38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընդլայնելով աշխարհագրությունը

Ընդլայնելով աշխարհագրությունը
08.10.2012 | 16:47

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հիմնադրած «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովը տարեցտարի նոր թափ է հավաքում ընդլայնելով աշխարհագրությունը։ Սկսած 2008-ից գիտաժողովը բոլոր երկրներում տեղի է ունենում ԵՃՇՊՀ զինանշանի ներքո։

Վերջերս Լեհաստանի Չենստոհովա քաղաքում կայացավ «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային չորրորդ գիտաժողովը, որն իր շուրջն էր համախմբել 13 երկրների` Լեհաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Սլովակիայի, Իտալիայի, Բելառուսի, ՈՒկրաինայի, Հունգարիայի և Հայաստանի ճարտարապետական և շինարարական բուհերի ղեկավարներին և գիտնականներին, որոնք հանդես եկան գիտական զեկույցներով։ Գիտաժողովին ԵՃՇՊՀ-ն մասնակցում էր հարուստ պաշարով. ներկայացվել է 40 գիտական զեկույց։ Ընդհանրապես, գիտաժողովի մասնակիցները ճարտարապետության և շինարարության ոլորտի զարգացման գործում կարևորել են գիտաժողովի դերը թե՛ գիտական, թե՛ միջազգային կապերի ամրապնդման ու փորձի փոխանակման գործընթացում։ Այս տեսանկյունից երևի թե օրինաչափ էր, որ ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և պրոռեկտորներ Վարդգես Եդոյանը, Արեստակ Սարուխանյանը և Սեդրակ Սեդրակյանը գիտության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրվեցին շքանշանով և դիպլոմով։ Նկատենք, որ գնալով ԵՃՇՊՀ-ի գիտական պոտենցիալը միջազգային դաշտում լայն ճանաչում է ձեռք բերում։
«Չենստոհովա քաղաքում կայացած «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային չորրորդ գիտաժողովը կազմակերպված էր բարձր մակարդակով, ստեղծված էին բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար, զեկուցումները կազմակերպված էին երեք սեկցիաներում և ընթանում էին հետաքրքիր քննարկումներով։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Լեհաստանի Չենստոհովա քաղաքի տեխնոլոգիական, Պեկինի շինարարության և ճարտարապետության և Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանները։ Գիտաժողովը յուրաքանչյուր տարի կարևորվում է նաև նոր աշխատանքային կապերի հաստատման տեսանկյունից։ Այս այցի շրջանակներում կազմակերպվեցին հանդիպումներ Լեհաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ պատվիրակությունների տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց ԵՃՇՊՀ-ի պրոռեկտոր Վարդգես Եդոյանը։
Նշենք, որ «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» միջազգային 5-րդ գիտաժողովը կկայանա Ս. Պետերբուրգում։ Հիշեցնենք նաև, որ վերոհիշյալ խորագրով առաջին և երկրորդ գիտաժողովները ԵՃՇՊՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են Ջերմուկ քաղաքում 2008 և 2010 թվականներին, որոնց մասնակցել են արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտնականներ, հետազոտողներ։ 2010-ին Ջերմուկում կայացած գիտաժողովին մասնակցել է Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանը, որի առաջարկով էլ նույն խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը 2011-ին կայացավ Պեկինում։


Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ