Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պետական հեղաշրջման աստիճանի ցնցում միանշանակ չի լինելու»

«Պետական հեղաշրջման աստիճանի ցնցում միանշանակ չի լինելու»
27.03.2009 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԱԿ Է ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
Երևանի ավագանու ընտրությունների գործընթացում հնարավոր ներքաղաքական զարգացումները մեկնաբանում է ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ
-Պարոն Շաքարյանց, քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը վեց կուսակցություն և մեկ կուսակցական դաշինք։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այսպիսի համեստ մասնակցությունը։ Կային սպասումներ, որ քաղաքական ուժերի ավելի լայն ներկապնակ կլինի։
-Այստեղ երկու հանգամանք կա։ Իհարկե, կան տեսակարար կշիռ ունեցող որոշ ուժեր, որոնք առհասարակ չեն մասնակցում, ելնելով թերևս նրանից, որ քաղաքային ավագանու ընտրությունները, քաղաքական իմաստով, կարևոր չեն համարում։ Բայց, իհարկե, ակնհայտ է, որ կուսակցությունների բացարձակ մեծամասնության չմասնակցելը պայմանավորված է ներուժի բացակայությամբ։ Ես, ի դեպ, ողջունելի եմ համարում, որ եթե մարդիկ գիտեն իրենց հնարավորությունները, իրատեսորեն են գնահատում իրավիճակը, հասկանում են, որ հաղթանակի հույս ունենալ չեն կարող, էլ ինչո՞ւ ընտրողին մի անգամ էլ ցույց տան իրենց գլխավորած ուժի կամ կուսակցության չգոյությունը։
Հետևաբար մասնակցում են նրանք, ովքեր, թերևս, ներկայացնում են իրական քաղաքական սպեկտրը` առանձին էքսցենտրիկ դրսևորումները չհաշված։
-Եվ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել։
-Միանգամից պետք է նշեմ, որ եթե որևէ մեկը քաղաքային ավագանու ընտրությունները դիտարկում է իբրև ավելի «գլոբալ ընտրությունների» «գլխավոր փորձ», ապա սխալվում է։ Հայաստանում իշխանության հարցը չի կարող լուծվել համայնքային ընտրությունների միջոցով, որքան էլ Երևանը հանրապետության գլխավոր համայնքն է։ Ոչ միայն Հայաստանի ներքին զարգացումները, այլև տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը ցույց են տալիս, որ արտաքին աշխարհը մեզանով զբաղվելու ժամանակ հիմա չունի։ Պարզապես մեր քաղաքական գործիչների էգոցենտրիզմն այնքան է անցել բոլոր թույլատրելի սահմանները, որ մարդիկ համաշխարհային քաղաքականության հայելապատկերում, իրենցից բացի, ոչինչ չեն տեսնում։ Այսինքն, բոլոր քաղաքական զարգացումների մեկնաբանությունը կառուցում են այնպես, որ դա համընկնի իրենց անձնական շահերին, խնդիրներին, ընկալումներին` բացարձակապես անտեսելով օբյեկտիվ իրողությունները։
Մինչդեռ քաղաքային ընտրությունների շուրջ այդպիսի աժիոտաժ սկսելու փոխարեն լավ կլիներ, որ քաղաքական դաշտը, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական, ավելի լուրջ ուշադրություն դարձներ ուղղակի մեր կողքին կատարվող որոշ իրադարձությունների։ Օրինակ, հետևություններ արվեին այն տեղեկատվությունից, որ Թուրքիան նախատեսում է իր, այսպես կոչված, կովկասյան անվտանգության պլատֆորմի հրապարակումը։ Կան հիմնավոր կարծիքներ, որ դա 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի նոր տարբերակն է և Հայաստանը, նրա քաղաքական էլիտան ոչ մի դեպքում չպետք է անտարբեր լինեն նման դրսևորումների նկատմամբ, որոնք ուղղակիորեն ոտնահարում են մեր ազգային շահերն ու հեռանկարները։
-Այնուհանդերձ, անդրադառնանք ընտրությունների ներքաղաքական հնարավոր հետևանքներին։ Ընդդիմությունը պնդում է, որ տնտեսական ճգնաժամից և իշխանությունների քաղաքականությունից դժգոհ բնակչությունը միայն առիթի է սպասում իշխանափոխություն իրագործելու համար։ Եվ որ այդ պատմական օրը լինելու է հենց մայիսի 31-ը։
-Լավ կլիներ, որ նույն այդ մարդիկ, ովքեր իրենց այսօր ընդդիմություն են անվանում, այդ հայտարարություններին զուգահեռ միաժամանակ հանրությանը բացատրեին, թե իրենց հիպոթետիկ հաղթանակի դեպքում ինչպես են բարելավելու մարդկանց կյանքը։ Այսինքն, ինչպես են կրճատելու գործազրկությունը, զսպելու գնաճը, աշխատատեղեր ստեղծելու, էներգետիկ ոլորտում այլընտրանքային աղբյուրներ գտնելու։ Այսօրվա ընդդիմությունը 1990-ականներին իշխանություն էր, Հայաստանում ոչ ոք հիշողության կորստով չի տառապում, և կարծում եմ, չի մոռացել, թե ինչպես էր երկիրը կառավարվում այն ժամանակ։ Իշխանափոխության դեպքում նույնը կրկնվելու է։ Տեղի է ունենալու սեփականության նոր վերաբաշխում, և ընդամենը։
Վրաստանի օրինակով կարելի է տեսնել ժամանակակից հեղափոխությունների ավարտը։ Այսօր Սաակաշվիլին «կոմպրոմատներ» է ստեղծում իր համախոհ Նինո Բուրջանաձեի նկատմամբ։ Այսինքն` հեղափոխությունը սկսել է խժռել իր զավակներին։ Նույնը կլինի, եթե ՀՀՇ-ն կրկին գա իշխանության, որովհետև ընդդիմադիր կոնգրեսն ընդամենը շղարշ է։ Այնտեղ միակ գործուն ուժը վաղուց այլևս մարգինալացված ՀՀՇ-ն է։ Մարգինալացված դեռ այն ժամանակից ի վեր, երբ Ռուսաստանում ավարտվեց գայդարյան դարաշրջանը։ Այդ ժամանակահատվածը լավ հիշող մարդիկ հրաշալի հասկանում են, թե ես ինչ նկատի ունեմ։
-Եվ, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ինչո՞ւ եք այդքան համոզված, որ ընդդիմությանը չի հաջողվի ցնցել իշխանությանը։
-Նայած ցնցել ասելով ինչ ենք հասկանում։ Պետական հեղաշրջման աստիճանի ցնցում միանշանակ չի լինելու։ Ասենք թե ընդդիմությունը հաղթեց քաղաքային ավագանու ընտրություններում։ Հետո՞ ինչ։ Երևանի քաղաքապետը և քաղաքային խորհուրդը Հայաստանում իշխանափոխություն նախաձեռնելու համար համապատասխան օրենսդրական լիազորություններ չունեն։ Սա պարզ է բոլորին։ Այլ բան է մարտի 1-ի ոճով ինչ-որ բան կրկնելու փորձը։ Դա կարող են անել, համենայն դեպս, ինձ համար մեծ անսպասելիություն չէր լինի։ Բայց ես համոզված եմ, որ իշխանությունն ընդունակ է վերահսկելու իրավիճակը, կարծում եմ նաև, որ Հայաստանի քաղաքացիների, երևանցիների մեծամասնությունը, այնուհանդերձ, չի սատարում այն մարդկանց, ովքեր երկրի այսօրվա իրավիճակի համար մեղքի շատ մեծ բաժին ունեն։ Ի վերջո, ոչ ոք չի մոռացել, թե ինչու Հայաստանի տնտեսությունը կանգնեց աղետի առջև, երբ այսօրվա ընդդիմությունն իշխանություն լինելով, միլիոնների արժեք ունեցող ազգային հարստությունը կոպեկներով բաժանում էր իր կողմնակիցներին։ Այդ ամենը եղել է, և եթե հիմա կրկնվի, ժողովուրդը դրանից ոչինչ չի շահելու։ Կհայտնվեն նոր օլիգարխներ, բայց Հայաստանի հասարակ քաղաքացուն դրանից ի՞նչ օգուտ։
-Մի պահ պատկերացնենք, որ ընդդիմությունը պարզապես հաղթում է քաղաքային ավագանու ընտրություններում։ Արդյոք սա այն աստիճան չի՞ թուլացնի իշխանական բուրգը, որով ընդդիմությանը կհաջողվի կարճ ժամանակում վերաբաշխումներ նախաձեռնել հենց բուրգի ներսում և հիմքեր ստեղծել իշխանափոխության համար։
-Այսինքն` իրենք հուսով են, որ առնետավա՞զք կսկսվի իշխանության բուրգում։ Չեմ բացառում, բայց նայած ինչ սահմաններում և ինչ դրսևորումներով։ Ես համոզված եմ, որ ուժային կառույցներում նման վերաբաշխումն անհնար է։ Յուրաքանչյուր կառույց կշարունակի կատարել իր նախարարի հրամանը, նախարարն էլ անմիջականորեն ենթակա է հանրապետության նախագահին ու կառավարության ղեկավարին։
Անցած տարիների փորձը պետք է ապացուցեր այսօրվա ընդդիմությանը, որ ներքևից իշխանափոխություն չի լինում` առանց ընտրությունների։ Իշխանափոխությունները լինում են վերևից, ինչը տեղի ունեցավ 1998-ին Հայաստանում, և ընդդիմության այսօրվա առաջնորդը դրանից շատ լավ տեղյակ է։ 2003-ին Վրաստանում Էդուարդ Շևարդնաձեն արտաքին ուժերի նախաձեռնությամբ ցուցադրաբար հեռացավ երկրից։ Ճիշտ է` ժամանակավոր, բայց դա վերևից իշխանությունը «վարդագույն հեղափոխականներին» հանձնելու գործողություն էր` խոշոր տերությունների վերահսկողությամբ և համաձայնությամբ։ Ժամանակակից հեղափոխություններն այդպես են արվում։ Առանց արտաքին ազդակների նման բաներ տեղի չեն ունենում հատկապես այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։
Ես այդպիսի ազդակներ Հայաստանի հետ կապված չեմ տեսնում։ Մեզանով զբաղվելու ժամանակ էլ այս պահին ոչ ոք չունի։ Հյուսիսային Իրաքում անկախ Քրդստանի հռչակումն է սպասվում։ Թուրքիան այնքան է մտահոգ այդ իրողությամբ, որ նույնիսկ Հայկական հարցն է այնտեղ երկրորդ պլան մղվել։ Թուրքիայի վարչապետն արդեն մամուլով հրապարակավ հայտարարում է, որ Հյուսիսային Իրաքի տարածքում անկախ Քրդստանի ստեղծմանը խոչընդոտելն այլևս անհնարին է լինելու։ Տարածաշրջանում այսպիսի զարգացումների պայմաններում Փարիզը, Լոնդոնը, Թեհրանը, Մոսկվան կամ Վաշինգտոնը պետք է զբաղվեն Երևանի քաղաքային ավագանու ընտրություններո՞վ։ Ավելին, հիմա պայմաններն այնպիսին են, որ իշխանությունը Հայաստանում կարող է տրորել ցանկացած ընդդիմության, եթե ուզենա, և իշխանական լիազորություններն էլ կարող է հանձնել իշխանությանը դարձյալ իր ցանկությամբ։
-Այսինքն, չեք բացառում, որ նաև կարող է հանձնե՞լ։
-Միայն մի դեպքում, եթե իշխանությունը որոշել է ազատվել աննպաստ արտաքին իրավիճակում չափազանց պատասխանատու որոշում կայացնելու անհրաժեշտությունից։ Այսինքն, որոշել է այդ պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա։ Այլ տարբերակով ես բացառում եմ իշխանության փոփոխությունը։
- Ի՞նչ նկատի ունեք աննպաստ արտաքին իրավիճակում պատասխանատու որոշում ասելով։
-Նկատելի են որոշ բացասական միտումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Մասնավորապես, ավելի հաճախակի են դարձել տարաբնույթ մեկնաբանությունները, որ եթե ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների անմիջական կողմ, ապա նույնպիսի անմիջական կողմի կարգավիճակով պետք է հանդես գա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, համայնքը։ Ինչպես հայտնի է, ոչ մի ադրբեջանական համայնք էլ գոյություն չունի, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում մեր վզին փաթաթել կոսովյան տարբերակը։ Այսինքն, բազմազգ ժողովրդավարական պետություն Ղարաբաղում։ Այդ տերմինաբանությունը Արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում, ողջունվում է։
-Բայց Կոսովոյում ոչ մի բազմազգ պետություն էլ չի ստեղծվում։
-Միանգամայն ճիշտ է։ Այս տարվա փետրվարի 4-ին ամերիկացիներն իրենք են ստորագրել համաձայնագիր, որ Կոսովոն էթնիկական սկզբունքով պետք է բաժանվի երկու մասի։ Կարծում եմ, մենք իրավասու ենք բանակցությունների ժամանակ մեր գործընկերներին բացատրելու, որ միլիարդավոր դոլարներ արժեցող այդ գործընթացն առանց իրենց մասնակցության արդեն տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի արդյունքներով։ Եվ մենք ադրբեջանցիների հետ կիսելու բան չունենք։ Եթե չհաջողվեց բազմազգ պետություն ստեղծել Կոսովոյում, ինչ կարիք կա այդ դատապարտված փորձը կիրառել Ղարաբաղի պարագայում։
-Այսինքն, Ղարաբաղին ավելի ձեռնտու է աբխազակա՞ն տարբերակը։
-Ղարաբաղին ձեռնտու է ղարաբաղյան տարբերակը։ Թեպետ Աբխազիայի պարագայում կան բաներ, որ արժե որպես օրինակ որդեգրել։ Եթե որևէ մեկին հայտնի չէ, պարզաբանեմ. Աբխազիան ունի օրենք, որի համաձայն վրաց-աբխազական ազգամիջյան պատերազմին մասնակցած որևէ վրացի չի կարող վերադառնալ Աբխազիա վերաբնակվելու։ Համանման օրենք պետք է ընդունի ԼՂՀ խորհրդարանը, որովհետև 1992-93-ին Արցախից հեռացած ադրբեջանցիները, բնականաբար, առաջին հերթին տղամարդիկ, հաշվառված զինապարտներ էին, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմում Արցախի զինված ուժերի դեմ։ Հետևաբար, նրանք Ղարաբաղում կամ ազատագրված տարածքներում վերաբնակվելու իրավունք չպետք է ունենան։ Հայաստանի ցանկացած նախագահ պետք է աչքի առաջ ունենա, որ ոչ հայանպաստ համաձայնություններ ստորագրելու դեպքում, միշտ կգտնվեն մարդիկ, իսկապես հայրենասեր մարդկանց խմբեր, որոնք իրենց անձնական ռիսկի հաշվին կտապալեն այդպիսի համաձայնությունների կայացումը։ Ինչպես եղավ 1992-ին, երբ Հայաստանի նախագահն Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարի հետ բանակցում էր Թեհրանում, բայց այլ նախաձեռնությամբ հայկական ուժերը նույն այդ օրերին ազատագրեցին Շուշին։ Այլ բան է, որ դրա համար նոր զոհեր կպահանջվեն։ Ես չեմ հավատում, որ իշխանությունը ցանկանում է դա, չեմ ուզում հավատալ նաև, թե ընդդիմությունն է դրա ջատագովը։ Հակառակ դեպքում, յուրաքանչյուր հայ իրավասու է իրեն հարց տալու, թե ո՞ր ազգության ներկայացուցիչներն են մեր երկիրը կառավարել երեկ և այսօր։
-Առաջիկա զարգացումների Ձեր կարճ կանխատեսումը տարածաշրջանային կտրվածքով։
-Մեծ փոփոխություններ են սպասվում։ Մեր բահմանների երկայնքով շուտով կհայտնվեն ոչ տարածաշրջանային պետություններ, որոնց հետ առնչություններով, առաջին հերթին, մենք պիտի մտահոգվենք, քան մեր հարևանները։ Որովհետև, եթե Արևմտյան Հայաստանի մի մասը մտնի քրդական պետության մեջ, որը գոյություն չուներ 1915-ին, ապա պետք է մտածել մեր ապագա անելիքների մասին։ Մտածել լրջորեն, որովհետև այդ զարգացումները ավելի վտանգավոր են Հայաստանի, քան մեր մյուս հարևանների` Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ