(սկիզբը` այստեղ)
Արդեն 6-րդ ամիսն է, ինչ փորձում եմ գյուղնախարարության միջոցով կառավարություն հասցնել ՀՀ հեղինակային իրավունքով և շահույթի բարձր ցուցանիշով (31,2 %) պաշտոնապես հաստատված գիտատեխնիկական մեր նորույթները, որոնք վարչապետի հետևյալ հարցադրումների պատասխաններն են.
1. «…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա»:
2. Կա՞ արդյոք մարզում (Եղեգնաձոր) քիչ թե շատ շահութաբեր մի տնտեսություն, որի գործունեությունը ուսումնասիրելով, մյուսները առաջ կշարժվեն:
3. Ինչպե՞ս ստեղծենք պարարտանյութի տեղական արտադրություն:
4. Ինչպե՞ս մաքուր պահենք շրջակա միջավայրը անասնապահության և թռչնապահության թափոններից:
5. Ինչպե՞ս լուծենք անասնակերի խնդիրը (որը, ակադեմիկոս Թամամշևի հավաստմամբ, Հայաստանի տավարաբուծության գլխավոր չարիքն է):
6. Ինչպե՞ս պայքարել ջրհեղեղների, երաշտի, տարածքային հրդեհների, հողի ջրային էրոզիայի դեմ` ապահովելով գյուղացու անվտանգ աշխատելու պայմանները, ապահովագրելով բերքի անկորուստ հավաքը և պահեստավորումը:
7. Նորարարական ի՞նչ լուծումներով ավելացնենք գյուղացու շահույթը՝ կամավորության սկզբունքով կենտրոնացնելով տավարը, հողակտորները՝ գյուղտեխնիկան:
Թող սնապարծություն չթվա, բայց այս խնդիրները ես և իմ գործընկերները լուծել ենք գծագրերով, աշխատող մեքենաներով, պետական փորձարկման ակտերով, մանրածախ շուկա դուրս գալով, կառավարության տարբեր ատյանների հավանությանը արժանացած փաստաթղթերով, վարչապետին ուղղված բաց նամակով, ԶԼՄ-ների լայն լուսաբանմամբ:
Վարչապետի՝ գյուղատնտեսության խնդիրները լուծելու հարցադրումների մեր պատասխանները հստակ են. դրանք լուծվել են ՀՀ հեղինակային իրավունքով, պաշտոնապես հաստատված շահույթի բարձր ցուցանիշով (31,2 %), գծագրերով, աշխատող մեքենաներով, պետական փորձարկումների ակտերով, մանրածախ շուկա դուրս գալով, վարչապետին ուղարկված բաց նամակով, ԶԼՄ-ների լայն լուսաբանմամբ:
Սակայն գյուղնախարարությունում այդ ամենի մասին չեն լսել, չեն տեսել, չգիտեն: Նրանք այս երկրից չեն, բայց այն կառավարում են:
Ցավոք, վճռական քայլը՝ գյուղատնտեսությունում համատարած ներդրումը, մեզ չի հաջողվում:
Ինչո՞ւ: Պատասխանը որքան պարզունակ է, նույնքան էլ՝ իրատեսական. գյուղնախարարության պաշտոնյան վերը նշված ներդրումներում չի տեսնում իր անձնական շահը, ավելին` նա վտանգ է տեսնում, որովհետև նորույթը միշտ էլ անհայտներ է պարունակում (դա բնական է, և «այո» ասելու դեպքում կարող է հետագայում խնդիրներ ունենալ: Ավելի ձեռնտու են ոչ ասելը, պատասխանը «սար ու ձոր գցելը»: Ինչը և արվում է. արդյունքում այսօրվա մեր իրողություններն են:
ՈՒ այսպես, տարիներով դոփում ենք տեղում, չկա առաջընթաց:
Այս ամենը նկատի ունենալով 12.12.2016 թ. դիմեցի վարչապետին, խնդրելով քննարկել մեր մի մեքենայի ներդրումից մի տարվա հաշվով ստացվելիք փաստացի շահույթի 20 %-ը (մոտավորապես 20000 ԱՄՆ դոլար) որպես պարգևավճար հանձնել իր իսկ նշանակած ներդրման գլխավոր պաշտոնյային: Ներկայացրի նաև շահույթի հաշվարկը:
Նշեմ, որ այս նորմը օգտագործվում էր նաև համայնավարական Հայաստանում:
Անցել է արդեն 4 ամիս, բայց առայսօր ես չունեմ պատասխան:
Հասկանալի է, որ այս ընթացքում չեն լուծվում նաև վարչապետի վերը նշած խնդիրների մեր պատասխան առաջարկությունների ներդրման հարցերը: Սա արդեն սաբոտաժի է նման:
Մեր մի մեքենայի ներդրումից տարեկան սպասվում է մոտավորապես 100000 ԱՄՆ դոլարի շահույթ: Ներդրման կառավարիչների ինստիտուտը գործարկելով՝ իրատեսական կամուրջ կստեղծվեր գիտնական-ձեռնարկատեր սուբյեկտների միջև, ավտոմատ կլուծվեր տնտեսությունը գիտատեխնիկական նորույթներով հագեցնելու, այն միշտ մրցունակ պահելու խնդիրը:
Չի ստացվում. կառավարությունից դիմումներս ուղարկում են գյուղնախարարություն։ Իսկ այնտեղ լռություն է, երբեմն էլ ոչինչ չասող ձևական պատասխան:
Չեմ կասկածում, որ այս նորմի ներդրումը կհստակեցներ, կպարզեր նաև կառավարման աշխատաոճը, ցույց կտար՝ ով ով է, մտավոր և ձեռներեցության ինչ ունակությունների տեր է: Վերջապես, երևի, ինչ-որ չափով կկասեցվեր կոռուպցիան, որը «բուսնում» է այնտեղ, որտեղ անորոշությունները շատ են, խնդիրները` մշուշոտ:
ՈՒ դարձյալ նույն հարցադրումը` ի՞նչ անել…
Վարչապետին և գյուղնախարարին ուղարկած իմ դիմումները (վերջին 6 ամսում՝ 5 դիմում) պրակտիկորեն չեն քննարկվում, «Իրատեսում» տպագրված իմ հոդվածները, այդ թվում` վարչապետին ուղղված իմ բաց նամակը, պաշտոնյաները չեն կարդում, խնդրի վերաբերյալ հեռուստահաղորդումները չեն դիտում, թե չեն ուզում կարդալ ու դիտել, որովհետև, գուցե չունեն ինքնուրույն մտածելու, գործելու թույլտվություն: Ստեղծվում է պատային, անհույս իրավիճակ:
Չեմ թաքցնում, որ հիասթափված եմ նաև գյուղատնտեսության նախարարից. ավելի քան մեկ ժամ տևած անձնական շփումը, բարեհաճ վերաբերմունքը` խնդիրները կպարզաբանվեն ու ինձ կտեղեկացնեն, պրակտիկորեն չիրագործվեցին:
Իսկ նախարարի հետ հանդիպելու հիմնական նպատակս մեր մի նորույթից շինծու մեղադրանքները հանելն էր:
Սա էլ գյուղնախարարության և նրա ԾԻԳ-ի «նորամուծությունն» է. եթե չես տալիս իրենց ուզածը, ապա ներդրման հայտը մերժում են, բայց այնպես, որ ոչ ոք չհասկանա, թե որն է խնդիրը. պատասխանում են, թե գրախոսները չեն տվել անհրաժեշտ բալը, բացահայտված թերությունները չեն կարող ասել, քանի որ դա պետական գաղտնիք է:
Նախարարին խնդրում եմ՝ իր ղեկավարած ԾԻԳ-ին հանձնարարի, որ նշեն մեր մեքենայի կոնկրետ թերությունները, որպեսզի դրանք վերացնելով ավելի կատարյալ մեքենա ունենանք:
Նախարարը խոստանում է:
Բայց երկու անգամ գրավոր խնդրելուց հետո էլ պատասխան չեմ ստանում: Ինձ համար պարզ է` «աննշան» այս խնդրի հետևում կոռուպցիոն գործարքների կծիկն է, որը չի կարողանում, թե չի ուզում քանդել կառույցի ղեկավարը ` գյուղատնտեսության նախարարը:
Իսկ այժմ բուն մեքենայի մասին. այն մի անցումով լուծում է արոտների խոտածածկույթի արմատային հողազանգվածը փխրեցնելով, պարարտացնելով, խոտի բերքը 2-3 անգամ մեծացնելու, ենթացանքս կատարելով խոտակազմը թարմացնելու, անձրևաձնհալ ջրերը կլանելով հողի խոնավությունը բարձրացնելու, ջրհեղեղների թափը կոտրելու, երաշտի, տարածքային հրդեհների, հողի ջրային էրոզիայի դեմ պայքարի խնդիրները (ավելի մանրամասն այդ մեքենայի մասին «Իրատեսի» թիվ 78-ում, 2.12.2016 թ.):
Այս խնդիրները արդեն առօրեական են, որովհետև դրանք չլուծելով մենք հասանք «գերազանց» արդյունքի` հանրապետության քարտեզից ջնջեցինք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող գյուղամերձ, գյուղացուն առավել անհրաժեշտ արոտները:
Դրանք նաև ճակատագրական են, որովհետև կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված, ՄԱԿ ուղարկված բնապահպանության նախարարության տեղեկանքի համաձայն, հանրապետությունում սպասվում է հողի խոնավության, արոտների և անասնապահության մթերատվության անկում 30 %-ի չափով:
Խնդրի լրջությունը ընկալելով, կառավարությունը համաշխարհային բանկից վերցրած 60000000 ԱՄՆ դոլար վարկով փորձում է կարգավորել արոտների հիմնահարցերը:
Բայց իրականում այդ գումարով կարգավորում են գյուղնախարարության և այլ պաշտոնյաների ֆինանսական խնդիրները` նշված գումարի առյուծի բաժինը հատկացնելով ղեկավարման համակարգ ստեղծելուն, մոնիթորինգին և իրականության հետ քիչ առնչվող, սակայն ատկատի առումով խոստումնալից, թանկարժեք մի շարք ծրագրերի իրականացմանը: Դրանց մասին ես մանրամասն գրել եմ, խոսել «Իրատեսում» տպագրված «Գիտատեխնիկական մի նորույթի ոդիսականը» (թիվ 40, 14.06.2016 թ.), «Բաց նամակ հանրապետության վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին» (թիվ 65, 18.10.2016 թ.), «Գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի» (թիվ 11,14.02.2017 թ.), «Ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաներով Գավառը կդառնա գյուղատնտեսության առաջընթացի լոկոմոտիվը» (թիվ 19, 14.03.2017 թ. ) և «…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա» (թիվ 30, 25.04.2017 թ.) հոդվածներում և հեռուստատեսային մի շարք հաղորդումներում:
Հասկանալի է, որ այս հրապարակումների արձագանքն ու պատասխանը գյուղնախարարության կողմից զրոյական են. չենք կարդացել, չենք լսել, տեղյակ չենք. թեպետ մի տեղաշարժ եղավ. ԾԻԳ (ծրագրերի իրագործման գրասենյակ) անունը, որը աշխարհահռչակ մարզիկ Նորայր Մուշեղյանը և նույնքան աշխարհահռչակ գիտնական Վահան Համազասպյանը վերաձևակերպել էին ԹԻԳ (թալանի իրագործման գրասենյակ), նոր կառավարությունը ձևակերպեց նոր անունով «Գյուղատնտեսության բարեփոխումների գրասենյակ»: Այսպես լավ է. անունը բարեհունչ է, վատ անցյալն էլ կմոռացվի:
Ցավոք, բուն խնդիրը` արոտների հարաճուն վատթարացումը, համատարած ոչնչացված գյուղամերձ արոտների վերականգնումը, բնապահպանների կանխատեսումների վտանգի չեզոքացումը, մնացին գյուղնախարարության վարկային ծրագրերի լուսանցքում:
Եվ պատահական չէ, որ ծրագրի իրականացման տարիներին (2011-ից առայսօր), ըստ ազգային վիճակագրական ծառայության, արոտները կրճատվել են 60000 հա-ով, խոտի գինը աճել է 30 %-ով, ինչը հանգեցրել է կաթնամսամթերքի «սողացող» գնաճին, աղքատության բարձր շեմի պատճառով մարդկանց ստիպելով արտագաղթի:
Այս համատեքստում երևի արժե հիշել, որ արոտներն ու խոտհարքները տալիս էին հանրապետությունում ամենացածր ինքնարժեքով արտադրվող, որակյալ կաթի, մսի, բրդի 70 %-ը:
Հետևությունը մեկն է. փակում ենք կենսատու այն աղբյուրը, որից սնվում ենք։
Այդ նույն մեքենան կարող էր կանխել նաև Արթիկի ջրհեղեղը, եթե աշխատեր Արագածի լանջերում: Բայց չաշխատեց. կոռուպցիան խեղդեց ծնելով սուտը` «մեքենան ունի թերություններ»: Իմ խնդրանքին` «ասեք թերությունները, որ մենք դրանք վերացնենք և գյուղին տանք ավելի կատարյալ մեքենա», հետևեց պատասխանը` չենք կարող ասել, դա պետական գաղտնիք է: Գյուղատնտեսության նախարարը խոստացավ կարգավորել խնդիրը: Սակայն 2 անգամ էլ նույն խնդրանքով գրավոր դիմելուց և պատասխան չստանալուց հասկացա, որ կոռուպցիայի արմատները խոր ցեմենտված են, անզոր է նաև գյուղնախարարը, թեպետ պաշտոնապես նա ԾԻԳ-ի ղեկավարն է:
Պատահական չէր նաև Արթիկի ջրհեղեղը, որը, մեր համոզմամբ (փորձերի վրա հենված), կարելի էր կասեցնել, եթե մեքենան աշխատեր Արագածի լանջերին: Փույթ չէ, որ այս արհավիրքի վնասները վերականգնելու համար ծախսվել է մոտավորապես 200000 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ մեր մեքենան արժեր ընդամենը 15000 ԱՄՆ դոլար:
Այսպես էլ տնտեսավարում ենք, քամուն տալով բյուջեն, կարճ հիշողությամբ մոռանալով, որ սելավները, երաշտը, տարածքային հրդեհները, հողի էրոզիան մեզնից անկախ կրկնվելու միտում ունեն, և որ ավելի քիչ ծախսատար է դրանց կանխելը, քան հետևանքները վերացնելը:
Ինչևէ, մարդկանց իշխանություն է տրված, և նրանք անում են այն, ինչ ցանկանում են:
Սակայն առավել զավեշտալի է նոր փոխնախարարի գործելաոճը. փորձելով թուլացնել նշված մեքենայի շինծու դատավճռի վերանայման իմ համառ պահանջներից առաջացած լարվածությունը, նա հայտարարեց, որ պատրաստ է մեքենայի փորձացուցադրական, Գավառում նախատեսվող գործընթացներին շահառուներին մասնակից դարձնելու, գործընթացը կազմակերպելու բոլոր ծախսերը կատարել իր գրպանից և իմ ներկայությամբ դրա ժամկետի մասին հեռախոսով պայմանավորվեց Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի տնօրենի հետ:
Սակայն 2 օր հետո ոչ միայն հրաժարվեց այդ մտքից` հասկացրել էին, որ նախարարությունում փող չեն բաժանում, վերցնում են, այլև թյուրիմացության մեջ գցելով նախարարին, պատասխան նամակում պնդում է, թե իբր այդ աշխատանքների ամբողջ ֆինանսավորումը, այդ թվում փորձագիտական հանձնաժողով կազմելն ու ակտը վավերացնելը, վերցրել եմ ինձ վրա (ես ի՞նչ լիազորություններ ունեմ, որ հանձնաժողով կազմեմ):
Այստեղ են ասել, չգիտես` խնդա՞ս, թե՞ լաս. կարող են սուտ ասել, հետո նախարարին թյուրիմացության մեջ գցելով` պատասխանում այդ սուտը վերագրել քեզ, թեպետ թվում էր, այնքան էլ դժվար չէր նախարարի համար կապվել Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի տնօրենի հետ և պարզել ճշմարտությունը:
Այսօր էլ դժվար չէ դա անել, պարոն նախարար:
Հավելեմ, որ այս փոխնախարարի ջանքերով պրակտիկորեն մերժվեց նաև տավարաբուծության զարգացման առաջնահերթ խնդիր համարվող, մասնավորի տավարով կամավորության սկզբունքով, խոշորացված, օրինակելի, ուսուցողական, կոոպերատիվ կաթնապրանքային ֆերմա ստեղծելու նախագիծը:
Սակայն պետք էր տեսնել, թե այդ նույն խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավիրած ապրիլյան խորհրդակցությունում այդ նույն փոխնախարարը ինչ եռանդով էր պաշտպանում խոշորացման գաղափարը, երևի ակնկալիքները առարկայական էին:
Անկեղծ ասած, այդ խորհրդակցությունը ինձ վրա ծանր տպավորություն թողեց. ունենք գիտնականների մի հսկա բանակ, մի՞թե նրանք չեն կարող լուծել մեր այդ խնդիրները, և աստղաբաշխական աշխատավարձեր տալով հրավիրում ենք օտարներին, լսելով նաև նրանց կշտամբանքը այդօրինակ խնդիրներ լուծելու մեր անկարողության մասին:
Այս նույն փոխնախարարը իրենից հեռացրեց նաև թռչնաղբից օրգանական, վարակազերծված, գրանուլացված պարարտանյութի արտադրության կազմակերպման խնդիրների քննարումը, դրանց լուծումները, կեղծ տեղեկություններ հաղորդելով վերադասին: Իսկ վերադասն էլ, կառույցի «պատիվը» պահելով, հավատում է իր աշխատակցին. դու ո՞վ ես:
Անկեղծ ասած, երբեմն նախանձում եմ կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, այնտեղ, երբ մեկը ինչ-որ ձայն է հանում, կամ, կոպիտ ասած, «զռռում է», միշտ կա պատասխան:
Գյուղատնտեսության նախարարության հետ մեր հարաբերություններում պատասխանը՝ ձայն բարբառո հանապատի...
Կարող եմ մխիթարվել` ես միայնակ չեմ. ականավոր գիտնական Վահան Համազասպյանի, հայտնի լրագրող Գեղամ Քյուրումյանի բախտակիցն եմ:
Բայց սա այն դեպքը չէ, երբ ընկերովի մահը հարսանիք է:
Պարոն վարչապետ. մի՞թե այսպիսին պետք է լինի գյուղատնտեսության նախարարությունը:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ
Հ. Գ. Առկա խնդիրների լուծումները փնտրենք ոչ թե մարդկանց փոխելով (կյանքը ցույց տվեց, որ դա անօգուտ է), այլ կառավարման համակարգում նորամուծություններ անելով...: