ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոգով և բազկով ուժեղ տղան

Ոգով և բազկով ուժեղ տղան
19.03.2013 | 11:55

(արարատցի ըմբիշ Երվանդ Պողոսյանի հիշատակին)

1988 թվականի մեր ժողովրդի ազգային զարթոնքին շատերն ու շատ բնակավայրեր միացան։ Առաջինների շարքում Արարատի շրջանի Արարատ (հինավուրց Դավալու) գյուղն էր, որտեղ երկրապահ տղերքը առաջին իսկ օրից իրենց հրամանատար կարգեցին ապագա սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Դեպի ռազմադաշտ շտապող տղաների մեջ էին Փայլակ Պողոսյանի երկու որդիները` Լևոնն ու Երվանդը։ Պողոսյան եղբայրներն իրենց քաջաբար դրսևորեցին Երասխավանի մատույցներում ընթացող մարտերում։ Ավագ եղբայրը` Լևոնը, ծանր վիրավորվեց և տեղափոխվեց Արարատի քաղաքային հիվանդանոց։ Երվանդն այդ պահին անզորությունից մռնչում էր, բայց, բարեբախտաբար, Լևոնի կյանքը փրկվեց, և նա նորից վերադարձավ ռազմադաշտ։ Լևոնը մարտնչեց նաև Արցախի լեռներում, իսկ Երվանդն այդ ընթացքում իր ուսերին առավ հայրական տան և եղբոր ընտանիքի հոգսերի ծանրությունը։
Պատերազմի ավարտից հետո Երվանդը լիովին նվիրվեց սիրած զբաղմունքին` որպես ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ։ Պատանեկան տարիներին որպես մարզիկ մասնակցել էր տարբեր մրցաշարերի և փառավոր հաղթանակներ տարել։ Որպես մարզիչ նա նույնպես արագորեն կայացավ և մեծ համբավ ու պատիվ ձեռք բերեց։ Հոգու և նյարդերի բոլոր բջիջներով կապվեց իր սաների հետ, օրեցօր ու տարեցտարի առավել հղկելով ու կատարելագործելով նրանց միտքն ու բազուկը, կամային որակները։ Արդյունքը շատ չուշացավ։ Արարատցի մարզչի սաները մեկը մյուսի հետևից ծանրակշիռ հաղթանակների հասան Հայաստանի, ապա միութենական և միջազգային տարբեր մրցաշարերում։ Նրա սաներից փառավոր անվան արժանացան Հարություն Հովհաննիսյանը, Վահագն Ավետիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։ Որպես մարզիչ Երվանդը գործունեություն է ծավալել Ավշարում, Տափերականում, Ոսկետափում, Վեդիում, Արարատ քաղաքում։ Սաներ է ունեցել Արարատի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերից։ Որպես մարդ և որպես մարզիչ ուներ իր մարզական ու բարոյական բարձր սկզբունքները, որոնցից երբեք չհրաժարվեց։ Սաների հոգում տարիներ շարունակ սերմանել էր բարձր արժանապատվություն, կամքի ուժ և տոկունություն, մինչև վերջ մաքառելու և ազնվորեն հաղթանակ շահելու բարոյափիլիսոփայություն։ Այժմ նրա սաների մի մասը որպես մարզիչներ աշխատում են իրենց բնակավայրերում և շարունակում են նույնպիսի բարձր բարոյականությամբ շարունակել մատաղ սերնդի ֆիզիկական ու մտավոր դաստիարակության գործը։ Նրանցից, մասնավորաբար, Հարություն Հովհաննիսյանը Արարատ գյուղի մարզադահլիճի պատասխանատուն է` որպես մարզիչ ու տնօրեն։ Իր կյանքի վերջին մի քանի տարիները Երվանդն անցկացրեց օտար ափերում։ Ընտանիքի և հարազատների հոգսերը հոգալու նպատակով ստիպված էր մեկնել արտերկիր և այնտեղ ծավալել մարզչական եռուն գործունեություն։ Ֆինլանդիայում հաստատված ժամանակ Երվանդը, որպես մարզիչ, աչքի ընկավ ի սկզբանե և իր փայլուն գիտելիքներով, անբասիր վարքով, բարձր կարգապահությամբ զարմացրեց օտարազգի մասնագետներից շատ շատերին։ Այստեղ ևս գոհացուցիչ արդյունքներ արձանագրվեցին։ Մարզչական կարիերան ընթանում էր վերընթաց ուղիով, բայց, ավա՜ղ, ճակատագիրը անողորմ գտնվեց նրա հանդեպ։ Երվանդի կյանքի թելը կտրվեց 47 տարեկան հասակում։ Այնքան ծրագրեր ու երազանքներ մնացին կիսատ և անկատար։
Մարտի 16-ը Երվանդի ծննդյան օրն էր։ Այդ օրը նրա սաները հավաքվում են Արարատ գյուղի գերեզմանատանը վեր խոյացող կիսանդրու մոտ, հիշում հին օրերի լավագույն էջերը, հեռակա կարգով խոսք ու զրույցի բռնվում իրենց սիրելի ուսուցչի և դաստիարակի հետ։ Այս մարտի 16-ին լրացավ պայծառ ու խիզախ հայորդու 48-ամյակը։ Նրա գրանիտե հուշարձանին շատ ծաղկեփնջեր դրվեցին սաների, բարեկամների ու հարազատների կողմից։ Այսպես է սիրված մարզչի, բարձր բարոյականության տեր հայորդու անունը գուրգուրված ու փայփայված մնում հարյուրավոր մարդկանց հոգիներում։

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 26780

Մեկնաբանություններ