Եթե ԱԺ ընդդիմությունը դեմ չլիներ, ապա կառավարությունը երեկվա նիստում ստիպված չէր լինի կրկին ընդունել «Հրազդանցեմենտին» հարկային և պարտադիր սոցիալական վճարների պարտքերից առաջացած 504 մլն 923,4 հազար դրամի տույժ-տուգանքները զիջելու մասին որոշումը: Եթե ԱԺ ընդդիմությունը դեմ չլիներ, արդեն մեկ շաբաթ գործարանը կաշխատեր, մոտ 500 աշխատող զբաղված կլիներ իր գործով՝ լուծելով հացի խնդիրը: Սակայն այս իրականության հետ հաշվի չնստեց ընդդիմությունը՝ ԱԺ քառօրյայում դեմ քվեարկելով: Սակայն ինչի՞ն է դեմ: Խոսքը ոչ թե պարտքերի, այլ տույժ-տուգանքների մասին է, և նոր սեփականատերը՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկը», հիմնական պարտքի մարումից չի խուսափում: Ստացվում է, որ մեր ընդդիմությունը նպաստում է ոչ միայն գործարանի փակվելուն և գործազրկության թվի ավելացմանը, այլև «Արարատցեմենտի» համար շուկայում մենաշնորհային դիրքն ամրապնդելու պարարտ հող է ստեղծում: Ինչպիսի՞ն կլինի այս անգամ ԱԺ ընդդիմության դիրքորոշումը, կհաստատի՞ գործադիրի այս որոշումը, մոտ ապագայում պարզ կլինի, սակայն այս պահին փաստ է` չի կարելի վերացնել մի ամբողջ համալիր, որը կարևոր նշանակություն ունի շինարարական նյութերի արտադրության և տնտեսության զարգացման գործում:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ մայիսի 10-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու այս հարցի առնչությամբ: «Վերևից» հրահանգված է, որ ոչ մի պատգամավոր չբացակայի, որ օրենքի ընդունումը հերթական անգամ չտապալվի:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ