«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պատասխանում է գյուղատնտեսության նախարարը

Պատասխանում է  գյուղատնտեսության նախարարը
17.02.2014 | 22:54

«Իրատես de facto»-ի թիվ 7(505) համարում մեր մշտական ընթերցող Վիուլ Հովհաննիսյանն ուղերձ էր հղել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ «Հողն անտերության չպետք է մատնվի» վերնագրով։ Ստորև ներկայացնում ենք վերջինիս պատասխանը։

Հարգելի պարոն Հովհաննիսյան։
Նախապես ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում բավականին բարձր հիմքերի վրա է դրված քաղաքացիների գրավոր ու բանավոր դիմումներին պատշաճորեն և սահմանված ժամկետներում պատասխանելու հարցը: Դեռևս 2011 թվականին նախարարությունում ստեղծվել է «Շտապ օգնություն» ծառայություն, որի 54-19-68 հեռախոսահամարով ամեն օր հանրապետության տարբեր մարզերից գյուղատնտեսությանն առնչվող հարցերով մեզ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ ու մասնագետներ: Նշված թեժ գծով ստացված բողոք-դիմումներին ընթացք է տրվում սահմանված ժամկետներում և օպերատիվորեն: Նախարարությունում ստացված դիմումներն ու բարձրացված հարցերը սեղմ ժամկետներում ուսումնասիրվում և քննարկվում են համապատասխան վարչություններում, նախապատրաստվում է պատասխանի նախագիծ և ներկայացվում ոլորտը համակարգող փոխնախարարին: Ներկայացված նախագծի հետ համաձայնության դեպքում վերջինիս կողմից էլ ստորագրվում է քաղաքացուն հասցեագրված պատասխանը: Հարկ ենք համարում նաև նշել, որ ներկայումս նախարարությունում ներդրվել է էլեկտրոնային գործավարության այնպիսի համակարգ, որ նույնիսկ փոխնախարարի ստորագրած նամակներն ու գրությունները չեն կարող առաքվել առանց նախարարի համաձայնության: Այնպես որ, ցանկացած նամակի կամ բարձրացված հարցի վերաբերյալ քննարկումների արդյունքներին ընթացք է տրվում ամենաբարձր մակարդակով: Այլ բան է, որ երբեմն այդ պատասխանները կարող են չբավարարել կամ մասամբ բավարարել դիմումատուներին:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր մտահոգություններին, մասնավորապես Արարատյան դաշտում հողերի օգտագործման վիճակին, տեղեկացնում ենք, որ նախարարությունը լրջորեն մտահոգված է մեր սակավահող երկրում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի չօգտագործման կամ ոչ արդյունավետ օգտագործման խնդիրներով: Ընդամենը մի քանի տարի առաջ հանրապետությունում առկա 448,4 հազ. հեկտար վարելահողերի շուրջ 37 %-ը նպատակային չէր օգտագործվում:
Նկատի ունենալով հարցի կարևորությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են հանրապետության տարբեր համայնքներում վարելահողերի չօգտագործման պատճառները: Դրանք բազմաթիվ են և բազմաբնույթ: Նախարարությունը դրանցից առանձնացրել է կարևորները, որոնցից հիմնականներն են`
-ցածր եկամտաբերությունը,
-շրջանառու միջոցների անբավարարությունը,
-գյուղատնտեսական տեխնիկայի անմատչելիությունը,
-ոռոգման ջրի անհասանելիությունը կամ անբավարար մատակարարումը,
-հողի բերրիության ցածր մակարդակը,
-որակյալ սերմացուների ու տնկանյութի անմատչելիությունը կամ բարձր գինը,
-սահմանամերձ շրջաններում հակառակորդի նշանառության տակ գտնվելը,
-հանրապետությունից հողօգտագործողի բացակայությունը,
-հողերի գերխոնավությունը, երկրորդային աղակալվածությունը,
-բնակավայրերից հեռու գտնվելը և այլն:
Չնայած վերջին տարիներին մեր իրականացրած լուրջ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող մեծածավալ աջակցությունների (մատչելի գներով սերմացուների, պարարտանյութերի, դիզվառելիքի մատակարարում, գյուղացիական տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղգործիքների տրամադրում և այլն) շնորհիվ հաջողվել է միայն 2011-2013 թթ. գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավել շուրջ 35 հազ. հեկտար նախկինում չօգտագործված վարելահող, սակայն, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ դեռևս չի օգտագործվում 130,2 հազ. հեկտար վարելահող (վարելահողերի շուրջ 29 %-ը): Այս տարի նույնպես նախորդ տարվա համեմատությամբ աշնանացան ցորենի ցանքատարածությունները ավելացել են 5309 հեկտարով: Նախարարությունը հետամուտ է լինելու ամեն տարի 10-15 հազար հեկտար չօգտագործվող հող գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելուն:
Անհանգստացնող է նաև այն, որ մեր հանրապետությունում, այդ թվում՝ Արարատյան հարթավայրում, դեռևս ցածր է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, բարձր է արտադրվող մթերքների ինքնարժեքը, հողից ստացվող եկամուտը ոչ միշտ է գոհացնում գյուղացուն: Ահա թե ինչու օրախնդիր են մնում գյուղատնտեսական հողերի արդյունավետության մակարդակի բարձրացումն ու առկա հսկայական ներուժի նպատակային օգտագործումը: Այդ կապակցությամբ ներկայումս մշակվում է հայեցակարգ՝ ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերը շրջանառության մեջ ներգրավելու վերաբերյալ և այն, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համաձայնեցնելուց հետո, կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
Արարատյան հարթավայրում առկա աղուտ, ալկալիացված և գերխոնավացած հողերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դեռևս խորհրդային տարիներին այդ հողերի օգտագործման հետ կապված լուրջ ուսումնասիրություններ ու հետազոտություններ են կատարվել և հաջողվել է որոշ տարածքներ մելիորացիայի ենթարկել` իջեցնել գրունտային ջրերի մակարդակը, տարբեր մեթոդներով աղազերծել հողերը և այլն: Ցավոք, այդ միջոցառումների իրականացումը շատ ծախսատար է և, հասկանալի պատճառով, ներկայումս այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարվում: Բայց և այնպես կարծում ենք, որ նախապատվությունը պետք է տալ մշակության համար պիտանի հողերի օգտագործմանը, որից հետո միայն հնարավոր կլինի մտածել մեծ ներդրումների մասին:
Դրսից աշխատուժի ներգրավումը և ոչ ավանդական մշակաբույսերի ներդրումը վիճահարույց են և բազմակողմանի քննարկումների ու հիմնավորումների կարիք ունեն: Մեր գյուղացին աշխատասեր է և նվիրված իր հող ու ջրին, ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մենք ինքներս մշակենք մեր հողերը, շենացնենք մեր գյուղերը:
Չգիտենք, թե ինչքանով կգոհացնի մեր պատասխանը Ձեզ: Մենք ուղղակի փորձեցինք համառոտ ներկայացնել բարձրացված հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները: Այլ հարցադրումների վերաբերյալ նոր պարզաբանումների կամ նախարարությունում հանդիպման անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք սիրով ընդունելու Ձեզ:

Հարգանքով`
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Սերգո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ