38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Շատերն այնպես են խոսում, ասես Հայաստանն ինչ-որ մեղք ունի, որ իրենք այսօր դրսում են»

«Շատերն այնպես են խոսում,  ասես Հայաստանն ինչ-որ մեղք ունի,  որ իրենք այսօր դրսում են»
02.11.2012 | 11:54

Լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ Վալենսիայի լրագրողների միության անդամ է: Մամուլի միջազգային ակումբում ներկայացնում է Հայաստանը: Նրա նախաձեռնությամբ 2009-ից իսպանական «Վեգա Մեդիա Պրեսս» լրատվամիջոցում բացվել է «Արմենիա Պրեսս» հայկական բաժինը, որի միջոցով իսպանահայության շրջանում և Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն նորությունները հասցվում են աշխարհին: Որոշ ժամանակ ապրել է Հունաստանում, համագործակցել Աթենքում, Կ. Պոլսում լույս տեսնող պարբերականների հետ` գլխավորապես բարձրացնելով Ցեղասպանության հարցը: 2007-ին Մադրիդում կայացած ապրիլքսանչորսյան միջոցառման ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հիմնական ելույթով: Նշենք, որ 15 տարեկանից Արթուր Ղուկասյանն սկսել է լրագրությամբ զբաղվել, թղթակցել ռուսական «Կոմսոմոլեց» թերթին: Արցախյան շարժման սկզբից, երբ ադրբեջանցիները փորձում էին փոխել ժողովրդագրական վիճակը Ղարաբաղում, մեկնել է Արցախ և 1988-1990 թվականներին աշխատել Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: Միևնույն ժամանակ թղթակցել է տեղի «Կարմիր դրոշ» (հետագայում` «Խաչեն») թերթին: Սեյդիշենում հիմնել է Բարեգործական երիտասարդական միությունը, ինքնաթիռներով օգնություն հասցրել գյուղացիներին` սննդամթերք, հագուստ և այլն: Ազատամարտիկների ջոկատներից մեկի հետ դարձյալ Ղարաբաղ է մեկնել` Ղարադաղլուի, Խոջալուի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրության օրերին:
ՀՀ ղարաբաղյան պատերազմի վետերանների միության և ՀՀ Ազատամարտի վետերանների միասնության անդամ է:

-Իսպանիայում լեգալ կամ ոչ լեգալ քանի՞ հայ է ապրում: Կարելի է ենթադրել, որ վերջին տարիների արտագաղթի հետևանքով է Իսպանիան համալրվել հայերով:
-Վերջին տվյալներով, նկատի ունենալով նաև այն մարդկանց, ովքեր գրանցված չէին, հայության թիվը Իսպանիայում հասնում էր 50 հազարի: Այո, մեծամասնությունը գաղթել է վերջին 20 տարիներին, 90 տոկոսից ավելին այն հայերն են, ովքեր դուրս են եկել Հայաստանից:
-Շարունակվո՞ւմ է հայերի հոսքը Իսպանիա:
-Իսպանիայում այսօր վիճակը ճգնաժամային է, և շատերը կորցրել են իրենց աշխատանքը, մտածում են դեպի դուրս, մեծ մասամբ, եթե հնարավորություն ունեն, դեպի Ֆրանսիա, Գերմանիա գնալու մասին:
-Ոչ` Հայաստան:
-Ոմանք վերադառնում են Հայաստան:
-Իսպանիայում հայկական գաղութ չկա, իսկ ինչպիսի՞ն է իսպանահայության կյանքը, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ նոր սփյուռքն ավելի արագ է ձուլվում:
-Չէի ասի, թե ավելի արագ են ձուլվում: Պետք է նկատի ունենալ, որ մեծահասակները չեն տիրապետում իսպաներենին այնքան, որ խոսակցական լեզուն տանը դառնա իսպաներենը, իսպանական կեցությունը` ավանդույթ: Հայկական ավանդույթները պահպանվել են, ընդհուպ` Նոր տարին սկզբում դիմավորում են Հայաստանի ժամանակով: Համայնք, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան համապատասխան կառույցներ, ինստիտուտներ, որ համակարգեն համայնքային կյանքը: Կան տարբեր միություններ, որոնք աշխատում են, միջոցառումներ են կազմակերպում, բայց դա բավարար չէ հայկական կյանքը և հայկական համայնքը ձևավորելու համար:
-Մասնակցեցիք վերջերս կայացած լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին: Վերջին տարիներին նման միջոցառումներն ավանդական են դառնում, իսկ կարո՞ղ ենք խոսել կենդանի, իրական շփման, համագործակցության մասին:
-Իրական շփումը մայր հայրենիքում կայացավ մասնագետների միջև, այսինքն` տարբեր երկրներից եկած լրագրողների, խմբագիրների: Զեկույցներից հետո մենք հավաքվում էինք մեծ կամ փոքր խմբերով, զրուցում, նյութեր փոխանակում, թերթերին ծանոթանում: Այսինքն, եթե նույնիսկ հեռակա կարգով իրար ճանաչում էինք, կենդանի շփման հնարավորություն ստացանք, ինչը շատ եմ կարևորում: Այս անգամ համաժողովը Աղավնաձորում էր:
-Իսպանական լրատվամիջոցում գործում է հայկական բաժին` «Արմենիա Պրեսս»: Ձեր գործընկերները գիտեի՞ն բացառիկ այս իրողության մասին:
-Շատերը չգիտեին, բայց դա նաև իմ մեղքն է: Չեմ բարձրաձայնել: Կարծում եմ, արդեն տեղեկացված են, մեկը մյուսին ասելով` տարածվում է: Թե կարևորությունը որքան են զգում, չեմ կարող ասել:
-Համագործակցո՞ւմ եք երևանյան լրատվամիջոցների հետ:
-Այո, կա համագործակցություն: Իսպանահայության շրջանում տեղի ունեցող նորություններն ուղարկում ենք գրեթե բոլոր լրատվամիջոցներին: Նաև ռեպորտաժներ եմ պատրաստում «Հայլուր» լրատվականի, «Ազգ» օրաթերթի և սփյուռքի այլևայլ լրատվամիջոցների համար:
-Պարոն Ղուկասյան, 2009-ին արժանացել եք «Մամուլի միջազգային ակումբի» և «Վեգա Մեդիա Պրեսսի» մրցանակին` որպես լավագույն արտասահմանցի լրագրող: Ձեր գործունեությունն ինչո՞վ է աչքի ընկել, առանձնացել օտարերկրացիների շրջանում, և ի՞նչ տվեց Ձեզ այս մրցանակը:
-Ես հպարտանում են, որ մի երկրում, որի խորհրդարանում անգամ չցանկացան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել, մրցանակը հանձնելիս հետևյալ ձևակերպումը հնչեցրին` տրվում է Արթուր Ղուկասյանին` Իսպանիա-Հայաստան մշակույթի մերձեցման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար կատարած աշխատանքի համար, որի իրականացման համար իր դրոշն է դարձրել «Արմենիա պրեսսը»:
-Այսինքն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսպանիան ոչ թե դեմ կամ կողմ, այլ ծայրահեղ դիրքորոշում ունի: Ինչո՞վ է պայմանավորված հայատյաց այս քաղաքականությունը:
-Դա հայատյացություն չէ, այլ անտարբերություն և Թուրքիայի հետ բարեկամության որևէ կետ անգամ չխախտելու ցանկություն: Երկար տարիների պատմություն ունի նրանց բարեկամությունը: Ես լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում շեշտեցի նաև մեր թերացումները: Իսպանահայությունը նոր է ձևավորվել, և անխուսափելի են սխալները: Հարցն այն է, որ շտկենք, չկրկնենք նույն սխալները, կողմնորոշվենք, թե ինչպես պետք է հարաբերվել մարդկանց հետ, ինչպես ներկայացնել մեր հարցադրումները: Այս առումով ամեն մանրուք նշանակություն ունի:
-Այնուհանդերձ, այս համատեքստում ինչպե՞ս հասկանանք նման մրցանակի հանձնումը, որը, կարծես, խրախուսում է ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը իսպանական մամուլում:
-Ես քիչ առաջ ասացի գործողությունների ռազմավարության մասին, պետք է իմանանք, թե ում հետ ենք զրուցում, ում հետ ենք առաջ տանում այս թեմաները: Ես համոզված եմ, որ Իսպանիայում մենք գտնելու ենք ճիշտ ճանապարհը: Պետք չէ մինչ Իսպանիայի խորհրդարան Ցեղասպանության հարցը մտցնելը բարձրաձայն հայտարարել` մենք պահանջում ենք Ցեղասպանության ընդունում` թույլ տալով, որ թուրքամետ ուժերն իրենց աշխատանքը կատարեն և ձախողեն ամեն ինչ: Դա այնպիսի աշխատանք է, որ նախքան արվելը, չպետք է բարձրաձայնել:
-Թուրքամետ ուժերը չե՞ն խոչընդոտում «Արմենիա Պրեսսի» աշխատանքին:
-Կան ուժեր, որ կցանկանան խանգարել, մեզ հակառակ մի բան անել, բայց բացահայտ խոչընդոտներ չեն եղել:
-Նաև զգուշավորությո՞ւնն է օգնում կայքի աշխատանքին:
-Ոչ, զգուշավորություն այս դեպքում չենք ցուցաբերում, հակառակը` մենք ներկայացնում ենք դեպքերն ինչպես կան, որպեսզի իրենց էլ պարզ դառնա, թե ինչ է կատարվում իրականում:
-Շա՞տ են թուրքերն Իսպանիայում:
-Տարբեր ազգություններ են ապրում Իսպանիայում, այդ թվում` թուրքեր, բայց ոչ այնքան, որքան Ֆրանսիայում, Հոլանդիայում և այլուր:
-Իսպանական մամուլն արձագանքո՞ւմ է հայաստանյան իրադարձություններին:
-Այն նյութերը, որոնց ամբողջ աշխարհն է անդրադառնում, արձագանք են գտնում նաև Իսպանիայի մամուլում: Ինչպես օրինակ` հոկտեմբերի 27-ի դեպքը:
-Վերջին շրջանում ի՞նչ իրադարձություններ են գրավել իսպանացիների ուշադրությունը:
-Հայ-թուրքական արձանագրություններն էին ուշադրության կենտրոնում: ՈՒզում եմ նշել Արմանդո Ֆեռնանդեսի քննադատությունն այդ կապակցությամբ: Նա վերհիշեց բոլոր դեպքերը, ասելով` դուք նույնն եք անում, ինչ 1915 թվականի համայնքային գործիչները Պոլսում, երբ խաղաղեցնում էին ժողովրդին, չհասկանալով, որ այդպիսով աստիճանաբար գնում են դեպի սպանդ:
-Հայաստանի ներքին կյանքը որքա՞ն է հետաքրքրում իսպանահայերին:
-Հայաստանի թեման միշտ կա, շատերը քաջատեղյակ են, զանգահարում են, մեկը մյուսին նորություններ են հաղորդում: Հայկական սերիալներն են նաև ուշադրության կենտրոնում, մի մասը նայում է, մի մասը` քննադատում: Այսպիսի մի միտում կա նաև. շատերն այնպես են խոսում, ասես Հայաստանն ինչ-որ մեղք ունի, որ իրենք այսօր դրսում են: Հայաստանը մեր հայրենիքն է, եթե վատ բան կա, դա նաև մեր մեղքն է:
-Սենսացիան, բամբասանքը, հաճախ անարժեք նյութերը մեծ թվով ընթերցող ունեն: Իհարկե, մի կողմից, անտեսել ընթերցողի պահանջը չես կարող: Ինչպե՞ս պահպանել բալանսը, ժամանցային նյութերի հետ հրամցնելով նաև անհրաժեշտ տեղեկություն:
-Լիովին անկախ մամուլ, գիտենք, գոյություն չունի: Հայաստանում հանդիպեցի ռադիոլրագրության առաջին կուրսի ուսանողների հետ: Ֆրանց Վերֆելի անունը չգիտեն, գրքեր չեն կարդում, հիմնականում ժամանակն անցկացնում են համակարգչի մոտ, չգիտեն ինչի համար են ընտրել լրագրությունը: Եթե հետո սկսեն աշխատել, պատկերը նույնն է լինելու: Շուկան ամենաանտանելի բանն է, պարտադրում է կանոններ: Ընդունենք թե չընդունենք` կիսամերկը ուշադրություն է գրավում, վերնագիրը գրավելու միջոց է, եթե նույնիսկ բովանդակությանը չի համապատասխանում: Իսպանիայում էլ կա այս խնդիրը, չնայած տեղի մամուլն ավելի բազմազան է: Այստեղ դա չեմ տեսնում, միանմանությունը շատ է: Իսպանիայում ամեն մեկն ուզում է նյութի իր աղբյուրն ունենալ, սեփական դիրքորոշումն արտահայտել: Դա և՛ կուսակցությունների շահերն են պահանջում, և՛ կազմակերպությունների, և՛ համայնքների:
-Վերջին անգամ ե՞րբ եք Հայաստանում եղել:
-20 տարուց ավելի դրսում եմ, սա իմ 3-րդ այցելությունն է: Այս ընթացքում բավականին հետաքրքիր բաներ տեսա, որ պետք է ներկայացնեմ «Արմենիա Պրեսսում»:
-Ի՞նչն է փոխվել մայրաքաղաքում (և ոչ միայն):
-Լավ բաներ շատ կան, բայց եղա Հրազդանում` իմ ծնողների գերեզմանատանը, և տեսա ավերակներ: Այնպիսի մի վիճակ Է, որ հակասական տպավորություն է ստեղծվում` թե՛ լավի, թե՛ վատի: Քայլում եմ և զգում մարդկանց լարված հայացքները, զրուցում եմ մարդկանց հետ փողոցում, մեծ մասը բացասական է խոսում: Իհարկե, մեր կայքում ես քննադատություն չեմ զետեղում, քանի որ օտարներն են կարդում:
-Ինչո՞վ կարող է գրավել մեր երկիրը օտարազգի ընթերցողին:
-Իր պատմությամբ, իր անցյալով, իր հուշարձաններով: Իսպանացիներին միշտ գրավել է դա, շատ ավելի հոգատար են դրանց նկատմամբ: Նրանք արաբական շրջանի շինությունները նույնչափ խնամքով պահպանում են, քանի որ իրենց երկրի պատմության մի մասն է:
-Հայաստանի այսօրվա մշակութային կյանքը նույնպե՞ս կարող է հետաքրքրել իսպանացուն:
-Իհարկե, հետաքրքրում է, և ներկայացնում ենք, ու նրանք էլ հիանում են: Որպես օրինակ, «Կարին» ազգագրական համույթը Իսպանիայում պարի փառատոնի մասնակցեց և առաջին տեղերից մեկը գրավեց: Մեր բաժնում ձայն ենք տալիս նաև հայասեր իսպանացիներին, որ նաև իրենք խոսեն մեր ժողովրդի մասին (իսպանացի լրագրող, հրապարակախոս և հայասեր Խոսե Անտոնիո Գուռիարան, գրող-արձակագիր Գոնսալո Գուարչ` Հայոց ցեղասպանությանը նվիրված եռագրության հեղինակ, հայտնի իսպանացի հեռուստալրագրող Անտոնիո Կաստիեխո, «Արմենիա Պրեսսի» աշխատակից Արմանդո Ֆեռնանդես): Ներկայացնում ենք նաև Արցախը, Արցախի հերոսներին, բայց ամենաշատը ցեղասպանությանը վերաբերող նյութերն են:
«Արմենիա Պրեսսի» միջոցով իսպանացիներին քիչ-քիչ մոտեցնում ենք մեր ժողովրդի պատմությանը, ներկային ու անցյալին, ինչը բավականին դժվար գործ է: Չեմ կարող ասել, որ շատ բան գիտեն հայերի մասին, բայց երբ տեսնում են «Արմենիա Պրեսս» բաժինը, հետաքրքրությունը շարժվում է, ուզում են իմանալ` ինչ է դա: Փաստ է, որ իրենք Արմենիա ասելով երբեմն Ալբանիա են հասկանում: Վալենսիայում, որն Իսպանիայի երրորդ քաղաքն է, փոստի կենտրոնական բաժանմունքում համակարգչում չէին կարողանում գտնել մեր երկրի անունը: Գոնսալո Գուարչը հարցազրույցի ժամանակ ասաց` եկեք դուրս գանք փողոց ու ասենք` Թուրքիա, բոլորը ճանաչում են, ասենք` Արմենիա, ոչ մեկը չի ճանաչում: Եվ երբ զանգահարում են իսպանացիները, ասում են, որ կարդացել են այս կամ այն նյութը Հայոց ցեղասպանության մասին, սա ինձ ուրախացնում է: Աստիճանաբար ընդլանվում է ճանաչողությունը: Մեր նյութերը վերատպագրվում են և հասցվում են նաև լատինաամերիկյան երկրներին: Այնտեղ մեր համայնքները նույնպես վաղուց իսպանախոս են:
-Մեր հայրենակիցները բավական արագ ադապտացվում են օտար միջավայրում: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Երբ ինձ մրցանակ տվեցին, իսպանացի գրող-արձակագիր Գոնսալո Գուարչը հոդված գրեց` «Լրագրող Արթուր Ղուկասյանը» վերնագրով: Ինքնագովեստ թող չթվա, դա իմ կարծիքը չէ, նա է գրել. «Լրագրող Արթուր Ղուկասյանը» հոդվածում. «Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ Արթուրը որդեգրված մի իսպանացի է նաև. Իսպանիային և վալենսիական մարզին (քանզի հենց Վալենսիայում էլ ապրում է), ինչպես նաև Մուրսիայի մարզին (որտեղ այդքան բարեկամներ ունի) սիրահարված մեկը: Առանց կողմնակի մարդկանց ուշադրությունը գրավելու աշխատում է նա իր առանձնասենյակում լուռ, անխոնջ, օրնիբուն և օգտավետորեն` հանուն Հայաստանի և Իսպանիայի մշակույթների մերձեցման, որպեսզի երկու ժողովուրդները` աշխարհագրորեն այդքան հեռու, սակայն մշակութորեն և մարդկայնորեն նույնքան մոտիկ, ճանաչեն միմյանց»: Ես Հունաստանի քաղաքացի եմ: Այնտեղ նույնպես շատ արագ յուրացրի հունարենը և Ալեքսանդրապոլիս քաղաքում լույս տեսնող «Գնոմի» («Միտք») հունական թերթում իմ սյունակն ունեի: Բայց, որքան էլ ընտելանաս, ինտեգրվես օտար միջավայրին, պետք է պահպանես քո ինքնությունը: Եթե դա կորցնեմ, ոչ մի նշանակություն չեմ ունենա` թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի, թե՛ Իսպանիայի համար: Իսկ այդ երկրների մշակույթներն անցել են իմ միջով:
-Շա՞տ են տարբեր մեր ավանդույթները, կենսակերպը:
-Կան և՛ տարբերություններ, և՛ նմանություններ: Ասենք, այնտեղ էլ կուսակցական վեճեր շատ են լինում, ու, չնայած դրան, մեկը մյուսի հանդեպ բարեհամբույր է: Այնտեղ էլ եմ տեսնում դա:
-Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց «Իսպանական շաբաթ» միջոցառումների շարք, Դուք որևէ մասնակցություն ունեի՞ք:
-Ես պատահաբար եմ իմացել փառատոնի մասին: Մեծ մասամբ լատինաամերիկյան մշակույթ է ներկայացվել: Հյուրերը Արգենտինայից, ՈՒրուգվայից էին: Լավ կլիներ կոչեին իսպանախոս երկրների փառատոն:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ