«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               

«Բարոյականության կողքին չի կարող անբարոյականությունը հավասար իրավունքով ապրել»

«Բարոյականության կողքին չի կարող անբարոյականությունը հավասար իրավունքով ապրել»
06.03.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ԳԻՏԱԿՑԵՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԽՆԴՐԱՐԿՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Ժողովրդին ծառայող յուրաքանչյուր ոք, առավել ևս՝ արվեստագետ, ունի մեկ թաքուն կամ բացահայտ նպատակ՝ վայելել հանրաճանաչություն և համաժողովրդական սեր: ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ այս բաները տրվել են լիուլի: Թերևս, նաև նման վերաբերմունքին ի պատասխան է, որ դերասանը չի սահմանափակվում իր ժողովրդին բացառապես արվեստով ծառայելու առաքելությամբ և ակտիվորեն ներգրավվում է բախտորոշ հասարակական-քաղաքական անցուդարձերի մեջ:
«ՄԵՐ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԵՎ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ»

-Պարոն Մանարյան, մեկ տարի առաջ, երբ նոր էին ավարտվել նախագահական ընտրությունները, և ձևավորման փուլում էր երկրի նոր կառավարությունը, Դուք այնքան էլ լավատեսորեն չէիք տրամադրված մեր ապագայի նկատմամբ: Մասնավորապես, տխուր կանխազգացումներ ունեիք՝ կապված նախագահի երդմնակալության արարողության և մարտի մեկի զոհերի քառասունքի օրվա համընկնման հետ: Մեկ տարի անց Ձեր զգացողությունները չե՞ն փոխվել:
-Ինչ-որ բան փոխվել է, բայց ոչ հօգուտ լավատեսության, ցավոք: Այն անհանգստությունը, որ ունեի անցյալ տարի, կարծես թե ավելի է խորացել: Դա, նախ և առաջ, պայմանավորված է քաղբանտարկյալների գոյությամբ: Արդեն մեկ տարուց ավելի է, որ մի քանի մարդ անազատության մեջ է ու դատապարտված անորոշ ճակատագրի: Ի՞նչ են արել այդ մարդիկ: Սա չի հստակեցվում, որ հասարակությունն էլ դրանից դասեր քաղի: Իհարկե, կարող է մարդը կյանքի մի փուլում գնա ազգային հերոս դառնա, իսկ հետագայում կատարի սխալ քայլեր: Սա անհավանական չէ: Բայց եթե մարդն ինչ-որ բան այնպես չի արել, պետք է այդ մասին հստակ խոսվի: Պետք է մարդիկ հասկանան, որ պետության մեջ կան բարոյական սկզբունքներ, որոնց չենթարկվելու դեպքում երբևէ հերոսություն արած լինելը բավարար չէ, որ քեզ ներեն: Մենք այս հասկացությունները դրել ենք մի կողմ, դրանց մասին բոլորովին չենք խոսում և անորոշ վիճակով շարունակում ենք այդ մարդկանց պահել բանտում: Մեր դատարաններն ինչի՞ են վերածվել: Ծաղրուծանակ է ուղղակի: Կանգնե՛ք-նստե՛ք, չենք կանգնում-չենք նստում: Սա ծայրահեղ անլրջություն է: Նման դեպքերում շատերին կարելի է մեղադրել, բայց մեծ մեղավորն այդ գործերի բնականոն ընթացքի պատասխանատվությունն ստանձնած մարդն է: Ընտանիքի հայրն ինչպիսին եղավ, այնպիսին կլինի ընտանիքի դեմքը: Սա առարկության ենթակա հասկացություն չէ, հատկապես մեզանում: Եվ երբ այս ելակետից ենք մոտենում մեր երկրում առկա իրողությանը, կարող ենք միանշանակ ասել, որ ոչ մի բան դեպի լավը չի փոխվել, այլ, երևի թե, ավելի վատացել է: Հենց մեր պետականության առաջին դեմքն Արցախի ազատագրության մասնակիցն է եղել: Եվ երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկուկես տարի առաջ սկսեց իր ընտրապայքարը, նաև լավ խոսքեր ասաց Սերժ Սարգսյանի հասցեին: Այդ լավը պետք է պահպանել: Մենք մոռանում ենք, որ մեր վարքագիծը (մանավանդ, եթե հասարակության կողմից ճանաչված մարդ ես) մեր ժողովրդի հարստության մի մասնիկն է և միայն մեզ չի պատկանում, պատկանում է բոլորին: Եթե ես՝ պատկառելի ճանապարհ անցած մարդս, ինձ սխալ եմ պահում, դրանով վարկաբեկում եմ նախ և առաջ իմ հասարակությանը, այն նպատակները, որոնց համար պայքարել եմ, այն ճանապարհը, որն անցել եմ: Եվ միայն ամենավերջում վարկաբեկում եմ ինձ, իմ անձը: Մենք պետք է թանկ գնահատենք այսպիսի հասկացությունները: Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ինքդ քեզ ուրախանալու իրավունք չես տալիս: Քեզ թույլ չես տալիս ուրախ, զվարթ լինել: Մարտի մեկ ունենք, տասը զոհ ունենք… Մեկ տարի առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը վերցրեց ու դարերով հաստատված քառասունքի կարգը փոխեց: Սա ի՞նչ ձև է: Մենք չենք զգում, թե ինչպես ենք փշուր-փշուր քանդում մեր հոգևոր կառույցը: Բարոյականությունն ամեն բանից բարձր պետք է դասել, որովհետև դա այն հարստությունն է, որը գալիս է հազարամյակների խորքից: Մենք հո այսօ՞ր չենք հորինում բարոյականության նորմերը: Պետք է պահպանենք դրանք, բայց դրանում այնքան էլ շահագրգռված չենք:
«ՄԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԽՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՄԵՋ»
-Եթե երկրում վիճակն այսքան վատ է, ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն շարունակում մեզ պահել իր կազմում, իսկ Ռուսաստանը մեր Սահմանադրական դատարանի նախագահին շնորհում «Ֆեմիդա» մրցանակ:
-Թե ինչու է Եվրախորհուրդն այդպես վարվում, ընդունված է ասել՝ Եվրախորհրդին հարցրեք: Նրանք իրենց հարցերն ունեն, իրենց հաշիվներն ունեն, և այնպես չէ, որ Եվրախորհրդում գիշերը չեն քնում ու մտածում են միայն փոքր ժողովուրդների երջանկության մասին: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի կեցվածքին, կարծում եմ, որ մեր այսօրվա վիճակում որևէ պարգևի արժանանալը և այդ պարգևը, չասեմ խանդավառությամբ, դրական էմոցիաներով ընդունելը վայել չէ մեզ: Մենք այնքա՜ն չպարզաբանված հարցեր ունենք մեր հասարակության մեջ, այնքա՜ն մեծ հույսեր էինք կապում Սահմանադրական դատարանի հետ, որոնք չարդարացան: Թեև գուցե դեռ այդ հաստատությունն արդարացնի մեր հույսերը, որովհետև, ի վերջո, Սահմանադրական դատարանն է, որն այժմ իր նախագահի «շնորհիվ» խոտոր ճանապարհով է ընթանում: Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, ոչ միայն դատարան չունենք, այլև Սահմանադրական դատարան չունենք: Երևի թե մեծագույն սխալ էր (և կարծեմ՝ այդ սխալը Լևոն Տեր-Պետրոսյանինն է), որ սահմանադրական դատարանի նախագահ նշանակվեց խորհրդային հասարակարգի պաշտոնատար կուսակցականը: Այդ տեսակի մարդը որևէ նոր, համարձակ քայլ չի կարող անել: Ավելի լավ կլիներ՝ կռվի դաշտից եկած ոչ շատ գրագետ, ոչ շատ պատրաստված մարդը կանգներ այդ գործի գլուխ ու կարողանար առաջին հիմնաքարը դնել, որի վրա հնարավոր կլիներ բարձրացնել, ձևավորել կառույցը: Մենք ունենք այդ փառավոր շենքը, մեջը՝ դատարկություն: Պատմությունից մի դեպք եմ հիշում: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, երբ ֆաշիզմը ջախջախիչ պարտություն կրեց, Իտալիայում պառլամենտի ընտրություններ էին նախապատրաստվում, և պիտի պաշտոններ բաշխվեին: Կային երկու հզոր կուսակցություններ՝ քրիստոնյա-դեմոկրատական և կոմունիստական: Ընդ որում՝ կոմունիստների առաջնորդը շատ համբավավոր մարդ էր՝ Պալմիրո Տոլյատին (նրա անունով են կոչել «Ժիգուլու» սովետական գործարանը): Այս մարդը ցանկացած պաշտոնի կարող էր հավակնել և ստանալ ու վարել, բայց նա ընտրեց արդարադատության նախարարի պաշտոնը: Դա բոլորին զարմացրեց, իսկ Տոլյատին իրավացիորեն մտածում էր, որ նախ պետք է դաշտը մաքրել, նախ պետք է արդարությունը ոտքի կանգնեցնել, որ հետո մյուս բաները հարմարեցվեն դրան: Մենք այս բանին ուշադրություն չենք դարձնում: Մեր արդարադատությունն աստիճանաբար խրվում է անվճռականության, անդեմության, ամեն տեսակի ոչ ցանկալի երևույթների մեջ: Սա մեր մեծ դժբախտությունն է: Ոչ ոք ոչ մի բանից ահ չունի: Որովհետև չարիք գործելուց առաջ մարդը մտածում է. «Այսպես ու այնպես գործս կդասավորեմ ու տակից դուրս կգամ»: Եվ դասավորում ու դուրս է գալիս: Մենք ունենք և՛ արդարադատության նախարարություն, և՛ դատախազություն, և՛ սահմանադրական դատարան, և՛ այլ կառույցներ, բայց այս վիճակի մեջ ենք: Տոլստոյն ասում է. «թՊպ րցՊ, ՑՈՎ վպտՐՈՉՊՈ», այսինքն՝ ամեն մի արդարության կողքին մի անարդարություն կա: Բայց բարոյականության կողքին չի կարող անբարոյականությունը հավասար իրավունքով ապրել: Մենք պիտի շահագրգռված լինենք, որ մեր բարոյական կեցվածքն անբասիր լինի, բայց, ըստ երևույթին, շահագրգռված չենք:
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԾՈՒԿ ՊԱՀԵԼՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ»
-Պարոն Մանարյան, որքան էլ ասենք, որ Եվրոպան չի հետաքրքրվում փոքր ժողովուրդների խնդիրներով, պիտի նկատենք, որ փոքր ժողովուրդներս բավականաչափ, երբեմն էլ չափից դուրս տուրք ենք տալիս եվրապահանջներին ու փորձում եվրոպացիներին ներկայանալ մեզ անհարիր, արհեստական նկարագրով: Ամենացայտուն դրսևորումը, թերևս, սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությանն առնչվող փաստաթղթերի ստորագրումն է: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես այդ խնդրի հետ կապված մեծ չարիք չեմ տեսնում: Դա հիվանդություն է, իսկ հիվանդությունը ծածուկ պահելն ավելի մեծ հիվանդության է բերում: Գուցե թե բացահայտելը ճիշտ է, բայց դա չպետք է վերցնել ու օրինաց կարգը դասել: Սա է վտանգավորը: Հա՜, եթե հանդուրժում ես էդ համասեռություն կոչվածը, դա չի նշանակում, որ պետք է հեռուստատեսությամբ դրա մասին անվերջ խոսվի, գովազդվի: Ամոթ է, չէ՞: Պատկառանք պիտի ունենան: Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին, ես չեմ ասում, թե դրանք մեզ պետք չեն: Ընդհակառակը, նրանք շատ բան են անում մեզ կարգի բերելու համար: Բայց չմոռանանք, որ այդ ամենն անելիս, առաջին հերթին, իրենց շահն են հետապնդում: Մենք պիտի գիտակցենք, որ եվրոպական կառույցներին անդամակցում ենք ոչ խնդրարկուի կարգավիճակով: Մենք պատմության շատ երկար ճանապարհ անցած ժողովուրդ ենք և մեզ պիտի դուրս բերենք ստրուկի, ճորտի վիճակից: Այսպես է դասավորվել, հիմա եվրոպացիների օգնության կարիքն ենք զգում, բայց դա չի նշանակում, որ հենց միայն նրանց օգնությամբ է, որ պիտի լուծենք մեր խնդիրները: Մենք էլ բան ունենք ընդհանուր սեղանին դնելու, մենք էլ մեր բաժինը պիտի բերենք: Սա չենք անում, միայն խնդրողի վիճակով ենք հանդես գալիս, հետո էլ սկսում ենք քննարկել՝ մեզ լա՞վ դատեցին, թե՞ վատ դատեցին: Իսկ մեր անցյա՞լը: Ինչպե՞ս կարող է առաջին քրիստոնեական պետություն ստեղծած և իր սկզբունքները պահպանած ժողովուրդը հայտնվել այս վիճակում: Ժամանակին կարողացել ենք, չէ՞, այս բաներն անել, մերը ստեղծել, պահել, հիմա ինչո՞ւ ենք այսպես խեղճացել, մոլորվել: Ինչո՞ւ ենք վիզներս ծռում, գնում-կանգնում սրա-նրա դռանը, որ մեզ մի բան հուշեն: Իհարկե, մյուս ծայրահեղությունն էլ ընդունելի չէ, որ մեծամտանանք, հայտարարենք, թե աշխարհի հնագույն երկրներից ենք ու չենք ուզում հաշվի նստել ուրիշ որևէ մեկի հետ:
-Ազգային ժողովը քննարկում է օգոստոսի 11-ն Ազգային ինքնության օր հռչակելու եւ օգոստոսի 6-11-ը նավասարդյան տոներ կազմակերպելու հարցը: Սա համարում եք դավաճանությո՞ւն մեր քրիստոնեական նկարագրին, թե՞ մեր ինքնության ակունքները նորովի բացահայտելու ճանապարհ:
-Նավասարդյան տոների սկիզբը կապվում է Հայկի և Բելի ճակատամարտի հետ: Հայկը չգիտեր, որ իրենից հազարավոր տարիներ հետո հայերը քրիստոնեություն են ընդունելու: Երևի թե իմանալու դեպքում մի քիչ այլ կերպ վարվեր: Այդպիսի քայլերը ժողովրդի ինքնությունը հաստատելու հենասյուներ են: Սրանք բաներ են, որ չպետք է կորցնենք, բայց դա Ազգային ժողովով տոն հայտարարելու բան չէ: Պետք է արմատավորել ժողովրդի մեջ, որ նա այդպիսի բան է ունեցել, դա իր տոնն է, թող տեր կանգնի դրան: Սա չի նշանակում քրիստոնեությունից հրաժարվել: Եթե մարդը 10-րդ դասարանում ինչ-որ նոր, հետաքրքիր գիտելիք է ձեռք բերում, 3-րդ դասարանում սովորած թվաբանությունը չպիտի մոռանա: Դա հիմքն է, նոր սովորածն այդ հիմքի վրա է կառուցվում, և այն, ինչ գալու է հետո, լինելու է սրա շարունակությունը: Եթե այդ հիմքից հրաժարվում ենք, մենք ոչ թե շենքը կառուցում-ամրացնում ենք, այլ փլուզում:
«ԵԹԵ ԹԱՏՐՈՆԸ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՉՈՒՆԵՆ, ՈՉԻՆՉ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ»
-«Ագուլիս» տիկնիկային թատրոնում պատրաստվում եք բեմադրել «Հայկ և Բել» ներկայացումը: Ի՞նչ ընթացքում են աշխատանքները:
-Շատ հետաքրքիր ընթացք ունեցավ այս աշխատանքը: Ցավալի է, որ մեր երեխաները գնում են թատրոն, այդ թվում և` «Ագուլիս», և մենք նրանց միայն գայլի, նապաստակի, արջի մասին հեքիաթներ ենք պատմում: ՈՒզում ես նաև երեխաներին ասել, թե նրանք ինչ անցյալի տեր են: Պատմության մեջ կան իրողություններ, որոնց մասին վատ չէր լինի, որ երեխան իմանար: Եթե երեխան հեռուստացույցով ամեն օր այս ու այն երկրի թագավորին է տեսնում, ինչո՞ւ մի անգամ էլ իր թագավորին չտեսնի, իր նախնու մասին չլսի, չիմանա, որ ինքն էլ է ունեցել թագավոր, իր թագավորն էլ է ծիրանի հագել, շենք-շնորհք ունեցել: Ինչո՞ւ չիմանա, թե ինքն ինչ ժողովրդի զավակ է: Սրանք բաներ են, որոնք չի կարելի անտեսել: Այս մտայնությունից էլ առաջացավ «Հայկ և Բելը» բեմադրելու ցանկությունը: Պիեսը գրեց Լևոն Միրիջանյանը: Նրա մահից հետո գործը ձգձգվեց: Ավելի ուշ հասկացա, որ սխալ բան ենք անում` «Հայկ և Բելը» երեխաներին որպես հեքիաթ մատուցելով: Առանց այն էլ այդտեղ վիճելի խնդիրներ ունենք: Որոշեցի անդրադառնալ Խորենացուն, նրա պատմությունն ընդունել որպես հիմք: Այս դեպքում էլ մանկական ներկայացում անելը դժվարացավ, և որոշեցի անել պատանիներին ուղղված ներկայացում: Հիմա ստեղծվել է պիեսի նոր տարբերակ: Սրանք, իհարկե, մեր ներքին խոհանոցային հարցերն են: Պիտի ասեմ, որ մշակույթի նախարարությունը որոշակի ֆինանսական օգնություն է տրամադրել թատրոնին: Եվ կարծում եմ, որ թատրոնն այս տարի` Նավասարդյան տոներին (եթե դրանք անցկացվեն), ներկայացումը կհանձնի հանդիսականին: Բայց ամբողջության մեջ, կարծում եմ, մեր թատրոնն իր բուն առաքելությունը չի կատարում: Երբ խորհրդային հեղափոխությունից առաջ Աբելյանն Էլիզբարյան էր խաղում, դահլիճում նստած և դահլիճից էլ դուրս էլիզբարյաններ կային, սաղաթելներ, սուրեններ, բագրատներ կային: Երբ բեմում «Ժայռ» էին խաղում, դահլիճում նստած գրիգորաղաներ կային: Մենք այս սրությունն այսօր կորցրել ենք: Եվրոպական, արևմտաեվրոպական թեմաներ ենք ներկայացնում: Շատ լավ է, որ նման բաները դրսում կարողանում ենք տանել-ներկայացնել, բայց մեր իրական փոխհարաբերությունները թատրոնում չեն երևում: Կորցրել ենք դա, և թատրոնը դրանից տուժում է: Դեռ Խորենացին է վկայել, որ Գողթան գավառի թափառական երգիչները` բամբիռն ուսերին, շրջում էին երկրե երկիր, երգում էին և «թատերս խաղային»: Այս մարդկանց իշխանությունը հալածում էր: Ինչո՞ւ, որովհետև իշխանության ոտքի կոշտուկը տրորում էին: Իսկ հիմա այդ վիճակը չկա: Շքանշաննե՜ր, պարգևնե՜ր: Եվ եթե որևէ մեկը շփոթվի հանկարծ ու այլ կեցվածք ունենա, նրան սկսում են մեղադրել իշխանություններից երես դարձնելու համար: Եթե թատրոնը, արվեստագետն ընդդիմադիր կեցվածք չունեն, ոչինչ չեն նշանակում: Իհարկե, այդ ընդդիմանալը պետք է լինի չափի մեջ, չհասնի անշնորհքության մակարդակի:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5475

Մեկնաբանություններ