«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Այլասերում

Այլասերում
26.06.2024 | 07:28

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։
Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։
ՈՒ մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք։
Այն բոլոր առույգ, պայքարող, զվարթ ու աչքաբաց երիտասարդությունը, որ կլեցնե մեր վարժարանները, կ’առնենք օր առաջ գործի տալու համար… Իսկ այն քանի մը ճղճիմ, տժգույն ու տխուր տղաքները, այն պատանի ծերունիները, որ արևեն ու պայքարեն խուսափելով, դպրոցի մութ անկյուններուն մեջ թուղթ կմրոտեն, անոնք դպրոցե դպրոց, երկիրե երկիր, համալսարանե համալսարան կղրկենք։
Խեղճերը… Անո՛նք կլեցնեն պանդուխտ ուսանողի գերեզմանները, անոնք կլեցնեն հարուստի նախասենյակները ու վաճառականի գրասենյակները, հիվանդանոցի խշտյակները անո՛նք կլեցնեն․․․
ՈՒ կպատահի մեզ ա՛յն, ինչ որ ո՛չ մեկ քաղաքակիրթ ազգի չէ պատահած։ Մեր գյուղացի ու շուկայի դասակարգը ավելի՛ մտացի է, քան ա՛յն, որ մտավորական կկոչվի․ ընթերցողը ավելի ողջամիտ է, քան գրողը․ առաջնորդվողը ավելի հեռատես է, քան առաջնորդողը․ ուրիշ խոսքով՝ մարմինը ավելի խելացի է, քան ուղեղը․․․
Զարմանալի չէ ուրեմն, որ ընթերցողները մեր մեջ հետզհետե կքիչնան։ Այսօր արդեն ավելի գրող կա, քան կարդացող։
Բնախոսական օրե՛նք մ’ է, որ մարմինը իր մեջեն քիչ-քիչ կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե այլասերած մասերը։
Նույն օրենքո՛վ միայն կարելի է բացատրել թե ինչու՛ մեր մտավորականության ու մեր հասարակության միջև գտնվող կապը քիչ-քիչ կբարակնա։ Ցեղը կմնա առավել քան երբեք առո՛ղջը ու իր մեջեն կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե օտարացած ու այլասերած տարրերը։ Գլուխը մարմնին կապող նիհար պարանոցը երթալով կբարակնա։ ՈՒ հեռու չէ գուցե այն օրը, երբ որ վիզը փրթելով՝ մեր մտավորականությունը անմարմին գլուխ մը պիտի ըլլա միայն, և մեր ցեղը անգլուխ մարմին

մը․․․
Չե՞ք տեսներ արդեն, թե ի՜նչպես շատ մը գրագետներ լիրբ քաջությունը ունին հայտարարելու, թե իրենք ժողովուրդին համար չէ՛, որ կգրեն։
Ո՛չ, հոտին ու հովիվներուն միջև անհասկացողությունը երբեք այսքան մեծ չէր եղած։
Գառնուկի մը պես անզեն ցեղ մը ամե՛ն օր, ամե՛ն օր կհոշոտվի։ Իսկ մեր գամփռները խելոքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթվեր են, տիեզերական եղբայրակցության մը խոսքերը կ՚ընեն մեզի ու կ՚երագեն այն հեռավոր օրվան, ուր գայլ ու գաոնուկ մեկտեղ կ’արածվին․․․
Մանուկի պես տգետ ցեղ մը ուսման կաթին է կարոտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիվանդներն իսկ կարենային մարսել։ Իսկ մեր համալսարանականները, որ մեր մտավոր ստնտու մայրերը պիտի ըլլային, դեռ կերածնին չմարսած կուգան մեր առջև փսխելու…
Որբուկի պես անտեր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրտբուխ բարբառի մըն է ծարավ։ Իսկ մեր գրագետները հանելուկային, առեղծվածային, խավարակուռ բաներ կ՚ ըսեն իրեն․ ու մեր քերթողները՝ գրիչնին հայ արյան մեջ թաթխելե վերջ, չինարեն տաղեր կգրեն, որպեսզի մարդ չհասկնա ․․․
Թռչունի պես վիրավոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարոտ՝ իր թևերը նորեն բանալով միջոցին մեջ արխիվի պես սավառնելու համար։ Իսկ մեր ընկերաբանները թո՜ւյն կփչեն բույներեն ներս ու մեզ կխոսին այն տարտամ ապագաներուն վրա, ուր ազգ ու հայրենիք ու ընտանիք կլուծվեն համաշխարհային միջազգայնականության մը մեջ…
Այսպե՜ս էր նաև հին հույներուն մեջ։ Երբոր հիվանդ մը փրկելու ամեն հույս կկորսվեր, բժիշկը կհեռանար իր սնարեն ու փիլիսոփա մը կնստեր հոգևարքին մոտ՝ մահամերձը մխիթարելու համար այն հույսով, թե օր մը ամե՛ն կյանք ու ամե՛ն անհատականություն պիտի հալին տիեզերական գոյացության մը մեջ…
Ո՛չ, մենք դեռ այդ օրին չհասանք, մենք դեռ ապրիլ կուզենք, մեզ հոգիի ու մարմնի բժիշկներ միայն պետք են։
Հեռո՜ւ մենե, ախտագին մտավորականներ։ Դուք ցեղին ուղեղն եք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան հուսահատեցնելով մեր կենսունակությունը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։
Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք ։
Մեզի կարմիր ու մսուտ շուրթներով, ուժեղ ու ժպտուն գրականություն մը պետք է։
Մեզի առողջ ու երիտասարդ մտավորականներ պետք են։ Ձուկն իր գլուխեն կհոտի, ազգն՝ իր մտավորականներեն։
Անոնք են ցեղի մը գլուխը։
Կրնա մարմինը շատ ուժեղ ու շատ գործունյա ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարված է, այդ մարմնին շարժումը պիտի ըլլա միայն հիմարական գործունեություն և անպտուղ հոգնություն։
Ահա թե ինչո՞ւ իրական վտանգները թողլով, հովերուն դեմ ու մենք մեզ ղեմ կպայքարինք։ Ահա թե ինչո՞ւ փոխանակ հաոաջադիմելու, խենթերու պես կեցած տեղերնուս վրա կցատկենք երկու հազար տարի ի վեր․․․
Այո, մեր ցեղը տարօրինապես կենսունակ ու աշխատող ցեղ մըն է։ Այո՛, մեր հնամենի նավը դեռ ջուրերուն վրա կծփա, դեռ չընկղմեցավ։ Բայց ի՞նչ է պատճառը, որ երկվան նավակները մեզ արդեն անցան, ու մենք Ուրվական նավին պես կծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց և հաստատ ցամաքի մը հասնելու անկարող․․․
Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ։ Բայց գլխավոր պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված, է՛ն անպետ ծնունդները։
Սակայն ստո՜ւյգ, ստո՜ւյգ կ’սեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել։
Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք։
Մեզի նոր Ոսկե դար մը պետք է, նոր Ոսկեդա՜ր մը։
Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնո՜ւնդ…
Ռուբեն ՍԵՎԱԿ
1911 թ. Լոզան

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9321

Մեկնաբանություններ