«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրենք միմյանց, որ Աստված էլ մեզ սիրի

Սիրենք միմյանց, որ Աստված էլ մեզ սիրի
09.12.2016 | 09:00

Բավականին բարդ այս ժամանակահատվածում մենք ունենք անելիքներ, որոնք կարող են արագ փոփոխել մեր կյանքը՝ կախված իրականացվող նպատակներից: Գլխավորն այսօր առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետության, պետականության, առողջ մտածողության ուժը տեսնելն է, մեր առջև ծառացած խնդիրները վստահությամբ և հավատով միասնական լուծելն է: Կարևորը նույնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որ ընտրական գործընթացն ավարտենք ոչ թե թուլացած ու միմյանց դեմ թշնամացած, սերունդների համար նոր բեռ ավելացնելով, այլ ավելի ուժեղացած՝ աշխարհում Հայաստան պետության դերը մեծացնելով: Համերաշխությամբ, միասնությամբ աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը, խաղաղությունը վտանգներով լի այս աշխարհում, չէ՞ որ «ժամանակն է, որ բոլորս պարզ տեսնենք՝ մեր երկրում տնտեսական և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը ինքնանպատակ չէ, այլ լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու և արարելու նպատակ ունի»՝ նշում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեր լինենք մեր բոլոր ձեռքբերումներին՝ և՛ լավին, և՛ բացասականին, այսօրվա աշխարհն օգնում և գնահատում է նրան, ով ուժեղ է, ով ինքն է իրեն օգնում, ով մրցունակ է, պատվախնդիր, ով հավասարակշռված է ու կանխատեսելի: Հավատացեք, այսօր արագ զարգացող այս աշխարհում ճակատագիրը մեզ չի ների մեր բացթողումները, մենք պետք է օգտվենք այսօրվա հնարավորություններից, ինչո՞ւ չէ, նաև ճակատագրի «նվերներից»: Լինենք սոցիալապես արդար և պատասխանատու, վստահ, որ մեր ձայնը լսելի կլինի: Ինչ խոսք, հնարավոր է լինեն բացթողումներ, նույնիսկ աննշան, բայց սխալ ընտրություն, բացարձակապես իդեալական, օրինակելի ընտրություններ գուցե չհաջողվի անցկացնել, բայց մենք պետք է պատրաստ լինենք մեր հասարակության ընտրությանը՝ այն բարձր դասելով անձնական կամ խմբային շահերից: Մենք, փառք Աստծո, ընդունակ ենք սովորելու թե՛ սեփական, թե՛ ուրիշների սխալների և ուսանելի օրինակների վրա, մեր առջև խնդիր պետք է դնենք սովորել մեր գիտակցությամբ, գաղափարներով և արժեքներով, ոչ թե բնազդով:
ՀՀ Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը կարևոր է, փառք Աստծո, այդ խնդրահարույց հարցը լուծվեց, և հանրապետության ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում, ինչն արդարացի է և առաջընթաց: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այն ևս մեկ անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը:

Մի առիթով մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ և կարևոր ռեսուրսը հանդիսանում է մարդը, հենց մարդը, ով ուսումնասիրում և արարում է, երազում է և ստեղծագործում, պայքարում և դարձնում է այս աշխարհը ավելի լավը»: Ընտրություններից հետո քննարկումների, վերլուծությունների առարկան թող լինի մեր միասնությունը, մեր համերաշխությունը, մեր կայուն, անվտանգ և բարեկեցիկ կյանքը, ողջամիտ ժամկետում մեր կյանքը լավացնելու ցանկությունը: Քաղաքական բոլոր ուժերը, անկախ դիրքից և գաղափարախոսությունից, անկեղծորեն պետք է նվիրվեն Հայաստանի քաղաքացիական ապագայի պայքարին: Բոլոր ուժերը՝ իշխանամետ, ընդդիմադիր, քաղաքացիական շարժումները պետք է աշխուժորեն ձեռնամուխ լինեն մեր երկրի կայունության, հզորացման, անվտանգության ու բարեկեցության կերտմանը: Պարզ տեսնենք աշխարհում տիրող իրավիճակը, գլոբալ առումով անթույլատրելի քայլեր չանենք, որոնք մեզ համար կարող են դառնալ վճռորոշ և ճակատագրական: Ամրապնդենք մեր երկրի տեղն ու դերը միջազգային ասպարեզում, քանզի խառը, բավականին պատասխանատու ժամանակներ են: Վստահ եմ՝ ՀՀ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լինելու են անհամեմատ ավելի գաղափարական, իսկ հասարակական համաձայնությունը կկառուցվի գաղափարի շուրջ: Պայքարենք, թե ով կարող է ավելի արդար, բարեկեցիկ կյանք ապահովել հայաստանցիներիս համար: Ցանկություններն իրականություն դարձնելու համար մենք լուրջ և ամուր հիմքեր պետք է ստեղծենք և միասին ու միասնական լինենք: Ապագա ԱԺ-ում իրենց տեղը պետք է գտնեն քաղաքականապես հասուն և հավասարակշռված, չբարոյալքված մարդիկ: Այդ է այսօրվա պահանջը: Միմյանց մեջ թշնամի չտեսնենք, տեսնենք մրցակցի:

Հետևողականորեն վաստակենք մեր ժողովրդի հավատն ու վստահությունը, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելով հաղթենք միմյանց մեր գաղափարներով, անենք ճիշտը, որ Աստված մի արասցե, վաղը ուշ չլինի, չպահանջված բեռ չդառնանք մեր սերունդների համար: «Լինենք լավատես Հայաստանի և մեր ժողովրդի ապագայի հանդեպ»՝ նշել է մեր երկրի նախագահը: Քայլ առ քայլ ամրապնդենք մեր երկրի կայունությունը, անվտանգությունը, խաղաղությունը և բարեկեցությունը: Մենք, միայն մենք պետք է իրագործենք մեր երկրում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները մեր և մեր սերունդների համար, որի իրագործման գրավականը մեր միասնությունն է, մեր հավատը մեր ապագայի նկատմամբ:
Սիրենք միմյանց, որ Աստված էլ մեզ սիրի:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ