Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արփիում էլ կան արտագաղթողներ ու խոպանչու «մշտական» հանած բնակիչներ

Արփիում էլ կան արտագաղթողներ ու  խոպանչու «մշտական» հանած բնակիչներ
20.12.2016 | 09:25

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍՆ ՕՐԸ ՄԹՆԵՑՆՈՒՄ Է ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՄ ԱՆԱՍՆԱԳՈՄՈՒՄ


Վայոց ձորի Արփի համայնքում կյանքն ընթանում է իր հունով, բայց բավական է մտերիմ զրույցի բռնվես պատահական բնակչի հետ, որ համոզվես, թե այդ «հունը» որքան քարքարոտ է ու բարդ: Գյուղամիջյան ճանապարհների, խմելու, ոռոգման ջրի, աշխատատեղի, հանգստի գոտու, վերականգնման ենթակա համայնքային շենք-շինությունների տարիներով չլուծվող խնդիրները ժառանգած համայնքապետը կամ դրանք փաթեթով կտակում է հաջորդին, կամ լավագույն դեպքում ներառում է իր պարտավորությունների «դավթարում»՝ վերընտրվելուց հետո դրանք իրականացնելու պայմանով: Հայկական բոլոր գյուղերի նման Արփիում էլ կան արտագաղթողներ ու խոպանչու «մշտական» հանած բնակիչներ: Համայնքում չի եղել ոչ գործարան, ոչ կոոպերատիվ, բնակչության հիմնական աշխատատեղը եղել են գյուղապետարանը, դպրոցն ու մանկապարտեզը, մի մասն էլ աշխատել է Եղեգնաձորում: Նշված աշխատավայրերն այսօր էլ կան, իսկ բնակչության գերակշիռ մասն օրը մթնեցնում է հողամասում կամ անասնագոմում: Տարիներ առաջ գյուղում տեղակայված սառնարանային տնտեսությունն այսօր համայնքի բնակիչները չեն շահագործում, սառնարանում պահեստավորելու միրգ ու բանջարեղեն չկա, սառնարանը հիմնականում ծառայում է հարևան համայնքների ֆերմերներին: Արփիի բնակիչներից ոմանք միջպետական ավտոմայրուղու վրա գտնվող շուկայում իրենց բերքի հետ վաճառում են նաև կաթ, մածուն, ձու, չրեղեն, պահածո: Համայնքի բնակչուհիներից մեկի՝ Նվարդ Շահգալդյանի համոզմամբ, եթե շուկան չլիներ, գյուղը սովի կմատնվեր: «Շուկայում մոտ 20 ընտանիքներ առևտրով են զբաղվում, շատերն էլ իրենց ունեցած մթերքը տալիս են, որ հարևանները վաճառեն: Կանայք կան, որ ցերեկն աշխատում են, գիշերը շուկայում առևտուր են անում, որը վարկ ունի, որը քաղաքում սովորող ուսանող ա պահում: Ձեռքներս հազար տեղ ենք գցում, որ կարողանանք ապրել»:

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ՃԱՄՓԱԲԱԺԱՆՈՒՄ


Արփին Վայոց ձորի մարզի ամենաերիտասարդ գյուղն է, հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա: Գյուղի միջով են անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին ու Արփա գետը։ Թվում է, թե կեսդարյա գյուղը քարուքանդ ճամփաների կամ ոռոգման խմելու ջրի խնդիր չպետք է ունենար, սակայն երկուսն էլ խնդիր են, քանի որ ոռոգման նպատակով օգտագործվող խմելու ջրի պաշարները կտրուկ նվազել են: Մինչդեռ կար ժամանակ, երբ գյուղի դիմացի ժայռի վրա գտնվող «Ջրով վանքի» տարածքում բխող և ուխտատեղի դարձած բնական աղբյուրի ջուրը լիուլի բավարարում էր:
76-ամյա Համլետ Հայրապետյանը մտահոգված է գյուղի խնդիրներով, քանի որ 1978-1998 թթ. լինելով Արփիի գյուղապետ, գիտի, թե ինչ է նշանակում հողն առանց ջրի: Հիշում է, երբ 1973-ին գյուղը բնակեցվեց, առաջին գործը որ արվեց, խմելու ջրով ապահովելն էր, քանի որ ջուրը գյուղացուն հողի հետ կապող ամենաամուր օղակն է, և միայն ջուր լինելու դեպքում գյուղացին կարող է մտածել կենցաղային իր մյուս խնդիրների մասին:
-Նորաստեղծ ընտանիքն էլ օգնության կարիք ունի, աման, գդալ ու դանակ չկա, սառնարան ու սալօջախ չկա, գյուղն էլ այդպես է: Ճիշտ է, բնակիչների պահանջները 100 տոկոսով չէինք կարողանում բավարարել, սակայն կենսական անհրաժեշտության հարցերը հիմնովին լուծվում էին: Նորաստեղծ ընտանիքներին, հողատարածք հատկացնելուց բացի, աջակցում էինք նաև շինանյութով, կուբամետրերով տախտակ ու քար էինք հատկացնում: Այդ տարիներին յուրաքանչյուր տուն հեռախոս ունեցավ, 30 տոկոսով լուծվեց փողոցների լուսավորության, ասֆալտապատման հարցերը, Եղեռնի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր տեղադրվեցին,- թվարկում է Համլետ Հայրապետյանն ու ցավով նշում, որ աշխատասեր ու ստեղծարար գյուղացին այսօր սեփական հողի բարիքը չի տեսնում, հարկադրված, իր հողն ու ջուրը թողած, մեկնում է օտար երկիր:


Արդեն ձմեռ է, 98 տոկոսով գազիֆիկացված Արփի գյուղի վրա տանիքներից բարձրացող փայտի ու գոմաղբի ծուխը երկինք է բռնել: Նախկին գյուղապետի խոսքով՝ այն տարիներին ածուխը բերում-լցնում էին գյուղամիջում, որ մարդիկ տանեն վառեն, տաքանան: «Իսկ այսօր հին պագրիշկա ենք ման գալիս, որ կտրատենք, մանրացնենք ու վառենք: Ղեկավարները ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե ածուխ ունենք, եթե կա, բա ո՞ւր ա, բերեք տվեք աղքատ ընտանիքին: Գյուղի 10-15 տոկոսը ոչինչ, կարողանում է ապրել, մնացածը մի կերպ օր է մթնացնում: Բա էս տեսակ ժողովրդին էսպես կպահե՞ն»,- նեղսրտում է Հ. Հայրապետյանը:


ԱՅՍՕՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԱՅԼ ԵՆ


Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արփիի համայնքապետ ընտրված Ռազմիկ Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած համայնքի ղեկավարի գլխավոր նպատակը բարեփոխումների ճանապարհով բնակչության կյանքը բարեկեցիկ դարձնելն է, բայց 29 մլն դրամ կազմող համայնքային բյուջեով շատ հեռուն չես գնա: 2008-2016 թթ. լինելով համայնքի ավագանու անդամ, նա քաջատեղյակ էր համայնքի խնդիրներին, որոնց լուծման համար արդեն որպես համայնքապետ անհրաժեշտ էր ինչ-որ բան ձեռնարկել: ՈՒ նորընտիր համայնքապետը սկսեց անհարկի ծախսերի կրճատումից, ինչի արդյունքում տնտեսվել է 3,5-4 մլն դրամ:
Համայնքապետի խոսքով՝ զբաղվածության հարցն առայսօր լուծված չէ, դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Խմելու ջրի անկանոն բաշխման արդյունքում տարիներ շարունակ համայնքի մի թաղամասում՝ 24, մյուսում՝ 6, մեկ այլ թաղում 4 ժամ ջուր չի լինում: Բնակիչները հրաժարվում են վճարելուց: Թաղամասեր կան, որտեղ ոռոգման ջուրն անհասանելի է, խողովակաշարեր չկան, եղածներն էլ շատ հին են, շահագործման համար ոչ պիտանի, ուստի բնակիչները ոռոգումն իրականացնում են առանց այն էլ սակավ խմելու ջրով: Փողոցների ասֆալտը քայքայված է, մի շարք փողոցներ անանցանելի են, «ձյունն ու սառույցը որ կապեց, ոչ մարդը կարող է անցնել, ոչ մեքենան»:
ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է համայնքային խոշորացման պիլոտային ծրագիրը, որով Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում որոշ գյուղական և քաղաքային համայնքները միավորվելու և կառավարվելու են մեկ կենտրոնից: Ըստ պաշտոնական տեսակետի` այս ծրագրի նպատակը ոչ թե գյուղերի միավորումն է, այլ ռեսուրսների կենտրոնացման արդյունքում կառավարման արդյունավետության բարձրացումը: Վայոց ձորում գործընթացը սկսվել է, իսկ Արփին առաջիկայում կմիանա Գնիշիկ, Աղավնաձոր, Խաչիկ, Չիվա, Ելփին, Ռինդ համայնքներին: Դեռ հայտնի չէ, թե որն է լինելու կենտրոնը: Հարցումներից պարզվում է, որ համայնքների բնակիչներն ու ղեկավարները դժգոհ են համայնքների խոշորացման ծրագրից, թեև այն երկար ժամանակ քննարկվել ու լուսաբանվել է պատկան մարմինների կողմից: Ոմանք կառավարության հետ «չթարսվելու» համար դրական են գնահատել այն, մի մասի համար միևնույն է գործընթացի ապագան, մի մասն էլ պարզապես դժգոհ է: Արփիի համայնքապետը կարծում է, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով էր հաջողված ծրագիրը: «Կարծում եմ, արդյունքում կավելանա գործազրկությունը, քանի որ համայնքներում բավականին հաստիքներ կկրճատվեն: Եվ հետո, ի՞նչ է ստացվում. ես համայնքի գումարները տանեմ տամ կենտրոն համայնքին, հետո մեր գյուղում ծրագիր իրականացնելու համար գնամ նրանից գումար խնդրե՞մ: Եթե ֆինանսական միջոցներն այսօր չեն բավարարում գյուղի խնդիրների լուծման համար, այն ժամանակ էլ չեն բավարարի»,- ասում է նա:

ՃԱՐ ԿԱ, ՃԱՐ ԱՆՈՂ ՉԿԱ


Վերանորոգման ենթակա համայնքապետարանի շենքի 1-ին հարկում «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ բացվեց բուժկետ, պայմանով, որ մարզկենտրոնը պետք է ապահովեր այն սարքավորումներով և դեղորայքով: Թեև այսօր բուժկետի հնարավորությունները սահմանափակ են, չկան ոչ մեկը, ոչ մյուսը, այնուհանդերձ համայնքի ընտանեկան բժիշկ Նեկտար Մարտիրոսյանն անհրաժեշտության դեպքում բնակչությանը բարեխղճորեն ցուցաբերում է առաջնային բուժօգություն:
Համայնքի մտահոգությունը պարարտանյութերի, դիզվառելիքի բարձր գներն են, սերմացուների և գյուղտեխնիկայի անբավարարությունը, ուստի շատերը հրաժարվել են հողագործությունից: Գյուղացու խոսքով՝ 1 տոննա ցորեն ստանալու համար 80-100 հազար դրամից ավելի ծախս է պահանջվում, ծախսերի հաշվարկման արդյունքում պարզվում է, որ վնասն ավելի է, քան օգուտը, ուստի հրաժարվում է ցորեն ցանելուց: Արդյունքում հողերը մնում են անմշակ, ու գյուղացին, վարկային բեռի տակ կքած, աստիճանաբար հեռանում է հողից: Թեև քիչ թե շատ եկամտաբեր համարվող մեղվաբուծությունը կախված է եղանակային պայմաններից, այնուհանդերձ, վարկային պարտավորությունների հարցում վճարունակ համարվող բնակիչներից ոմանք, հողագործությունից հույսները կտրած, զբաղվում են մեղվաբուծությամբ: 1214 բնակիչ ունեցող գյուղում 5-6 տնտեսություն է զբաղվում անասնապահությամբ, մյուսները ֆինանսապես ի վիճակի չեն կամ պարզապես չեն ցանկանում անասուն պահել: Ոմանք հեռանում են Երևան, ոմանք՝ ավելի հեռու, ամուսնությունները քիչ են, ծնունդները՝ նույնպես: Այս տարի գյուղում ընդամենը 5 երեխա է ծնվել:
-Մեր գյուղի կանայք ամեն մեկը մի երեխա է բերում, որ տանը չասեն չբեր ա, ու վերջ: Ի՞նչ ա նշանակում, տանը պարապ նստած ա, դեռ երեխա էլ չի ուզում բերի,- կեսլուրջ, կեսկատակ ասում է Ռազմիկ Վարդանյանը:
Գյուղին հրաժեշտ տալիս վերջին հանդիպած տարեց բնակչի խոսքը տպավորիչ էր.
-Գյուղացին սպասում ա, որ իր գյուղի խնդիրները լուծվեն, նրա համար մեկ ա, թե ով կլինի գյուղապետը, էդ ներքին գզվռտոցը որ լինում ա, ուրեմն էդտեղ անձնական շահերի խնդիր կա: Գյուղապետերը փոխվում են, խնդիրները մնում են չլուծված, էլ չենք էլ սպասում, թե մի բան կփոխվի, մեկ ա, նույն թայֆաբազությունն ա:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Համլետ Հայրապետյան
  • Ռազմիկ Վարդանյան
Դիտվել է՝ 4826

Մեկնաբանություններ