Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Տնտեսության շարժիչ ուժը արդյունաբերությունն է, այն ուղղորդող գիտական և ինժեներատեխնիկական ներուժը

Տնտեսության շարժիչ ուժը արդյունաբերությունն է, այն ուղղորդող գիտական և ինժեներատեխնիկական ներուժը
05.02.2016 | 00:10

Ֆիզիկոսի մասնագիտությամբ տաքսու վարորդ եմ աշխատում հեռավոր ՌԴ Կալինինգրադ քաղաքում: ՈՒշի ուշով հետևում եմ մեր հանրապետությունում կատարվող գործընթացներին՝ հատկապես տնտեսության բնագավառին վերաբերող զարգացումներին՝ հայրենիք վերադառնալու ակնկալիքներով: Ինձ ստիպեց գրել ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ «Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է» (Իրատես», թիվ 3) հրապարակումը։


Գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի տնտեսական ճգնաժամը, որի ապացույցն է 5 մլրդ դոլարի պարտքի սահմանագծի հատումը: Այսօր մեզ անհրաժեշտ են մրցունակ ինովացիոն տեխնոլոգիաներ և բրենդային տնտեսական ուղղություններ: Համոզվել եմ, որ նրանցից մեկը կարող է դառնալ արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ուղղությունը, որի մասին վերջերս հաճախակի է ԶԼՄ-ներով բարձրաձայնում խորհրդային գիտա-ինժեներական դարբնոցով անցած, ֆ. մ. գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Շատ լավ գիտեմ Համազասպյանին Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորումում համատեղ աշխատանքային տարիներից: Հաշվի առնելով նրա բարձրակարգ մասնագիտական կարողությունները և անցած տարիների գիտա-ինժեներական իր մշակույթը՝ ռիսկային չեն համարվում նրա նորանոր մշակումները: Կասկածի տակ չեն դրվում նաև հայրենանվեր անկեղծ մղումները:
Ծանոթ եմ նրա արևային էներգիայի խտացուցիչներին՝ հելիոհամակարգերին: Աբովյան քաղաքի փորձակայանում մասնակցել եմ նրանց փորձարկումներին և համոզվել, որ նրանք ունեն հեռանկարային մեծ հնարավորություններ: Համոզված եմ, որ նման տեսակի բազմաֆունկցիոնալ մշակումները կարող են նոր որակի բերել տխուր վիճակում հայտնված հանրապետության տնտեսությունը:
Նորություն չէ, որ տնտեսության շարժիչ ուժը արդյունաբերությունն է, այն ուղղորդող գիտական և ինժեներատեխնիկական ներուժը: Նրանք իրենց վճռորոշ խոսքն են ասում հատկապես ճգնաժամային և օրհասական պահերին: Հիշենք.
. Անգլիայի կապիտուլյացիան անխուսափելի էր 2-րդ համաշխարհայինի ժամանակ, եթե Չերչիլը հեռատեսություն չունենար, չընդուներ իր գիտնական Է. Տիզարդի առաջարկը և չկազմակերպեր ռադարների գործարկումը:
. ԱՄՆ-ը չէր ունենա առաջին ատոմային ռումբը և գուցե չդառնար գերտերություն, եթե պրեզիդենտ Ռուզվելտը չլսեր իր մեծ գիտնական Ա. Էյնշտեյնին:
. ԽՍՀՄ-ը հաշված տարիների ընթացքում պատասխան ատոմային, այնուհետ ջրածնային ռումբեր չէր ունենա, եթե Ստալինը մոմի լույսով չփնտրեր իր մեծանուն գիտնականներին և ինժեներներին, նույնիսկ աքսորից «հետ կանչելով» Կորոլյովին, չստեղծեր փակ քաղաք Արզամաս-16-ը և «չօգտագործեր» այդ հզոր ուժը:
Այսօր դեռևս ունենալով բազմաբնույթ գիտա-ինժեներական, ինչու չէ նաև բանվորական լուրջ ներուժ, օգտագործելով այդ մեծագույն ազգային արժեքը և ճիշտ գնահատելով մեզ համար շատ նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներն ու խնդիրները՝ կարող ենք տնտեսական և քաղաքական առումով զգալի առաջընթաց արձանագրել, ինչպես իր մի հոդվածը Վահան Համազասպյանը վերնագրել էր «Թույլիկ զինվորից կդառնանք անցողիկ զինվոր»:
Հանրապետության բարձրադիր մարմինների և գործարար շերտի սեղանին է դրված տնտեսության համակողմանի զարգացման մի ծրագիր. ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ՝ «Արևային էներգիայի մասսայական օգտագործում՝ հելիոֆիկացիա»: Կարծում եմ՝ այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է կիրառել հետևյալը.


1. Պետական մակարդակ
ա) մինչև 50 կՎտ ջերմային հզորությամբ արևային էներգիայի խտացուցիչների և արևային չորանոցների՝ գյուղական բնակավայրերում կառուցման գաղափարի քննարկում բարձր մակարդակով՝ կոմպետենտ մասնագետների մասնակցությամբ:
բ) Դրական կարծիքների արձանագրման դեպքում ուղղությունը ներառել կառավարության ընդունած ռազմավարական ծրագրերի ցանկում:
գ) Որևէ ֆինանսական աղբյուրի (պետբյուջե, տարբեր հիմնադրամներ, ծրագրեր) ֆինանսավորմամբ կառուցել թեկուզ մեկական փորձնական նմուշներ:
դ) Մոնիտորինգի և փորձարկումների դրական արդյունքներ ստանալուց, ռիսկերը գնահատելուց հետո արևային այդ համակարգերն ու չորանոցային համալիրները ներկայացնել «արտադրողին» (նոր կազմակերպվող կոոպերատիվներ, գործարար շրջանակ, մասնավոր հատված, պետական տարբեր օղակներ): ՈՒղղության արագ և դինամիկ զարգացման համար սխալ չէր լինի, որ հիմնական բաժնետերը լիներ պետությունը: Իսկ ինչո՞ւ ոչ:

2. Ոչ պետական մակարդակ
Վերջերս հեռուստազրույցներից մեկում հայտնի գործարարներից մեկին ուղղված հարցին՝ «այդքան բիզնեսներ ունենալով հանդերձ Դուք ռազմավարական ուղղվածության ի՞նչ բիզնեսներ ունեք», նա ըստ էության ոչինչ չկարողացավ պատասխանել: Համոզված եմ, որ նման շատ մեծահարուստներ դիվանագիտորեն կշրջանցեին այդ դաժան հարցը:
Առաջարկվող ծրագիրը իրատեսական բիզնես է: Ակնհայտորեն հեռանկարային է, կունենա իր շարունակականությունը ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ղարաբաղում, Իրանում և այլ երկրներում:
Պարոնայք Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, նվիրյալ գործարարներ, դուք հայրենանվեր մեծ ներդրումներ ունեք և հիմա էլ շարունակում եք սատար կանգնել հայությանը, բոլորս տեսնում ենք այդ: Գյուղը մղձավանջի, քայքայման մեջ է. արևային չորանոցը կարող է նոր շունչ ու հնարավորություն հաղորդել գյուղացուն՝ օգնելով իրացնել իր իսկ աճեցրած բերքը արևային տեխնոլոգիայով մշակված չրեղենի տեսքով:
Պարոնայք, շարունակենք օգնել գյուղին, աշխատողին նաև նշված ծրագրի իրականացմամբ,
-փորձենք Հայաստանում կազմակերպել արևային տեխնիկայի արտադրություն և մասսայական կիրառում,
-փորձենք կառուցել փորձնական և արտադրական նմուշներ և կազմակերպել արևային սննդամթերքի շուկա:
Դժվարը սկիզբն է. բիզնեսի հետագա քայլերն ու քերականությունը դուք բոլորից լավ եք արժևորում:


Լյուդվիգ ԱՆՏՈՆՅԱՆ
ք. Կալինինգրադ

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ