«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

« ...Հայերեն են գալու դարերդ»

« ...Հայերեն են գալու դարերդ»
14.04.2024 | 22:29

Համո Սահյանը 110 տարեկան է:

...1914 թվականին` ճիշտ այս օրը` ապրիլի 14-ին, Սյունյաց աշխարհի Լոր գյուղում ծնվեց Համո Սահյանը` ազգային բանաստեղծը։ Նա իր պոեզիայով հայ մարդուն շղթայեց իր ակունքներին, որոնք սկիզբ են առնում պատմական անհիշելի ժամանակներից։ Կարդում ենք ամեն բառը, նրա յուրաքանչյուր բանաստեղծության ամեն մի տողը, և թվում է` մեր առջև մի Նահապետ է նստած, որ ժամանակի հարահոս գետի մեջ իր զավակ-ժողովրդի ձեռքն ամուր բռնած ` առաջնորդում է գալիք ժամանակներ, որ չսայթաքենք հանկարծ...որ ժայռից կախված այն մասրենու թփի նման «հողմի շնչին դիմանանք» ու արմատախիլ չլինենք։

...Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ...

Ծանոթ տողեր են չէ՞։ Համո Սահյանի այս բանաստեղծությունը ամեն հայ սովորում է դեռ մանկուց... Սա հայ պոեզիայի ա՛յն գոհարներից մեկն է, որով հայ մարդը պիտի սովորի կարդալ իր «քարե մագաղաթ, քարե մատյան» պատմությունը, զգա իր նախնյաց կանչը և իմանա, որ իր ինքնության կնիք այս` համաքրիստոնեական արժեք և նշանակություն ունեցող հուշարձանները պիտի պահպանի ոչ այլ ոք, քան ինքը։
Համո Սահյանի պոեզիան միայն ազգի հոգու կենսագրությունը չէ, համամարդկային է։ Սա տիեզերքի ու աշխարհի հետ զրույց անող հայ մեծ մտածողի հոգու ձայնն է, որ լսելի է նաև օտարներին։ Իսկ ամենից առաջ այդ հոգու ձայնը պիտի լսելի լինի մե՛զ հայերիս, որովհետև նաև Համո Սահյան ճանաչելու մեջ է մեր ինքնության ու հարատևության բանալին։
Սա հասկացել են անգամ նրա օտարազգի գրչակից ընկերները։ Նրանցից մեկ- երկուսի խոսքը հիշատակենք.
Այսպես է Համո Սահյանի մասին խոսում լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը.
- Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում»։
Բալկար բանաստեղծ, արձակագիր Կայսին Կուլիևն է խոսողը.
- Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...
Եվ վերջապես` մեր ժամանակների դասական, իր մեջ Հայրենիք կրող Ռազմիկ Դավոյան, որ մինչև կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր, որպեսզի չկորցնենք Հայրենիք, որն այսօր վտանգված է, վտանգված է մեր պատմական գոյությունը.
- Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր, քայքայված նյարդերն ու հոգիները...

Մենք այսօր ավելի քան երբևէ մեր հոգևոր ժառանգությամբ, մեր մեծերով, Համո Սահյանով սնվելու անհրաժեշտությունն ունենք։
Մեր արժեքները վերագնահատելով` վերականգնենք մեր ներսը։
Համո Սահյանի ծննդյան օրը հիշատակելը թող մեզանից յուրաքանչյուրի համար ինքնանպատակ չլինի։ Թող ազգային մեծ բանաստեղծին անդրադառնալը լինի ինքնահաշվետվություն, թե ի՜նչ հզորագույն ժառանգություն ենք ունեցել և ինչպիսի հանգրվանի ենք հասել այսօր։
…Ես զետեղում եմ այս ՝ սերունդների համար արդեն պատմական արժեք դարձած ֆիլմը, որտեղ հնչում է ազգային մեծ բանաստեղծի կենդանի ձայնը, նրա խոսքն ու մտորումները: Սա Հայկական հեռուստատեսության հարուստ տեսադարանի արժեքներից է, թե ինչպես է մեր Մեծը՝ խոսում ազգի հետ: Այստեղ մեր հոգու ճանապարհն է...

«ԻՐԻԿՆԱՀԱՑԻ ՀՐԱՎԵՐ»...
Այսպիսի սահյանական խորագիր ունի ֆիլմը, որտեղ հանդիպումներ են ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Մեծության հետ:
Հանդիպումներ, որտեղ Համո Սահյան տիեզերական Մեծը ոգեղեն աշխարհներ է բացահայտում իր իմաստուն զրույցների միջոցով՝ մարդու և մարդու աշխարհի, երկրի, Հողի, Հայրենիքի գաղափարի մասին:
Եվ մենք այս ֆիլմի համար պարտական ենք լրագրող, հրապարակախոս, Հովհաննես Պապիկյանին, ով իր փայլուն ստեղծագործական թիմի հետ մեզ՝ սերունդներիս է ընծայել այս մեծ արժեքը, այս թանկ մասունքը...
Համո Սահյանի հետ հանդիպել են՝
Լրագրող, հրապարակախոս Հ. Պապիկյանը, ռեժիսոր՝ Ս. Գայամյանը, օպերատոր՝ Տ. Փենեսյանը, նկարիչ՝ Հ. Խալաթյանը, հնչյունային ռեժիսոր՝ Գ.Մանուկյանը՚
Իսկ Հայկական հեռուստատեսության հաղորդավարական դպրոցի երևելի ներկայացուցիչ Աիդա Ներսիսյանի ընթերցմամբ յուրաքանչյուր ունկնդիր մեկ անգամ ևս հաղորդակցվում է Համո Սահյանի պոեզիայի ոգեղեն աշխարհին և փորձում իր մեջ գտնել մեր Մեծին՝ ազգային ինքնությանն ու արմատներին, ակունքներին մոտենալու ճանապարհը:
Շնորհակալ ենք մեր վարպետներին այս թանկ մասունքը սերունդներին ի պահ տալու համար:
Շնորհավոր տարեդարձդ, Մեծն Սահյան։ Բարեխոս եղիր, որ Աստված օգնի մեզ պահելու եղածը, որ «հայերեն գան դարերը»...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ