ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ողբերգազավեշտ՝ պետականակերտման նվագակցությամբ

Ողբերգազավեշտ՝ պետականակերտման նվագակցությամբ
08.04.2024 | 11:00

Տե՜ր իմ Երկնավոր, վերջապես մեր բախտակորույս երկրում հաստատվում է պետականությունը և յոթ սարի հետևում չի վերջնական հաղթանակը:

Այո՛, ՀՀ-ն նախ տարածաշրջանում, հետո Եվրասիայում և վերջապես Երկիր Մոլորակում դառնում է ազգային պետության վերականգնման աննախադեպ օրինակ:
Անշուշտ չարակամ երկրները նախանձից կկանաչեն, (կվերածվեն մոլախոտի), սակայն չէ՞ որ մեր բարեկամ պետությունները հրճվանքից կխենթանան և կելնեն ուխտագնացության դեպի ՀՀ:

Ավելի ստույգ՝ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Նրանց, իհարկե բարեժպիտ և հոգեշահ կդիմավորի ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ, հարգարժան գնդապետ Սոնա Հովսեփյանը:
Անկեղծ ասած, տիկին Հովսեփյանը բավականին բարեմիտ է և քրեական վարույթների ներկայացմանը զուգահեռ փարատում է բազմաթիվ կերպարվեստագետներին և բյուր արվեստասերներին ալեկոծող մտահոգությունը, տագապն ու ցավը, այն է, եթե ՀՀ դատախազության հայցերը բավարարվեն (այսինքն, եթե Հայաստանի Նկարիչների միության ողջ գույքն ու կայքը պետականացվի), ապա դա չի խոչնդոտի նրա հետագա գործունությանը:

Այո՜... ծաղկեց Մարոյի բոստանը:
Հենց այս բոստանում է թաղված շան գլուխը:
Փորձեմ այն ենթարկել մանրամասն փորձագիտական տեղազննման:

ՈՒ ձեռք մեկնել և՛ Սոնա Հովսեփյանին, և՛ նրա վերադասին, այն է՝ ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին:
Նախ մեկնում եմ ձեռքս ձախ:

ՈՒ փորձում եմ ձախաձեռ (սակայն բնավ ոչ ձախավեր) քննել, քրեական վարույթի նախաձեռնման հավատո հանգանակ՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների միավորումների հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Նույն պետականափրկիչ կետի համաձայն՝ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը:
Արգո տիկնայք, Հայաստանի նկարիչների միությունը երբևէ միավորում չի եղել: Կասկած չունեմ, որ հստակ զանազանում եք միավորում և միություն հասկացությունները: Առավել ևս չեմ կասկածում, որ քաջ տեղյակ եք՝ 1990 թվականի սեպտեմբերի

10-ի օրենքը բխում է ՀՀ «Անկախության հռչակագրից», որի 7-րդ կետը փառահեղ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետմամբ, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»:

Գուցե ՀՀ գույքի պետականացման առաքինի առաքելությամբ տոգորված ՀՀ գլխավոր դատախազությունն ուղղակի բերման ենթարկի Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ այն է ՋՐԱՅԻՆ և այլ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ նաև ՏՆՏԵՍԱԿԱՆ կարողությունները որոնք նրա ժողովրդի սեփականությունն են...
Հարգարժան տիկին Վարդապետյան, գուցե փորձեք գերխորքային մի հետաքննությամբ պաշտպանել մեր և Ձեր երկրի ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, պարզելու, թե ՀՀ ջրային և բնական պաշարները (հանքերը՝ մասնավորապես, ընդերքը՝ առավելապես) արդյո՞ք ՀՀ ժողովրդի սեփականությունն են:

Թե դրանք օտարերկրյա կապիտալի և ՀՀ օլիգարխիկ համակարգի անբեկանելի, պետական փաստաթղթերով հաստատված կարողություններն են:

Հետաքննենք և նախաձեռնենք բազմաբնույթ և բազմաթիվ քրեական վարույթներ:

Եվ կշահեք, չկասկածեք:
Մաղթում եմ Ձեզ և ձեր գլխավորած պատվարժան համկարգին անամպ երկինք, ամուր նյարդեր և անձնազոհ արիություն:

Ողջ լերուք:
Այժմ աջ ձեռքով եմ քարագրում խիստ էական, ես կասեի բախտորոշ մի մտահոգություն, որը, չկասկածեք՝ խորապես անհանգստացնում է ՀՆՄ շուրջ 1300 անդամներին, արվեստասեր հանրությանը Հայսատանում և Սփյուռքում, նաև Հայաստանի նկարիչների միության անցյալը կերտած կերպարվեստագետների և արվեստաբանների տագնապը... երկնքից: Նաև ՀՆՄ այն նախագահներին, որոնք ԽՍՀՄ-ի տիրակալության պայմաններում միջազգային մակարդակի վրա դրեցին ՀՆՄ գործունեությունը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՆՄ անդամ

Հ.Գ.1.

Ի դեպ. Նկարիչների միությունները գործում են և նշանակալից դերակատարում են քաղաքակիրթ պետություններում:

Ի մասնավորի` Չինաստանում և Ֆրանսիայում, Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում, առհասարակ այլուր:

Արդ, թախանձագին խնդրում եմ քեզ ժամանակ գտնել և տեղազննել նշյալ և այլ երկրների ակնառու փորձը՝ պետություն-նկարիչների միություններ փոխառնչություններում:
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում է գործում Համաշխարհային նկարիչների միությունը
Այժմ հուշագրում եմ ԽՍՀՄ-ի օրոք պետականակերտ գործունեություն ծավալած ՀՆՄ Նախագահներին:
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան, Ռուբեն Պարսամյան,Մհեր Աբեղյան, Սուրեն Սաֆարյան և Սարգիս Մուրադյան:

Երևելի անուններ, երանելի ժամանակների:
***
Հուշագրումին հետևում է մի էական բան, որի շուրջ կամենում եմ փոքր-ինչ մտահոգվել, անկասկած, սպասելով, որ մտահոգությունս կփարատվի, դիցուք, ԿԳՄՍ-ի կողմից: Վերհիշենք որ ՀՀ դատախազության վերջնագրում այսուհանդերձ մի հուզիչ մեկնաբանում է առկա, հուզիչ և հույսեր ներշնչող. «Եթե Հայաստանի Նկարիչների միության ողջ գույքն ու կայքը պետականացվի, ապա դա չի խոչընդոտի նրա հետագա գործունեությանը»:
Ամենայն հավանականությամբ, պետականացված ՀՆՄ-ի գործունեությունը կվերահսկի ԿԳՄՍ-ի ենթանախարությունը:
(Գուցե ՀՀ կառավարությու՞նը...):

Եվ ահա ներկայացնում եմ ԽՍՀՄ ժամանակափուլում ՀՆՄ-ի և պետության փոխառնչությունները:
Հայաստանի Նկարիչների միությունը տնօրինում էր՝ գործարաններ, կոմբինատներ, խանութ-սալոններ, շինարարական վարչություն, քանդակագործական և կերպարվեստի և ընդհանուր ձևավորման կոմբինատներ, ստեղծագործական հանգստի տներ և այլն, և այլն:
ՀՆՄ-ն ապահովված էր մշտական պետական պատվերներով:

Այսինքն Միության անդամ յուրաքանչյուր նկարիչ տարվա ընթացքում, պետական պատվեր կատարելով, ապահովված էր կայուն և բարձր եկամտով, նրա ստեղծագործական աշխատանքը համարվում էր աշխատանքային ստաժ, բնականաբար նա հավուր պատշաճի թոշակավորվում էր:

Մի խոսքով, կերպարվեստագետը ազգային, պետական և հասարակական կյանքի առաջնադիրքում էր, լուսանցքում չեր:

Եվ այլն:

Հ.Գ. 2.

Ի գիտություն ՀՀ գլխավոր դատախազության, Հայաստանի նկարիչների միության գույքը նրա 1300 անդամի սեփականությունն է, ինչը փաստված է Միության կանոնադրությամբ:
Եթե, այնուամենայնիվ, ՀՆՄ-ն պետականացվի, ապա Միության անդամները ինչ կարգի սեփականություն կտնօրինեն:

Հ.Գ.3.

Խնդիրը հուսամ` կարժանանա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի և մշակույթի մշտական հանձնաժողովի ուշադրությանը:

Սույն պատվարժան հանձնաժողովին առաջարկում եմ վերահանել 2006-2007 թթ.-ին ՀՀ ԱԺ-ին ներկայացված «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագիծը, վերանայել այն և ի կյանք կոչել, և լուծել Գորդյան հանգույցը:

Դիտվել է՝ 20728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ