Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ԾԻՐԱՆ»ԱՄՈՒՏԻ ՆԱԽԱՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ

«ԾԻՐԱՆ»ԱՄՈՒՏԻ ՆԱԽԱՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ
21.06.2011 | 00:00

Երկու հիմնասյուներով կանգուն կինոփառատոնը
Անկախական թոհուբոհում փլուզված հայկական կինոարտադրությունը վերջին տարիներին կենսունակության ինչ-ինչ նշաններ է ցուցանում։ Առայժմ միջազգային կինոշուկայում հարկավոր մրցունակություն չեն կարող ի հայտ բերել նորաստեղծ տարաժանր ֆիլմերը։ Ամենքիս են քաջածանոթ դեռևս անհաղթահարելի մնացող հիմնախնդիրները, որոնց մասին իր տագնապները բարձրաձայնելուց չի երկնչում միջազգային բարձր վարկանիշը հաստատած մեր ամենահեղինակավոր` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, հանրաճանաչ կինոբեմադրիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Պետական միջոցներով մեր կինոն չի կարող զարգանալ,- ասում է նա։- Համաֆինանսավորման սկզբունքն է քիչ թե շատ իրեն արդարացնում։ Չլիներ «Ոսկե ծիրանի» գաղափարախոսության իրականացմանը վստահաբար աջակցող պետական ու մեկենասական հիմնասյուների միաձույլ հետևողականությունը, մեր փառատոնը հարաճուն միջազգային ճանաչում հազիվ թե ունենար։ Ինքնագովություն չեմ անում։ Հոլանդացիները սեփական նախաձեռնությամբ բացեցին «Ծիրան»աֆիլմերի իրենց փառատոնը։ Զարմանում ենք, թե ինչու են թուրքական կինոժապավենների հաղթաթղթերը մերից բարձր միջազգային շուկայում` առանց հաշվի առնելու կարևորագույն մի հանգամանք. Թուրքիայում պետպատվերով տարեկան 100 ֆիլմ է նկարահանվում, մեզ մոտ` 2-3։ Մոռացության է մատնվում կինոարվեստի զարգացումը էապես կասեցնող գլխավոր խոչընդոտներից ևս մեկը` այսօր չկան գործող կինոթատրոններ։ Երբևէ ունեցած 14-ից մնացել է միայն «Մոսկվան», որի տնօրինությունը հրաժարվել է «Նաիրին» 2-3 մլն ամսավճարով վարձակալելու անեկամտաբեր գործարքից։ Վիճակը պարզապես ողբերգական է։ Պետությունը չի կարող պարտադրել որևէ գործարարի կինոթատրոնի նոր շենք կառուցել ներկայիս հասարակական հարաբերությունների համակարգում։ Մեր փառատոնի գլխավոր հովանավորն ու հավատարիմ գործընկերը` ՎիվեՍել-ՄՏՍ ձեռնարկությունն ի զորու չէ իր ծանրաբեռնված ուսերին ծախսատար այդ պարտավորությունն էլ կրելու։
Այսպես, որդեգրած արդյունավետ աշխատաոճի արմատավորմամբ մեկնարկից ամիսներ առաջ հրավիրված մամլո ասուլիսների ընթացքում մաս առ մաս մանրակրկիտ իրազեկելով հայկական ամենախոշոր կինոփառատոնի ֆիլմացանկին ու հարակից ծրագրերին, «Ոսկե ծիրանի» հիմնադիր նվիրյալներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը հնարավորություն են ընձեռում մշակութային կյանքի լուսաբանմամբ զբաղվող «Ծիրան»ասեր ԶԼՄ-ներին պարզաբանելու ոչ փառատոնային մեր կինոարվեստի ընդհանուր նկարագիրը։
«ԿՈՐԻԶԻ» ՀՈՒՍԱԴՐՈՂ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Ընդհանուր առմամբ, 8-րդ «Ոսկե ծիրանին» մասնակցելու 631 հայտ է ներկայացված 81 երկրից։ Դեռևս շարունակվում է նոր հայտերի հոսքն ըստ կանոնակարգի, բայց փառատոնային հանձնախմբի նախնական ընտրությամբ արդեն ձևավորվել է մրցութային ֆիլմացանկը 45 երկրից ստացված 150 կինոժապավեններով։ Ի դեպ, ֆիլմերի մի մասն ընտրվել են այլ կինոփառատոներից, մյուսը` հատուկ «Ոսկե ծիրանին» ներկայացրած հայտերից։ Արա Խանջյանի վկայությամբ, մրցակից աշխատանքների 80 %-ը կազմում են վավերագրականները։ Վերջիններիս թեմատիկ ընդգրկումը բազմազանեցնելու նկատառումով սահմանափակվել է քաղաքական հակամարտություններին անդրադարձողների քանակը։ Կինոսիրողներին առավել դիտարժան դարձնելու միտումով, հուլիսի 10-17-ը կայանալիք փառատոնի բովանդակությունը հարստացվել է մարդկային ուշագրավ ճակատագրերի բացահայտումներով, Երկիր մոլորակի խաղաղ առօրյան ռումբերի պայթյուններից զատ խաթարող սոցիալ-տնտեսական խնդիրների պարզաբանումներով։ Առանձին ծրագրերով հնարավորինս շեշտադրված են մի շարք իրադարձային պատմական հոբելյանները։ «Ռեսորջիմենտո»-ի շրջանակներում Ռոբերտո Ռոսելինիի, Պաոլո և Վիտորիո Տավիանիների, Լուիջի Մանյիի և Ռոբերտո Ֆաենցայի ֆիլմերի ցուցադրությամբ, օրինակ, նշանավորվում է Իտալիայի միավորման 150-ամյակը։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված «Հայացք դրսից» ծրագրում ներառված են վերջերս Հայաստանում արտերկրի կինոբեմադրիչների նկարահանած մի շարք ֆիլմեր։ «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով «Մոսկվայի տանը» ցուցադրվելիք ֆիլմերով էլ նշանավորվելու է ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնաբուխ անհրաժեշտությամբ ստեղծված համախմբող միջպետական կառույցի 20-ամյակը։ ՈՒսանելի նոր տեսանյութ է ամփոփված «Կինոդպրոցներ» ծրագրում Անջեյ Վայդայի (Լեհաստան), «Սապիր» քոլեջի (Իսրայել) և ՌԴ Կինոյի պետական ինստիտուտի (BГИК) կինոդպրոցներում ծնված ուսանողական ֆիլմաշարով։ Սերունդների միջև խզված ստեղծագործական կապը վերականգնելու հեռատեսությամբ դարձյալ հատուկ ուշադրության են արժանացվելու մեծանուն կինոգործիչները, որոնցից երեքի` Ռոման Բալայանի, Էդմոնդ Քյոսայանի և Դմիտրի Կեսայանցի հոբելյանները տոնվելու են ութերորդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում։ Իր ստանձնած առաքելությունը` համագործակցության նոր լծակների պրպտումը, անխոտոր առաջ կտանի «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) կինոհամաժողովը։ Արդի հայ կինոարվեստին երիտասարդական ավյունով ապրեցնող կենսալիցքեր հաղորդելու ակնկալությամբ 8-րդ «Ոսկե ծիրան»ում ներմուծվել է ևս մեկ մրցութային ծրագիր «Կորիզ» խորագրով։ Վերջին տարիներին ստեղծված «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի սաների նախաձեռնությամբ մտահղացված այս անվանակարգում մրցակցելու են երիտասարդական-նորարարական կարճամետրաժ խաղարկային մի շարք ֆիլմեր։ Երիտասարդ կազմակերպիչների ջանքերով փորձ է արվելու ոլորտում առանձին գործող կինոգործիչներին գործնականում մեկտեղելու ի նպաստ անհատական և համահայկական ստեղծագործական առաջընթացի։
ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԻ «ԿՈՐԻԶ»ԱՀՄԱՅՔԸ
Նախամեկնարկային վերջին «Ծիրան»ազրույցը, որում կինոփառատոնի ֆիլմացանկը համակարգողները ներկայացնում էին միջազգային խաղարկային և վավերագրական մրցույթներում ընդգրկված 11-ական ֆիլմեր, ծանոթ-անծանոթ կինոգործիչների անհատական ու խմբային նոր կինոժապավենների արժանավորության հպանցիկ վավերացումից թեքվեց դեպի «Հայկական համայնապատկերը»։ Եվ, բնականաբար, հանգամանալից ծավալվեց վերջին երկուսի` «Վանա ծովուն արշալույսի» (բեմադրիչներ` Արտակ Իգիթյան և Վահան Ստեփանյան) ու «Թափառում» ռոք օպերայի (բեմադրող ռեժիսոր` Արշալույս Հարությունյան, նախագծի հեղինակ` Արամ Սուքիասյան) առաջնադիտումներից լրագրողների ստացած տարատեսակ տպավորությունների մասնագիտական հստակեցման հունով։ Համքարական համախոհության բարեկրթությունից ելնելով` կինոգետները խուսափեցին բարձրաձայնել ամենաթանկարժեք վերջինի իրենց գնահատականը։ 80 մլն դրամից ավելի ծախսատարությանը նորաոճ ֆիլմի գեղարվեստական համարժեքության կասկածը չպարզաբանվեց։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այդուհանդերձ, չթաքցրին իրենց միակամ կարծիքը։ Անշուշտ, ուշագրավ էին համակարգչային տեխնիկայով ստացված մի շարք դրվագներ, բայց անհամաչափ կատարումներով (լավագույնը, անվերապահորեն, Արման Էլբերտինն էր) Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հենքով գրված լիբրետոյի էկրանավորման մեջ հետին պլան էր մղվել գլխավոր ասելիքը։ Առանձնակի հրապուրվածությունն արտաքին պատկերային նորաոճ ու գունագեղ կոմպոզիցիաներով որոշակի պարզունակության էր հանգեցրել։ «Ծիրան»ահունից զգալիորեն խոտորված սրտացավ խոսակցությունը նրբանկատորեն վերջակետվեց, չնայած «Թափառումի» ստեղծագործական խումբը մրցակցության «Ծիրան»ահայտ չէր ներկայացրել։ Ի տարբերություն «Վանա ծովուն արշալույսի» հեղինակների։
Խաղի կանոնները հարգելով` մենք էլ մինչ ութերորդ «Ոսկե ծիրանի» ավարտը ձեռնպահ կմնանք «Վանա ծովից» քաղած տպավորությունների վերլուծական հրապարակումից։ Նշենք, սակայն, որ Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում կայացած ցուցադրությունների դրվատական միագիծ անդրադարձներով հեղեղված են ԶԼՄ-ների էջերը։ «Միկա Լիմիթեդ» և «Պարադիզ» ընկերությունները Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ էկրան են բարձրացրել մի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որում հայոց ցեղասպանության մշտահոլով թեման դիտարկված է նորովի։ Հայր և որդի Վաթյանների հեղինակած սցենարում (ի դեպ, նախ որպես պիես գրված, որի բեմադրությունն անհասկանալի պատճառներով չէր կարևորվել), ամերիկաբնակ գաղթականների 3 սերունդների հոգեկերտվածքի վերասերումների հակադրամիասնությամբ, փորձ է արվում շեշտադրելու ազգային գենետիկ հիշողության արթնացման անհերքելի անհրաժեշտությունը մերօրյա համընդհանուր դիմազրկումից արժանապատիվ փրկության ելք գտնելու տեսակետից։ Հարկ է խոստովանել, որ «Վանա ծովուն արշալույսին» հատուկ գրավչություն է հաղորդում Վանից մազապուրծ փրկված Կարապետ Փամբուկչյանի (ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրով), առերևույթ ամերիկանացած նրա Գևորգ թոռան (Արեն Վաթյան) և ֆրանսացած թրքուհի Էլիզի (Գյունըշը Զան) պարզ մարդկային փոխհարաբերությունների կենսաթրթիռ արտացոլումը էկրանին։ Կինոդիտողներից շատերի համար այս եռամիասնության դրամատիզմի պատմական հիմնավորվածությունը միանգամայն հավատընծա դարձավ տարազգի դերակատարների միաձույլ կոլորիտային փոխըմբռնմամբ, ընդհանուր խաղաոճի ողբերգակատակերգական համաչափության հմուտ պահպանմամբ։ Առաջատարը, իհարկե, Կարապետ Ջանգիրովն էր իր արտիստական անզուգական վարպետության նոր դրսևորումներով։ Բայց և, ֆիլմի գլխավոր ասելիքի գեղարվեստականության համատեքստում, նրա հերոսի գերխնդիրը հարկավոր ներգործուն ուժ չէր ստանա առանց շնորհաշատ Արեն Վաթյանի խորունկ կերպարային խաղընկերության։
Ոմանց անսպասելի խանդավառությունը հարուցած Գևորգ-Վաթյանի հայտնությունը երիտասարդ արվեստագետի անցած տասնամյա բազմաշերտ տքնաջան գործունեությամբ է իրականում պայմանավորված։ Հասակ առնելով մտավորական արվեստագետների ընտանիքում` դեռ մանկուց է ի հայտ բերել Արեն Վաթյանն իր երաժշտաթատերական ունակությունները։ Տակավին պատանի` բազում հումորեսկներ է հեղինակել, որոնց հիման վրա ապագայում ծնվել են մանկապատանեկան նրա «Գժուկ»-ները։ Կինոարվեստում մասնագիտանալով ԵԹԿՊԻ-ի Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի արվեստանոցում` 90-ականներից մեր մշակույթին պատուհասած հայտնի պատճառներով չի կարողացել հագուրդ տալ իր կինոնախասիրություններին։ Պատահաբար հայտնվելով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` դերակերպավորման հմտություններն է զարգացրել 20-ից ավելի մեծ ու փոքր դերակատարումներով, որոնցից նշանակալից են Մերկուցիոն, Սինան, Մատեյը, Տղամարդը, Պետրոսը, Վիկտորն ու Մարսիալը։ Զուգահեռաբար հանդես է եկել մի շարք տարաբնույթ ֆիլմերում. «Հերոստրատ» (Զենոն), «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Դայմոնդ» (Տիգրան), «Մի նայիր հայելուն» (Խաչիկ) և այլն։ Մերօրյա թյուրընկալմամբ, Արեն Վաթյանին ավելի շատ ճանաչում են «Կյանքի գինը» և «Բանալի» հեռուստասերիալներով։ Փառք Աստծո, ինքնաքննադատական անաչառ բնավորությամբ, երիտասարդ արվեստագետը գլխավորապես ընտանեկան կարիքները քիչ թե շատ պատշաճ հոգալու միջոց է համարում առայժմ որակական առաջընթաց չերևակող այդ դեգրադացնող կինոժամանցները։ Չնայած, գործընկերներից շատերի հանգույն, մասնագիտական սրված արժանապատվությամբ է փորձում արդարացնել իր մասնակցությունը։
Կարծում ենք, ութերորդ «Ոսկե ծիրան»-ում աննկատ չի մնա Արեն Վաթյանի գեթ «Կորիզ»ահմայքը։ Եվ երիտասարդ կազմակերպիչները, ի թիվս այլոց, կխթանեն նաև նրա անմարելի ստեղծագործական եռանդի նոր արտահայտությունների համատեղ իրականացումները հօգուտ հայկական կինոարվեստի վերընթացի։
«Կորիզի» հուսադրող հայտնության ավետիսով ընդմիջում ենք «Ոսկե ծիրանի» բովանդակության նախամեկնարկային ծանուցումը։ Որպես 8-րդի տեղեկատվական հովանավորներից մեկը, «Իրատես de facto»-ն այսուհետ պարբերաբար կիրազեկի իր ընթերցողներին փառատոնի 8-օրյա կինոգրավչությանը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ