ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԴիջիԹեք բիզնես ֆորումը խելացի լուծումներ առաջարկեց խելացի բիզնեսի համար

ԴիջիԹեք բիզնես ֆորումը խելացի լուծումներ առաջարկեց խելացի բիզնեսի համար
21.06.2016 | 10:35

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը:
Միջոցառումն անցկացվել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Ֆորումի մասնակիցներն էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն:
Այս տարի բիզնես համաժողովում մի ամբողջ հատված նվիրված է եղել ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցության հնարավորությանը։

Մասնավորապես, իրականացվել են ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ մասնագիտական քննարկումներ: Հայ մասնագետները լուծումներ են առաջարկում՝ մշակելու հայկական արտադրության ջերմազգայուն սարքեր, անօդաչու սարքեր և այլն։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ստացված առաջարկները կզեկուցվեն ղեկավարությանը։


Ֆորումի շրջանակներում համախմբվել էին տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները՝ անցկացնելով քննարկումներ, ներկայացնելով գործնական առաջարկներ՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:
Նոր սերնդի ֆինանսաբանկային համակարգի վերաբերյալ մասնագիտական քննարկման գործընկեր Monitis ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշում է, որ իրենք վաղուց են անդամակցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, և միշտ պատրաստակամ են մասնակցելու ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին։ «Թեև ԴիջիԹեք բիզնես ֆորումն ավելի շատ ուղղված է ներքին շուկային, սակայն մենք ուզում ենք՝ մեր ծառայությունները հայտնի լինեն, և մեր նորությունները փոխանցենք ինչպես հայաստանյան շուկայի մեր գործընկերներին, այնպես էլ դրսին։ Մեզ համար կարևոր է նաև տեսնել, թե ինչ լուծումներ կան»։


«Թել-Սել» ընկերությունը ֆորումին ներկայացրել է իր նոր ծառայությունները՝ էլեկտրոնային փողի թողարկումը և դրամական փոխանցումները։ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը նշում է, որ վճարումները գնում են դեպի անկանխիկ եղանակներ, հետևաբար պետք է կարողանալ ընթանալ ժամանակին համահունչ։ Այդ նպատակն է հետապնդում դրամական փոխանցումների, էլեկտրոնային փողերի ներդրումը։
ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա իր խոսքում նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Վերջին տարիներին ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: Այս ոլորտի ընկերություններն այսօր տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք և Հայաստանը մրցունակ դարձնում միջազգային շուկաներում: Վարչապետը ներկայացրել է կառավարության աջակցությամբ Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ հավելելով, որ մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել է 111 նոր ընկերություն, որոնցից 98-ը ստացել է հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ