Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչքան ուժեղ լինի սերը, այնքան կապված կլինենք նյութական հայրենիքին

Ինչքան ուժեղ լինի սերը, այնքան կապված կլինենք նյութական հայրենիքին
05.09.2023 | 13:06

Կարծում եմ` մեր ժամանակներում մարդկության ապագան պայմանավորված է ներդաշնակ զարգացման ու սիրո առկայությամբ: Այս առումով մեծ դեր ունենք մենք` հայերս, սակայն, ցավոք, մոռացել ենք այդ մասին։ Մեր խնդիրների լուծումը ևս սիրո ուժի մեջ է։ Հիշենք, թե ինչպես է Դավիթ Անհաղթը սահմանում փիլիսոփայությունը: Այն համարում է սեր՝ իմաստության հանդեպ։ Մեկնաբանելով մեծ իմաստասերի միտքը` կարող ենք ասել, որ ամեն ինչի հիմքը սերն է` նյութականից, մարմնականից մինչև հոգևոր: Անգամ արվեստում հիմնական գլուխգործոցները ծնվում են սիրով:

Ինչպես տարերքները, այնպես էլ սիրո դրսևորումները չորսն են` հողայինը կենդանական սերն է, ջրայինը` մաքրագործված սերը, օդայինը` սրբագործված, և հրայինը կենաց սերն է` Աստվածային։ Գոնե մաքրագործման սերը լիներ մեր մեջ: Դա այն սերն է, երբ մարդուն սիրում ես այնպիսին, ինչպիսին կա, նրա մեջ տեսնում ես դրականը, իսկ բացասականը մաքրում ես։ Պատկերացրե՛ք, սիրելինե՛րս, որ ձեր աչքերը Աստծո ճրագներն են, և եթե դուք սկսեք մարդու մեջ լավը տեսնել, նրա ներսում սերմանված լավ բաները կծլեն: Հավատացե՛ք, շատ կարևոր է հայացքի ուժը, չէ՞ որ դուք էլ այդ հայացքն եք ուզում։ Հասկանալի է, որ դժվար է Աստծո հայացքով նայել մարդկանց. հիմա մենք բոլորս ենք սխալ, բացասական նոտայի վրա: Ես առաջարկում եմ փոխել այդ մեղեդին և ասպարեզ բերել հայոց սիրո ու խրոխտ ձայներանգը, այն հնչյունը, որ Կոմիտասն է մեզ ավանդել. այդպիսով մենք ավելի հեշտությամբ կմիավորվենք, այնպես, ինչպես շուրջպարի մասնակիցները` ուս-ուսի տված։

Իսկ ինչպե՞ս է դրսևորվում սիրո ուժը, սիրելինե՛րս: Մեր հայրենիքը նյութական, մտավոր և հոգևոր խտացված գիտելիք է, ուստի և` սեր: Եվ եթե սիրենք, կխնամենք, կծաղկեցնենք, կընդլայնենք և վերջապես` միասնական ուժով կպաշտպանենք այն, ինչը կոչում ենք սրբազան հայրենիք։ Ինչքան ուժեղ լինի սերը, այնքան կապված կլինենք նյութական հայրենիքին և ամեն ինչ կներդնենք նրա սահմանները պաշտպանելու համար: Որքան հզոր լինի մտավոր սերը, այնքան կապված կլինենք մտավոր հայրենիքին և ամեն ռեսուրս կօգտագործենք մեր հայրենիքում գիտությունը հզորացնելու համար, որը զարգացման ու պաշտպանության ամենալավ միջոցն է: Ինչքան ուժեղ սիրենք մեր հոգևոր հայրենիքը, այնքան ավելի կապված կլինենք մեր սրբազան արժեքներին ու հայրենիքին, իսկ սրբության համար արժի ապրել: Ապրել` կյանքը նվիրաբերելով, ինչպես մեր հրաշապատում հեքիաթների և էպոսի հերոսները: Հիշեցնում եմ, որ միայն այս որակում է հնարավոր ի մի բերել մեր հավաքական ուժը և ստանալ Աստծո զորավոր ու հաղթական սերը։ Հզորանանք սիրով ու հայոց անխորտակելի հավատով, և մեր բոլոր խնդիրները կլուծվեն:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ