Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գազի գնի նվազումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին

Գազի գնի նվազումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին
26.01.2016 | 01:26

«Մեզ համար անսպասելի էր, որ վարչապետը մինչ մեր խնդիրը լսելը արդեն սկսել էր բանակցությունները ՌԴ-ի հետ գազի սակագնի նվազեցման շուրջ։ Եթե այդ խնդիրը լուծվի, դա լուրջ խթան կհանդիսանա մրցակցության ապահովման հարցում»,- մեզ հետ զրույցում ասացին մի խումբ գործարարներ։
Եվ այսպես, գազի սակագնի նվազեցման շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների մեկնարկը տրված է։ Ինչպիսի՞ն կլինեն արդյունքները. հարց, որի պատասխանին շունչները պահած սպասում են ոչ միայն գործարարներն ու տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաները, այլև բնակչությունը։ Գաղտնիք չէ, որ էներգակիրներն անփոխարինելի դեր ունեն տնտեսության մեջ. նրանք կյանքի շարժիչ ուժերից մեկն են, և այդ տեսակետից պատահական չէ, որ միջազգային շուկայում էներգակիրների գնի նվազումը իսկական քաոս է առաջացրել աշխարհի տնտեսությունում։ Ինչպես կզարգանան իրադարձությունները սև ոսկու միջազգային շուկաներում՝ կանխատեսել դժվար է, սակայն այն, որ էներգակիրների գների նվազման արդյունքում արժեզրկվում է ոչ միայն ՌԴ-ի, այլև մի շարք զարգացած երկրների ազգային արժույթը, առանց կանխատեսելու էլ պարզ է և տրամաբանական։
Ստեղծված իրավիճակը, ինչ խոսք, բացասաբար պետք է ազդեր նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ այն ավանդաբար և սերտորեն կապված է ՌԴ-ի շուկաների հետ։ Նկատենք, որ ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում այս գործոնը կա, հետևաբար յուրաքանչյուր երկիր պետք է փորձի լուծումներ գտնել։ Սակայն ինչպե՞ս։ Սա, թերևս, գլխավոր հարցերից մեկն է։
Ի դեպ, գուցե և այսօր ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, խիստ ցավոտ չզգային էներգակիրների գնի նվազման հարվածը, եթե ժամանակին՝ անցած տարի, ականջալուր լինեին, ընդունեին Հայաստանի առաջարկը։ Հիշեցնենք. 2015-ին Բելառուսում կայացած ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ռազմավարական նշանակության ապրանքների, մասնավորապես էներգակիրների փոխադարձ առևտուրն իրականացնել ռուբլով։ Ցավոք, այս առաջարկի դրական հեռանկարը ժամանակին լիարժեքորեն չընկալվեց։ Բայց, ինչպես ասում է ժողովուրդը, ավելի լավ է ուշ, քան երբեք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է արդեն խոսում ազգային արժույթով առևտուր իրականացնելու կարևորության մասին. «Ազգային արժույթը պետք է օգտագործել նաև այն երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ ակտիվ առևտուր է իրականացվում»։ Եթե ազգային արժույթով առևտուրը կարևորում է Ռուսաստանը, ապա կարելի է ենթադրել, որ գազի սակագնի նվազեցման շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև ընթացող բանակցություններում դրական արդյունք կարող է լինել։ Դրական ասելով ամենևին նկատի չունենք կոնկրետ սակագնի նվազեցումը։ Չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվի գազը գնելու ռուբլով։ Այս սցենարը ևս լուրջ ձեռքբերում կլինի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և բիզնեսի զարգացման վրա։
Հարկ է նկատել, որ ՌԴ-ից ռուբլով, ոչ թե արտարժույթով գազ ձեռք բերելը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Չմոռանանք, որ սև ոսկու միջազգային գնի անընդհատ նվազումը լուրջ խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի ֆինանսական շուկայում, ինչի պատճառով ռուսական ռուբլին գնալով արժեզրկվում է։ Այս պայմաններում ԵԱՏՄ երկրների միջև էներգակիրների առևտուրը ռուբլով իրականացնելու քաղաքականությունը լուրջ խթան կլինի նաև Ռուսաստանի տնտեսության համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ