Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Լուրեր

Լուրեր
08.08.2008 | 00:00

Սահմանադրության խախտո՞ւմ, թե՞ իրավական անգրագիտություն
Օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշանակվեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար: Այս փաստը միանշանակ չընկալվեց ՀՀ լրատվամիջոցներում և բազում եզրահանգումների առիթ դարձավ։ Օրինակ, հրապարակ նետվեց և այն կարծիքը, թե Սերժ Սարգսյանը «Քոչարյանին նշանակել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ», քանի որ երկրի հիմնական օրենքը նախագահին «իրավունք է տալիս պետական պաշտոնի նշանակում կատարել, եթե դա նախատեսվում է սահմանադրությամբ կամ օրենքով»։ Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք հենց իրեն՝ Շավարշ Քոչարյանին։ Վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանել տարաբնույթ հրապարակումները` դրանք «էթիկայի առումով ոչ կոռեկտ» համարելով: Նույն հարցով դիմեցինք ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանին, ով նման տեսակետները «իրավական անգրագիտություն» որակեց, փաստելով, թե «Քոչարյանի նշանակմամբ օրենսդրության ոչ մի տարր չի խախտվել»:
Ռ. Խ.

Մատ են թափ տալիս
Հավաստի աղբյուրների պնդմամբ, Ռուսաստանի ռազմաքաղաքական շրջանակները խիստ դժգոհ են Հայաստանի պաշտպանության նախարարության քաղաքականությունից։ Դժգոհության առիթ է դարձել հայ սպաների մասնակցությունը նախ՝ ՈՒկրաինայում, ապա Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ այդ դժգոհությունը, ըստ հավաստի աղբյուրի, անպաշտոն «մեսիջի» ձևով հասցրել են Հայաստանի նախագահին և պաշտպանության նախարարին՝ Հայաստանի պահվածքը գնահատելով իբրև երկակի ստանդարտների կիրառում։ Մանավանդ որ Հայաստանն ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Պաշտոնական Երևանի արձագանքը, սակայն, ըստ մեր աղբյուրի, ռուսական դժգոհությունների վերաբերյալ շատ հանգիստ է եղել, ինչն ավելի է մտահոգել Մոսկվային։

Հակասություններ, այնուհանդերձ, կան
Ըստ հավաստի աղբյուրների, որքան էլ ընդդիմադիր ճամբարում ժխտում են որոշակի հակասությունների առկայությունը, դրանք կան և շարունակում են խորանալ։ Մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հայ ազգային կոնգրեսի հռչակումից հետո ողջ սրությամբ քննարկվում է կոնգրեսի տեղական կառույցների ձևավորման հարցը։ Այդ տեղական կառույցների ղեկավարներին ընտրելու նախապատվությունն առաջին նախագահի հայեցողությամբ կամ թողտվությամբ պատկանում է «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Մանուշակ Պետրոսյանին։ Վերջինս էլ կոնգրեսի տեղական կառույցների ղեկավարներ է նշանակում բացառապես ՀՀՇ-ականներին, ինչից մնացած կուսակցությունների առաջնորդները խիստ դժգոհ են և չեն զլացել այդ դժգոհությունն արտահայտել։
Ա. Բ.

Ասացինք՝ չէ՛, էլի, нет?
Ըստ տարածված լուրերի, ԱԼՄ հեռուստաընկերությունը վաճառվում է։ Իսկ այն, նույն աղբյուրների պնդմամբ, ցանկանում են գնել Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, և «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ «Դաշինք» կուսակցության մամուլի պատասխանատու Գնել Ղլեչյանը, անդրադառնալով այս լուրին, նշեց. «Այդ լուրերը վառ երևակայություն ունեցող անձինք են տարածում։ Սամվել Բաբայանը ոչ մի մտադրություն չունի որևէ հեռուստաընկերություն գնելու»։
Իսկ ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանն արդյո՞ք մտադիր է իր հեռուստաընկերությունը վաճառել. այս հարցը պարզեցինք հենց Կարապետյանից։ «Եթե որևէ մեկը ցանկանում է առնել, դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը վաճառվում է։ Ես իմ հեռուստաընկերությունը ոչ մեկին չեմ վաճառում»,- հայտարարեց Կարապետյանը։ Հերքո՞ւմ եք վաճառելու լուրը հարցին ի պատասխան ԱԼՄ հեռուստաընկերության նախագահն ասաց. «Հերքում եմ, որ ես վաճառում եմ, բայց չեմ հերքում, որ կան գնել ցանկացողներ»։ Իսկ «ցանկացողները» դիմե՞լ են Կարապետյանին` հարցրինք, իսկ նա կրկին վերահաստատեց իր տեսակետը. «Ես չեմ վա՜-ճա՜-ռո՜ւմ»։
Ռ. Խ.

Տգիտության և իսկության սահմանը
Երեկ տեղի ունեցած ասուլիսում համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքին, նշեց. «Այսօր ԱԳՆ-ի միակ խնդիրն իշխանությունների կատարած ծանր հանցագործությունները կոծկելն է։ Երբ արտգործնախարարի մակարդակով է սուտ, ապատեղեկատվություն տարածվում, ապա դա արդեն աղետ է»։ Շարժման ներկայացուցիչը նաև ներկայացրեց մի փաստաթուղթ, որն արտաքին գերատեսչությունը ոչ պաշտոնական ձևով տարածել է որոշ լրատվամիջոցներով և հորդորել հիշյալ տեղեկությունը ներառել Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող իրենց հրապարակումներում: Հավելենք, որ այդ փաստաթուղթը տեղեկություն է պարունակում առ այն, որ Ղարաբաղի հակամարտությունը ծագել է 1991 թ., երբ, ի պատասխան ԼՂ ինքնորոշման պահանջի, Ադրբեջանը խորհրդային ԿԳԲ-ի հետ անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով իրականացրել է հայկական բնակչության էթնիկ զտում, ինչը զոհերի պատճառ է դարձել: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիր է կնքվել, այնուհետև փաստվում է բանակցային գործընթացի, մադրիդյան սկզբունքների մասին: Այս փաստաթուղթը Շահնազարյանը որակեց «կատարյալ տգիտություն և քոչարյանական արատավոր քաղաքականության դրսևորման շարունակություն», քանի որ, ըստ նրա, ԼՂՀ-ի հակամարտությունը սկսվել է 1988 թ., իսկ 1991 թ. փաստացի պատերազմ է սկսվել:
Մենք դիմեցինք արտգործնախարարությանը` համապատասխան մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: ԱԳՆ-ի մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը բառացիորեն մեզ հետևյալը փոխանցեց. «Մենք տարածել ենք այդ տեղեկատվությունը և այնտեղ հնչած բոլոր փաստերի իսկությունը վերահաստատում ենք»:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԺԿ-ն կոնգրեսին չի միանալու
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն արդեն երկու ամսից ավելի է, ինչ բուժման կուրս է անցնում Մոսկվայում։ ՆԺԿ մամուլի պատասխանատու Էմանուել Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե երբ է Հայաստան վերադառնալու պարոն Կարապետյանը: Նա մեզ փոխանցեց, որ ՆԺԿ ղեկավարը Հայաստան կվերադառնա բուժումն ավարտելուց անմիջապես հետո՝ օգոստոսի վերջին տասնօրյակում, միաժամանակ ընդգծելով, թե քննչական մարմինը Կարապետյանին թույլատրել է Հայաստանից հեռանալ 2-3 ամսով: Մարգարյանից փորձեցինք նաև ճշտել՝ կուսակցությունը միանալո՞ւ է Հայ ազգային կոնգրեսին, թե՞ ոչ: ՆԺԿ մամուլի պատասխանատուն մանրամասնեց. «Ինչպես նկատեցիք, ՆԺԿ-ն հանրահավաքի օրը չստորագրեց հռչակագրի տակ և չմիացավ Հայ ազգային կոնգրեսին»: Ասել է՝ չեք միանալու կոնգրեսին հարցի երկրորդմանը հետևեց` «Ո՛չ, և, կարծում եմ, այդ առումով մեկնաբանություններն արդեն ավելորդ են» պատասխանը:
Ռ. Խ.

«Հրաման տվողը, իհարկե, Քոչարյանն էր»
Արդեն 100 հազարից ավելի քաղաքացիներ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու նպատակով ստորագրության տեսքով իրենց համաձայնությունն են տվել։ Սկսված գործընթացը շարժման կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այս մասին երեկ հայտարարեց համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ միաժամանակ նկատելով, որ իշխանության տեսակետն այս հարցում տարանջատվում է երեք խմբի՝ «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել, ներսում լուծել մեր խնդիրները, այն Հաագայի քրեական դատարանի ընդդատյա հարց չէ»։ Վերոհիշյալ կարծիքները դիտարկելով որպես «փայլուն անգրագիտության» օրինակ՝ Շահնազարյանը հեգնեց. «Ասում են՝ մենք լուծենք մեր հարցերը, լուծե՛ք։ Քոչարյանին կալանավորեք, ներկայացրեք մեղադրանք, ամենածանր պատժով դատապարտեք։ Անմիջապես կալանավորեք Քոչարյանին, քանի որ նա հանցագործ է»։ Հաագայի դատարան դիմելու տարբերակները ևս պարզաբանելով՝ շարժման ներկայացուցիչը հավաստիացրեց. «Մարտի 1-ին Քոչարյանին պետք էին սպանություններ, որպեսզի կարողանար իր իշխանությունը պահել։ Սա հանցագործություն էր մարդկության դեմ, որի համար նա դատապարտվելու է։ Սա նաև բոլոր հատկանիշներով համապատասխանում է ահաբեկչությանը»։ Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է կոծկել Քոչարյանի կատարածը, մինչդեռ «տեղի ունեցածն անհնար է քողարկել»։ «Աղվան Հովսեփյանը շարունակում է իրավական հիմք գտնել այն անօրինականությունների համար, որոնք նա համարում է քրեական գործ։ Արմեն Գևորգյանը շարունակում է հրահանգավորել բոլոր դատավորներին, որպեսզի նման խայտառակ դատավճիռներ կայացնեն, խայտառակ դատական գործընթացներ անցկացնեն։ Սա է այս իշխանության էությունը»,- շեշտեց Շահնազարյանը։ Իսկ թե ով էր մարտի 1-ի հրամանը տվել, նա այստեղ երկրորդ կարծիք չի տեսնում։ «Էլ ո՞վ պետք է տար, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը»,- վստահեցնում է Դավիթ Շահնազարյանը։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայհոյանքների դաշտ
Վերջերս «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Արտյոմ Խաչատրյանը հանդես է գալիս Վազգեն Սարգսյանին անվանարկող հրապարակումներով։ Արձագանքելով դրանց, ինչպես երեկ տեղեկացնում էր «Առավոտը», ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը փաստել էր, թե «սա մոլագար է կամ սրիկա»։ Իրեն տրված որակումներից խիստ զայրացած՝ Արտյոմ Խաչատրյանը «Ազգային գաղափար» ամսագրի կայքէջում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին անվանել էր «ուշքը գնալու չափ քյաբաբ ուտող...»։
ՀՀԿ փոխնախագահից խնդրեցինք այս հրապարակման առթիվ հայտնել իր տեսակետը։ Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ ընդհանրապես չի ճանաչում այդ մարդուն, սակայն այն, ինչ նա հրապարակել է կայքէջում, «կատարյալ անհեթեթություն է»։
Կատարվածի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցից, ում բավականին զայրացրել էին Խաչատրյանի անպատշաճ արտահայտությունները Վազգեն Սարգսյանի հասցեին։ «Նա անբարոյականի տղա է և մեկանգամյա օգտագործման իր»,- այսպես ձևակերպեց իր ասելիքը Սուրենյանցը։
Ռ. Խ.

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը թուրքական հատվածում պայթեց
Նախօրեին Քրդական աշխատավորական կուսակցության մահապարտ ահաբեկիչները պայթյուն են իրականացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում, Թուրքիայի Արզինջան նահանգում։ Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պնդելով, որ երեկ Քրդական աշխատավորական կուսակցությունը պաշտոնապես ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը։ Հրդեհի հետևանքով այրվել է 12 հազար բարել նավթ։ Նավթամուղն առայժմ վերականգնված չէ։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Դատական ամենաթողությունը նույնպես պետք է պատժվի
Ինչպես հայտնի է, օգոստոսի 5-ին՝ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի բանավոր հրահանգով, դատական կատարիչները բռնության կիրառմամբ դատարանի դահլիճից դուրս էին բերել և նախնական կալանքի ենթարկել «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանին։ Այնուհետև նրան տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահել էին մի քանի ժամ։
Երեկ Գոհար Վեզիրյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ միջադեպի հետ կապված երկու գործ է հարուցված։ Առաջինը՝ լրագրողի նկատմամբ՝ իբր դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, և երկրորդը՝ Գոհար Վեզիրյանի պահանջով՝ իր նկատմամբ դատական կատարիչների ձեռնարկած բռնության համար։ «Կենտրոնի ոստիկանությունում ինձ տրվեց դատաբժշկի ուղեգիր։ Ճիշտն ասած, եթե այդ պահին այնտեղ չհայտնվեին ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը և Զարուհի Փոստանջյանը, հազիվ թե օրենքով սահմանված ընթացակարգը կիրառվեր»,- նշեց Գ. Վեզիրյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, արձանագրվել է նրա վրա եղած կապտուկների փաստը, որոնք ակնհայտ բռնության հետևանք են։ Երկու գործերով էլ հետաքննությունն ընթացքի մեջ է։
Համենայն դեպս, փաստ է, որ պետական և դատական համակարգում շարունակում են իրենց գոյությունը պահպանել իշխանություններին «արջի ծառայություններ» մատուցողները։ Որովհետև տվյալ պարագայում դատապարտելի է ոչ միայն լրագրողի և կնոջ նկատմամբ ձեռնարկված անհանդուրժելի բռնությունը, այլև ակնհայտ է, որ նման դատավորներն այսպիսի որոշումներով միայն հարվածում են փոխադարձ հանդուրժողականություն հաստատելու այն քաղաքականությանը, որն օրվա իշխանությունն ամենաբարձր մակարդակով հռչակել է իբրև առաջնային խնդիր։
Վ. Մ.

Սաակաշվիլի. «Դադարեցրեք կրակը, մենք պատերազմ չենք ուզում»
Երեկ աննախադեպ լարվել է իրավիճակը վրաց-օսեթական հակամարտության գոտում։ Նախորդ գիշեր և ողջ օրվա ընթացքում փոխհրաձգությունը կողմերի միջև շարունակվել է, թեպետ վրացական կողմը պնդում է, որ հրադադարը խախտել են օսերը։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, ուր մասնավորապես նշել է. «Ես չեմ հասկանում անջատականների ակտիվացման տրամաբանությունը։ Սկզբում նրանք հարձակվեցին Դմիտրի Սանակոևի վրա, հետո գրոհեցին և ահաբեկչական գործողություններ ձեռնարկեցին վրացական ոստիկանության նկատմամբ։ Վերջին օրերին նրանք սկսեցին հարձակվել խաղաղ բնակիչների վրա։ Այս պահին, երբ ես հանդես եմ գալիս հայտարարությամբ, խաղաղ բնակչության վրա կրակում են հրետանային կայանքներից, տանկերից, այլ ծանր զինատեսակներից, որոնք անօրինական կերպով մտցվել են հակամարտության գոտի։ Մենք մշտական շփման մեջ ենք եղել խաղաղապահների հետ, և մի քանի ժամ առաջ նրանք հայտարարեցին, որ ամբողջությամբ կորցրել են իրավիճակի վերահսկողությունը։ Ես Ցխինվալ եմ ուղարկել նախարար Թեմուր Յակոբաշվիլուն, որն առաջարկել է դադարեցնել կրակը, բայց վերադարձավ անարդյունք։ Մենք անընդհատ շփման մեջ ենք Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ, սակայն նրանք էլ չեն կարողանում ներգործել անջատականների վրա։ Ես ուզում եմ դիմել նրանց, ով այս պահին կրակում է՝ ուշքի եկեք և վերադարձեք բանակցությունների»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Իրավիճակը, ամենայն հավանականությամբ, այնքան է լարված, որ Սաակաշվիլին առաջարկել է Ռուսաստանին անմիջապես միջամտել և միջնորդական առաքելություն ստանձնել հրադադարը վերականգնելու ուղղությամբ, միաժամանակ ընդգծելով, թե վրացական կողմի համբերությունն անսպառ չէ։ «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, սակայն, նույն Թեմուր Յակոբաշվիլին մերժել է ռուսական կողմի առաջարկը՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ռուս-վրաց-օսեթական խառը հանձնաժողովի կազմում, ուր ներկայացված են ոչ միայն Հարավային Օսիայի, այլև Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչները։

Արտահերթ նիստ ԱԺ-ում
Օգոստոսի 19-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ։ Այս որոշումն ընդունվեց երեկվա կառավարության նիստում, ինչը, ըստ վարչապետի, պայմանավորված է արտակարգ իրավիճակով և հրատապ լուծումներ պահանջող երկու խնդրով։ Առաջինը հարկային բարեփոխումների փաթեթն է, երկրորդը՝ սակավ տեղումների պատճառով Սևանա լճից լրացուցիչ 360 մլն խմ ոռոգման ջուր վերցնելու անհրաժեշտությունը։ Նշենք, որ վերջին 7 տարիների ընթացքում նման առաջարկն աննախադեպ էր, թեև երաշտ եղավ նաև 2005-ին։ Սևանա լճից լրացուցիչ ոռոգման ջուր վերցնելու առաջարկը ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանինն էր, ով ի պատասխան մեր հարցի նշեց, թե վերջին տարիներին սա առաջին դեպքն է, որ Սևանա լճից լրացուցիչ ջուր պետք է վերցվի։ Հետաքրքիր է, սակայն նիստին չհնչեց ՀՀ բնապահպանության նախարարության հակադարձ հարցը։ Իսկ ՀՀ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ցանքատարածքները 25 տոկոսով ավելացել են, և գյուղական տնտեսությունները ոռոգման խնդիր ունեն, ինչն աշնանացանին է՛լ ավելի կսրվի, հատկապես Արարատյան հարթավայրում։ Ըստ Անդրանիկ Անդրեասյանի, վերը նշված առաջարկը հարկադրված քայլ է, քանի որ Ազատանի ջրամբարը լցված է մեկ երրորդ մասով, իսկ Ապարանինը՝ կիսով չափ, սակավաջուր են դարձել նաև գետերը, ինչը պայմանավորված է ցածր տեղումներով։ Ինչպիսին կլինի ԱԺ-ի արձագանքը նշված խնդրի վերաբերյալ, պարզ կդառնա առաջիկայում։
Ժ. Վ.

Դիտվել է՝ 4233

Մեկնաբանություններ