, այսպես կոչված, ճյուղային ստանդարտներին: Էլեկտրոնային արդյունաբերության մեջ, օրինակ, գործում են իրենց հատուկ ստանդարտները, որտեղ գլխավոր ուշադրությունը պահվում է վակուումային հիգիենայի խստացված պահանջների ապահովման վրա, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ այլ ստանդարտներով են առաջնորդվում, մեքենաշինական գործարաններն ունեն իրենց պահանջները՝ անկախ նրանից, թե կոնկրետ ինչ մեխանիկական արտադրություն է այնտեղ իրականացվելու: Ամեն ինչ կախված է կոնկրետ արտադրությունների համար նախատեսված հաստոցակազմի ու համապատասխան տեխնոլոգիաների ընտրությունից, վերելակների արտադրության համար պահանջվում է հաստոցների մեկ հավաքակազմ, արևային սարքերի արտադրության համար կպահանջվեն այլ հաստոցներ ու այլ տեխնոլոգիաներ, որոնք ևս կարող են տեղավորվել նույն մեխանիկական գործարանի տանիքի տակ: Ես հավատում էի, հույս ունեի, որ օրերից մի օր ինձ կհաջողվի վերելակների փոխարեն (կամ վերելակներից բացի) Սպիտակում կազմակերպել իմ նախագծած կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը՝ Հայաստանի, Ղարաբաղի ու աշխարհի տարբեր երկրների հելիոֆիկացիայի գործընթացը հայկական տարբերակով իրականացնելու համար: ԽՍՀՄ-ում կար աշխատանքների հստակ բաժանում, մեքենաշինական գործարանների նախագծման ու կառուցման հարցերում մասնագիտացել էին բելառուսական գործարանները, էլեկտրոնային արդյունաբերության մեջ հայտնի էր Երևանի նախագծային ինստիտուտը, որը ավելի հայտնի էր որպես Ռաշիդյանի ինստիտուտ (այդ ինստիտուտի շենքը հիմա տրամադրված է արդարադատության նախարարությանը): Սպիտակի վերելակների գործարանի մասնաշենքերը նախագծել ու մոնտաժել են բելառուսական թեթև մետաղական կոնստրուկցիաների գործարանի մասնագետները (ք. Մոլոդեչնենսկ): Այդ գործարանի հիմնական պատվիրատուների մեջ իրենց տեղը պահում են ճապոնացիները, որովհետև այդ եզակի արտադրանքը (այո, Սպիտակի վերելակների գործարանը կառուցել է բելառուսական գործարանը) կարող է դիմանալ մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի:
Վերջերս ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվեց մի արտադրություն, որտեղ հավաքվում են ռազմական ՄԻԳ-35 գերձայնային նորագույն հոյակապ ինքնաթիռները: Ես միշտ էլ բարի նախանձով եմ հետևել Ռուսաստանի գիտնականների ու ինժեներների հաջողություններին, հույս ունեմ, որ մի օր էլ մենք հնարավորություն կունենանք հպարտանալու և աշխարհին զարմացնելու մեր գյուտերով ու արտադրական հաջողություններով, բայց իմ ուշադրությունը, տվյալ դեպքում, գրավեց այն հանգամանքը, որ ինքնաթիռների հավաքման արտադրամասը շատ նման էր Սպիտակի վերելակների գործարանի արտադրամասերից մեկին: Այս ինֆորմացիան օգտակար կլինի Հայաստանում ռազմական արդյունաբերություն զարգացնող մեր քաղաքական ու տնտեսական գործիչների համար ու, մասնավորապես, օգտվելով առիթից, դիմում եմ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Վիգեն Սարգսյանին. հարգելի պարոն Սարգսյան, թույլ մի՛ տվեք, որ Սպիտակի վերելակների գործարանի մասնաշենքերը քանդեն: Մեզ այն դեռ շատ պետք կգա ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար, այդ տիպի գործարանի ծառայության ժամկետը, մինչև կապիտալ վերանորոգումն ու փորձաքննությունը, 50 տարի է, իսկ ռեսուրսը գերազանցում է 100 տարին, այդպիսի գործարանային տարածքներ մենք չունենք, չենք էլ ունեցել, բացառությամբ, թերևս, «Մարս» գործարանի, որն ավելի վաղ է կառուցված ու կառուցվել է էլեկտրոնային արդյունաբերության ստանդարտներով, հարմար չէ ռազմական տեխնիկա արտադրելու համար՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգերի: Սպիտակի վերելակների գործարանը մեքենաշինական եզակի կառույց է ողջ Հայաստանի համար, դա մեր ազգային հարստության կարևոր մասն է: Սպիտակի վերելակների գործարանի վերաբերյալ վերջերս իր տեսակետն է արտահայտել էկոնոմիկայի երիտասարդ նախարար Սուրեն Կարայանը. մենք չունենք այն մասնագետները, տեխնիկան ու տեխնոլոգիաները, որոնց պարագայում հնարավոր լինի նախագծել ու արտադրել շուկայի պահանջներին բավարարող ժամանակակից վերելակներ: Այս գաղափարը նաև հիմք է ծառայել, որ կայացվի Սպիտակի վերելակների գործարանի քանդման որոշումը, Հայաստանի իշխանությունները դրան դեմ չեն: «Սպիտակի մոռացված ժողովուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Դիլբարյանի դիմումին էկոնոմիկայի նախարարությունից այսպիսի պատասխան է տրվել. «ՀՀ քաղաքացի պարոն Համլետ Դիլբարյանին
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Մյասնիկյանի 33 վ/տնակ
Հարգելի պարոն Դիլբարյան
Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրության՝ վերելակաշինական գործարանի ապամոնտաժումը դադարեցնելու և արտադրությունը վերակազմակերպելու վերաբերյալ հայտնում եք հետևյալը.
Վերոհիշյալ գործարանը հանդիսանում է մասնավոր սեփականություն, ուստի վերջինիս հետագա գործունեության տեսակի իրավասությունը պատկանում է միայն սեփականատեր կազմակերպությանը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ներկայացված հարցի կարգավորումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներից:
Հարգանքով՝ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան:
Կատարող` ճյուղային տնտեսական քաղաքականության վարչություն- Նելլի Մկրտչյան, հեռ 011 59-71-48»:
Մոտ 40 բառից բաղկացած այս պատասխանի տողատակերում շատ բան կա թաքնված, այն թույլ է տալիս պատկերացնել ու հասկանալ, թե որոնք են մեր անհաջողությունների բուն պատճառները: Նախ, ուշադրություն դարձնենք, թե որտեղ է ապրում Սպիտակի վերելակների գործարանը քանդելուն դեմ ելած «Սպիտակի մոռացված ժողովուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Դիլբարյանը, նա 80 տարեկան է: Նրա հասցեն է՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Մյասնիկյանի 33 վ/տնակ: Վ/տնակը դա նույն վագոն/տնակն է, որտեղ իրենց գոյությունը քարշ են տալիս բազմաթիվ սպիտակցիներ, որոնց տները քանդվել են երկրաշարժի ժամանակ: Համլետ Դիլբարյանը պայքարում է իր համաքաղաքացիների ապագայի համար ու գիտի, որ այս հարցում իշխանությունները ճակատագրական սխալ են թույլ տվել՝ խրախուսելով գործարանի քանդման գործընթացը, այն համարելով իրենց իրավասություններից դուրս: Հետո սույն նամակի տեքստը կազմել է Նելլի Մկրտչյանը՝ շարքային մի քաղծառայող, որը չի խորացել հարցի էության մեջ: Եթե նա ուսումնասիրեր այդքան աղմուկ բարձրացրած խնդրի մանրամասները, ապա, ամենայն հավանականությամբ, կպարզեր, որ տվյալ օբյեկտի սեփականատերը չի կարող հանդիսանալ լիարժեք սեփականատեր միայն ու միայն այն պատճառով, որ չի կատարել պետության առջև ստանձնած իր պայմանագրային պարտավորությունները և իր սեփականատիրական իրավունքը լիարժեք դարձնելու համար դեռ պետք է պայքարի, անցնի պաշտոնական ու դատական պրոցեդուրաների մի հյուծիչ ցիկլ, որից հետո նոր պարզ կդառնար՝ նա սեփականատե՞ր է, թե՞ ոչ: Այս ամենը հասկանալու համար Նելլի Մկրտչյանը պետք է ժամանակ տրամադրեր ու ծանոթանար, թե տվյալ գործարանի վերաբերյալ ինչ է գրված ՀՀ կառավարության թիվ 1358-Ն որոշման մեջ ¥2 հոկտեմբերի, 2003 թվական¤:
Մասնավորապես..... «5.6. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսել, որ՝
ա) գնորդը պարտավորվում է՝
2 տարվա ընթացքում կատարել 450 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում,
2 տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ՝ 35 հազար միջին աշխատավարձով...
ՀՀ վարչապետ Ա. Մարգարյան, 2003 թ., հոկտեմբերի 30, Երևան
«Վավերացնում եմ»
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյան, 10 նոյեմբերի 2003 թ.»:
Ստացվում է, որ մինչև գործարանի քանդելը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ-սեփականատերը պետք է ջանքեր թափեր ու վերահաստատեր իր սեփականատիրական իրավունքները տվյալ օբյեկտի նկատմամբ, որովհետև չի կատարել պետության առաջ ստանձնած իր պարտավորությունները, նշված ներդրումները չեն երևում, 270 աշխատատեղը բնավ չի ստեղծվել: Բացի այդ, պետք էր հասարակական լսումներ կազմակերպել (դա օրենքով է նախատեսված) ու քաղաքացիներին բացատրել, որ թանը մածնից է լինում, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, ինքնակամ սկսել են քանդել մեր կարևորագույն գործարաններից մեկն ու գիշերվա մթին տեղափոխել Քաջարան: Սա այն նույն ճանապարհն է, որով անցել են մեր բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները. սկզբում խոստումներ են տրվում, բռավո պարտավորություններ են իրենց վրա վերցնում, պետական պայմանագրերը անտեսում ու չեն կատարում ու, խնդրեմ, քանդում են առանց մի օֆ քաշելու, զուտ հայկական երևույթ է, մենք դա արդեն գիտենք, առաջին տարին չէ, որ անկախ ենք, քառորդ դար է անցել: Ժամանակին Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ Նորայր Մուրադյանը կարողացավ հասնել նրան, որ ԽՍՀՄ կառավարությունը խոստացել էր Սպիտակի բոլոր գործարանները, այդ թվում՝ վերելակների գործարանը, կոմպլեկտավորել երկրում արտադրվող լավագույն հաստոցներով: Այս խնդրում, անշուշտ, մեծ է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի դերը, այս հարցում նա լուրջ տարաձայնություններ ունեցավ Միխայիլ Գորբաչովի հետ: Կար Գորբաչովի հանձնարարականը, որ աղետի գոտու բոլոր գործարանները պետք է վերականգնվեն ու բերվեն իրենց նախկին տեսքին, ոչ մի ավելորդ ծախս, ոչ մի նոր տեխնիկա ու նոր տեխնոլոգիաների ներդրում: Ռիժկովը կարծում էր, որ իմաստ չունի վերականգնել նախկին հետամնաց արտադրությունները, վերականգնելուց բացի, պետք է մտածել արտադրությունները արդիականացնելու մասին: Որպես օրինակ նա բերում էր Լենինականի արդուկի գործարանի դեպքը: Ի՞նչ իմաստ ունի վերականգնել այդ գործարանը, որի տեխնոլոգիաները գալիս են 20-ական թվականներից, դրա փոխարեն պետք է կառուցել նոր գործարան ու արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան արդուկներ: Ռիժկովի ազնվության, մարդասիրության ու մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Սպիտակի աղետի գոտին ստացավ ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելու իրական հնարավորություն: Ռիժկովի դիսպետչերականներից մեկի ժամանակ հարց բարձրացվեց, որ էլեկտրոնային արդյունաբերության համար Ճապոնիայից ձեռք բերվող Tabai Espec Corp. նորագույն դիագնոստիկ կենտրոնը կառուցվի Սպիտակ քաղաքում, 40 միլիոն դոլարի այդ բացառիկ գիտական կենտրոնը Հայաստան բերելու համար ես շատ ջանք ու եռանդ էի թափել և, խնդրեմ, ԽՍՀՄ վարչապետը թույլ է տալիս, որ այն բերվի հայրենի քաղաք: Այդ կենտրոնի շինարարությունը սկսելու համար կատարվեցին համապատասխան երկրաբանահետազոտական աշխատանքներ (աշխատանքը կատարեցին վրացի մասնագետները), ու ամեն ինչ դրանով ավարտվեց. մոտենում էր ԽՍՀՄ փլուզման ու մեր անկախացման օրը: Իսկ թե ինչեր կատարվեցին Սպիտակի աղետի գոտում, հայտնի է բոլորիս. ամեն ինչ քանդվեց ու վերացվեց, Սպիտակի վերելակների գործարանը դրանցից միայն մեկն է: Ռիժկովի ծրագրերով աղետի գոտի բերված տեխնիկան ու տեխնոլոգիաները բավարար էին ողջ Հայաստանի արդյունաբերության արդիականացման համար, դա չարվեց միայն ու միայն մեր անկուշտ ու անպատասխանատու չինովնիկների մեղքով: Ես կարծում եմ, որ մեր պատերազմող երկիրը իրավունք չունի իրեն նմանօրինակ շռայլություններ թույլ տալու՝ քանդելով Հայաստանի մեքենաշինական գործարանի մասնաշենքերը: Նշեմ, որ վերելակների գործարանը ուներ ժամանակակից թանկարժեք հաստոցների հսկայածավալ կազմ, դրանց մեջ առանձնանում էր 8-մետրանոց ծռող եզակի հաստոցը, որի գինը պարսկական շուկայում հասել էր 1 միլիոն դոլարի: Հաստոցներն այլևս չկան, գործարանը դատարկ է, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը պարտավոր է, առաջին հերթին, մեր հանրությանը ներկայացնել հաստոցային կազմի զրոյացման ողջ թվաբանությունն ու օրենքի ամենայն խստությամբ պատասխան տալ մեր երկրի տեխնիկական պոտենցիալի քայքայման համար: Թե չէ խոսում են իրենց չունեցած իրավունքներից, թե այս սարն իմն է, այս ծառն իմն է: Սպիտակցիները մի պահանջ են ներկայացրել մեր աղա-աղվեսներին՝ թողե՛ք այս գործարանը գեթ մնա մեզ, մի՛ քանդեք, մի՛ ավերեք, մարդկանց ապրելու հնարավորություններ թողեք, մեղք են, բազմաթիվ կողմերից տուժած են, օգնության կարիք ունեն:
(շարունակելի)
Զրույցը վարեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ