ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Թող ընկերություն անի յուրաքանչյուրն իր նմանի հետ. աղվեսը՝ աղվեսի, առնետը՝ առնետի, արջը՝ արջի, մարդը՝ մարդու»

«Թող ընկերություն անի յուրաքանչյուրն իր նմանի հետ. աղվեսը՝ աղվեսի, առնետը՝ առնետի, արջը՝ արջի, մարդը՝ մարդու»
02.09.2008 | 00:00

«ԵՐԳԸ ՉԵՆ ԳՐԵԼ, ՈՐ ՈՎ ԻՆՉՊԵՍ ՈՒԶԻ, ՁԵՎԱՓՈԽԻ»
Հայ երգարվեստում նրանք հանդես են գալիս միևնույն անուն-ազգանունով, սակայն միանգամայն այլ են կատարումները, ոճը... Նրանց երբեք չես շփոթի։
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ աչքի է ընկնում ժողովրդական երգերի պրոֆեսիոնալ, ինքնատիպ մեկնաբանությամբ։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական-մանկավարժական ուսումնարանի օպերային երգեցողության բաժնում, կոնսերվատորիայի երրորդ կուրսից տեղափոխվել է ժողովրդական երգեցողության բաժին։

-Ժողովրդական ժանրը ես չեմ ընտրել։ Ընտրության հարցում դեր են խաղացել իմ հայ լինելը, իմ արմատները, իմ բնավորությունը,- ասում է Արսեն Գրիգորյանը։
-Մեր օրերում, երբ իրար են խառնվել ազգային ու բարոյական արժեքները, չե՞ք կարծում, որ կարևորվում է ժողովրդական երգ ու երաժշտության նշանակությունը։
-Լավ է, որ ես չեմ լինի ու չեմ տեսնի, թե ինչ է կատարվելու մի քանի սերունդ հետո։ Այն, որ այսօր մենք պրոպագանդում ենք ազգային երաժշտությունը, որպեսզի այն վերապրեցնենք կամ մի փոքր տեղ ունենա, արդեն իսկ աբսուրդ է։ Մեր կռված տղաները, օրինակ, ինչո՞ւ պետք է օգնություն խնդրեն ապրելու, ինչ-ինչ կարիքների համար։ Մենք չենք կարողանում պահպանել ու գնահատել մեր արժեքները։ Նույնը երգարվեստում է։ Ողջունելի են ժողովրդական նախագծերը։ Կարելի է ասել՝ ազգապահպան գործ է արվում։ Այստեղ պայքարը մշակութային, բարոյական, հոգեբանական զոհերի դեմ է։
-Հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս հայկական երգարվեստում։
-Չի կարելի առավոտից երեկո սիրո մասին երգել, այն էլ՝ մերժված։ Ես չեմ հասկանում, մեկը չկա՞, որ հասած լինի իր ուզածին։ Միայն խնդրում են, աղաչում... Եթե դա արվեստ է, կարելի է ամաչել, որովհետև ազգային պատկեր է ներկայացնում։ Երբ ասում ես՝ սեր, հասկանում են աղջիկ կամ տղա։ Ոմանք էլ մի քանի աղջիկ կամ տղա են հիշում, ու շատ են լինում երգերը։ Չէ՞ որ գլոբալ հասկացություն է սերը։ Ինչո՞ւ չեն երգում բնության մասին, հայրենիքի, ձա՞յնը չի հերիքում, սիրո մասին կարելի՞ է նվնվալ։ Թեև չի կարելի միայն կատարողներին մեղադրել։ Եթե ժողովրդական համերգ լինի, դահլիճը երբեք այնքան չի լցվի, որքան էստրադային համերգի դեպքում։ Ես ռեստորանում երգող ընկերներ ունեմ, որ դժգոհում են, թե այս ինչ ժողովուրդ է, ոնց կարելի է մի ամբողջ երեկո միայն «Պապիկ եմ դարձել», «Ջան ախպեր» լսել...
-Ի՞նչ կասեք ռաբիս երաժշտության մասին։
-Թեև այդքան քննադատում են ռաբիսը, բայց մարդիկ օրերով չարչարվում են, պատրաստվում և իսկապես երգում են, ոչ թե մի երգ են ձայնագրում ու յոթ տարի ներկայանում այդ երգով։ Մի օր էլ, երբ ստիպված են լինում երգել կենդանի հնչողությամբ, նրանցով հիացած մարդիկ մտածում են՝ հիվանդ էր, այս անգամ լավ չկատարեց։ Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է։ Մենք ունենք հզոր ձայնային տվյալներ ունեցող երգիչներ։ Ես նրանց չեմ համարում էստրադային երգիչներ, ափսոսում եմ, ինձ համար նրանք ուղղակի երգիչներ են։
-Ինչո՞ւ, էստրադան այդքան թո՞ւյլ ժանր է։
-Թեթև ժանր է, լավ մշակված ձայնով չես կարող էստրադա երգել։ Ամեն ժանր իր բարդություններն ունի, իր պահանջները։
-Շատ էստրադային երգիչներ փորձում են ներկայացնել ժողովրդական երգը՝ հաճախ պարզապես վնասելով, աղավաղելով այն։
-Դա արդեն ագահություն է։ Պետք չէ աղավաղել ժողովրդական երգերը։ Թող երգեն, ինչ երգում են։
-Երգը վերապրեցնելու համար, սակայն, պետք չէ՞ նորացնել, ժամանակի շունչ հաղորդել։
-Թող երգի հիմքերը մաքուր պահեն, գործիքավորումը կարող են նորացնել, փոփոխել։ Երգը չեն գրել, որ ով ինչպես ուզի, ձևափոխի։ ՈՒրեմն` ազգովի երգիչ ենք, մեկը խոհանոցում է երգում, մեկը՝ քթի տակ, մյուսը՝ բեմում...
-Արսեն, անձնական կյանքի մասին ի՞նչ կպատմեք, ամուսնացա՞ծ եք։
-ՈՒնեմ կին, որին սիրում եմ և անչափ հարգում։ Երկու դստրիկ ունեմ՝ Լիլիթը և Արսինեն։ Ի դեպ, կինս է Արսինե անունն ընտրել։ Հետաքրքիր անուն է և նման է իմ անվանը։ Որոշել եմ, որ երբ տղա ունենամ, անունն Արսեն դնեմ։ Շատ են Արսեն Գրիգորյանները։ Հիմա ով տղա է ունենում, անունը դնում է Արսեն Գրիգորյան, անկախ նրանից՝ ազգանունը Պետրոսյա՞ն է, թե՞ ինչ։
-Իսկ ավելի լուրջ. ի՞նչն եք կարևորում կյանքում։
-Ընտանիքը և ընկերությունը։ Այն, որ ես ամուր եմ կանգնած հողի վրա, լավ եմ զգում ինձ այս քաղաքում, ուժեղ եմ, դրանում մեծ դեր ունեն իմ ընկերները։ Դա մի ուրիշ աշխարհ է։ Երիտասարդների մեջ տեսնում եմ, երբ մեկը սայթաքում է, դադարում է ընկեր լինելուց։ Կուզեի` երիտասարդները հասկանային, որ ընկերությունը սրբություն է։ Եթե չես կարողանում պահպանել այդ սրբությունը, թող ընկերություն անի յուրաքանչյուրն իր նմանի հետ. աղվեսը՝ աղվեսի, առնետը՝ առնետի, արջը՝ արջի, մարդը` մարդու: Առանց այն էլ կյանքը դիմակավորված է, և հիմա շատ արագ պատռվում են մարդկանց դիմակները: Ես ընկերություն եմ անում ամենատարբեր խավերի մարդկանց հետ: Փորձում եմ լեզու գտնել նաև այն մարդկանց հետ, ովքեր շրջապատի կողմից, չգիտես ինչու, համարվում են վատը: Մարդուն շարունակ վատն ասելով՝ նրան վատն ես դարձնում, ավելի լավ չէ՞` ձեռքդ մեկնես ու ցեխից հանես: Թե չէ ոչ միայն արվեստը, մարդավարի ապրելն էլ է անտեսված այսօր...
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 8709

Մեկնաբանություններ