Մինչ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները բուռն ընթացքի մեջ են, Գևորգ Կոստանյանը փոխում է նաև կառույցի աշխատանքային ոճը: Գլխավոր դատախազության աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց աշխատաժամը կարող է ձգվել մինչև երեկոյան 20:00, իսկ առավոտյան պետք է անգամ հինգ րոպե չուշանալ, այլապես ղեկավարության հետ խնդիրներ կունենան: Նրանցից ոմանք անգամ դժգոհեցին անհարկի խստություններից, որոնցով նոր դատախազը փորձում է ինքնահաստատվել: Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս պահին բավականին լարված մթնոլորտ է գլխավոր դատախազությունում, քանի որ հին աշխատակիցները փորձում են հնարավորինն անել, որ չհեռանան և արժանանան նորաթուխ ղեկավարի բարեհաճությանը, իսկ վերջինս ամեն ինչ անում է, որ Աղվան Հովսեփյանի կադրերի հետ չաշխատի:
Ի դեպ, նրանց պնդմամբ, երիտասարդ գլխավոր դատախազը բավականին կոնֆլիկտային է, և շատ դժվար է ընդհանուր հայտարարի գալ նման ղեկավարի հետ: Թե այս ամենը որքանով կօգնի գլխավոր դատախազության աշխատանքի որակի բարձրացմանը` կերևա հետագա արդյունքներից: Իսկ առայժմ Գևորգ Կոստանյանը զբաղված է իր կադրերի համալրմամբ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ