«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ և ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ և ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
09.10.2009 | 00:00

Խոսակցություններն այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանի վնասն ավելի մեծ է լինելու, քան օգուտը, վաղուց նորություն չեն: Սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե ինչ ենք կորցնելու կամ ձեռք բերելու: Համենայն դեպս, դիվանագիտական հարաբերությունների բացակայության և սահմանի փակ լինելու պարագայում էլ Հայաստանը թուրքական ապրանքների սպառող է. ըստ վիճակագրական տվյալների, մենք տարեկան 200-250 մլն դոլարի թուրքական ապրանք ենք ներկրում, արտահանելով ընդամենը 4-5 մլն դոլարի արտադրանք:
Ինչպես նշեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» գործադիր տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, հայ-թուրքական սահմանի բացումը, թեկուզ տնտեսական տեսանկյունից, շահավետ է, քանի որ կախված մնալ անկայուն Վրաստանից ու Իրանից, այնքան էլ ճիշտ չէ: Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը, անկախ ամեն ինչից, գործարարի համար ճանապարհի կրճատում և գումարի տնտեսում է, և արդեն հնարավոր կլինի դեպի Եվրոպա ազատ ելք ունենալ: Այսօր էլ Եվրոպայից եկող ապրանքների գերակշիռ մասը գալիս է Թուրքիայով, մտնում Վրաստան, իսկ այնտեղից` Հայաստան: Եվ ինչքան այդ ճանապարհը կրճատվի, այնքան ապրանքների գները կնվազեն: Սակայն, ըստ կենտրոնի տնօրենի, մտավախություն կա, որ բաց սահմանների պարագայում մեր շուկան ավելի կհեղեղվի թուրքական ապրանքներով, և մենք կարող ենք կորցնել այն արտադրությունները, որ ունենք: Ստացվում է, որ եթե Հայաստանը չի դիմանալու տնտեսական մրցակցությանը, ուրեմն մեր ապրանքները մրցունակ չեն: Սակայն դա ևս սխալ է, քանի որ, մի կողմից, դժգոհում ենք, թե ճանապարհ չկա մեր ապրանքները Եվրոպա արտահանելու համար, մյուս կողմից` վախենում թուրքական ապրանքների մրցակցությունից: Իսկ դա նշանակում է, որ մեր ոչ մրցունակ ապրանքները դեռ ցանկանում ենք արտահանել: Սակայն այսօր էլ մենք ունենք ապրանքներ` բնական հյութեր, գարեջուր, որոնք որակապես բարձր են և ցանկացած պարագայում արտահանվելու են:
Համենայն դեպս, ըստ պարոն Թորոսյանի, հայ-թուրքական սահմանի բացումից ամենաշատը տուժելու է մեր գյուղատնտեսությունը, ինչպես բուսաբուծությունը, այնպես էլ անասնապահությունը, քանի որ թուրքական էժան ապրանքը հնարավորություն է ստանում ավելի հեշտ ճանապարհով ներթափանցելու Հայաստան, թեև այդ ապրանքն այսօր էլ գալիս է: Բացի այդ, մեր գյուղացու վիճակն այնքան վատ է, որ դիմակայելու ճար չունի: Պետության խնդիրն այն պետք է լինի, որ կարգավորի գյուղատնտեսական շուկան, ուղղորդի գյուղացուն, թե ինչ մթերք պետք է արտադրվի: Շատ են ասում, որ մեր ծիրանը լավն է, սակայն եթե ցանկանանք այն Եվրոպա արտահանել, պետք է համապատասխանի դրսի ստանդարտներին և պահանջարկ ունենա: Տեղական ծիրանը, օրինակ, որպես պտուղ, այսօր Եվրոպայում մրցունակ չէ: Պարզապես պետք չէ վախենալ սահմանի բացումից, այլ հարկավոր է բարձրացնել մեր գործարարների և ֆերմերների տեղեկացվածության մակարդակը, որպեսզի վերջիններս քաջատեղյակ լինեն, թե ինչ որակի և գնի ապրանքներ կան Թուրքիայում, մե՛ր ապրանքներն ինչ որակ և գին պետք է ունենան` մրցակցությանը դիմանալու համար: Միևնույն ժամանակ պետք է բարձրացնել գյուղատնտեսության օգտակարության գործակիցը: Եթե նկատի ունենանք, որ այսօր Եվրոպայում շատ է տարածված էկոլոգիապես մաքուր ապրանքների օգտագործումը, ուրեմն պետք է գյուղացուն օգնել, որպեսզի համաշխարհային շուկայում մրցունակ բերք արտադրի: Պետք է մտածել Հայաստան տեխնոլոգիաներ և ինովացիաներ ներկրելու և արտադրության որակը բարձրացնելու մասին, որպեսզի և՛ լավ որակի բերք ստանանք, և՛ արտահանենք: Այդ պարագայում, ըստ Գագիկ Թորոսյանի, չենք վախենա, որ մեր ծիրանը, պտուղ-բանջարեղենը չեն իրացվի, իսկ ով նախընտրում է թուրքական ապրանքը, կարող է հանգիստ օգտագործել:
Սահմանի բացումը, ըստ տնտեսագետի, միանշանակ բերելու է մրցակցության ուժեղացման: Իսկ այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումից հետո մեր մոնոպոլացված տնտեսությունում ինչ-որ բան կփոխվի՞, պարոն Թորոսյանը նշեց, որ կոնկրետ թուրքական ապրանքների գծով մոնոպոլացման գործոնը բավականին ցածր է, քանի որ հազարավոր մարդիկ այնտեղից ապրանքներ են բերում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքների գերակշիռ մասը տեքստիլ է, կաշվեղեն, շինարարական նյութեր: Եվ ընդհանրապես, պետք է մտածել Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացման մասին, ոչ թե վախենալ հայ-թուրքական սահմանի բացումից: Քանի որ, մի կողմից, ասում ենք, թե արդյունաբերություն չունենք, մյուս կողմից էլ` վախենում ենք թուրքական արդյունաբերական ապրանքների ներհոսքից: Եթե չունենք, ինչի՞ց ենք վախենում:
Ըստ տնտեսագետի` սահմանի բացման պարագայում երկաթուղին միանշանակ կշահագործվի, քանի որ այստեղ գլուխ է բարձրացնում Ռուսաստանի շահը, որն այս պահին լիովին տնօրինում է հայկական երկաթուղին: Խոչընդոտ կարող է լինել հայկական և թուրքական երկաթուղիների ստանդարտների տարբեր լինելը, սակայն այդ հարցը, երևի, արագ կհարթեն, ու այլևս կախված չենք լինի սևծովյան լաստանավային փոխադրումներից և վրացական երկաթուղուց:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3163

Մեկնաբանություններ