«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ  կամ ովքեր են կառավարել իրենց»
31.03.2017 | 10:39

(սկիզբը`այստեղ)

(Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցելիս)

Խրուշչովը մեղադրում է չինական ղեկավարներին, որ նրանք հնարավորություն են տվել Դալայ-լամային արտասահման անցնելու: «Լավ կլիներ,- հայտարարել է խորհրդային լիդերը,- որ նա լիներ դագաղում: Տիբեթի իրադարձությունների մեղքը ձերն է»:
Տիբեթի յուրահատուկ, քաղաքակրթական բացառիկ արժեք ներկայացնող մշակույթը, խաղաղասեր ժողովուրդը՝ դարերով մշակված իր կենցաղավարությամբ, բոլորովին «արժանի» չէին Չինաստանի կողմից «ազատագրման» (Մաոյի խոսքով ասած):
Այդ «ազատագրումը» դատապարտվել է և մինչ օրս էլ դատապարտում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ Դալայ-լամա XIV-ը, որին Նիկիտան ուզում էր տեսնել դագաղում, 1989 թ. արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նիկիտայի սկանդալային սխրագործություններից են նաև 1960 թ. մայիսին Փարիզում կայանալիք գագաթնաժողովի տապալումը (չորս պետությունների ղեկավարների` Էյզենհաուերի (ԱՄՆ), Մաքմիլանի (Մեծ Բրիտանիա), Դը Գոլի (Ֆրանսիա), Խրուշչովի (ԽՍՀՄ) մասնակցությամբ), նույն թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ սեղանին կոշիկով թմբկահարելու խայտառակ տեսարանը: Այս «սխրանքների» մասին բավականին շատ է գրվել, բայց Վոլկոգոնովն ունի չհրապարակված հետաքրքիր մանրամասներ, հատկապես Փարիզի գագաթնաժողովի մասին:


Միջազգային ասպարեզում Խրուշչովի թերևս ամենամեծ «նվաճումը» Կարիբյան կամ Կուբայական ճգնաժամն էր 1962 թ. հոկտեմբերին, երբ նրա անխոհեմ, արկածախնդրային գործողությունների պատճառով աշխարհը հայտնվեց միջուկային պատերազմի շեմին: Ոչ դրանից առաջ և ոչ էլ դրանից հետո Երկիր մոլորակը այդքան մոտ չի եղել աշխարհակործան աղետին: ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ստիպված եղավ Նիկիտային հասկացնել, որ նա անցնում է լկտիության բոլոր սահմանները, և որ Ամերիկան այլևս չի կարող հանդուրժել նման խուժանությունները: Նրա հրամանով մտցվեց ծովային բլոկադա և արգելվեց ռազմամթերք տեղափոխող խորհրդային նավերի մուտքը Կուբայի նավահանգիստներ: ԱՄՆ-ի հզոր ռազմա-ծովային ուժերի համար դա դժվար լուծելի խնդիր չէր, ու Կուբային մոտեցող խորհրդային նավերն ստիպված եղան 180 աստիճանով շրջվել ու բռնել տունդարձի ճամփան: Եվ Նիկիտան, ըստ երևույթին, հասկացավ, որ իր հետ կատակ չեն անում: Դրանից հետո, մի քանի օր ու գիշեր անընդմեջ շարունակվող բանակցությունների շնորհիվ, հնարավոր եղավ փրկել դրությունը և խուսափել միջուկային ընդհարումից:


Այդ ճգնաժամի օրերին բացառիկ դերակատարություն ունեցավ Կուբա (նաև ԱՄՆ) ժամանած Անաստաս Միկոյանը, որի դիվանագիտական անուրանալի տաղանդի շնորհիվ հնարավոր եղավ ծայրահեղ լարված իրադրությունում «լեզու» գտնել Ֆիդել Կաստրոյի հետ` լուծելու ծագած բազմաթիվ բարդ խնդիրներ և փաստորեն հենց նրան, առավել քան որևէ մեկ ուրիշի, աշխարհը և մարդկությունը պարտական են սարսափելի աղետից խուսափելու համար: Ցավոք, այդ մասին խոսելիս կամ գրելիս, մեր օրերի շատ «ազնիվ» հետազոտողներ ոչ Միկոյանի անունն են տալիս, ոչ էլ արածն են հիշում:
Խրուշչովը շատ հաճախ էր ելույթ ունենում՝ պլենումներում, համագումարներում, խորհրդակցություններում, զանազան ակտիվների հավաքներում, գիտական կոնֆերանսներում, կոլեգիաներում, հնարավոր բոլոր խորհուրդների նիստերում... Նա կորցրել էր չափի զգացումը՝ պատրաստ էր խոսելու և սովորեցնելու ցանկացած առիթով. եգիպտացորենի ներդրման կարևորությունից և տիեզերքի նվաճման հեռանկարներից, ճարտարապետությունից և կերպարվեստից, միջազգային այժմեական ու քաղաքական բարդ խնդիրներից... Եվ մշտապես իրեն իրավունք էր վերապահում դասեր տալ, սովորեցնել, հաստատել:


Նա շատ ոգևորված էր խորհրդային միջուկային զենքի փորձարկումներով և չէր ուզում (ոչ էլ ընդունակ էր) ականջալուր լինել սթափեցնող ողջախոհ խորհուրդներին: «Ես կլինեմ վերջին փսլնքոտը և ոչ թե պետության ղեկավար, եթե լսեմ Սախարովին: Պետություն կառավարելը պլորները քորել չի»: Սա էր նրա պատասխանը ակադեմիկոս Անդրեյ Սախարովի առաջարկին՝ միջուկային զենքի փորձարկումները սահմանափակելու մասին, և հենց սա էր Խրուշչովի ողջ էությունը՝ բռի ու անտաշ, անկիրթ ու անդաստիարակ:
Նիկիտան շատ մեծ ուշադրություն էր դարձնում հրթիռաշինությանը, անչափ ոգևորված էր առաջին արբանյակի արձակումով և Գագարինի թռիչքով: Ծաղրում էր ամերիկյան տիեզերական նվաճումները, մտքով իսկ չանցկացնելով, որ ընդամենը երկու տարում ԱՄՆ-ն արդեն կհավասարվի, իսկ շատ շուտով այնքան առաջ կանցնի, որ ԽՍՀՄ-ն այլևս երազել իսկ չկարողանա ԱՄՆ-ին երբևիցե հասնելու մասին: (Այս մասին կրկին կխոսենք չորրորդ «առաջնորդ» Լ. Բրեժնևի դարաշրջանին անդրադառնալիս): Բոլորին էլ պարզ էր, որ ԽՍՀՄ-ի տիեզերական նվաճումները ձեռք էին բերվել հսկայական երկրի ամբողջ գիտատեխնիկական ներուժի և ողջ տնտեսության ծայրահեղ միլիտարիզացիայի հաշվին, որ դրանք «ածանցվում» են ռազմական ամենակուլ ծրագրերից, և որ այդ ամենը բնավ հայելապատկերը չէր երկրի ընդհանուր իրավիճակի, որ անկուտի ժողովուրդը խրված է սոցիալական ծանր խնդիրների մեջ, և որ տիեզերքում նվաճումներն այնքան էլ օրինաչափ չեն, ինչն էլ շատ շուտով ակնհայտ դարձավ ԱՄՆ-ի հետ ծավալված տիեզերական մրցավազքում:
Եվ երբ 1961 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ներկայացրեց իր պետության «Լուսնային ծրագիրը» (մինչև այդ տասնամյակի վերջը Լուսնի վրա մարդ իջեցնելու և Երկիր վերադարձնելու մասին), որոշ հոռետեսներ փաստն ավելի շուտ որպես քարոզչական ակտ գնահատեցին, քան գիտականորեն հիմնավորված իրատեսական և իրագործելի ծրագիր, ինչը, ի դեպ, իրականացվեց փայլուն ձևով:


Խրուշչովն իր ողջ անսովորականությամբ, համարձակությամբ, նորարարությունների ու փոփոխությունների նկատմամբ հակվածությամբ, միևնույն է, եղել էր և մնում էր իր ժամանակի զավակը: Ստալինյան դարաշրջանի տասնամյակները չէին կարող իրենց հետքը չթողնել: Նիկիտա Սերգեևիչը լավ յուրացրել էր տոտալիտար ղեկավարի հակումներն ու սովորությունները՝ անառարկելիությունը, կատեգորիկությունը, ինքնակամությունը, ցուցամոլությունը, եթե պետք էր, նաև դաժանությունը: Ճիշտ ըմբռնելով տնտեսությունը խոր և հիմնական բարեփոխումների ենթարկելու անհրաժեշտությունը, նա, սակայն, փորձում էր փոխել միայն կառավարման և տնտեսավարման ձևը՝ առանձնապես չդիպչելով նրա էական և կարևոր պարամետրերին:
Խրուշչովը մշտապես հոխորտում էր և ուղղակի անթույլատրելի արտահայտություններ ու սպառնալից խոսքեր էր ասում կապիտալիստական երկրների ներկայացուցիչներին. «Մենք ձեզ կթաղենք», «Կապիտալիզմի վերջնական կործանումը միայն ժամանակի խնդիր է», «Ապագան պատկանում է մեզ և կոմունիզմին» և նման ուրիշ հիմարություններ, որոնք միայն դիմացինների քմծիծաղն էին առաջացնում:
Նիկիտան մեծ ակտիվություն էր հանդես բերում ամենուր, որտեղ կարող էր հույս ունենալ ԽՍՀՄ դիրքերի ամրապնդման և նրանց դիրքերի թուլացման, ում նա խոստանում էր «թաղել»: Դա խորհրդային առաջնորդի «հեղափոխական դիվանագիտությունն» էր, որը պետության գանձատան վրա «նստում» էր միլիարդավոր դոլարներ:


Երբ ԽՄԿԿ ԿԿ 1964 թ. հոկտեմբերի 14-ի պլենումի համար պատրաստված զեկուցման մեջ «գույքագրել» էին Նիկիտայի բոլոր «մեղքերն ու հանցանքները», այն կազմել էր 70 տպագիր էջ: Այնտեղ կային, օրինակ, այսպիսի փաստեր.
Գվինեայում ԽՍՀՄ-ը կառուցել է օդանավակայան, պահածոների և փայտամշակման գործարաններ, ռադիոկայան, սառնարան, հոսպիտալ, հյուրանոց, պոլիտեխնիկական ինստիտուտ, կատարվում են երկրաբանական հետախուզական և որոնողական աշխատանքներ: Տրամադրվել են հսկայական քանակությամբ մեքենաներ և սարքավորում: Իսկ Խրուշչովի «բարեկամ» Սեկու Տուրեն մեզ դուրս հրավիրեց Գվինեայից, և մեր հսկայական ծախսերը փուչ եղան: Նույնիսկ Կուբա թռիչքներ իրականացնելու համար չթույլատրեցին օգտվել Կոնակրիում մեր իսկ կառուցած օդանավակայանից:
«Խրուշչովյան» տասը տարիների ընթացքում ԽՍՀՄ-ը տարբեր երկրներում կառուցել է մոտ վեց հազար ձեռնարկություն՝ ծախսելով միլիարդավոր ռուբլիներ:
Զեկուցման մեջ նաև նշվում էր. մի՞թե պետք էր 100 հազար հանդիսատեսի համար մարզադաշտ կառուցել Ջակարտայում, հյուրանոց Ռանգունում, ատոմային հետազոտական կենտրոն Գանայում, մարզական համալիր Մալիում... Բայց այս ամենը Խրուշչովին ասացին նրան աշխատանքից ազատելու օրը:


Իրավունք չունենք մոռանալու նրա իշխանության տարիների ողբերգական իրադարձությունները, թեպետ երկար ու ձիգ երեք տասնամյակ երկիրը համարյա ոչինչ չգիտեր դրանց մասին. Նովոչերկասկի ողբերգությունը, «Նովոռոսիյսկ» գծանավի խորտակումը, սարսափելի պայթյունը Բայկանուրում, խոշոր ռադիոակտիվ աղետը Չելյաբինսկի մոտ՝ ապագա Չեռնոբիլի չարագուշակ զանգը, որ չթույլատրեցին լսել:
ԽՄԿԿ 22-րդ համագումարում ընդունվեց կուսակցության նոր ծրագիրը, որով Խրուշչովը խոստացավ, որ «Խորհրդային մարդկանց ներկա սերունդը կապրի կոմունիզմի օրոք», որն էլ, իր հերթին, ծնունդ տվեց սրամիտ անեկդոտների նոր, երկար շարանի:
Խրուշչովի շատ նախաձեռնություններ չունեին գիտական-տրամաբանական լուրջ հիմնավորում, պայմանավորված չէին խնդիրների օբյեկտիվ, բազմակողմանի քննարկմամբ և դրանց լուծման արդյունավետ ուղիների փնտրմամբ, մանավանդ երբ խոսքը պետական կամ կուսակցական կյանքի զանազան կազմակերպչական ռեֆորմների մասին էր: Նրան միշտ խանգարում էին կրթվածության, խոհեմության, դաստիարակվածության պակասը, իր բնավորության հոռի գծերը՝ մեծամտությունը, անհանդուրժողականությունը, ուրիշների կարծիքը լսելու և գնահատելու անկարողությունը, չափազանց բարձր ինքնագնահատականը:

(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ