Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ալիևը հարցեր է լուծում, իսկ Փաշինյանը «թիթեռ է նկարում»

Ալիևը հարցեր է լուծում, իսկ Փաշինյանը «թիթեռ է նկարում»
09.07.2024 | 14:10

Հայաստանի իշխանությունները այդպես էլ դուրս չեկան ներհայաստանյան քարոզի տրամաբանությունից։ Աշխարհը վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին եռում է իրադարձություններով։ Ընդ որում՝ այդ իրադարձություններն այնպիսին են, որ ճակատագրական են առանձին պետությունների ու, ինչու չէ, նաև գլոբալ առումով աշխարհի համար։ Հայաստանն այդ եռացող կետերից մեկն է, բայց, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի իշխանությունները գործում են ներքին լսարանին մոլորեցնելու, սիրաշահելու շրջանակում։ Ոչինչ չի արվում Հայաստանի անվտանգության ապահովման համար։

Իշխանությունների քարոզչական թեզերը երկուսն են.

1․ Հայաստանում ամեն բան լավ է, ու մենք, Փաշինյանի ու ՔՊ-ի առաջնորդությամբ, գնում ենք պայծառ ապագա:

2․ Եթե որևէ բան այն չէ, ապա դրանում Փաշինյանն ու ՔՊ-ն մեղավորություն չունեն։ Մեղավոր են նախկինները, ռուսները, իրանցիները, լրագրողները, ընդդիմադիրները։

Որպեսզի հասկանալի լինի, թե որքան հեռու են Հայաստանի իշխանություններն աշխարհում ընթացող իրադարձություններից, փորձենք համեմատել Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային մեկ օրը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի աշխատանքային մեկ օրվա հետ։

Հուլիսի 3-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կյանքում

Հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը գտնվում էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այդ օրը տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև։

Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք ապահովումը։ Անհանգստություն է արտահայտվել արտատարածաշրջանային պետությունների կողմից Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։

Հատկապես նշվել է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը։

Հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության տարբեր հարցեր։ Չինաստանի նախագահն Ադրբեջանի նախագահին պետական այցով հրավիրել է իր երկիր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր և ընդգծվել է, այսպես կոչված, «Միջին միջանցքի» հարցը, որը պետք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով (այս միջանցքի հայաստանյան հատվածն ադրբեջանական կողմն անվանում է «Զանգեզուրի միջանցք»)։

Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդիպել է նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Այս առաջնորդների հետ էլ Ադրբեջանի նախագահը քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր։

Ադրբեջանի նախագահի այս հանդիպումների, բանակցությունների, քննարկված հարցերի ֆոնին հուլիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնացել էր Աստանա, որտեղ կարող էր ու պետք է գնար, այլ մասնակից է եղել երկու միջոցառման՝ ՔՊ-ական երիտթևի հետ հեծանիվ է վարել և ելույթ է ունեցել սորոսական Դանիել Իոաննիսյանի կազմակերպած, այսպես կոչված, ժողովրդավարության ֆորումում։ Վերջ։

Մինչ Ալիևը հարցեր է լուծում, Փաշինյանը «թիթեռ է նկարում»: Միայն այս մեկ օրը բավական է հասկանալու, որ մինչ Ալիևը փորձում է զարգացնել հարաբերություններ տարածաշրջանում իրականում եղանակ ստեղծող երկրների հետ, բարելավել Ադրբեջանի դիրքերը, ձեռք բերել պայամնավորվածություններ հնարավոր զարգացումներին համահունչ, Փաշինյանը զբաղված է շոուներ բեմադրելով և այդ շոուներում ինքն իր նկատմամբ հաղթանակներ տոնելով։

Սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք՝ ժանտախտի ժամանակ։ Հայաստանն այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ երկրի ադեկվատ ղեկավարն անգամ մեկ րոպե ազատ ժամանակ պետք է չունենար, իսկ մենք տեսնում ենք հակառակը՝ Փաշինյանը շոուներից ու PR-ից մեկ րոպե ազատ ժամանակ չի գտնում, որպեսզի զբաղվի Հայաստանի իրական խնդիրներով։ Մարդը երևի վստահ է, որ ինչ էլ լինի, վերջում մեղավոր կգտնի, ում վրա կբարդի իր արածների ու չարածների հետևանքը։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ