Կարծես այլևս չկա որևէ կասկած, որ քրեաօլիգարխիկ մեր իրականությունը 3-րդ հանրապետության կառավարիչների հեռանկարային ծրագիրն էր, իրականություն, որը երկու հարթություն ունի` վերնաշենք և կիսանկուղներ, ուր պետությունն իր օրենսդրությամբ և օրենսդիրներով, դատարաններով և դատավորներով, գույքով և կայքով սպասարկում է խոշոր սեփականատերերի շահերը, մնացած հասարակական բազմադեմ հատվածները պարզապես ցանկալի հենարան են նրանց համար, անհրաժեշտության դեպքում էլ կենդանի հումք։
Երբ երկրում ազատականացվեց տնտեսությունը, և կանաչ լապտերները լուսավորեցին ձեռներեց մարդկանց ճանապարհները` մասնակցելու անկախ հայրենիքի տնտեսության վերելքին, ի հայտ եկավ հասարակական մի շերտ, որին ցավով, թերևս պայմանականորեն, կոչենք անուղղելի լավատեսների հանրային դաս։ Հանրահայտ է, անուղղելի լավատեսներն ազնիվ են իրենց ձեռնարկներում, բայց չէ՞ որ մարդակեր ջունգլիներում այլ է կենսադաշտը, այնտեղ շերխանական բարքերն են դրության տերը և, ի զանազանում բնական ջունգլիների, մաուգլիները հոշոտվում են հենց խանձարուրում։
Բաժնետիրական ընկերությունները, ըստ էության, պետական հարստության քիչ թե շատ հավասարակշիռ բաշխման (այստեղ բնավ տեղին չէ գործածել «արդարացի» բառը, քանզի դեռ թարմ է մեր հիշողությունը` կապված կապիտալի նախնական կուտակման վայրագ գործընթացների հետ, երբ խորհրդային ահռելի տնտեսության ձևաչափով անգամ առաջնակարգ գիտաարդյունաբերական համալիրը օտարվում էր ազգային ունեցվածքից` մեկ հաստոցի գնով) հնարավոր հանգրվաններն էին։ Այս գիտակցությամբ շատերը աչքի լույսի պես պահպանած դրամագլուխները փորձեցին ի նպաստ դնել երկրի զարթոնք ապրող տնտեսությունում, միաժամանակ արժանի դիրք գրավել հանրային նորաբնույթ կացութաձևում։ Ահա այս գիտակցությամբ է «Երեկոյան Երևան» թերթի աշխատակից ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 1995-ին դիմում Երևանի աճուրդի կենտրոն և ձեռք բերում այդ տարիներին արդեն բավականին շահութաբեր մի քանի ընկերությունների բաժնետոմսեր` «Աբովյանի գարեջրի գործարանից» 20 բաժնետոմս ¥յուրաքանչյուր բաժնետոմսը բավականաչափ հուսալի կշիռ ուներ` 10000 դրամ, ընդհանուր առմամբ 200000 դրամի բաժնետոմս¤, նմանապես նա գնում է «Երևանի հրուշակեղենի կոմբինատի» 22 և «Արտաշատի գինու, կոնյակի գործարանի» 66 բաժնետոմս, դարձյալ 10000 դրամ անվանական արժեքով։ Ընդհանուր առմամբ նա ձեռք է բերում 108 բաժնետոմս։ Դժվար չէ հետին թվով խելահաս գտնվելը, սակայն չափազանց ծանր է գայթակղության քարը, ու եթե այն քիչ տեղաշարժենք, լիուլի կպարզենք, որ Գևորգի նման մեր դյուրահավատ շատ քաղաքացիներ կարող էին արդար աշխատանքի արգասիք դրամագլուխ ներդնել որևէ արտասահմանյան ընկերության հաշվեկշռում և 108 բաժնետոմսի փոխարեն թեկուզ 2 բաժնեթուղթ ձեռք բերել, որոնք, սակայն, խարդավանք չէին պարունակի և ապրուստի մշտական աղբյուր կդառնային։ Այստեղ տեղին է հիշել, որ Գևորգ Մուրադյանը 1 մլն 80 հազար դրամի բաժնետոմս է գնել խնայված գումարներով։ Տեղին է փաստել, որ Գևորգը 1980-ականներին «Երեկոյան Երևան» օրաթերթի երջանկահիշատակ խմբագիր Կամո Վարդանյանի միջամտությամբ գործուղվեց Մոնղոլիա և 3,5 տարի քրտնաջանորեն աշխատեց այնտեղ։ Սա ի միջի այլոց։
Սկսենք «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ից։ Քաղաքացու քսան բաժնետոմսը աճպարարության է ենթարկվում, ինչպես կրկեսում է ծաղրածուն «կուլ տալիս» կարմրակատար մի աքաղաղ և քթանցքից դուրս հանում դժգույն մի թիթեռնիկ, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը 10 հազար դրամից տասնապատիկ նվազում է և դառնում հազար դրամ, 20 բաժնետոմսն էլ միևնույն տրամաբանությամբ դառնում է երկու բաժնետոմս։ Այսինքն` ենթադրելի է, որ գարեջրով հանրապետության շուկայի 1/3-ը հեղեղող ԲԲԸ-ն սնանկացման եզրին էր և ստիպված էր նման նահանջ արձանագրել։ Սնանկությունը, անշուշտ, առկա էր, միայն թե բարոյականության ոլորտում։ Ինչևէ, վերոնշյալ դեպքը ցավալիորեն եզակի չէր, և 2000-ին ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովը լուսարձակում է վերոնշյալ ընկերության գործունեությունը և պահանջում է գործել օրենքի շրջանակներում, այն է` գրանցվել արժեթղթերի հանձնաժողովում և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում։ Այսինքն` պետական հեղինակավոր այս մարմինը փաստում է, որ «Աբովյանի գարեջրի գործարանը» մինչ այդ անօրինականության դաշտում է գործել։ Վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորում է նրանց գործունեությունը ծավալել թափանցիկ, հասանելի բոլոր բաժնետերերի համար։ Պատասխանը չի հապաղում, պատասխանը հիմնավորում է ԲԲԸ-ի գերնպատակը` հնարավորինս արագ ձերբազատվել անցանկալի շահառուներից, դառնալ ջրի գնով ազգային-պետական սեփականությունից ձեռք գցած յուղափթիթ կտորի միանձնյա տեր ու տնօրեն։ ՈՒ մինչ մեր բուն պատմությանն անցնելը ամփոփ ներկայացնենք տարաբախտ բաժնետիրոջ ոդիսականի այս հատվածի վերջին փուլը։ Ի վերջո, Գևորգը նամակ է ստանում Կոտայքի տարածքի նոտարական գրասենյակից, որում ասվում է, թե նրա անվամբ նոտարի դեպոզիտ հաշվին է գրանցվել 57245 դրամ։ Սա ծաղր է, քանզի չէ՞ որ վերոնշյալ գարեջրագործարանը ոչ միայն լիացրել էր տեղական շուկան, այլև գարեջուր էր արտահանում, միջազգային մրցանակներ էր շահում, հանդիսախաղերում ծփում էր և սեփական դրամագլուխը բազմապատկում։ Իսկ գլխավոր սեփականատեր Ծառուկյանը երբևէ մտածե՞լ էր մրցանակային գարեջուրն ըմպելու հոգեպարար պահին, որ իր տնօրինած ձեռնարկությունը զբաղվում էր ֆինանսական մեքենայություններով։ Դժվար թե։ Բայց գուցե նա այսօր փորձի՞, թեկուզ հետին թվով, վերականգնել արդարությունը և արդարացնել այն վեհապանծ կարգախոսները, որոնք հանրահռչակում է զօր ու գիշեր ի Հայաստան և ի սփյուռս։ Մեկ ուղերձ ևս Ծառուկյանին. հարգարժան բարեպաշտ և ժողովրդավար, հիշի՛ր, որ վճարելով Գևորգ Մուրադյանին 57245 դրամ 20 բաժնետոմսի դիմաց, յուրաքանչյուր բաժնետոմսը գնահատել ես 2862 դրամ 20 լումա։ Եվ սա է քո խոսքի իրական արժեքը։
Վերոնշյալը, սակայն, չարյաց փոքրագույնն է, շատ ավելի ծանրակշիռ է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանի» մեքենայությունների շղթան։ Այստեղ Գևորգ Մուրադյանը ձեռք էր բերել 66 բաժնետոմս, գործարանի ընդհանուր սեփականության 0,5 տոկոսը։ Նշյալ գործարանի բաժնետերերի խորհուրդը առհասարակ ավելորդ է համարել որևէ ժողով հրավիրել և, բաժնետերերին գործերի ընդհանուր վիճակին ծանոթացնելուց զատ, նաև վճարել բաժնետիրական գումարները։ Ի դեպ, շահույթով աշխատող այս գործարանի գլխավոր բաժնետերն էր ՀՀ ԱԺ ներկա նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում ձեռքում էր կենտրոնացած ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը։ Այլ նյութի թեմա է ճշտելը, թե որտեղից է հարգարժան պարոն Աբրահամյանին հաջողվել բաժնետոմսերի նման հսկա մասնաբաժնի տեր դառնալ, չէ՞ որ և՛ խորհրդային, և՛ հետխորհրդային տարիների առաջին փուլում նա միանգամայն «անշառ», ավելի հայեցի ասած, հակառակ Գևորգ Մուրադյանի, շատ աննշան գործերով է զբաղվել։ Եվ հուսանք (չնայած հույսերը չնչին են), որ նա ևս կանդրադառնա մեր հրապարակմանը։ 2002-ի հունվարից «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կառավարումն իրականացնող Լյովա Արզաքանցյանը գործը հետաքննող լրագրողին (Մարիամ Ստեփանյան) հավաստիացնում է, որ ընկերության գործերն ամենևին էլ վատ վիճակում չեն, մասնավորապես, որ իրենց տեսականու 95 տոկոսն իրացվում է ռուսական շուկայում։ Այսպիսով, գործարանը շահույթով է աշխատում, գլխավոր բաժնետերը տասնապատկում է իր կապիտալը, իսկ, այսպես կոչված, «եղանակ չստեղծող» 2 տոկոս բաժնեմասի տերերին հուսալիորեն մոռանում։ Լյովա Արզաքանցյանը խոստովանում է, որ խնդիրը հնարավոր է լուծել 2 տոկոս (այդ թվում` Գևորգ Մուրադյանին պատկանող) բաժնետոմսերի գնմամբ` գլխավոր բաժնետեր և այն տարիներին ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի միջոցով։ Տարածքային կառավարման նախարարը նման «մանրուքով» զբաղվելու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ, անկեղծ լինենք, տրամադրություն, նա զբաղված էր Արտաշատի տարածաշրջանի բարեբեր տարածքների «վերաձևմամբ»։ Բայց գուցե ես սխալ եմ, գուցե նա զօր ու գիշեր, անշուշտ, աշխատանքից ազատ ժամերին, գլխահակ տքնում էր ու փորձում լուծումը գտնել, այն է` 2 տոկոս բաժնետոմսերի դարակազմիկ թնջուկը լուծել...
«Հայաստանի Հանրապետություն
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
19 փետրվարի, 2014 թ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 130-132, 140-րդ հոդվածներով, դատարանը
Վճռեց
Մանե Մուրադյանի հայցն ընդդեմ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, երրորդ անձ Գոհար Սարգսյանի` Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին մերժել։
Դատավոր` Ելենա Քոչարյան»։
Կեցցե՛ս, Ելենա Քոչարյան, քանզի հավատարիմ ես ներկա քաղաքական ուժակենտրոնների որդեգրած գերակայությանը, այն է` խոշոր սեփականատերերը Հայաստանում անսխալական են, եթե անգամ ակնհայտ հանցավոր են և անվերապահ գանձագող։ Ի՜նչ կարող ես անել, եթե դատարանը խճճելով գործի ընթացքը, այն միայն արդի հայ դատաիրավական ատյաններին հասկանալի հանգրվան է հասցնում և մերժում հայցվորին։ (Գևորգ Մուրադյանը մահացել է տասը տարի առաջ, Մանե Մուրադյանը նրա դուստրն է, Գոհար Սարգսյանը` կինը)։
Ի՞նչ է պարզել հարգարժան դատարանը ձեռամբ պատվարժան դատավորի։ Դրվագենք. Գևորգ Մուրադյանի մահից հետո ինքը (այսինքն` Մանե Մուրադյանը- ծանոթ.` հեղինակի) և մայրը` Գոհար Սարգսյանը, դիմել են ՀՀ կենտրոնական տարածքի նոտարական գրասենյակ ժառանգություն ստանալու համար։ Կենտրոն տարածքի նոտար Ալվարդ Մելքումյանի կողմից 2006-ի հունվարի 24-ին ստացել են ժառանգության վկայագիր։ 2012-ին նա հոր փաստաթղթերի միջից գտել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ-ի 66 հատ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմս ունենալու հավաստագիրը։
2012-ին կրկին դիմել է Կենտրոն նոտարական տարածքի գրասենյակ` ժառանգությունը վերաձևակերպելու համար։
Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից հարցում է արվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա` Գևորգ Մուրադյանին պատկանող «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ԲԲ ընկերության սեփականության տեղեկանք ստանալու համար։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` 29.11.2012-ի գրությամբ տեղեկացրել են, որ Գևորգ Մուրադյանը վերոնշյալ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեգիստրում գրանցված չէ։ Վերոնշյալից պարզվում է, որ պատասխանող ընկերությունը Գևորգ Մուրադյանին պատկանող բաժնետոմսերը չի ներկայացրել Հայաստանի կենտրոնական ռեգիստր գրանցման։ Այսինքն, ուղղակի ոտնահարել է օրինականությունը։ Մի իսկական գլուխգործոց-գլուխկոտրուկ է պատասխանողի ներկայացուցիչ Վահե Մուրադյանի «Առարկությունների» հետևյալ, ըստ նրա` վճռորոշ հատվածը. «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲ ընկերության կանոնադրության 5.2 կետի համաձայն` ընկերության բաժնետոմսերի քանակը կազմում է 15648 հատ սովորական անվանական բաժնետոմս, իսկ «Արմսվիսբանկ» ՓԲ ընկերության կողմից 07.05.2013-ին կազմված` 06.05.2013-ին գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն` «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲ ընկերության 15648 հատ բաժնետոմսերի 100 % գրանցված սեփականատերն է հանդիսանում Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը։ Այստեղից հետևում է, որ անհիմն է հայցվորի այն պնդումը, թե ընկերության հայցվորի իրավանախորդին պատկանող 66 (վաթսունվեց) հատ բաժնետոմսերը չի ներկայացրել դեպոզիտարիա գրանցման, քանի որ ընկերության 100 % բաժնետոմսերի (15648 հատ բաժնետոմս) սեփականատերն է հանդիսանում Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը։
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ հայցը մերժել»։ Այստեղ են ասել` լա՞մ, թե՞ խնդամ։
Ամենայն հավանականությամբ, դատարանը խիստ հուզվել է Մուրադյան Վ.-ի այս գրոհային անկեղծությունից, զենքերն անմիջապես վայր է դրել, վերոնշյալ «բացատրությունը» համարել է միանգամայն բավարար հիմք և վճիռ է կայացրել հօգուտ գործարանի նոր սեփականատիրոջ։ Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ հուզումը խիստ ազնիվ զգացմունքներից է դրդված, այն է` ամեն կերպ պահպանել նորանկախ հանրապետության տնտեսության փարոսներից մեկի` գինու և կոնյակի գործարանի և նրա միանձնյա տեր-տիրական Սամոդելկինի շահերը։ Եվ, անշուշտ, Ելենա Քոչարյանը իր կայացրած այս վայ-վճռի` «Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումները» մասում ինչ-ինչ հիմնավորումներ է ներկայացրել, որոնք պիտի արժանանան հարգարժան պարոն Հրայր Թովմասյանի ուշադրությանը։ Բայց չէ՞ որ Գևորգ Մուրադյանը այդպես էլ չի վայելել իր աշխատանքի պտուղները, այսինքն` չի ստացել որևէ շահույթ։ Բայց մի պահ հապաղենք. վճռի վերոնշյալ մասում ահա թե ինչ է լուսաբանվում. «06.07.1999-ին գրանցված «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ կանոնադրության 5.2 կետի համաձայն` ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 156450000 ՀՀ դրամ, որը կազմում է 15648 հատ սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 դրամ։ Բոլոր 15648 բաժնետոմսերը տեղաբաշխված են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից»։ Գևորգ Մուրադյանի իրավահաջորդների պահանջը այս ծով հարստության մեջ մեկ բուռ ջուր է, որը, սակայն, զարմանալի համառությամբ հրաժարվել են տալ թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ Միխայիլ Սամոդելկինը։ Այս ի՜նչ համառություն է, խոցված արժանապատվությունն է գլուխ բարձրացրել, այն արժանապատվությունը, որը խիստ բնորոշ է արդի սեփականատերերին, այն է` ամեն գնով ունեզրկել հասարակ քաղաքացուն։ ՈՒնեզրկել և ստորացնել։
Մի խոսքով, սույն վճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Մեզ էլ ի՞նչ է մնում. ճի՛շտ եք` ուշի ուշով հետևել սույն ոդիսականին և պաշտպանել քաղաքացու շահերը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ