«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն

Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն
16.06.2016 | 13:29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում:

«Անասնաբուժությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է, որը վերջին տարիներին զարգացում է ապրում նաև Տավուշի մարզում: Ոլորտի զարգացմանն էապես նպաստել է նաև մարզում իրականացվող CARMAC ծրագիրը, որի երկու փուլերի ընթացքում մարզից ընդգրկվել է 25 համայնք: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հեռագնա արոտների ջրարբիացման ուղղությամբ, ստեղծվել են 25 կոոպերատիվներ, որոնք վերազինվել են նոր գյուղտեխնիկայով, այդ թվում` շուրջ 21 անիվավոր տրակտորներով», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սերգո Կարապետյանը նաև նշել է, որ CARMAC 2 ծրագրում, որի երկրորդ փուլը շարունակվելու է մինչև 2019 թվականը, նախատեսվել է ընդգրկել 100 համայնք, սակայն ինչպես և առաջին ծրագրի դեպքում ակնկալվում է նախատեսվածից ավելի շատ շահառուներ ունենալ:

«Արդյունքում` մեր լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, և մեր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար: Բացի այդ, տրամադրված գյուղտեխնիկայի շնորհիվ նաև մսուրային շրջանում հնարավորություն կլինի կենդանիներին անասնակերով ապահովելու», – ընդգծել է նախարարը: CARMAC ծրագրով անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմվել նաև Արագածոտնի Արտաշավան, Սյունիքի Խնձորեսկ և Գեղարքունիքի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել ևս չորս նմանատիպ կենտրոն: Ծրագրի շրջանակում կենտրոններն ապահովվում են անասնաբուժության և արհեստական սերմնավորման սարքավորումներով, անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով: Ընդհանուր առմամբ, ներկա պահին տարբեր միջազգային ծրագրերով հանրապետությունում կառուցվել է 15 սպասարկման կենտրոն: Այնուհետև նախարարն այցելել է Տավուշ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ: Կոոպերատիվում ընդգրկված են 67 ֆերմերային տնտեսություններ: Նախագահ Արթուր Գյուրջինյանը տեղեկացրել է, որ կոոպերատիվի գործունեությունը 2015 թվականին նախապատրաստական փուլում էր, իսկ ընթացիկ տարում այն արդեն սկսել է գործել: Գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է համապատասխան գյուղտեխնիկա: Անդրադառնալով կոոպերատիվների շարժման կարևորությանը` նախարարը շեշտել է, որ համատեղ աշխատանքը թույլ կտա թեթևացնել գյուղացիների հոգսերը և մեծ արդյունավետություն կապահովի, իսկ պետության կողմից կոոպերատիվներին կտրամադրվի համապատասխան օժանդակություն:

Մասնավորապես, կոոպերատիվներին ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ CARMAC 2 ծրագրի միջոցներով կտրամադրվի անհրաժեշտ գյուղտեխնիկա: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ այս աջակցությունը զգալիորեն կնպաստի երկրում անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

Դիտվել է՝ 3436

Մեկնաբանություններ