Խմբագրություն այցելած ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պատմությունը դժվար է դասել սովորականների շարքին, անգամ մեր խառնակ օրերում։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին։
-25 ամիս, ըստ Ձեզ, հանիրավի «փակվել եք» Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում։ Ինչպե՞ս։
-Քաղաքացի եմ, «մարդկային քաղաքացի», քանզի հայտնվել եմ «ստվերային քաղաքացիների» մեջ։ Երեկ (10.10.12 թ.) դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Եվ խոսքը չի վերաբերում նման բարձր առաքելություն իրականացնող անձի դատական գործընթացին միջամտելուն։ Նա, հուսամ, կկանխի օրենքի խախտումով, Վճռաբեկ դատարանի կողմից իմ հայտնվելը փշալարերի հակառակ կողմում։
-Ո՞վ էր Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «փշալարերի հակառակ կողմը»։
-Առաջին փաստաբանական գործս հաղթանակով պսակեցի, երբ ուսանում էի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Այդ ժամանակ էր, որ համակարգն իմ առջև հարց դրեց. «Դու վաղը կարող ես քննիչ աշխատել, այսօր ինչպես ես քննիչի, դատախազության դեմ հանդես գալիս»։ Պատասխանեցի` ես իրավաբան եմ։ Իրավաբան, իրավունքի և օրինականության պաշտպան մնացի ամենուր, մինչ օրս։ Աշխատել եմ «Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի» գլխավոր վարչությունում` որպես քննիչ։ Այնուհետև շուրջ 10 տարի` Կենտրոնական բանկի տարբեր ծառայություններում, հետո փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստացա, և ահա առաջին վստահված գործերիցս մեկն ինձ «գործուղում է» քրեակատարողական հաստատություն։
-«Գործուղման» հիմքերի մասին։
-Դատապարտյալների հիվանդանոցում մի անձ էր գտնվում։ Ինձ խնդրեցին օգնել, որպեսզի քրեական օրենսդրության համապատասխան հոդվածի հիմքով ազատեն պատիժն այլևս կրելու ոչ ունակ անձին։ ՈՒսումնասիրելով գործը` պարզեցի, որ տվյալ մարդը նախկինում ազատվել էր քրեական պատիժը կրելուց, հիվանդ էր, ուներ պաշտոնական հարցումներն ու դրանց պատասխանները և պիտի ազատվեր պատժի կրումից։ Առավել ևս, որ նրա վիճակն օրըստօրե վատթարանում էր։
-Ձեզ ո՞վ «ներքաշեց» այս պատմության մեջ։
-Վաղեմի մի ծանոթ, ով աշխատել էր դատարանում։ Նա խոստանում էր ինձ ապահովել բազում պատվերներով և շտապեցնում էր, քանզի ժամանակը սուղ էր, հիվանդը պիտի շուտափույթ դուրս գար հիվանդանոցից։ Տեղին է հիշել, որ նախկինում անշահախնդիր օգնել էի այդ ծանոթիս, ով իմ մասնագիտական և մարդկային որակների հարցում որևէ տարակուսանք չուներ։ Իմ մի վաղեմի ընկեր ծանոթացրեց ոմն անձնավորության հետ, ով, ըստ նրա, լուրջ կապեր ուներ դատաիրավական համակարգում։ Հավատացի, վերջինս հավատ էր ներշնչում, խոսում իրավագիտական եզրաբանությամբ։
-Եկեք չխճճվենք։ «Ծանոթի ծանոթ» և Ձեր ոդիսականի սկիզբը։
-Ծանոթիս ընկերոջ հայրն էր գտնվում դատապարտյալների հիվանդանոցում, գտնվում էր օրհասական վիճակում։ Այն ընկերս էլ ազդեցիկ այդ մարդուն է գտնում, ով պետք է կարգավորեր խնդիրը։ Վերջինս վստահեցնում է, որ խնդիրը միանգամայն կարգավորելի է, քանզի դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալն իր ընկերն է։ Սակայն այս ամենը, իհարկե, փող արժե։ Եվ ասաց թիվը` 5 հազար։
-Հավանաբար` ոչ դրամ։
-Անշուշտ։ Տեղեկացրի հաճախորդին, չառարկեց։ Միայն պայման դրեց` վճարել մաս-մաս։ Հանդիպեցինք համակարգչային սրահում։ Պարզվեց, որ իրեն էլ դիմել են մեկ այլ անձնավորության շահերը պաշտպանելու և ինքը որակյալ փաստաբանի կարիք ունի։
-Փոխադարձաբար նա էլ Ձե՞զ է դիմում։
-Այո։ Նրա դիմորդին անօթևան էին թողել ընտանյոք հանդերձ, մեծագույն խարդախության արդյունքում։ Գործը քննվում էր Վերաքննիչ քրեական դատարանում։
...Ստանձնեցի գործը, նույն սրահում նա հանկարծ առաջ ընկավ (կարծես ցուցադրելու սեփական իրավագիտական գիտելիքները), կազմեց միջնորդագիրը և ասաց, որ ինքն անձամբ այն կհանձնի պետի տեղակալին, իսկ ես շտապ զբաղվեմ իմ ներկայացրած անձի, այսինքն` անօթևան մնացած ընտանիքի գործով։ Ասացի, որ միջնորդագրի երկրորդ օրինակը բացակայում է, պատասխանեց, թե ոչինչ, դրա կարիքը չկա։ Միջնորդությունը պահանջում էր լրացուցիչ բժշկական փորձաքննության անցկացում։ Որի հիման վրա էլ դատարանում պետք է վստահորդին վաղաժամկետ ազատեին։
-Գումարն ի՞նչ ճանապարհով և ո՞ւր հասավ։
-Հետագայում պարզվեց, որ «ազդեցիկ» այս անձը նախկինում դատապարտվել էր հինգ անգամ, որից երկուսը` խարդախության համար։ Նրա ներկայացրած ԱրթուրՀարությունյանի գործը ես շահեցի։ Խիստ հազվադեպ մի բան իրականության մեջ, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դրանից մեկ շաբաթ անց վերոնշյալ անձնավորությունը զանգահարում է, թե միջնորդությունն արդեն ներկայացված է, գումարն ինքը վաստակել է և պետք է այն ստանա։ Գումարը (չարաբաստիկ 5 հազարը) հանձնեցի, ոչինչ չենթադրելով։ Հետո ասաց, որ դատարանի որոշումն արդեն կա, եկ «Կենտրոնի» դատարան։ Հանդիպեցի նրան դատարանի դիմաց, որոշումը կարդալիս։ Գրեթե երջանիկ էի, մարդուն դուրս էի բերում կալանավայրից, մի բան, որ գրեթե անհնար է։ Որոշումը ներկայացրի շահագրգիռ անձանց։ Գումարն ինձ տրվեց առանց որևէ վկայի, առանց որևէ փաստաթղթի, առձեռն։ Բնականաբար, ես նույն կերպ գումարն ամբողջությամբ փոխանցեցի «ազդեցիկին»։ Մտքովս անգամ չանցավ, որ դատարանի որոշումը կարող էր կեղծված լինել։ Եվ բավականին վարպետորեն։ Հետևությունները կաթելու էին նույն այդ կեղծ դատական ակտից. այն ակնհայտ քրեական հետապնդման սադրանք էր այլ անձի կողմից, դրանում նշված` անձիս հանդեպ։ Բնականաբար, կեղծիքը ջրի երես ելավ։ Եվ սկսվեց իմ «ոդիսականը»։
-«Ոդիսականը» համառոտ շարադրեք։
-Տարիներ առաջ հայտարարություն էի տվել տունս վաճառելու մասին։ Եվ մոռացել այդ մասին։ Օպերները տուն են գալիս, ներկայանում են որպես տան գնորդ։ Անչափահաս տղաս զանգահարում է ինձ, թե հայրիկ, տան գնորդներ են եկել։ Հանդիպեցի նրանց, ասացին, որ բաժին պիտի գնանք։ Ինձ խուզարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժնում, վերցրին էլեկտրոնային կրիչս, անձնագիրս, տանս բանալին։ Արձանագրություն կազմեցին վերոնշյալի վերաբերյալ, սակայն չնշեցին առգրավված իրերի ամբողջությունը, ինչն օրենքի պահանջ է։ Չէր նշվել մասնավորապես կրիչի բովանդակությունը, չէ՞ որ այն փաստաթուղթ է, որը փաստաբանական գաղտնիքներ էր պարունակում։ Պահանջեցի, որ պատշաճ ձևակերպեն առգրավման արձանագրությունը, այնտեղ գաղտնիքներ և հաղորդումներ կան, հաջորդ օրը պետք է ներկայացնեմ դատախազին, և որ դրանց օրինակներն ինձ հանձնեն։ Խոստացան, բայց չարեցին։
Արդեն միայն ակնհայտ շինծու մեղադրանքով ինձ կարող էին դատապարտել, քանզի ես մասնակից չէի չարաբաստիկ փաստաթղթի կեղծմանը։ Այլևս տուն չվերադարձա, դատարանն անմիջապես բավարարեց քննիչի միջնորդությունը, հակառակ պաշտպանիս սպառիչ ելույթի, որը հիմնավորում էր, որ բավարարման որևէ հիմք որևէ տեսանկյունից չկա։ Խոսքը «Կենտրոն և Նորք-Մարաշ» առաջին ատյանի դատարանի մասին է։ Ավելի ուշ, նույն «կարգով» բավարարվեցին կալանավորման ժամկետի երկարաձգման միջնորդությունները, դարձյալ հանիրավի։ Չեմ կամենում չարաշահել ընթերցողների համբերությունը, բազմաթիվ սխալներ և թերացումներ էին առկա դատական ողջ գործընթացում։
-Ինչ-որ կանխամտածված բան չե՞ք տեսնում մասնավորապես դատարանի գործողություններում։
-Համակարգային իրավիճակն է խաթարված, երբ դատախազներն անսխալականության դիրքերից են հանդես գալիս, երբ պետական համակարգը միասնական է հանդես գալիս որպես քաղաքական ռեժիմ։ Բայց այստեղ նաև անձնական խնդիր կա։ Դատախազը, ով հաստատեց ոստիկանության քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը, այն նույն դատախազն է, ում դեպքից քսան օր առաջ հաղթել էի Վերաքննիչ քրեական դատարանում։ Սերգեյ Աբրահամյանն էր, Կենտրոնի դատախազը, իսկ դատավորն էր Գագիկ Ավետիսյանը։
-Այնուհետև։
-Երկու ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո դատավորը մերժեց դատախազին հայտարարված մեր բացարկը։ Ճանապարհ բացվեց դատախազի մեղադրական եզրակացության առջև, որն ամբողջությամբ սուտ վկայություն հիշեցնող մի փաստաթուղթ էր։ Անգամ տուժող ճանաչված անձի դատական ցուցմունքներն առանցքով էին հակադրվում մեղադրական եզրակացությանը։
-Ի՞նչ ընթացք ունեցավ «ազդեցիկի» կյանքը։
-Հետախուզում հայտարարվեց նրա նկատմամբ երկու ամիս ուշացումով և երկու օր անց անց նա «հայտնաբերվեց»։ Նա դատարանում հայտարարեց, թե ինչի համար էին «էդ կապիկությունները, իմ տեղը լավ էլ գիտեիք»։ ...Նա դարձավ երկրորդ մեղադրյալը։
-«Ազդեցիկը» անուն ունի՞։
-ՈՒնի։ Նաջարյան Արմեն։ Կրկնում եմ, բազմաթիվ կանխամտածված սխալներ թույլ տրվեցին, նշեմ մեկը։ Դատավոր Գագիկ Ավետիսյանը պատիժ նշանակեց, նշանակված պատիժը ամբաստանյալը (այսինքն` ես) պետք է կրեր, թե ոչ, այս հարցի պատասխանը պիտի տրվեր։ Եթե առկա են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ (քրեական դատավարության համապատասխան նորմը սահմանում է տվյալ հանգամանքները), նա պարտավոր է համաներման ակտը կիրառել։ Սակայն դատախազը պահանջեց չորս տարի ազատազրկում, հայտարարելով` «մեղմացուցիչ հանգամանքներ չկան», անտեսելով նույնիսկ 10-ամյա երեխայիս։
-Նկարագրածից երևում է ինչ-որ համառ անբարյացակամության դրսևորում Ձեր անձի հանդեպ։
-Նվաստս առաջացրել էր դատախազի և դատավորի առանձնակի վրդովմունքը։ Դատախազի մեղադրական եզրակացությունը դատարանում համեմատեցի Գեբելսի տխրահռչակ ասույթի հետ. «Սուտն ինչքան մեծ լինի, այնքան մեծ կլինի նրան հավատալու հավանականությունը»։ Ի վերջո, նշանակեցին երեքուկես տարի պատժաչափ։ Համաներման ակտով դրա կիրառման ժամկետ էր սահմանվում 2010-ի սեպտեմբերի 21-ը, անկախության տոնի օրը։ Նույն ակտով քրեակատարողական հիմնարկը պարտավոր էր համաներումը կիրառել որպես կատարող սուբյեկտ։ Եվ ազատեր ինձ պատժի կրումից։ Սա էլ չարվեց։
-25 ամիս անազատության մեջ էիք, ինչպիսի՞ն էին պայմանները, ի՞նչ հոգեվիճակում էիք, ինչպե՞ս դիմակայեցիք։
-16 քմ մակերես ունեցող պատժախցում 16 խառնիճաղանջ անձինք էին։ Հաջողվեց, իրոք, դիմակայել, նաև իրավաբանական գիտելիքներիս շնորհիվ։ Խորհրդատվությամբ շատերին էի օգնում։ Բացի դրանից, իմ տրամաբանական քայլերով ինձ հաջողվեց չհայտնվել «Չոռնի զոնում»։
-Դա՞ ինչ է։
-«Կրասնի զոնում» նստած էին ուսադիրներ կրած անձինք։ «Չոռնի զոնում» «հանգստանում» էին մյուսները։ Այս երկու ճամբարներում տարբեր բարքեր էին իշխում։ Ամեն բան արվեց ինձ «Չոռնիում» տեղավորելու համար։ Իսկ այնտեղ յուրաքանչյուրին, ով աշխատել է իրավապահ համակարգում, դատաստան է սպասում։
-Ե՞րբ եք ազատության արժանացել։
-2012-ի հուլիսի 17-ին։ Էրեբունու շրջանի դատարանն ակամա խոստովանեց, որ ես ապօրինի անազատության մեջ եմ եղել առնվազն 5 ամիս, այդ որոշման տրամաբանությամբ պետք է կալանավայրը լքեի դեռևս 2012-ի փետրվարի 20-ին։ Գիտեք, չափազանց մեծ տեղ կգրավի այն բոլոր ապօրինությունների թվարկումը, որոնք առկա են ոչ միայն իմ, այլև շատ այլ մարդկանց գործերում։ Այս ամենը ես հիմնավորել եմ զուտ իրավաբանորեն և վստահեցնում եմ, որ այսօր դատապարտվածների 50 %-ը հանիրավի է զրկված ազատությունից։ Մեր դատաիրավական համակարգը տառապում է փտախտով, անսխալական են դատախազները, վերին ճշմարտության կրողներն են դատավորները և այլն։ Իսկ ահա մեր պատժախուցը զրկված էր արևի լույսից։ Պետական կերակուրը, իր հերթին, մեղմ ասած, հեռու է մարդկանց արժանապատվությունը հարգելուց։
-Բարի, գործերի վիճակն այսօր։
-Իմ ազատվելուց հետո հսկող դատախազը բողոքարկում է տվյալ որոշումը, իբր թե 22-ամսյա առավել խիստ մեկուսացվածության ռեժիմում ազատազրկված վիճակս պատիժ չէր, այլ խափանման միջոց` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ավելորդ է ասել, որ օրենքից հեռու այդ «տրամաբանությամբ» նշված 22 ամսից հետո միայն սկսվելու էր նշանակված` 3,5 տարի ազատազրկումը։ ...Բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Դարձյալ օրենքի խախտում։ Վերաքննիչը պարտավոր էր վերադարձնելու տվյալ թուղթը, քանի որ «բողոքարկվող» որոշումը բողոքարկելու իրավասություն չուներ տվյալ դատախազը (ինչպես և իմ անձը)։ Վերաքննիչի հրավերով, իբրև «շահագրգիռ անձ» ներկա եղա նրա ոչ լեգիտիմ «վարույթին»։ Էրեբունու դատարանի որոշումը «որոշվեց» թողնել անփոփոխ։ Դատախազը բողոքարկել է այս որոշումն արդեն Վճռաբեկ դատարան։
-Ո՞րն է, ի վերջո, դատախազի, այսպես բնորոշենք, «սևեռուն կողմնակալության» հիմքը։
-Նա մեկ անգամ սխալվել է, այն պահին, երբ ինձ ընդունել են քրեակատարողական վերջին հիմնարկում։ Նաև սխալվել էր, երբ համաներման ակտ էր հաստատել` դրա թույլատրելի (և պահանջվող) ժամկետից 8 ամիս անց, այնինչ նա գործ ուներ սոսկ օրինախախտ հետևանքների վերացման անհրաժեշտության հետ։ Ավելի ուշ` հենց դրան էր ուղղվել իմ դիմումը, որը և, յուրովի, բավարարվել էր Էրեբունու դատարանի կողմից։ ...Նա ապահովագրում է իրեն, իր սասանված վարկն ու հեղինակությունը։ «Բողոքարկողը» թափանցիկ տեքստով ապավինում է Վճռաբեկ դատարանի կողմից ազատությունից ապօրինի զրկված լինելը մեկ անգամ արդեն անտեսած լինելու ակնհայտ փաստին։
-Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։
-ՀՀ Վճռաբեկ դատարանն անկանխատեսելի է, ինչպես և հանրապետության ողջ արդարադատության համակարգը։ Ես չեմ բացառում, որ Վճռաբեկ դատարանը հանկարծ որոշի, որ Վերաքննիչ դատարանը սխալ է, և Հովհաննես Հովհաննիսյանը ենթակա է պատիժը կրելու մինչև 2013-ի մարտը։ Տվյալ դիրքորոշման համար ներկայանում է սովորական դարձած հետևյալ բանաձևը. «Դա օրենքը չէ։ Գրված է սևով սպիտակի վրա, և ես եմ որոշում դրա ինչ, թե ոչինչ լինելը»։
Ամենևին տրված չէ անտարբեր լինել քաղաքացիական պարտքին, և այս առումով կարևորում ենք ասվածի վերաբերյալ առավել հանգամանալից դիմումով իրազեկված` ՄԻՊ-ի արձագանքը։
Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ