«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով, այս տարվա հունվար-մայիսին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել է 3,2 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հավելելով, որ դրական տեղաշարժեր են գրանցվել նաև գյուղատնտեսական մթերքների իրացման բնագավառում:
Ըստ Ս. Կարապետյանի, հանրապետությունում ավելացել են նաև ցանքատարածությունները` կազմելով շուրջ 312 հազար հա, նախորդ տարվա 286,7 հազար հեկտարի դիմաց: Օպերատիվ տվյալներով, այս տարի նախորդից ավելի է ցանվել 21,5 հազար հա հացահատիկ և 2,8 հազար հա կարտոֆիլ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի, գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթացը: Նախարարի տեղեկացմամբ, հունիսի 29-ի դրությամբ կնքվել է 4328 պայմանագիր, որից 3344-ը` խաղողի և 984-ը` պտուղբանջարեղենի գնման:
Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են 122,8 մլն դրամ կանխավճար և 191,1 մլն դրամի բուժանյութեր: Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:
Սերգո Կարապետյանի խոսքով` հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 3858,6 տոննա պտուղբանջարեղեն, որից 3407,7 պտուղ, այդ թվում` 2411,1 տոննա ծիրան և 450,9 տոննա բանջարեղեն:
Ըստ նախարարի, հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 8302,58 տոննա պտուղբանջարեղեն, որից 6170,05 տոննա ծիրան, 391,06 տոննա կեռաս, 2,15 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող:
Անդրադառնալով այս տարվա պետական աջակցության ծրագրերին (դիզվառելիքի, պարարտանյութերի մատչելի գներով հատկացում, գյուղկենդանիների պատվաստում, տոհմային կենդաների ներմուծում, բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում) նախարարը նշեց, որ դրանք իրենց դրական ազդեցությունը կունենան, գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության մթերքների արտադրության ծավալների ավելացման և մրցունակության բարձրացման վրա:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ