Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արդյո՞ք «ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելը» նշանակում է ընդդիմություն դառնալ

Արդյո՞ք «ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելը» նշանակում է ընդդիմություն դառնալ
25.05.2012 | 17:25

Կյանքը դառնում է հետաքրքիր: Քաղաքականը: Սա առաջին և առայժմ ամենատարողունակ գնահատականն է ԲՀԿ-ի երեկ բարձրաձայնած հայտարարության առ այն, որ «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»:

Գուցե ոմանց թվա, որ հայտարարությունը չի պատասխանում բոլոր հարցերին, բայց հայտարարությունը պատասխանում է գլխավոր հարցին` ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չի կայանա, այսինքն` ՀՀԿ-ն հանգիստ կարող է միայնակ կամ այլ կուսակցության (-յունների) հետ կառավարություն կազմել և խորհրդարանի ղեկավար մարմիններ ձևավորել: Եվ այդքանով հայտարարությունը լիովին կատարում է իր խնդիրը` պարզաբանում է, որ «ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն»: ԲՀԿ-ն, իհարկե, ունի այդ հնարավորությունը, եթե համատեղի իր ծրագրերը ՀՀԿ-ի հետ, բայց ակներևաբար դրան խանգարում է նախկին կոալիցիայի փորձը` մեկ, և երկու` չափազանց տարբեր են այդ կուսակցությունների չբարձրաձայնած ծրագրերը, որպեսզի համատեղվեն:
Այս կետում ծագում են բազում հարցեր: Գլխավորը` արդյո՞ք «ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելը» նշանակում է ընդդիմություն դառնալ: ԲՀԿ-ն հանգիստ կարող է ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմել, բայց լինել չեզոք իշխանության նկատմամբ, կարող է լինել ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն և կարող է լինել ընդդիմություն: Առաջին երկու դեպքերում իր ներկա կազմով և ֆինանսներով կուսակցությունը լիովին կարող է գոյատևել, երրորդ դեպքում նրան տնտեսական լծակները, լրատվամիջոցները, իր ներգործության հայտանիշներն անձեռնմխելի պահելու երաշխիքներ են պետք:
Արդեն համարյա երրորդ տարին շրջանառվող հարցը` ո՞ւմ թեկնածությունն է ԲՀԿ-ն պաշտպանելու նախագահական ընտրություններում` սեփակա՞ն առաջադրում է անելու, թե՞ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը, պատասխան չի ստանալու ո՛չ հիմա, ո՛չ էլ տեսանելի ապագայում: Գուշակությունները, երեկվա հայտարարությունն էլ ապացուցում են, որ ոչ միայն անշնորհակալ, այլև անհեթեթ զբաղմունք են: Ինտրիգը շարունակվում է: ԲՀԿ-ն կամ սկսելու է կամաց կազմաքանդվել ու վերակազմավորվել, կամ աստիճանաբար դառնալու է քաղաքական կյանքի կենտրոն` կուսակցություն, որ հավակնում է թիկունքում ժողովուրդ ունենալ, թեկուզ իր բարեգործություններով, թեկուզ իր ոչ քաղաքական կեցվածքով: Որքան էլ տարօրինակ է` Գագիկ Ծառուկյանը եզակի շանս է ստանում ազատվելու ոչ միայն ՀՀԿ-ի ավագ եղբայրությունից, այլև Ռոբերտ Քոչարյանի ստվերային ղեկավարությունից և վերջապես ինքնուրույն գործոն դառնալու, քաղաքական գործոն, որ կախված չէ դրսում ընդունվող որոշումներից և ներսում պարտադրվող լուծումներից: Թեպետ այս շանսի օգտագործումը անչափ ռիսկային է` միանգամից մի քանի ուղղություններով կրակահերթեր են տեղալու ԲՀԿ-ի դիրքերի վրա: Միայն ժամանակի մեջ ԲՀԿ-ն կճշտի ու կընտրի իր համար լավագույն պատասխանը և դա չի լինի 2012-ին: Այսինքն` ինտրիգը կմնա, այլապես ԲՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը պակասելու է: Կանխատեսելիի և անկանխատեսելիի տարբերությունը անհրաժեշտ այն քայլերն են, որոնք անկանխատեսելին դարձնում են կանխատեսելի:
Երբ չկա «Ի՞նչ է անելու հիմա ԲՀԿ-ն» հարցի պատասխանը, արագ պատասխան է պահանջում «Ի՞նչ պիտի անի հիմա ՀՀԿ-ն» հարցը, որովհետև ԲՀԿ-ն ազատ է իր պատասխանների ձևի, ժամանակի ու բովանդակության մեջ, իսկ ՀՀԿ-ն կաշկանդված է պատասխանատվությամբ, ժամանակով ու երկիրը կառավարելու անհրաժեշտությամբ: Ակնհայտորեն մխիթարություն չէ ՕԵԿ-ի հետ կազմված կոալիցիան, որ կլինի ձևական: ՀՅԴ-ն իր համակարգային փոփոխությունների պահանջով ժխտում է կոալիցիա կազմելու հնարավորությունն ու հերքում իրեն արված առաջարկի վարկածը: Համարյա նույն անհեթեթությունն է լինելու կոալիցիան «Ժառանգության» հետ, եթե ընդհանրապես հնարավոր լինի: Անհնարը հաստատելով` հնարավորին հասնելու ճանապարհով գնալով ՀՀԿ-ն հրաժարվելու է կոալիցիա կազմելու մտքից: Ինչը և հրաշալի է իր համար ու իր պարագայում: Վերջապես իր անվերջ հաղթանակները ուրիշների հետ անվերջ կիսելուն վերջ տալու հնարավորություն է ստեղծվում, որն ունի իր առավելությունները և թերությունները: Նախ` ՀՀԿ-ն դառնում է ինքն իր աքիլեսյան գարշապարը և այլևս խնդիրներ է ունենալու միայն իր ներսում:

Ավելի լուրջ խնդիրներ, քան կարող էր հարուցել որևէ այլ կուսակցություն, որովհետև վերաբերելու են աշխարհում ամեն ինչի, բայց ոչ քաղաքականությանը: Իսկ դա նշանակում է անձնական հավակնություններ, պաշտոնների ու ֆինանսների վերաբաշխման աննահանջ պայքար: Այդ պայքարում ամենավտանգավորը յուրայիններն են` փողն ու իշխանությունը հայրենիք չունեն: Իսկ առավելությունը` ՀՀԿ-ն այլևս ոչինչ ոչ մեկի հետ համաձայնեցնելու կարիք չունի: Ճիշտ է, մնում է ամենաբաց հարցը` երկրի կենսապահովման, որ Հայաստանը հազվադեպ է ինքն իր ուժերով լուծել, ֆինանսները հատկացնողները սովորաբար սիրում են ֆինանսների ծախսման ժամանակացույցը թելադրել ու վերահսկել: ԲՀԿ-ի «անկախացման» գործընթացով Սերժ Սարգսյանը հարկադրված է լինում ավելի արագ գտնել «Ո՞վ է իր իրավահաջորդը» հարցի պատասխանը: Եթե այլ հանգամանքներում նա մինչև 2018 թվականը ժամանակ ուներ, հիմա պետք է կողմնորոշվի` եթե վերադառնում է, ի՞նչ կարգավիճակով է քաղաքականություն վերադառնում Ռոբերտ Քոչարյանը, արդյո՞ք 2013-ին նա հավակնում է լինել մրցակից կամ վարչապետի թեկնածու` իր չափազանց կանխատեսելի հետևանքներով: Կարճ` իրավահաջորդն այլընտրանք ունի՞, թե՞ թեմայի վարիացիաները պտտվում են նույն շրջանակում: Ո՞րն է ավելի իրատեսական և անցավ` Ռոբերտ Քոչարյանին իսկապե՞ս թոշակի ուղարկել` էլի մի քիչ քաղցրացնելով «կենսա»-թոշակը, թե՞ պահել աչքի առաջ` պաշտոնով: Գայթակղիչ են երկու տարբերակներն էլ, հաշվարկներն էլ կարող են տարբեր մեկնակետերից սկսվել, արդյունքն էլ կարող է տարբեր լինել, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ տարբերակ կընտրի Ռոբերտ Քոչարյանը: Նա պայմանավորվածությունները պահելիս, որպես կանոն, նրբությունները հաշվի չի առնում:
Եթե դուրս ենք գալիս ՀՀԿ-ԲՀԿ առանցքից ու խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա անդրադառնում ենք քաղաքական այլ ուժերին, պիտի արձանագրենք, որ ՕԵԿ-ը միակ կուսակցությունն է, որ խաղ է դարձրել խաղեր չտալը: Հենց այդ պատճառով էլ արժանի է խրախուսման` կոալիցիա չկազմելու դեպքում էլ` նախարարական պորտֆելների ու պետական կառավարման համակարգում ներկայացվածության: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ՕԵԿ նախագահին պատյանել-պահելն էլ քիչ կարևոր չէ: Պաշտոնը բարձր է, պատվավոր, հանգիստ: Քաղաքականությունից հեռու` մինչև տարիքն առնի, կամ այլ պաշտոնների հարմար դառնա: Պահեստայինների այս նստարանը Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի համար գտնված տարբերակ է:
ՀՅԴ-ն խոհեմաբար ընդունել ու հաշտվել է իր պարտության հետ և փորձում է փոխհատուցել ընդդիմության դաշտում ձեռքբերումներով: Նրանք չեն դադարում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը տարփողել, թեպետ իրենք էլ գիտեն, որ այդ գործընթացը բոլորովին այլ ընթացք է պահանջում, այդ թվում նաև իրենցից` իբրև այդ պահանջն առաջադրողից: Անցած տարիներին ՀՅԴ-ն ինքն էլ համոզվել է, որ քարոզչությունն ու քաղաքականությունը երբեք չպետք է համընկնեն` ոչ նախընտրական, ոչ հետընտրական շրջաններում, որովհետև եթե հրապարակային քաղաքականության մեջ հնարավոր է հրապարակավ խրոխտանալ, իրական քաղաքականության մեջ ոչինչ տանուլ տալ չի կարելի: Խորհրդարանական դաշտում ՀՅԴ-ն լինելու է անկախ ընդդիմություն` իր շատ անկանխատեսելի ելույթներով ու հիմնովին կանխատեսելի քվեարկությամբ:
«Ժառանգությունը» ևս խոհեմաբար մնում է իր աննահանջ ընդդիմության դիրքերում, թեպետ այդ դիրքերն այնքան են տարտղնվել, որ կարող է նույնիսկ ՀՅԴ-ի հետ մրցել իր 16-ի և 5-ի համադրությամբ. եթե նախորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 16 պատգամավոր, հիմա իր խնդիրները պետք է հինգ պատգամավորի մեջ պարփակի: Բայց «Ժառանգությունն» էլ իր 7-ից (ճիշտ է, մեկին ճանապարհին «կորցրեց») հիմա 2-ն ունի: «Ազատ դեմոկրատներն» էլ ոչ մի երաշխիք չի տալիս, որ միշտ և ամեն ինչում համամիտ է լինելու «Ժառանգությանը»: Այսինքն` «Ժառանգությունը» իրականում հինգերորդ գումարման խորհրդարանում համարյա թե անկախ պատգամավորի կարգավիճակ ունի, համապատասխանաբար` նույնքան էլ հնարավորություններ: Համարյա Լիր արքա, թեպետ «Ազատ դեմոկրատներն» իրեն բնավ ոչնչի համար պարտական չի համարում:
Իրենց 5-ական տոկոսներով այս կուսակցությունները որոշումների ընդունման վրա ներգործություն ունենալ չեն կարող, բայց հասարակական կարծիքի վրա ներգործել կարող են: ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու որոշումից հետո նրանք ևս ընտրության հնարավորություն են ստանում` ո՞ւմ հետ լինել, ո՞ր դեպքում, ինչո՞ւ և ի՞նչ պայմաններով: Կյանքը` քաղաքական, խոստանում է հետաքրքիր դառնալ:
Համակարգային փոփոխություններ պահանջող ՀԱԿ-ն ինքն է հայտնվել սեփական համակարգը փոխելու անհրաժեշտության առաջ: Միայն քաղաքական սնապարծությունը և սեփական պարտությունը չխոստովանելու տղայական կեցվածքն է ՀԱԿ-ին թելադրում իր արդեն համարյա հարկադրական պահվածքը: ՀԱԿ-ը պարտվեց ոչ թե խորհրդարանական ընտրություններում, ՀԱԿ-ը պարտվեց այնտեղ, որտեղ ինքը հաղթել էր, որտեղ ինքն ամենաուժեղն էր, պարտվեց Ազատության հրապարակում, երբ այդ հրապարակից գերադասեց երկխոսելն ու հաշվարկելը: Արդարության ու ճշմարտության, հավատի ու ինքնահաստատման, հաղթանակի կարոտ մարդկանց հինգ տարի տուն էին ուղարկում, 2007-ից Հայաստանի ընդդիմադիր դաշտում հայտնվել էր բացարձակ առաջատար, որ փաստորեն ինքն էլ պատրաստ չէր առաջատարի իր պատասխանատվությանը, այլապես չէր շարունակի նույն քաղաքականությունը: Հիմա տեսականում ՀԱԿ-ն ունի երկու ճանապարհ` ընդունել, որ եղել են սխալներ` տարբեր պատճառներով, և նոր էջից սկսել հին պատմությունը, կամ խորանալ սեփական անսխալականության մոլորության մեջ, բոլորին մեղադրել համաշխարհային դավադրության մեջ ու անփառունակ ավարտել սեփական առաքելությունը: Ցավալի է, որ ՀԱԿ-ն ընտրել է երկրորդ տարբերակը: Արդար լինենք ու ընդունենք, որ դժվար ու գեղեցիկ ճանապարհ անցավ ՀԱԿ-ը` ապացուցելով, որ յուրաքանչյուր հայի մեջ մնացել է իր տան ու իր հողի, իր արժանապատվության զգացողությունը, իր ինքնահաստատման ուժը, որ իդեալ ունենալով` մարդիկ պատրաստ են պայքարի: Հայաստանում դա արդեն սկսել էին մոռանալ, ՀԱԿ-ը վերադարձրեց մարդու արժևորման անհրաժեշտությունը, գաղափարի գերակայությունը, բայց` կարճ ժամանակով: Ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը հետընտրական ամենալուրջ հետևանքն է: Գործնականում ոչինչ չի փոխվել պայքարի բովանդակության ու խնդիրների շրջագծում, փոխվելու են պայքարի ղեկավարները միայն, ովքեր պարտավորված են նախորդների սխալներից խուսափել և որևէ հանգամանքում չկորցնել կապը ժողովրդի հետ: Ընդդիմությունը նախ պիտի վերականգնի իր կարգավիճակը, ապա վերադարձնի ժողովրդի վստահությունը: Ակնհայտ է, որ այդ ընդդիմությունը այլևս ՀԱԿ-ը չի լինելու. ՀԱԿ-ը խորհրդարանում վերածվելու է ավելի քան կանխատեսելի ու կառավարելի գործոնի, նույնիսկ եթե ինքը կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ ու այդ վիրտուալ կոալիցիային միանան այլ ուժեր:
Դիլեմա չկա ու չի էլ եղել: Իրականը պրագմատիկ շահն է, որի մերկությունը ծածկելու համար հնարվում են գեղեցիկ ու օտարոտի հանդերձներ` պետական շահ, ընտրությունների արդյունքներ, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ, և որ ամենատարօրինակն է` հավատում են, որ բառերով հնարավոր է մերկությունը ծածկել:
Ճանապարհը շարունակվում է, ճանապարհ, որ տանելու է դեպի Հայաստանի չորրորդ Հանրապետություն, որը լինելու է այն երկիրը ու այնպիսին, ինչպիսին մենք կլինենք ու կդառնանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ