ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «Հինգ րոպե լավ խոսելու համար հինգ ժամ լռել է հարկավոր»

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «Հինգ րոպե լավ խոսելու համար հինգ ժամ լռել է հարկավոր»
11.01.2014 | 14:33

Ասաց Լևոն Խեչոյանը՝ արդեն շատ հին մի օր, երբ միասին մոլորվել էինք Բրյուսելում: Կենտրոնից հյուրանոց էինք վերադառնում ու որոշեցինք գնալ ոտքով՝ քառակուսի հրապարակում թողնելով ուշ միջնադարի պերճանքն ու մառախլապատ Ալբիոնից ժամանած ֆուտբոլասերներին, որոնք խռնվել էին բոլոր հնարավոր անկյուններում ու ոգևորությամբ երգում էին ի փառս անգլիական հաղթանակի՝ հենց այդ երեկո սպասվող խաղից առաջ: Շարք կազմած կանգնած էին ... ոստիկանուհիները: Հոգեբանների մշակած եզրակացությունների համաձայն՝ նրանց ներկայությունը կարող էր ինչ - որ չափով մեղմել մարտաշունչ բրիտանացիների վարքագիծը: Եվրոչեմպիոնատ, մեծ ֆուտբոլի ժամ: Իսկ սա նշանակում է, որ եվրոպական գրականության պատվիրակները պետք է համեստորեն զիջեն ասպարեզը: Մենք այդպես էլ վարվեցինք: Քայլեցինք հազիվ կես ժամ և ընդամենը մի խաչմերուկ վրիպելով՝ հայտնվեցինք բոլորովին ուրիշ Բրյուսելում, ուր պղտոր ջրանցքներ էին ու ծեփաթափ շենքեր, և որտեղ ամեն ինչ մոխրագույն էր՝ չնայած արևոտ օրվան: Սխալ ճանապարհով էինք գնում՝ հասկացանք: Մեզ համար՝ անիմանալի , խոտոր: Հե՞տ դառնալ, գտնել տրորվածն ու ծանո՞թը: Չէ, Լևոնի աչքերը կայծկլտացին: Ինքը նոր իրականություն էր գտել՝ անշպար, անեվրո, կոպտատաշ, մի խոսքով՝ հետնաբեմ, որը կարող է շատ ավելին պատմել թատրոնի մասին, քան բյուեղապակյա ջահերով լուսավորված ճեմասրահը: - Չվախենաս, - ասաց, - չենք կորի: Դու՝ քո քիչումիչ անգլերենով, ես՝ իմ քիչումիչ բնազդով: Այդ վայրը, ինչպես իմացանք հետո, կոչվում էր Անդերլեխտ, մի թաղամաս, որի լաբիրինթոսներում բնիկ բրյուսելցիներն աշխատում են չհայտնվել: Եվ նույնիսկ՝ ցերեկային ժամերին, որովհետև այդ փողոցներում բնակվում է գլխավորապես ... Աֆրիկան: Փախստականներ, տարագիրներ, գաղթականներ: Գրպանահատներ, թմրախոտ վաճառողներ, գործազուրկներ: Բանջարեղենի կրպակների մոտ հավաքված գանգրագլուխ տղամարդիկ, որոնք զարմացախառն ու կասկածանքով լի հայացքներով նայում են մեզ՝ ծիծաղ հարուցելու չափ միամիտ կամ առյուծի կաթ կերած օտարականներիս, որ դանդաղաքայլ խորանում են այս Հառլեմի մեջ՝ անգուշակելի մի լեզվով զրուցելով: Գլխաշոր կապած կանայք, ջրանցքի մեջ թքող երեխաներ՝ խաղ է, մրցություն: Այս պատերի տակ Եվրոպան մոռացել էր իր շուքը: Մերկացած մի ճշմարտություն կար այստեղ, անհամատեղելի աշխարհների տագնապ, իսկ մեր թևքերին փակցված էին եվրամիասնության խորհրդանիշ հանդիսացող դրոշակիկները, որովհետև վերադառնում էինք խորհրդարանի դահլիճից, ուր և ելույթներ էինք ունեցել պառլամենտականների առաջ: Ահա մի չվարագուրված կյանք: Այն, ինչի մեջ, սովորաբար, թափանցում է Լևոնի գրիչը: Ավելի ճիշտ՝ գրող - քանդակագործի հատիչը՝ սուրանկյուն, խորազարկ, լայնագիծ: Այս մարդու հետ վստահորեն հնարավոր է քայլել անծանոթ և անգամ ոչ այնքան անվտանգ ճանապարհներով: Ի վերջո, նրա մեջ անընդհատ կարելի է որսալ հողի դողը ու նաև մի լռակյաց սեր՝ խնկի ծառերի հանդեպ:

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ