38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՆՈՏԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ

ՆՈՏԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
09.09.2011 | 00:00

Թվում էր` տասնյակ ստեղծագործական հաստատությունների միաժամանակյա հանգստադադարով և օգոստոսյան տապով զգալիորեն կմեղմանա մշակութային առօրյայի լարվածությունը: Մայրաքաղաքում, հատկապես երաժիշտները, կարծես, մոռացել էին բնականոն աշխատառեժիմի ու ամառային արձակուրդի մասին, իրականացնում էին ոչ թե ընթացակարգային գորշ միջոցառումներ, այլ տարաժանր նախասիրությունների տեր արվեստասերների քիմքին միանգամայն հարիր ավանդական ու նորահայտ երաժշտանախագծեր:
Տպավորիչ էին «ծՏՉՈ ՀՏրրՌ» սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Յուրի Բաշմետ) ու մեր ֆիլհարմոնիկի (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) մի շարք ճանաչված մենակատարների տարակազմ խմբերով սքանչելի ելույթները Ռուսական կերպարվեստի թանգարանում «Բարեգործությունը` հավերժ…» խորագրով` ի նպաստ կատարողական բարձր արվեստի 65-ամյա դարբնոց Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատի պատշաճ հարատևմանը: Առանձնակի խանդավառությամբ ընդունվեց Վաչե Շարաֆյանի` համացանցային ծանոթությամբ ներշնչված «Կայարան» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան տավղահար Վալենտինա Բորիսովայի կատարմամբ: ՈՒշագրավ էր հայազգի Վիլլի Վայների «Արարում» դաշնամուրային պիեսի մատուցումը Աննա Գրիշինայի սահուն մեկնաբանությամբ, ով պատրաստվում է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում շուտով իրականացնել նրա 15 համանման գործերի ձայնասկավառակի շնորհանդեսը:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Քոչարյան-թավջութակ, Կարեն Շահգալդյան-ջութակ) անդավաճան երկրպագուները զմայլվեցին դասական երաժշտության մնայուն հոգեթովչանքով` ունկնդրելով բարձրակարգ երաժիշտ կատարողների տասնամյա ստեղծագործական դաշինքի եռաշար նորահաստատումները գողտրիկ կամերային համերգասրահներում` մարզային վարպետության ամենամյա դասընթացների «միջնարարներին»:
Ռոքի ու ջազի սիրահարները, հանրահայտ Սերժ Թանգյանի ու հայկական «Դորիանս» խմբի համատեղ ելույթի զգայացունց տպավորությունից լիովին չսթափված, հայտնվեցին Երևանի ամառային երաժշտական միջազգային փառատոնի զվարթահունչ եռօրյայում` լիուլի վայելելով անմիջական հմայքը տարբեր ազգերի ու սերունդների ստեղծած այլազան ռիթմերի ու մեղեդիների համաձույլ կենդանացման:
Այդուհանդերձ, իրենց տեսակի մեջ եզակի էին «Ճանապարհորդող նոտաները», որոնք 2007-ին «ճանապարհ ընկնելով» Դոմինիկյան Հանրապետությունից, շրջագայել էին Պերուում, ԱՄՆ-ում, Բելգիայում ու Կոլումբիայում և հիմա հասել էին ավետյաց մեր երկիրը: «Traveling Notes»-ը (գործադիր տնօրեն` Էլեն Բրեյգեր) իր ստանձնած դժվարին առաքելության նպաստավորությունը հավաստել էր նախորդ հանգրվաններում կենսագործած ուրույն կրթամշակութային ծրագրերով: Հայտնի ջութակահար, դիրիժոր Խորխե Ագիռեի գեղարվեստական ղեկավարությամբ կազմակերպված փառատոն-համերգաշարերում մեկտեղվել էին հյուրընկալող երկրի փորձասենյակներում տարբեր երկրների շնորհալի երիտասարդ երաժիշտ կատարողները, վարպետության դասեր քաղել նախապես ընտրված տարազգի անվանի ավագներից և, կարճ ժամանակում յուրացնելով մշակութային բազմազանության սկզբունքով ձևավորված երկացանկը, հանդես եկել լավագույն համերգասրահներում:
Երաժշտության համընդհանուր լեզվով Հայաստանում միավորվել էին 11 երկրներ ներկայացնող 67 սկսնակ երաժիշտներ, որոնցից շատերն արդեն վաստակել էին իրենց բնատուր շնորհների մասին հավաստող տարաստիճան դափնիներ: Ամենակրտսերը` 12-ամյա թավջութակահար Միքայել Գրիգորյանը, հանրապետական ու միջազգային մի քանի մրցույթ-փառատոների հաղթող ու դափնեկիր էր: Երբ հրավիրված դիրիժորներ Ալեքսանդր Խաինդրավայի (Վրաստան), Ալեքս Քլայնի (Բրազիլիա), Արամ Թալալյանի (Հայաստան) և անզուգական Խորխե Ագիռեի (Պերու) իրարահաջորդ ղեկավարությամբ նորակազմ նվագախումբը հանդես եկավ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, նրա հրապարակային ելույթներին ուշի ուշով հետևողներն անմիջապես որսացին ընդամենը 10 օրում գտնված համագործակցության ստեղծագործական ներուժի բյուրեղացման սրընթաց աճը եզրափակիչ համերգային ելույթում: Եթե կամերայինում թուրք դաշնակահար Օրգուն Յիլդիրանի ռախմանինովյան մենանվագը ինչ-ինչ խորթ ելևէջներ ի հայտ բերեց (ամենևին էլ ոչ հայ-թուրքական գենետիկ զգացողություններով պայմանավորված), ապա ՈՒլվի Ջեմալ Էրքինի` անցյալ դարասկզբի առաջին սիմֆոնիկ «թուրքական հնգյակի» տիպիկ ներկայացուցչի «Քյոչեքչե» սյուիտում, որքան էլ անկողմնակալ ու ներշնչված վարեր հարկավոր փոխըմբռնման հասած նվագախումբը Թալալյանների հանրահայտ երաժշտական «դինաստիայի» արժանի հետնորդը, ակնհայտ էր հայկականի գերակայությունը (դյուրությամբ էին առանձնանում հատկապես Սպենդիարյանն ու Տիգրանյանը):
«Ճանապարհորդող նոտաների» հայաստանյան նվագացանկի հայտնությունը տեղի երաժշտասերների մեծամասնության համար մեքսիկացի կոմպոզիտոր Արտուրո Մարկեսն էր: Խորխե Ագիռեի արտիստիկ վարույթով նրա «Danzon N 2» զգացառատ ստեղծագործությունը պարահանդեսային քնարական տրամադրությամբ համակեց ամենքին:
Ընդհանուր առմամբ, անժխտելի էր մերձեցնող զորությունը առաջին անգամ ավետյաց երկրում հանգրվանած այս միջազգային երաժշտափառատոնի: Հետամտած նպատակն էլ ազնիվ էր` տարածաշրջանային հակամարտությունները հաղթահարել միջմշակութային փոխշփումների խաղաղարար ներգործության ամրապնդմամբ ու ընդլայնմամբ: Սակայն դժվարանում եմ կիսել մեր պետական այրերի խանդավառությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը մեր միակողմանի պատրաստակամությունը հազիվ թե հուսալի պատվար լինի: Մշակութային փոխառնչությունների համակողմանի խորացմամբ առայժմ միայն «Anadolu Kultur»-ն է շահագրգռված, ոչ թե թուրքական պետությունն ու կառավարությունը: Նույն մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանի» շրջանակներում բազմաթիվ հայ-թուրքական կինոնախագծեր են կյանքի կոչվել, այդուհանդերձ որևէ արմատական տեղաշարժ, գոնե առայժմ, չի արձանագրվել։ Տասնյակ թուրք երիտասարդների կարճատև երաժշտայցը արդյո՞ք էական տեղաշարժի հարկավոր ազդակ կդառնա: Կապրենք, կտեսնենք:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ