«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ով խիղճ ունի, ունի բարի կողմնորոշում և վահան` պաշտպանություն փորձությունների դեմ...

Ով խիղճ ունի, ունի բարի կողմնորոշում և վահան` պաշտպանություն փորձությունների դեմ...
24.04.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԱՍՏՈՒԾՈ ՆՎԻՐԱԾ ԵՐԿԻՐՆ Է ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅ ԱԶԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՈՐԱՆԱԼ ԵՎ ՎԵՐԵԼՔ ԱՊՐԵԼ
Ամբողջ հայությունն ու Հայաստանը գոյատևելու, զարգանալու, զորանալու և բարգավաճելու համար պետք է լինեն ԼԱՎ՝ ազնիվ, առաքինի ու վեհ:
Եթե Հայաստանն ու հայությունը չկարողանան լինել մարդկության առաջին շարքերում ազնվությամբ, առաքինությամբ ու վեհությամբ` որպես քրիստոնյա՝ աստվածասեր ու աստվածավախ ժողովուրդ, երկիր և պետություն, ապա չեն կարող վերապրել դարերի ընթացքում իրենց ինքնության դեմ կատարված բազմաբնույթ հարվածների հետևանքները և չեն կարող դիմագրավել ընթացող հոգեբարոյական, գաղափարական և մշակութային տոտալ նախահարձակմանը, որը միտում է վերաճելու բարոյական ցեղասպանության՝ այլասերման և ձուլման` 21-րդ դարասկզբին:
Հետևապես, հայությունը, Հայաստանն ու հայոց պետականությունն իրենց հոգեկան, բարոյական ու գաղափարական ներկայիս անկումային ընթացքով չե՛ն կարող կազմակերպվել և միասնական ու համադրված ջանքերով օգտագործել ազգային ու միջազգային առկա ներուժի հնարավորություններն ու միջոցները՝ պաշտպանվելու համար մոտակա ու հեռագնա բազմաբնույթ ու բազմաձև ճնշումներից և չպարտվելու, կորուստներ չտալու, այլ հաղթանակներ տանելու դարձյալ բազմաբնույթ և բազմաձև մրցակցություններում: Հայության և Հայաստանի ֆիզիկական գոյությունը և զարգացման ու բարգավաճման մակարդակները կախված են հայության ու Հայաստանի հոգեկան, բարոյական և գաղափարական վիճակից և դրանց պաշտպանվածության, կենսունակության և զորանալու ունակության մակարդակներից: Այս ճշմարտությունը պատմականորեն հաստատված է մարդկության զարգացման բնական օրենքներով ու ապացուցված Հայ ազգային գաղափարախոսությամբ (ՀԱԳ), պետք է դառնա Հայոց Հանրապետության և Հայրապետության գոյության նպատակների հայեցակարգը, որից պետք է բխեն նրանց խնդիրները և դրանց իրագործման քաղաքականությունը, վերաբերմունքն ու արարքները: Սա դժվա՞ր խնդիր է: Գուցե և անիրագործելի՞: Պատասխանը, ակնհայտորեն, թե՛ այո է, թե՛ ոչ: Բոլոր դեպքերում պատասխանը կախված է հայությունից, և դա հրաշալի է, արդար է ու բարի... Արդարև՛ Հայաստանն ու հայությունն իրենց հոգեբարոյական և գաղափարական անկումային ընթացքի փոխարեն զորանալու և վերելք ապրելու համար պետք է լինեն Լավ՝ ազնիվ, առաքինի ու վեհ: Այդ հնարավոր է միայն Աստուծո օգնությամբ: Հետևապես, դրան կարելի է հասնել՝ կատարելով Աստուծո կամքը, հետևելով Նրա պատգամներին: Հայաստանի ու հայության համար դա քրիստոնեությունն է, քրիստոնեական կյանք վարելը՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի հավատքով, գիտությամբ և Նրա խաչի խորհրդով ու զորությամբ:
Հայ ազգի, նրա ղեկավարության, հայոց պետականության և մանավանդ Հայրապետության հիմնական նպատակն ու քաղաքականությունը պետք է լինի Ազգի ու Հանրապետության կյանքի ՔՐԻՍՏՈՆԵԱՑՈՒՄԸ: Շատերի համար, ըստ երևույթին, դա համարվում է հեռավոր ու անկարելի, այլոց համար էլ` անիմաստ ու ապարդյուն իրագործում: Բայց... Չի՛ կարող միաբան, միասնական, իր ինքնությանը հավատարիմ և պարտականությանը գիտակից աշխարհատարած իրականությամբ կենսունակ հայ ազգ գոյություն ունենալ՝ առանց քրիստոնեական հավատքի, առանց հավատալու և հետևելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու ԴԱՎԱՆԱՆՔԻՆ:
Հետևաբար, Քրիստոսի Սուրբ Ավետարանից բխող Հայ առաքելական եկեղեցու՝ 1700 տարի առաջ Ազգի ու Պետականության հոգու, սրտի և գաղափարի մեջ դրոշմված և կյանքի ապրում դարձած դավանանքից էլ պետք է ծագեն հայոց վերականգնված պետականության զինանշանը, դրոշը, հիմնը, Սահմանադրությունն ու գրված և չգրված օրենքները, բարոյական նորմերը, մշակույթն ու կրթությունը, հասարակական հարաբերությունները և հայոց ազգային և պետական դիրքորոշումն ու գործերը: Հայոց դավանանքը, որից բխում է և որի վրա հիմնված է Հայ ազգային գաղափարախոսությունը, որպեսզի ճանաչվի, ընդունվի ու կիրառվի հայ կյանքում, պետք է քաղաքացիականանա, քաղաքականանա ու դառնա հայ մարդու կրթության աղբյուրը: Այդ դավանանքով ու ՀԱԳ-ով այդժամ կձևավորվի Հայ ազգային ինքնագիտակցությունը, դրանցից կսնվեն հայոց մշակույթը, կենցաղավարությունը, հասարակական հարաբերությունները, և նրանցով կընթանա հայ պետական կյանքը՝ 1700-ամյա լուսավորությամբ:
Հայոց այդ դավանանքի ու ՀԱԳ-ի կրթությամբ, ազգային քաղաքացիական ինքնագիտակցությամբ, մշակույթով, հասարակական հարաբերություններով ձևավորված հայոց պետությունը կունենա շուրջ տասը միլիոն քաղաքացի ամբողջ աշխարհում: Տասը միլիոն հայ՝ մարդկայնորեն առաքինի, ազգայնորեն ինքնագիտակից և պետականորեն մտածող, քաղաքացիական, ինքնաբուխ պարտաճանաչությամբ և պատրաստակամությամբ հայ քաղաքացի:
Հայոց դավանանքի ու ՀԱԳ-ի գիտակցված կյանքով հայոց պետության` աշխարհի այդ տասը միլիոն գաղափարական քաղաքացիները թե՛ հանձնառու և թե՛ ի վիճակի կլինեն իրենց մասնակցությամբ պատմականորեն շատ կարճ ժամանակամիջոցում կերտել հինգ միլիոն և դեռ հաստատունորեն աճող բնակչությամբ կենսունակ, ապահով, խաղաղ, զարգացած, բարգավաճ ու Աստվածասեր հայրենի հասարակություն՝ Հայոց զարգացած պետություն: Այն կվայելի աշխարհի հարգանքն ու վստահությունը և Աստուծո հաճությունն ու պաշտպանությունը:
ՄԱՐԴԸ` ՄԱ՛ՐԴ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ` ՔԱՂԱՔԱՑԻ՛ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
Ասվել է և ճի՛շտ է ասվել, որ իրավ մտավորականը, գիտակից քաղաքացին ու ազնիվ հայրենասերը երբե՛ք անհարգալից չի լինի, չի՛ վարկաբեկի հայրենի իշխանությունը, քանի որ վերջին հաշվով դա ուղղվում է պետության դեմ (տվյալ դեպքում` հայոց պետության, որը և հույսն է մեր բազմաչարչար ազգի գոյության):
Նույնիսկ քննադատությունը, ինչքան էլ խիստ, պետք է լինի քաղաքավարի, կառուցողական, հարգալից և նույնիսկ ափսոսանքի արտահայտությամբ, այլ ոչ թե բամբասանքներով, ծաղրուծանակով, թշնամությամբ և չարակամ հրճվանքով, ինչպես դա, դժբախտաբար, երևում է մեր հայ իրականությունում և մանավանդ պարբերական մամուլում ու հանրային ելույթներում:
Նման վերաբերմունքն իշխանության նկատմամբ հետևանք է տվյալ անձի կամ կազմակերպության, նախ և առաջ, ազնվության ու քաղաքական մշակույթի, ինչպես նաև ազգային ինքնագիտակցության և պետական մտածելակերպի ցածր մակարդակի: Ավելի՛ն, սույն վերաբերմունքն ազգի նկատմամբ հարազատությո՛ւնն է հարցականի տակ դնում:
Նման անարժան, անպատվաբեր, վնասակար վերաբերմունքը բացառելու համար մեծ դեր են կատարում հայի մարդկային բարությունը, խիղճը և պատասխանատվության զգացումը: Երանի՜ այն օրվան, երբ հայությունն այդպիսի հայորդիներից բաղկացած կլինի: Ովքե՞ր, ե՞րբ, ի՞նչ պետք է անեն, որ այդ օրը շուտ գա, քանի որ շատ է ուշացած, մինչդեռ դրանով նաև շատ ուրիշ կարևոր բաների կատարումն է պայմանավորված...
Բոլոր հայերն անելիք ունեն, բայց, առաջին հերթին, հայ քրիստոնյաները` Էջմիածնի առաջնորդությամբ, և հայ մտավորականությունը` պետության ղեկավարությամբ պետք է զգոն և գործուն լինեն այդ օրը մոտեցնելու համար և դա` նախ և առաջ սեփական օրինակով...
ՄԵՐ ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՍՏՈՒԾՈ ԱԶԳ
Հայաստան երկիրը հայ ազգին Աստուծո նվիրած երկիրն է: Հետևաբար այն սուրբ է, նվիրական, հարազատ: Այն պետք է պահել, պահպանել, սնուցել: Այն պետք է մաքրել, սրբել ու զարգացնել՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ մանավանդ հոգեպես ու բարոյապես:
Այն, ինչը մեր Հայաստան աշխարհից մեր երկնավոր Հայրը դեռ մեզ արժանի է համարել, որ ունենանք ամբողջությամբ, նրա ամեն մի քառակուսի մետրը, տարածքը պետք է մաքրվի, գեղեցկանա ու այնտեղ աստվածահաճո գործեր կատարվեն: Նրա օրհնությամբ, Նրա պատգամներով ու Նրան փառաբանելով՝ սուրբ կյանք պետք է ապրվի:
Հայ ազգը պիտի մեծանա, զորանա, պիտի զարգանա ու բարգավաճի Աստուծուն ծառայելով՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանի ու խաչի հավատքով, շնորհքով, իմաստությամբ ու զորությամբ: Պիտի թոթափվի, ձերբազատվի իրեն բռնածեփած անհավատությունից և նյութապաշտությունից, ազատագրելով իրեն նաև հոգեպես, գաղափարապես և բարոյապես:
Ա՛յս է հայ ժողովրդի պետական քաղաքականությունը: Ա՛յս քաղաքականությունը լավագույնս կենսագործելու արժանի և կարող ազգի որդիները պետք է ընտրվեն իշխանության գլուխ:
Հայոց իշխանավորների օգտակար գործունեության գլխավոր չափանիշը հայ ազգի կյանքի ապրումի արդյունքն իր Հայր Աստծուն հաճելի, ընդունելի նվեր դարձնելն է:
Հայոց ամեն գտնված վայրում և հատկապես Հայաստանի ամբողջ տարածքում Աստված պետք է փառաբանվի մեր զգացմունքներով, խորհուրդներով, խոսքերով ու գործերով: Մեր վերաբերմունքը մեկս մյուսին և ամբողջ աշխարհին՝ բարեկամներին կամ ոչ բարեկամներին, պետք է լինի քրիստոնեական: Այս քաղաքականությունը որդեգրած ղեկավարության գործունեությունը և ժողովրդի օրինապահ ենթարկվածությունն այդ ղեկավարությանը կապահովեն ազգի ու երկրի անվտանգությունը, զարգացումն ու բարգավաճումը, կապահովեն նրա վերելքը, նրա ծաղկումն ու նրա պատիվն ամբողջ աշխարհում, ի բարօրություն մարդկության և ի փառս Աստուծո:
ԽԻՂՃ
Մարդու մեջ խիղճը գերակա է ամեն մի զգացումից և զորեղ է բոլոր զգացումներից, քանզի խիղճն Աստվածապարգև զգացում է` բարության, կարեկցության և գթության հետ:
Ով խիղճ ունի, ունի բարի կողմնորոշում և վահան` պաշտպանություն փորձությունների դեմ…
Առանց խղճի մարդը չոր ճյուղ է, անպտուղ` ենթակա դյուրությամբ այրվելու չարի փորձություններից:
Եթե խիղճ ունես, դու պաշտպանված ես եսասիրության ախտից` նյութապաշտության վարակից:
Եթե Աստված քեզ խիղճ տվեց (իսկ խիղճը միայն Աստված է տալիս), դու զորեղ ես հոգեբարոյական իմունիտետով, այսինքն` հոգեբարոյական վարակամերժ կարողությամբ, դրա բոլո՛ր հետևանքներով: Եվ երբե՛ք չխաբվես, առավե՛լ ևս չընկճվես նյութապաշտական թյուրըմբռնումից, թե խիղճը տկարացնում է մարդուն, քանի որ նրան դարձնում է բարի, կարեկից, գթասիրտ և… զիջող:
Այդ ճի՛շտ է, որ խիղճը մարդուն դարձնում է այդպիսին և դեռ ավելին. դարձնում է արդարամիտ, օրինապահ, հավատարիմ: Բայց ո՞վ ասաց, թե դրանք տկարության հատկանիշներ են և տկարացնում են մարդուն: Ընդհակառա՛կը, դրանք կարողության և զորության հատկանիշներ են և հզորացնում են մարդուն մինչև Սուրբ Ասպետություն: Այն, ինչ, ափսո՜ս, շա՜տ է բացակայում մեր ազգի մեջ (թողնենք այլ ազգերին մի կողմ), և որ առա՛նց այդ կենսամասնիկի ազգը չի՛ կարող Ազգ դառնալ. Ազգ կենսունակ, մրցունակ, պաշտպանունակ, բարգավաճ և օգտակար իրեն ու նաև մարդկությանը: Իսկ հայ ազգն այդպիսի՛ ազգ պետք է դառնա և կարո՛ղ է դառնալ (ոչ ոք թող չասի, թե ինչպե՞ս կլինի, հապա մեր աշխարհագրական դիրքը, չափը, քանակը…): Այդ բոլորը կան, և հենց դրա՛ համար էլ հարկ է, որ պահենք, պահպանենք մեր ազգի մեջ ու նաև յուրաքանչյուրիս մեջ եղած աստվածաշնորհ խիղճը: Եվ կյանքում կիրառենք այն միշտ, ամենուր, ամեն ինչում` ասպետորեն, Աստուծո հավատքով:
Եվ մենք կդառնանք ազգ ապահով, բարեբեր, բարեկեցիկ ու երանելի:
Հայ ազգային գաղափարախոսության ճանաչումը, ընդունումն ու կիրառությունը կյանքում պայմաններն են այդպիսի ազգ դառնալու, որովհետև Աստուծո հավատքից բխող և դրա վրա հիմնված ՀԱԳ-ը և նույն ծագումն ունեցող խիղճը եղբայր և քույր են:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ