«Անկասկած, մեր երկրին չի հաջողվում ոտք մեկնել մեղրի արտադրության ու առաքման առաջատարների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Արգենտինան, որոնք ամերիկյան շուկա են արտահանում չհասունացած մեղր: Սակայն Հայաստանը կարող է իր տեղը զբաղեցնել էկոլոգիապես մաքուր մեղրի միջազգային շուկայում, որի պահանջարկը կա Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայաստանում արտադրվում է բարձրորակ մեղր, սակայն, բարձր ինքնարժեքի ու փոքր ծավալների պատճառով, այն չի կարող առաջատար դիրք գրավել համաշխարհային շուկայում իշխող չհասունացած մեղրի ցածր գնային կատեգորիաներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեղվաբուծության ազգային միավորման նախագահ, Հանրային խորհրդի անդամ Թելման ՆԱԶԱՐՅԱՆԸ:
Մեղրի 1 կգ-ի արժեքը 5000 դրամ է (12 դոլար), իսկ Չինաստանից Հայաստան, ըստ բանախոսի, անորակ մեղր է ներմուծվում` 1000 դրամով:
Մեղվաբույծների ազգային միության նախագահը տեղեկացրեց, որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012 թ. մեղրի արտադրությունը Հայաստանում կտրուկ նվազել է` ավելի քան 10 անգամ: «Եթե ամեն տարի արտադրվում էր 1000 տոննա մեղր, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 50-60 հազար տոննա, ուստի արտահանման մասին խոսելը դեռ անիմաստ է»,-ասաց նա: Քիմիական դեղորայքի օգտագործումը նույնպես կրճատում է մեղուների քանակը. եթե Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո երկրում կար մոտ 300 հազար մեղվաընտանիք, հիմա դրանց քանակը զգալիորեն նվազել է` հասնելով մինչև 200 հազարի: Այնուամենայնիվ, մասնագետը համոզված է, որ կգա ժամանակ, երբ մեղրի արտադրության ծավալները կաճեն, ավելին, ունենալով բարենպաստ բնակլիմայական պայմաններ, էկոլոգիապես մաքուր մեղր ու մեղվաբուծության այլ ապրանքներ, այդ թվում` բուժման և արտադրելու համար նախատեսված, Հայաստանը կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում: Հայաստանում, ինչպես Թելման Նազարյանի փոխանցմամբ, մեզ տարեկան անհրաժեշտ է 30-40 հազար մեղվափեթակ, որոնց աճի և զարգացման համար անհրաժեշտ է վերացնել բոլոր քիմիական գործոնները: «Շուտով քիմիական դեղամիջոցների օգտագործումն ընդհանրապես կարգելվի: Դա կնպաստի ավելի մաքուր և օրգանական մեղրի ստացմանը»,-հույս հայտնեց բանախոսը, նշելով, որ Հայաստանում մշակվում է 2013-2020 թ.թ. մեղվաբուծության զարգացման հայեցակարգը, որը քննարկվել է Հանրային խորհրդում: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել փեթակների արտադրություն պերլիտի կիրառմամբ, որը, օրինակ, կարող էր արտադրել Ավանի սիլիկատների գործարանը:
Ըստ Թելման Նազարյանի, մեղրին տրվում է հավաստագիր, և գնորդը իրավունք ունի պահանջել այդ փաստաթուղթը վաճառողից: Իսկ ահա բուժման համար մաքուր մեղր գնելու համար շարքային վաճառողը պետք է դիմի երկրի գլխավոր մեղվագետին, որն էլ հստակ կասի այն մեղվաբույծի անունն ու հասցեն, ով հասունացած մեղր է վաճառում:
Առողջության պահպանման համար մարդը պետք է օրական 100-120 գրամ մեղր օգտագործի: Մեղվակաթի, ակնամոմի ու մեղվաբուծական այլ ապրանքների շնորհիվ կարելի է բուժել մի շարք ծանր հիվանդություններ: Ավելին, ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն պաշտոնապես թույլատրում է օգտագործել այդ ապրանքները բժշկության մեջ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ