Հուլիսի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 306 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 26,4 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 50,4 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,0 մլն խմ-ն: Շուրջ 30-40 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն` խմ) ջրամբարները:
Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթ (հունիսի 25-ից հուլիսի 1-ին), չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, հանրապետությունում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Արարատյան դաշտում շարունակվում է ծիրանի բերքահավաքը, իսկ լեռնային շրջաններում, որտեղ աշնացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, խոտհունձ է:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը հունիսի 25-27-ի` Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում եղել է +30 +34 աստիճան: Տավուշում, Արցախում այն տատանվել է` +27 +31, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +21 +26 աստիճանի սահմաններում:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ