Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բակունցյան լեզու և ճանապարհ

Բակունցյան լեզու և ճանապարհ
27.06.2008 | 00:00

«Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր` նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը... Ինչքան հնանում ու մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ գորգը տանում էր գետը և լվանում էր,- Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...»։
Մենք չթողեցինք, որ իր լեզվի հետ ծաղկի ու բուրի, իր լեզվի հետ լաց լինի ու սերունդներին լացացնի մեր լեզվի մեծագույն գեղագետը, լեզվի ազնվական, լեզվի մշակ, ծառա ու տեր, մեր հավերժ ջահել, 38-ամյա Ակսել Բակունցը։ Արմատահան արեցինք Չարենցին։ Քանի~-քանիսին։ Գորիսում ապրում է էն տունը, ուր ծնվել է լեզվի գեղագետը, այգում բակունցյան գույներով են բուրում ծառերը, ծաղիկները... Խրճիթները Թումանյան են ծնել, Ջիվանի, Վահան Տերյան, Չարենց, Պարույր Սևակ... Մտիր Արևմտյան Հայաստան, որտե՞ղ են ծնվել Սիամանթոն, Վարուժանը, Հակոբ Մնձուրին... Խրճիթները մեր լեզվի ակունքն են, սերն են, հավերժությունն են։ Զորական մի ուժ ես զգում, քեզ պատում է անանց մի կարոտ. էս տանը ծնվել է, ապրել է, գրել է Ակսել Բակունցը։ Տան շեմին, այգում հավաքվել են Բակունցի ժառանգները։ Ի~նչ գեղեցիկ ժողովուրդ ունի Բակունցը. հավերժ ջահել, հողի ու լեզվի զինվորի ծննդյան օրվա առթիվ Բակունց ու Գորիս են ասել ու եկել Կապանից, Մեղրիից, Սիսիանից, Երևանից...
Ակսել Բակունցի գորիսյան տուն-թանգարանը քառասուն տարեկան է։ Քառասուն տարի տունը` տուն, այգին` այգի, թանգարանը` թանգարան է պահել, հարստացրել, տան դուռը բաց պահել բանասեր, բակունցագետ Քաջիկ Գրիգորյանը։ Եկող տարի գրողի ծննդյան 110-ամյակն է։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հավաքվածներին, ավելի ճիշտ` տուն-թանգարանին, ավելի ճիշտ` ինքն իրեն ու հենց Բակունցին խոստանում է, որ կնպաստի տուն-թանգարանի նորոգմանը` համագործակցելով մշակույթի նախարարության և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ, նրա տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի հետ։ Կարող ենք ասել, որ այդտեղից էլ սկսվեց մի նոր ոգևորության ալիք։ Չէ՞ որ Բակունցը կորած ձեռագրեր ունի, կորած վեպ։ Գտնելու, արխիվները քրքրելու համար ո՞ւմ և ո՞ւր են տանելու ճամփաները։ Մարզպետը պատրաստ է ամեն մի հոգս հոգալ, բակունցագետներին, Դավիթ Գասպարյանին, Կիմ Աղաբեկյանին, ցանկացած նվիրյալի ուղարկել Մոսկվա և այլ վայրեր, միայն թե գտնվեն մեծ գրողի «ձերբակալված» ձեռագրերը։ Մարզպետը խոստացավ նաև հրատարակել Բակունցին վայել շքեղ հատորյակ, եթե ոչ երկուսը։ Բակունցյան օրվա միջից արժե լավը տեսնել, հիշել Թումանյանի վեհանձն տողը` վատը լավ եմ տեսել ես։
Եզերքը բուրում է Բակունցով։ Ալպիական մանուշակներ են թվում աղջնակները` ծնված բարբառի միջից։ Անուշ, թախծոտ, դառը օրվա միջից մեզ է հասնում բրուտի ձայնը` ձայնը գրակավի տիրակալի` Ակսել Բակունցի։
Հենց էս եզերքում ես զգում, թե ի~նչ մեծ, ազնվական սեր է թողել որպես հավերժական ժառանգություն մեր լեզվի տերն ու ճորտը` Չարենցի ու դեռ եկող դարերի իր զավակների հետ զրույցը շարունակող Ակսել եզակի զավակ Բակունցը։ Երկրի զավակ, երկրի ու հողի զինվոր, Աբովյանին որոնող զանգահար, հողի մեջ իր հողը որոնող ոսկեբերան Բակունց` որպես հայ մշակույթի սև ցելերի հավերժական սերմնացան։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 13198

Մեկնաբանություններ